ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր աշխարհին ավելի շատ պետք էր Ադրբեջանը, քան միայն իր իրավունքների համար պայքարող Հայաստանը. դեսպան Մկրտչյանը՝ «Diplomatic Life of Greece» ամսագրին 11/08/2023 15:26 | ԼՐԱՀՈՍ
«Diplomatic Life of Greece» ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի է ունեցել «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացումը Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի կատարմամբ:
Ամսագրում տեղ է գտել նաև դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հարցազրույցից կարևոր հատվածներ, որոնք հրապարակվել են Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:
Դեսպանատների փոխադարձ բացման 30-ամյակի և Անկախության 32-րդ տարեդարձի տոնում. հիմնական ուղերձները
Հունաստանը Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից էր, որին հաջորդեց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այս տարի մենք նշում ենք Երևանում և Աթենքում դիվանագիտական ներկայացուցչությունների բացման 30-ամյակը։ Ավելորդ է նշել, որ հույն և հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն ոչ թե տասնամյակների, այլ հազարամյակների պատմություն, որոնց ընթացքում ամուր բարեկամական կապերը, ընդհանուր արժեքներն ու մոտեցումները հաստատուն հիմք են ձևավորել միջպետական հարաբերությունների զարգացման համար։ 19-րդ դարասկզբին հույն հեղափոխականները, ովքեր պայքարում էին օսմանյան լծից իրենց անկախության համար, հայերին նշում էին նաև որպես իրենց եղբայրների՝ նույն նպատակը հետապնդելու համար։ 1915-1916 թվականների հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը և Զմյուռնիայի աղետը մեր ընդհանուր ցավի և միմյանց կողքին կանգնելու ևս մեկ փուլ էին: Այստեղ հայկական համայնքը պաշտոնապես ստեղծվեց Զմյուռնիայից անմիջապես հետո՝ 1922 թվականին, քանի որ մի քանի հազար հայեր Հունաստանում անվտանգ ապաստան գտան, թեև Հյուսիսային Հունաստանի և Կրետե կղզու մեր որոշ հայկական համայնքներ շարունակական ներկայություն ունեն տարածաշրջանում, որը տպավորիչ կերպով գերազանցում է հինգ հարյուրամյակը:
Հայաստանի երիտասարդ պետությունը միշտ զգացել է Հունաստանի աջակցությունը՝ թե՛ երկկողմ արդյունավետ համագործակցության, թե՛ միջազգային հարթակներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության առումով։ Այսօր Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է Եվրոպայում և աշխարհում։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել, որ մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հույն ժողովրդի և Հունաստանի կառավարության անկեղծ աջակցությունը մեր ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջաններում, որի ամենաթարմ օրինակը 2020 թվականի պատերազմն էր և Լեռնային Ղարաբաղում հաջորդած զարգացումները։
Երկկողմ հարաբերությունների խորացման ներուժ, համագործակցության ոլորտներ
Առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն: Հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական համայնքների գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը, որի ընթացքում վերջինս իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքների առնչությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է նաև արտգործնախարարների հանդիպումը։ Բացի այդ, պարոն Միրզոյանը և Գերապետրիտը վերջին ամիսներին երկու հեռախոսազրույց են ունեցել։ Ընդհանուր առմամբ, արտգործնախարարների մակարդակով եղել է ակտիվ համագործակցություն և մի քանի փոխայցելություններ։
Հաշվի առնելով քաղաքական երկխոսության ինտենսիվությունը և բազմոլորտ համագործակցության բովանդակությունը՝ կարծում եմ, ժամանակն է դիտարկել Հայաստան-Հունաստան համագործակցությունը շատ ավելի բարձր, ռազմավարական մակարդակի հասցնելու հնարավորությունը, ինչը, կարծում եմ, տեղի կունենա ավելի շուտ, քան ուշ։
Եռակողմ համագործակցության հեռանկարներ
Իհարկե, համագործակցության եռակողմ ձևաչափը, որը հիմնված է ընդհանուր արժեքներին կողմերի հավատարմության և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու պատրաստակամության վրա, զարգացման շատ ավելի մեծ ներուժ ունի։ Մոտ ապագայում մենք անհամբերությամբ սպասում ենք եռակողմ գագաթնաժողովի անցկացմանը Երևանում՝ պետությունների ղեկավարների մակարդակով, որը, վստահ եմ, համագործակցության նոր թիրախներ կնախանշի:
Տնտեսական հարաբերությունների ներուժ
Ներկայումս ջանքեր են գործադրվում 2024 թվականի առաջին եռամսյակում Երևանում անցկացնելու հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 6-րդ նիստը։
Եթե խոսենք կոնկրետ ուղղությունների մասին, ապա վերականգնվող էներգետիկան տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններից է։ Հունաստանը մեծ առաջընթաց է գրանցել հատկապես արևային էներգիայի ոլորտում, և այս փորձը շատ արժեքավոր է Հայաստանի համար, քանզի վերականգնվող էներգիան արագ զարգացող ոլորտ է և ներդրումների համար մեծ հնարավորություն կա։
Հայաստանը նաև հսկայական ներուժ է առաջարկում մի շարք այլ ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, դեղագործությունը, տեքստիլ և կարի արդյունաբերությունը, սննդամթերքը և խմիչքը, և, իհարկե, զբոսաշրջությունը. տնտեսության մի ոլորտ, որտեղ Հունաստանն ունի յուրահատուկ նոու-հաու: Այս համատեքստում Հայաստանը պատվավոր հյուր էր անցյալ տարի Սալոնիկում կայացած «Ֆիլոքսենիա» ցուցահանդեսում, որը համարվում է Հունաստանի զբոսաշրջության կարևորագույն իրադարձությունը։
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը ծաղկում է ապրում, որը դարձել է Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը՝ տարեկան 20% կայուն աճով: Հայաստանը մտադիր է առաջին անգամ մասնակցել առաջիկա “Beyond Expo” տեխնոլոգիական ցուցահանդես-գագաթնաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 25-ին Սալոնիկում։
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, էթնիկ զտումներ
Ինչպես գիտեք, դեռ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառման սկզբունքը և լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Արյունահեղությունը հնարավոր եղավ կասեցնել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ, որի նպատակն էր կարգավորման գործընթացը տեղափոխել խաղաղ հուն։ Սակայն Ադրբեջանը, չստանալով պատշաճ ճնշում և համարժեք միջազգային արձագանք իր ագրեսիվ գործողությունների և պատերազմական հանցագործությունների համար, խրախուսված անպատժելիությունից, անցյալ տարվա դեկտեմբերին նախ արգելափակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ «կյանքի ճանապարհը», փաստացի 11 ամիս շրջափակման մեջ պահելով տեղի հայ բնակչությանը, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերի 19-20-ը, հերթական ռազմական ագրեսիան նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի հյուծված, մեկուսացված հայերի դեմ։
Քաղաքներն ու գյուղերը հանցավոր կերպով ենթարկվեցին անխնա օդային ռմբակոծության՝ պատճառելով ավելի քան 300 զոհ, ավելի քան 400 վիրավոր և ավելի քան 1000 անհետ կորած, այդ թվում՝ մեծ թվով խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր։ Եվ այս ամենն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի հայերին «վերաինտեգրելու» ցինիկ ադրբեջանական հռետորաբանությամբ։ Կեղծավոր հռետորաբանությունը հասել է այն մակարդակի, երբ ադրբեջանցի պաշտոնյաները ջանք չեն խնայում կրկնելու, որ հայերը հեռացել են իրենց ցանկությամբ, և ոչ ոք նրանց չի ստիպել դուրս գալ՝ կարծես հիմքեր նախապատրաստելով նրանց վերադարձը բացառելու համար։
Եթե սովի մատնելու 9-ամսյա շրջափակումը, կյանքի համար անհնարին պայմանների ստեղծումը, ամեն հարձակման ժամանակ հայ զինվորների, կանանց, նույնիսկ երեխաների ու ծերերի բարբարոսական սպանություններն ու անդամահատումները և երբեք նման հանցագործությունների համար չպատժվելը, հիտլերյան ոճով իրենց առաջնորդի կողմից բռունցքի թափահարումը և հայերին «շներ» ու «Եվրոպայի ուռուցք» անվանելը, Ստեփանակերտի (Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք) փողոցը Հայոց ցեղասպանության երեք կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի անունով անվանակոչելը հայերի համար փախչելու բավարար պատճառներ չեն, ապա ի՞նչ են:
35 տարի միջազգային իրավունքի տարրերին համապատասխան սեփական ինքնորոշման համար պայքարած Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր լքել է իր տունը, այն բնօրրանը, որը առնվազն վերջին երեք հազարամյակում միշտ հայաբնակ և հայկական է եղել։ Համաշխարհային մակարդակի անասելի ողբերգություն է տեղի ունեցել: Սա պետք է գիտակցվի: Լեռնային Ղարաբաղի քաղաքացին զենքերը վայր է դրել և իր ընտանիքի հետ լքել տունը, քանի որ նույնիսկ «առաջադեմ» կույր հասարակության առաջ 9 ամիս սովի և այլ զրկանքների դիմանալուց հետո չի ստացել այն աջակցությունը, որը պետք է ստանար մարդասիրական գրված և չգրված օրենքներով, քանի որ այսօր աշխարհին ավելի շատ պետք էր Ադրբեջանը՝ որպես «էներգետիկայի ոլորտում վստահելի գործընկեր», քան միայն իր իրավունքների համար պայքարող Հայաստանը։
Եթե մարդու իրավունքները, բարոյականությունն ու խիղճը դեռևս որևէ հետք ունեն արևմտյան արժեհամակարգում, ապա այս քաղաքականությունը պետք է շուտափույթ վերանայվի։ Այսօր Հայաստանում ավելի քան 100 հազար հայ կա Լեռնային Ղարաբաղից, և մեր Կառավարությունը միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ ամեն ինչ անում է նրանց կարիքները բավարարելու համար։ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը չի կարող կասկածի տակ դրվել, և այն պետք է ձեռք բերվի անվտանգ միջազգային երաշխիքների ներքո և միջազգային մանդատ ունեցող խաղաղապահ ուժերի առկայությամբ։ Նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և բոլոր ռազմագերիները պետք է հնարավորինս շուտ վերադարձվեն։ Հայերին և Հայաստանը նվաստացնելով Ադրբեջանը չի հասնում ԼՂ խնդրի լուծմանը, այն ընդամենը հարցի բեռը դնում է ապագա սերունդների ուսերին: Հակամարտության լուծումը նշանակում է զիջումներ: Մենք Ադրբեջանի կողմից զիջումներ չենք նկատում, մենք նկատում ենք միայն ծայրահեղ վտանգավոր ցեղասպանական ախորժակ, որն օրեցօր աճում է։
Հարցերի ապագան, փախստականներ
Տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի միջազգային իրավունքի սկզբունքների, այդ թվում՝ Բաքվի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Հայաստանը հետևողական է լինելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների վերականգնման հարցում՝ կիրառելով առկա բոլոր միջազգային իրավական գործիքները: Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակույթը բավականին յուրահատուկ է, ներառյալ տեղական բարբառը։ Այսօր Հայաստանը բախվում է բազմաթիվ սոցիալական խնդիրների, ինչպիսիք են 100 հազար փախստականների բնակարանով ապահովելը և աշխատանքով ապահովելը, չնայած դրան, ջանքեր են գործադրվում ապահովելու ղարաբաղցի հայերի կոմպակտ բնակչությունը, պահպանելու ձևավորված կրթական մշակույթը, հասարակական հաստատությունները, որոնց նպատակն է պահպանել ղարաբաղյան բնօրինակ մշակույթն ու ավանդույթները։
Կենսական նշանակության խնդիր է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ Միջազգային կառույցների համար կարևոր է այդ հուշարձանները միջազգային մոնիտորինգի տակ վերցնելը։ Այստեղ են գտնվում վաղ քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, ինչպիսիք են ամենատպավորիչ Ամարասը, Դադիվանքը, Գանձասարի վանքերը։ Մի շարք վայրերում գրանցվել են եկեղեցիների ավերման կամ վերակառուցման փորձեր, որոնցում մաքրվել են հայկական հետքերը։ Եթե շտապ և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, կունենանք այնպիսի իրավիճակ, ինչպիսին Նախիջևանում է՝ հայկական տարածաշրջան, որտեղ մեկ դարից էլ պակաս ժամանակահատվածում հայկական գոյության հետք չի մնացել։ Բարբարոսությունը, որտեղ էլ որ այն տեղի ունենա, դատապարտելի է և պետք է կանխվի օր առաջ։
Ի՞նչ կարող են անել Հունաստանն ու միջազգային հանրությունը, ի՞նչ են արել մինչ այժմ։
Ուզում եմ ընդգծել, որ ագրեսիայի վտանգը ամենևին էլ չեզոքացված չէ։ Այսօր ադրբեջանական բանակը օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ շարունակելով ուժի սպառնալիքների ու շանտաժի քաղաքականությունը։ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է։ Միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար. աղետի բոլոր մեղավորները պետք է հստակ պատասխանատվության ենթարկվեն: Հնարավոր կլինի կանխել նոր արյունահեղությունը տարածաշրջանում, ստիպել Ադրբեջանին հրաժարվել ուժի սպառնալիքից և վերադառնալ երկխոսության միայն այն դեպքում, եթե միջազգային դերակատարները ունենան միասնական կամք և համապատասխան ճնշում գործադրեն։ Միջազգային իրավունքին չհամապատասխանելը պետք է հանգեցնի լուրջ հետևանքների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից