ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ն պետք է հայտարարի, որ 120.000 ՀՀ անձնագիր ունեցող արցախցի շրջափակման մեջ է և պատրաստ է անմիջապես լիկվիդացնել միջանցքը փակած ադրբեջանական ուժերին՝ իրենց հսկիչ-անցագրային կետով հանդերձ․ քաղաքագետ 04/30/2023 14:59 | ԼՐԱՀՈՍ
Ռուսական զորախմբի նոր ղեկավար Լենցովը պետք է սկզբունքայնություն դրսևորի և ապացուցի, որ իրավիճակն առնում է իր ձեռքն ու լուծում է այն...
Դա նրա, և ոչ միայն նրա, հեղինակության հարցն է...
ՌԴ-ն պետք է պահանջի, եկած տեղն անգամ բիրտ ուժով պետք է վերացնի ճանապարհից Ադրբեջանի անցակետը:
Իսկ եթե, այնուամենայնիվ, չլուծեն այս հարցերը, որոնց համար ստանձնել են պատասխանատվություն, ուրեմն, իրոք, նրանք Արցախում անելիք չունեն... Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Դավիթ Կարապետյանն ու ներկայացրել ստեղծված վիճակում քաղաքական խոսույթի վտանգավոր ուղղություններն ու մեր անելիքները, որոնք պետք է հաջորդեն խաղաղապահների կողմից կտրուկ քայլեր չձեռնարկվելու դեպքում։
«Արցախն ու մեր մեղքերը...
Նյարդապայքարը շարունակվում է....
«Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»...
Ինչպես գիտենք, Ադրբեջանը վերը նշված տեքստով ցուցանակ է տեղադրել Լաչինի միջանցքի այն հատվածում, որտեղ երկու օր առաջ, առանց որևէ դիմադրության, տեղադրեց նաև իր դրոշն ու հսկիչ անձնագրային անցակետը:
Ցուցանակը Հակաարի կամուրջից անմիջապես հետո է, որը համարվում է «Լաչինի միջանցքի» սկզբնամասը, միաժամանակ, ըստ ՀՀ գործող իշխանությունների և Ադրբեջանի Հանրապետության՝ երկու երկրների պետական սահմանը:
Ասել, որ այս մասին չէր բարձրաձայնվել կամ որ կանխատեսելի չէր՝ սուտ կլինի:
Ավելին՝ գիտեինք, սպասում էինք այս քայլին և այն չուշացավ...
Այն, որ ադրբեջանական «էկոակտիվիստ» կոչեցյալներն էլ այս քայլից հետո իրենց միսիան ավարտված կհամարեն ու ժամանակավոր կլքեն Շուշիի հարակից ճանապարհը՝ դա էլ էր ենթադրելի...
Իհարկե, վերջիններիս այս պահին փոխարինում են ուժայինները, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի ներքին զորքերը:
Այսպիսով՝ այս ամենի արդյունքում ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը Արցախ:
Իսկ Շուշիի շրջանի 4 համայնքների բնակչության համար սուր հումանիտար խնդիրներ են առաջացել:
Էլ չեմ խոսում մնացյալ Արցախի մասին:
Ի՞նչ հետևեց այս ամենին.
* Սկսվեց քաղաքակիրթ աշխարհի՝ կողմերին ուղղված շարքային հորդորները, ցավակցանքներն ու խորը, շա՜տ խորը մտահոգությունները...
* Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ ստեղծելու հարցով Հայաստանը դիմեց Արդարադատության միջազգային դատարան:
* Այդ կամ բնավ ոչ այդ պատճառով Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովը փոխարինվեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովով:
* Դե իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ «Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն օրինական է և համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։
Առավել ևս, որ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Միջազգային հանրությունից այլ բան սպասելը՝ միամտություն է:
Նրանք բացառապես բարոյապես ապրումակցողներ են...
Որ դիմել ենք Միջազգային Դատարան՝ լավ ենք արել, բայց ինչպես նախորդ որոշման «ուրվականը», սա ևս անհաղորդ կմնա...
Որ ռուսական տիրույթում կադրային փոփոխությունը կատարվել է իրենց գործողություններն ի վերջո հավուր պատշաճի կատարելու համար՝ ժամանակը ցույց կտա:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն էլ այնքանով է «արդարացված», ինչքանով որ այն պայմանավորեցված է ՀՀ իշխանությունների հետ...
Նրանց ասածի լոգիկան նրանում է, որ ՀՀ վարչապետը, որպես փաստ ֆիքսել է, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, հետևաբար՝ դա պետական սահմանն է, իսկ սահմանից այն կողմ՝ Ադրբեջան է:
Այդ մասին ՀՀ վարչապետն ասել է, թե՛ Պրահայում, թե՛ Սոչիում և թե մեր Ազգային ժողովի ամբիոնից ու մի շարք հարցադրումներում:
Հետևաբար, նրանք իրավունք ունեն այնտեղ անել այն, ինչ կուզեն:
Ասել կուզի՝ ի՞նչի վրա եք զարմացել ու զայրացել...
Այ հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ Ադրբեջանը թույլ է տալիս իրեն նման գործողություններ և մարսում է դրանք...
Դա տալիս է նրան հնարավորություն շեղվելու նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններից և չկատարել ստանձնած պարտավորությունները:
Եվ չկա մեկը, որ ասի, թե ՀՀ վարչապետը տարբեր վայրերում բանավոր շատ բան կարող է ասել...
Պետք է առաջնորդվել գրավոր, առկա փաստերով:
Իսկ գրավոր փաստը՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որտեղ սևով սպիտակի վրա հստակ գրված է կողմերի պարտավորությունները, անելիքներն ու չանելիքները...
Իսկ Ռուսաստա՞նը:
Ռուսաստանը կարող է իր հերթին պատճառաբանի նույն հանգամանքը՝ իրեն ձերբազատելով իր մասով պարտավորվածություններից:
Ի վերջո, ինչու նա պետք է ինչ-որ քայլ ձեռնարկի ադրբեջանցիների դեմ (առավել ևս իր սահմանափակ հնարավորություններով), երբ կողմերից մեկը մաս կազմելով եռակողմ հայտարարությանը, պաշտոնապես իր դիրքորոշումով հակասում է պայմանագրի դրույթներին:
Ավելին՝ երբ տեսնում է, որ ՀՀ-ն իր «ձեռքերը լվանում է», ողջ պատասխանատվությունը բացառապես թողնում իր վրա, նույնիսկ՝ Անվտանգության քարտուղարի շուրթերով հայտարարում, որ «Լաչինի միջանցքը»՝ Ռուսաստանի Դաշնության սեփականությունն է, և որ միայն նրանք են պարտավոր ապահովել միջանցքի անխափան տարանցիկությունն ու անվտանգությունը:
Եվ սա այն դեպքում, երբ Բաքվում Լավրովը հստակ արձանագրեց, որ ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքում չի նախատեսված, հետևաբար չի լինելու ո՛չ հսկիչ-անձնագրային կետ և ո՛չ էլ ռենտգեն-սքանավորման սարք:
Իսկ այսօր, նման զարգացումների համատեքստում, ինչ-որ տեղ պաշտոնական Մոսկվային այլ բան չի մնում ասել, քան կոչ անել կողմերին վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին:
Ստացվում է՝ դեռ պետք է ինչ-որ տեղ նաև գոհ լինենք, որ ՌԴ-ն հայտարարում է, թե «անընդունելի է որևէ միակողմանի քայլ, լինի դա Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամակարգված փոփոխության, թե խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով դրա օգտագործման փորձերի մասին», և որ «Երևանը և Բաքուն պետք է հասկանան, որ եռակողմ կարգավորմամբ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»...
Ու սա, ընդ որում, այն բանից հետո, երբ ՀՀ-ն այլ երաշխավորներ է փնտրում, այլ դաշնակիցների փնտրտուքով է զբաղված, ավելին՝ պատրաստ է փաստահավաքչության համար Լաչինի միջանցք «գործուղել» ինչ-որ երկրների դիտորդներ:
Ինչևէ...
Ստացվում է՝ Արցախում, սեփական ժողովրդին անգամ եթե կոտորեն, ՀՀ-ն մեղավոր կարող է ճանաչել Ռուսաստանին, որովհետև անվտանգություն ապահովողը և դրա երաշխավորն, ըստ նրա, բացառապես ՌԴ-ն է:
Հայաստանը բացարձակ պատասխանատվություն չի կրում, քանզի այլևս արցախահայության անվտանգության երաշխավորը չէ...
Եվ իրոք.
Ոչ մի խոսք չկա Հայաստանի՝ Արցախի ու արցախահայության հանդեպ որևէ պարտավորվածության մասին...
Այն, որ ռուսներին միանշանակ պետք է հիշեցնել ու պահանջել կատարել իրենց գործառույթները՝ փաստ է:
Ավելին՝ պարտադրել կատարել նոյեմբերի 9-ի դրութներով սահմանված գործողությունները՝ միանշանակ է:
Որ օր առաջ պետք է ապամոնտաժվի ադրբեջանական հսկիչ-անցագրային կետը, և ողջ միջանցքն անցնի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, ապահովվի բնականոն երթևեկը, այդկերպ ապաշրջափակումը՝ անքննելի է...
Սրանք այն սկզբունքային հարցերն են, որոնք պետք է շտապ լուծում ստանան:
Էլ չեմ խոսում, որ առհասարակ, նման դրվագներ չպետք է տեղի ունենային, որ այսօր էլ լուծվեին, առավել ևս լուծվեն՝ ինչ-որ բանի կամ որևէ կոմպրոմիսի դիմաց...
Ավելի հեշտ է թույլ չտալ այսպիսի խնդիրների առաջացումը, քան հետո փորձել լուծել այն...
Ավելին՝ կարմիր գծերը վաղուց հատված են, համբերության բաժակը՝ լցված...
Ռուսական զորախմբի նոր ղեկավար Լենցովը պետք է սկզբունքայնություն դրսևորի և ապացուցի, որ իրավիճակն առնում է իր ձեռքն ու լուծում է այն...
Դա նրա, և ոչ միայն նրա, հեղինակության հարցն է...
ՌԴ-ն պետք է պահանջի, եկած տեղն անգամ բիրտ ուժով պետք է վերացնի ճանապարհից Ադրբեջանի անցակետը:
Իսկ եթե, այնուամենայնիվ, չլուծեն այս հարցերը, որոնց համար ստանձնել են պատասխանատվություն, ուրեմն, իրոք, նրանք Արցախում անելիք չունեն...
Թող ասեն այդ մասին ու ինքնակամ դուրս գան Արցախից՝ իրենց տեղը զիջելով ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ ուժերին:
Այս համատեքստում, տարակուսելին Արցախի նորանշանակ նորաթուխ քաղաքական գործիչների խոսույթն է...
Վերջիններս՝ կա՛մ «դուխի դեմոնստրացիայի» կա՛մ ինքնահաստատման, ճանաչում ձեռք բերելելու արդյունքում, ինչ կարգի անհեթեթ գնահատականներ ու որակումներ ասես, որ չեն տալիս...
Բայց որ որոշ «հայդուկ-դիվանագետներ» ու պետական պատասխանատու պաշտոններ ստանձնած պատահական-պատուհասներ՝ էժան մանիպուլյացիաներով, պաթոսով ու «Օվերտոնի պատուհան» սարքած վերջնագրերով են հանդես գալիս, ասելով թե՝ «անցակետի տեղադրումը քո այստեղ լինել-չլինելու հարցն է, նայի հա՛, մենք արցախահայերս, եթե որոշեցինք լքել Արցախը, իսկ մենք արդեն սկսում ենք մտածել այդ մասին, դուք կկորցնեք Հարավային Կովկասը, մեզ չնեղացնե՛ք, 102-րդ բազան կստիպենք հանել» և նման այլ անպատասխանատու հայտարարություններ անում, պարզապես ապշում ես վերջիններիս ծանծաղամտության ու դիլետանտության վրա...
Այդ քաղաքական ոտաբոբիկ «խառը տեսականին» չի էլ մտածում պատճառահետևանքների մասին:
Որ նման խոսքերը անպատասխան չեն մնում, ավելին՝ որ նման հայտարարություններն ավելի են շատացնելու ու խորացնելու խնդիրները:
Ո՞վ չգիտի, որ ՌԴ-ն «սնվում է» այս կոնֆլիկտից, որ ցուցադրում է իր հեգեմոնիզմը, որ տարածաշրջանում ինքնապահպանվելու խնդիր ունի, որ ինչպես ցանկացած այլ պետություն ունի իր շահերն ու իր տեսլականը...
Որ այս պահին նա հավասարազոր կամ ավելի շատ դաշնակից է Ադրբեջանին քան Հայաստանին:
Ո՞վ չգիտի, որ Սյունիքով միջանցքի անցկացման ջատագովն առաջինը հենց իրենք են...
Ո՞վ իրավունք չունի կարծելու, որ նախորդ հրամանատար Վոլկովը «գնվել էր», դրա համար էլ նման պատկեր ենք արձանագրում...
Ո՞վ չի հասկանում, որ ռուսի նման քենապահ ու քինախնդիր թշնամի մեզ պետք չէ...
Առավել ևս, իմանալով այդ ամենը, չի կարելի նման անպատասխանատու արտահայտություններ թույլ տալ, այն էլ՝ պաշտոնապես...
Կամ որ ռուսին ինչ-որ բան հասկացնելու համար, ի լուր աշխարհին, հանրային առաջինով հայտարարում է, թե «արցախահայությունը, ելնելով ստեղծված ծանր իրավիճակից, պատրաստ է դուրս գալ Արցախից...
Ուղեղո՞վ եք դուք մտածում...
Ո՞վ է ձեզ թույլ տվել նման հայտարարություններ անել...
Արցախցի՞ն...
Արցախահայերը թույլ են տվել իրենց անունից նման վտանգավոր թեզեր առաջ տանե՞լ...
Արցախցին իր հայրենիքում ամուր կանգնած է ու չի ուզում լքել իր հայրենիքը...
Ականջներիդ օղ արե՛ք...
Այս ի՞նչ խաղեր են...
Անգամ, եթե դա այդպես է և իրոք արցաախահայությունը կանգնած է էքզիստենցիալ կամ հայաթափման վտանգի առաջ (իսկ դա այդպես է), ապա այդ մասին բարձրաձայնելը՝ թշնամու ջրաղացին ջուր լցնել է...
Չի կարելի...
Հուսամ՝ նման դեպքերն այսուհետ կբացառվեն...
Իսկ իրականում.
* ՀՀ-ն չի ճանաչում Ադրբեջան պետությունը կամ առնվազն նրա նշած սահմաններով տարածքային ամբողջականությունը:
* ՀՀ-ն պետք է հայտարարի, որ 120.000 ՀՀ անձնագիր ունեցող արցախցի շրջափակման մեջ է և, որպես ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավոր՝ պատրաստ է պատժիչ գործողություններ սկսել հակահումանիտար գործունեություն ծավալող թշնամու դեմ։
* ՀՀ-ն, գենոցիդի ռեալ իրավիճակ ստեղծվելու պարագայում, ընդհուպ պատրաստ է անմիջապես լիկվիդացնել միջանցքը փակած ադրբեջանական ուժերին՝ իրենց հսկիչ-անցագրային կետով հանդերձ:
Թշնամին այլ լեզու չի հասկանում, և նրան պետք է սանձել:
* Իսկ մինչ այդ, ՀՀ-ն պահանջում է թե՛ ՌԴ-ին և թե՛ Ադրբեջանին առաջիկա ժամերի, իսկ ամենաուշը մի քանի օրվա ընթացքում բացել և շահագործման հանձնել միջանցքը՝ ապահովելով անխափան երթևեկը, ենթակառուցվածքների աշխատանքը, գազամատակարարումը:
* Այս ամենի չկատարման դեպքում ՀՀ-ն ճանաչում է Արցախի անկախությունը։
Ավելի քան վստահ եմ, որ վերջին կետի՝ մեր կողմից իրագործման պարագայում Արցախի անկախության ճանաչման շքերթ է լինելու...
Էլ չեմ խոսում մեր սխալների մասին, մասնավորապես, թե ինչու 88-ին շարժում սկսեցինք, ազատագրեցինք, Եռաբլուր կառուցեցինք, որ առ այսօր չճանաչեինք Արցախի անկախությունը...
Իսկ մինչև հիմա էլ աղերսում ենք, թե բա. «Ֆրանսիա ու Անգլիա, ճանաչի՛ր Արցախի անկախությունը»...
Չեք հասկացե՞լ, որ մինչև մենք չճանաչենք, ոչ մեկը չի ճանաչի ու պարտավոր էլ չէ ճանաչել Արցախի անկախությունը:
Իսկ առհասարակ, եթե Արցախյան առաջին պատերազմից հետո Հայաստանն Ադրբեջանի հետ վարվեր այնպես, ինչպես հիմա նրանք են վարվում Հայաստանի ու Արցախի հետ, ապա այսօր ո՛չ Արցախյան երկրորդ պատերազմ կլիներ, ո՛չ տոտալ ճգնաժամ ու ապաշրջափակում, ո՛չ հայաթափման վտանգ և ո՛չ էլ գոյաբանական խնդիր:
Դուք մսխել եք տարբեր ժամանակահատվածներում ընձեռված ամեն մի հնարավորություն ու շանս...
Դուք խուսանավել եք, վախեցել պատասխանատվությունից, տարբեր պատճառաբանություններով ու արդարացումներով՝ հաջորդների վրա եք թողել ձեր ուսերի բեռը:
Դուք ոչ միայն չե՛ք ամրագրել ձեռքբերված հաղթանակը, այլ ինքներդ չեք ճանաչել ձեր իսկ հաղթանակներն ու ձեր կողմից ազատագրած հայրենիքի մի մասը:
Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք ու արդյունքում տառապում՝ մեր երեսուն տարվա ու այսօրվա չարածի հետևանքներն են...
Իսկ հաղթողներին, ինչպես այն ժամանակ չէին դատում, հիմա էլ չեն դատում...
Այն, ինչ մենք չենք արել երեսուն տարում, թշնամին արեց ընդամենը 3 տարում...
Այսօրվա բարդ ու բազմաքայլ աշխարհաքաղաքականության պայմաններում պարզունակ մտածողությամբ իշխանություններ ունեցող երկրները դատապարտված են եթե ոչ կործանման, ապա՝ բավականին ցավոտ զարգացումներով հղի իրականության։
Ցավալի է, որ հազարամյակների պատմություն կերտած մի ժողովուրդ, որն իրեն շարունակ փորձում է ներկայացնել խելոք, հնարամիտ և, անգամ, հեռատես, այսօր սեփական կամքով դարձել է ոչ միայն պարզունակների, այլև պրոզայիկ սուտասանների իշխանության կրողը...
Եվ այս ամենից հետո ստեղծված իրավիճակի մեղքը բարդել Արևելքի կամ Արևմուտքի, Հյուսիսի կամ Հարավի վրա, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն...
Մենք ամեն օր ու ամեն պահ ոչ միայն կրկնում, այլև բազմապատկում ենք մեր կատարած սխալները և արդյունքում ունենում ավելի վատը, քան ունեինք երեկ...
Ժամանակին Սիրադեղյանն ասել էր՝ «չտա Աստված, որ գա մի ժամանակ, երբ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությամբ սկսեն զբաղվել այլ երկրներ»...
Ցավոք, այդ օրն էլ եկավ...
Մենք հիմա ապրում ենք կատարյալ մղձավանջի ու քաոսի մեջ, ամեն վայրկյան բախվում մի նոր արհավիրքի ու դառը իրականության...
Ցնորվում ես՝ տեսնելով, թե ինչպես Ադրբեջանն Արցախում անվարան անում է այն, ինչ ուզում է, Հայաստանի սահմաններին ու Հայաստանի սուվերեն տարածքում անում է այն, ինչ ուզում է, օկուպացնում է այնքան տարածք, որքան ուզում է, իսկ այն մարդիկ, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում Հայաստանի անվտանգության համար, տեղի ունեցողը բարդում են միջազգային այլ խաղացողների, մասնավորապես Ռուսաստանի վրա՝ մի դեպքում նշելով, թե «ռուսները թողել հեռացել են, հետո ադրբեջանցիները մտել գրավել են», մյուս դեպքում, թե «դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին ու նրանց տարածքն է, մենք կապ չունենք»։
Դե իսկ հայտնի «5-րդ շարասյունն» էլ իր հերթին է միանում այս ամենին...
Ինչևէ, արժանապատվություն ու ինքնասիրություն ունեցող ցանկացած հայ մարդ նման իրավիճակում չի կարող իրեն նվաստացած չզգալ։
Սա ազգակործան արկածախնդրություն է, զավեշտ, որի վերջը օր առաջ պետք է դրվի։
Երկիրը պետք է ղեկավարեն կայացած ու կոմպետենտ մարդիկ, ովքեր իրենց պատասխանատու կհամարեն Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության համար և կգործեն՝ առաջնորդվելով բացառապես ազգային ու պետական շահերով:
Իսկ այսօր, Փաշինյան-Ալիև համատեղ համաձայնության հետևում նույն միտքն է՝ ժողովուրդն ամեն ինչին կհամաձայնի, հանկարծ լայնածավալ պատերազմ չլինի, միայն թե էլի զոհեր չլինեն, մենք էլ՝ շառից-փորձանքից հեռու...
Նույն տրամաբանությամբ էլ չի բացառվում, որ հիմա Լաչինի միջանցքը փակում են, որ այն բացելու դիմաց Սյունիքում տրվի միջանցք...
Որ հետո էլ Փաշինյանը հայտարարի, թե ռուսները չկարողացան բացել, իրենք էլ հանուն Արցախի տվեցին Սյունիքի մի մասը։
Այս ամենը խենթացնում է անգամ սթափ մտածող ու սառնասիրտ ցանկացած մարդու...
Դե եկ Վարդապե՛տ ու մի խենթանա...
Մեր մեղքերը մեզ ուղեկցելու են դեռ այնքան ժամանակ, մինչև չփոխենք պատմության անիվը...»,- գրել է նա
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ