ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է գործե՜լ, պետք է գործել՝ հայացքն ուղղած Քրիստոսի սուրբ Հարության հրաշափառ ու ճշմարտապատում Լույսին. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան 04/08/2023 22:02 | ԼՐԱՀՈՍ
Շուրջ երկու հազար տարիներ քրիստոնեաներս Հիսուսի հետ անցնում ենք տառապանքի ճանապարհը, վերապրում Նրա Չարչարանքները, խաչելությունն ու մահը և մասնակից դառնում Հարության ուրախությանը: Սուրբ ճրագալույցի քարոզի ժամանակ ասել է Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Արքեպիսկոպոսը նշել է.
ՙՔրիստոս յարեավ ի մեռելոց՚ ավետիսով մեր ուրախությունն ենք կիսում ամենքիդ հետ հույսի հաղթանակի լուսավառ այս երեկո: Քրիստոսի սուրբ Հարության այս ճրագալույցին մեր մտքերը դառնում են կրկին չարչարանաց այն ճանապարհին, որ պսակվեց աննման Հաղթանակով: Խոհերով փոխադրվում ենք Բեթղեհեմից մինչև Նազարեթ, Գալիլիայից մինչև Երուսաղեմ և Գեթսեմանիից մինչև Գողգոթա:
Գեթսեմանիի պարտեզի ծառերը դողում էին մերթ ընդ մերթ սաստկացող քամու հոսանքից՝ կանխագուշակելով, կարծես, սպասվող ահասարսուռ իրադարձությունները: Մինչ Հիսուս քրտնաթոր ու աղեկեզ աղոթում էր: Աղոթում էր այնպես, ինչպես ո՜չ ոք երբե՜ք և ոչ մի անգա՜մ չի աղոթել:
Սպասվող դավաճանության ու չարչարանքնների, խաչելության ու մահվան սոսկալի տեսարանները չէին հեռանում Նրա մտապատկերից և առանձին թախանձանք էին հաղորդում առանց այդ էլ Նրա սրտահույզ աղերսանքին. ՙ…Հայր անցո զբաժակս զայս յինէն՚ (Մարկ. ԺԴ:36):
Շատ ժամանակ չանցած` ամբոխը, մատնիչ Հուդայի ուղղորդմամբ, խուժեց պարտեզ: Հիսուս ձերբակալվեց ու տարվեց դատաստանական ատյան և բեմականացված չարահնար դատավարությունից հետո, ՙի խաչ հան զդա, ի խաչ հան՚` (Մարկ. ԺԵ:13) ամբոխի խելակորույս ու ջղաձիգ վայնասունների ներքո, կայացվեց Հիսուսի մահապատժի անխուսափելի դատավճիռը:
Ուրբաթ առավոտյան Հիսուս արդեն խաչին էր գամված... Մի քանի ժամ անց, չարչարանքներից հյուծված ու ուժասպառ, Հիսուս ավանդեց հոգին՝ վերջին ուժերը հավաքելով՝ ցավից ու տառապանքից դառնացած ձայնով աղաղակելով. ՙԱստուած իմ, Աստուած իմ, Ինչու՞ թողեցիր ինձ (Մարկ. ԺԵ:34), ...Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին՚(Ղուկ. ԻԳ:46):
Ժամն է թաղման…
Հուղարկավորները պատանքով պատեցին Հիսուսի խոշտանգված մարմինը, ամփոփեցին գերեզմանախորշում: Հաջորդ օրը՝ կիրակի վաղ առավոտյան, երբ արևը տակավին չէր ցրել գիշերվա մթության վերջին շղարշները, յուղաբեր կանայք հուսաբեկված ու համրաքայլ մոտեցան Հիսուսի գերեզմանին:
Գերեզմանի քարը հեռացված էր…
Հիսուսի մարմինը չկար…
Մոտակայքում մի սպիտակազգեստ մարդ, որն ասես պարտիզպանը լիներ, խորհրդավոր ու հաստատակամ ձայնով դիմեց կանանց. ՙ …խաչված Հիսուսին ե՞ք փնտրում. Այստեղ չէ այլ հարյավ՚ (Մտթ. ԻԸ: 5(Բ);6): Այո՜, խաչված Հիսուս Հարություն է առել` ՙՔրիստոս յարեավ ի մեռելոց՚:
Այսպես սկսվեց Հիսուսի Հարության պատմությունը, այսպես տառապանքը վերածվեց հաղթանակի և մահը դարձավ կյանքի նախերգանք:
Սիրելի քույրեր և եղբայրներ,
Շուրջ երկու հազար տարիներ քրիստոնեաներս Հիսուսի հետ անցնում ենք տառապանքի ճանապարհը, վերապրում Նրա Չարչարանքները, խաչելությունն ու մահը և մասնակից դառնում Հարության ուրախությանը:
Շատերը փորձեցին կասկածի տակ առնել մարդկության պատմության մեջ երբևիցե տեղի ունեցած խոշորագույն այս իրադարձության, այս հրաշքի վավերականությունը: Ազատականներն ու ՙկարմիր աթեիստները՚ Քրիստոսի կյանքի ու Հարության պատմությունը համառորեն փորձեցին մղել առասպելաբանության դաշտ, որում ամփոփված են մարդկության՝ անմահության հասնելու տենդագին երևակայության պատկերներն ու երազները:
Այլոք Քրիստոսի Հարությունը գնահատեցին որպես մի տիեզերական խաբեություն՝ հայտարարելով, որ խաչվողը ոչ թե Քրիստոս էր, այլ Նրա նմանությունն ունեցող մի անձ: Մեղադրվեցի նաև Քրիստոսի առաքյալները, թե իբր կաշառելով պահակազորին գողացել են Քրիստոսի մարմինը:
Քրիստոսի Հարության դեմ մարտնչողների չարահնար ու հիվանդագին երևակայությունը հասավ անգամ այնտեղ, որ հայտարարեցին, թե Հիսուս ոչ թե մահացավ խաչի վրա, այլ պարզապես կորցրեց գիտակցությունը և կամ հայտնվեց լեթարգիական քնի մեջ, որից հետո գերեզմանում արթնանալով հեռացավ այնտեղից:
Քրիստոսի Հարության պատմականության ժխտման փորձերը, սակայն, դատապարտվել են ձախողման, դատապարտվել են պատմական ու հնագիտական ժամանակակից հայտնագործությունների ու տվյալների անհաղթահարելի ուժով:
Հակառակ, սակայն, Քրիստոսի Հարության իրողության անժխտելիության, Հարության իրողությունը՝ իր գերբնականությամբ ու անընդգրկելիությամբ, շարունակում է անընկալելի մնալ մարդկանց համար: ՙԻնչպե՞ս կարող է մարդ կենդանանալ մեռնելուց հետո, արդյո՞ք սա ինքնախաբեություն չէ և այրած սրտի կեղծ մխիթարանք՚- հարցնում են նրանք: Այո՜, չափազանց դժվար է հավատալ Հարության հրաշքին, երբ ամենու՜ր և ամե՜ն օր բախվում ենք մահվան անհաղթահարելիությանը, երբ անդառնալիորեն հողին ենք հանձնում ծերերին ու մանուկներին, կանանց ու տղամարդկանց, ծաղկած ու թոշնած կյանքերին: Ինչպե՞ս հավատալ Հարությանը, երբ հողը կլանում է բոլոր կյանքերը, և երբ հողից ստեղծվածը դառնում է հողին՝ անէանալով փոշու աշխարհում:
Ավելի դժվար չէ՞, սակայն, հավատալ, որ մարդու կյանքը սոսկ հող է դառնում: Դյուրի՞ն է արդյոք մտածել, որ լոկ մի կայծ է մարդկային կյանքը հավեժի բոցում: Հնարավո՞ր է հավատալ արդյոք, որ մեր կյանքի պատմությունը զրկանքների ու չարչարանքների, չհագեցնող ուրախությունների ու նվաղկոտ հաջողությունների մի անիմաստ ժամանակագրություն է, որն ավարտվում է մահվան տխուր ու անփառունակ վերջաբանով:
Քրիստոսի Հարության հրաշքը բացահայտում է մարդկային կյանքի նպատակը, հարություն առնելու հույս է պարգևում ամենքիս, վերափոխում մեր մահախուճապ դեգերումները, դառնում վավերական նշաձողը մեղքի ու առաքինության, չարի ու բարու, լույսի ու խավարի միջև:
Քրիստոսի Հարության հանդեպ հավատքով մարդկային կյանքը դադարում է լինել ծնունդից մինչև մահ ձգվող մի ժամանակամիջոց, Քրիստոսի Հարությամբ երկրավոր կյանքը դառնում է պատվանդանը հավիտենական կյանքի: Այս պատճառով է, որ Քրիստոսի Հարությանը հավատացողները նայում են անդին քան զմահն է, անդին, ուր ձգվում է հավիտենական կյանքը:
Քրիստոսի Հարությունը փոխում է մեր կենսակեպն ու հայացքները: Քրիստոսի Հարությանը հավատացողները քրիստոնեությունը դարձնում են ոչ թե զբաղմունք, այլ էություն ու բովանդակություն: Քրիստոնեայի համար հարստությունը դառնում է միջոց բարեգործության, պաշտոնը՝ ճանապարհ ծառայության և ոչ աթոռապաշտության: Քրիստոսի Հարությունը՝ աշխատանքը վերածում է օրհնության և ոչ միջոց այլոց կեղեքման, նվաստացման և սեփական ագահության բավարարման: Քրիստոսի Հարությանը հավատացողները հայրենիքը չեն դիտարկում սոսկ որպես բնակավայր, այլ ինքնության սրբազան մասունք, և աստվածսիրությունը միահյուսում են հայրենասիրությանը: Քրիստոսի Հարությանը հավատացողի համար ուրախություն է եղբայրների ու բարեկամների համար զոհաբերվելը և ոչ թե նրանց զոհաբերելը, նվիրաբերվելը, քան թե նվեր ընդունելը: Հարության հույսով ապրողի համար նույնքան արգահատելի մեղք է սեփական ինքնության նկատմամբ հարձակումներից չպաշտպանվելը, որքան այլոց կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելը:
Հարության հույսից զրկված են բոլոր նրանք, ովքեր երկրավոր կյանքը դարձրել են մրցավազք միայն ու միայն հագեցնելու նյութական ու զգայական իրենց կարիքները: Հարության ավետիսը չի՜ հասել նրանց, ովքեր ամեն ինչից ավելի ու ամեն ինչից վեր ՙՄոլությունների մեհյանում՚ խնկարկում են սեփական Ես-ի անարվեստ կուռքին: Այո՜, Հարության ավետիսի ժառանգորդը նրանք են, որոնց հույսը կապված է հավիտենությանը: ՙԵթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ապա ողորմելի ենք քան բոլոր մարդիկ՚(Ա Կորնթ. ԺԵ:19),- այս է պատգամում առաքյալը:
Արդ, սիրելի քույրեր և եղբայրներ, գոտեպնդվենք ու զորանանք, հեռացնենք մեզանից տագնապներն ու վախերը, քանզի մենք հույս ունենք Հարության, խոստում ունենք Տիրոջից, որ անմահությունն է մեր ժառագությունը, վկայություն ունենք, որ խորտակված է մահվան զորությունը: Պատգամ ունենք Տիրոջից, որ անիմաստ ու աննպատակ չէ մեր կյանքը: Միայն պետք է գործե՜լ, պետք է գործել՝ հայացքն ուղղած Քրիստոսի սուրբ Հարության հրաշափառ ու ճշմարտապատում Լույսին՝ զինված հավիտենական կյանքի հույսով և ապավինած Աստուծո մշտնջենական զորակցությանը, քանզի Տիրոջ Հարությունը ոչ թե միայն պատմական իրողություն է, այլ իրական ու չընդատվող ներգործություն, որով հաղթահարելի են դառնում բոլոր փորձությունները՝ ի փրկություն Քրիստոսին հավատացող հոգիների և ի փառս Աստծո, որին գոհություն և փառք բարձունքներում հավիտյանս հավիտենից ամեն:
Շնորք, Սեր և Ողորմություն ընդ ձեզ և ընդ մեզ և ընդ ամենեսին. Ամեն
Քրիստոս յարեավ ի մեռելոց,
Մեզ և ձեզ մեծ ավետիս:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ