ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան 02/13/2023 20:02 | Հարցազրույց
1890-1922 թվականների ամերիկյան առաջատար օրաթերթերը փաստել և փաստագրել են Օսմանյան Թուրքիայի՝ հայերի հանդեպ իրականացրած Ցեղասպանության բոլոր մանրամասները
«Նյու Յորք Թայմզ», «Բոստոն Գլոբ», «Քրիստիան Սայնս Մոնիտոր», «Վաշինգտոն Պոստ», «Լոս Անջելես Թայմզ», «Չիկագո Թրիբյուն»՝ ամերիկյան մամուլի առաջատար այս լրագրերի էջերը 1890-1922 թվականներին հեղեղված էին Հայոց ցեղասպանության մասին պատմող տեղեկատվությամբ՝ փաստական նյութեր՝ լուսանկարներ, հայտարարություններ, նամակներ, հարցազրույցներ, ականատեսների վկայություններ։ Հսկայածավալ և բազմաթիվ թեմաներ ու ենթաթեմաներ պարունակող այդ տեղեկատվությունը սփռված լինելով երեսուն և ավելի տարիների ամերիկյան մամուլի քրոնիկոնում, ըստ էության, կարոտ էր լրջմիտ ուսումնասիրողների, ովքեր ամենօրյա լրաքաղից զատելով կներկայացնեին հայերի Ցեղասպանությանը և Հայկական հարցին վերաբերող ահռելի նյութը՝ երեք տասնյակից ավելի տառապանքի տարիները՝ դրվագ առ դրվագ․․․
Սփյուռքահայ մտավորական, Լիբանանում ծնված, Վենետիկի Մխիթարյանների դպրոցով անցած, նաև՝ Կիպրոսի Մելքոնյան վարժարանում հայագիտական առարկաներ դասավանդած Արա Քեթիպյանն այն գործիչներից է, որոնց բազմաոլորտ ճանապարհը՝ գրականագետ-մանկավարժ, պատմաբան, լրագրող-հետազոտող՝ մի օր գալու հանգելու էր այն գործին, որն, ըստ ամենայնի կարելի է բնորոշել որպես իր կյանքի գործը, այն, որին դիպչելով այլևս անհնար է հետ կանգնել, որքան էլ այն ցավոտ լինի․․․
1890-1922 թվականների ամերիկյան մամուլի վերը նշված լրագրերում իրականացված բազմահատոր մոնիտորինգը՝ «Հայոց ցեղասպանություն․ նախերգանք և հետևանքները»՝ ընդհանրական խորագրով՝ այսօր արդեն փաստավավերագրերի ստվար հատորների է վերածված-վերածվում՝ 10 հատոր և գուցե՝ ավելի․․․ Ընդ որում, թեմաներ կան, որ առանձին գրքերով են ներկայացվում, ինչպես, օրինակ՝ «Ադրբեջանի ագրեսիան՝ ընդդեմ հայերի՝ Անդրկովկասում /1905-1921/», «Բռնի դավանափոխությունները Օսմանյան Թուրքիայում /1895-1920/»․ «Հույների ցեղասպանությունը» և այլն․․․
-Ե՞րբ և ի՞նչպես հղացաք այս կարևոր և, ըստ էության, աղբյուրագիտական նշանակության գործը, Հայոց Ցեղասպանությանը վերաբերող ի՞նչ փաստերի են անդրադարձել ամերիկյան թերթերը, այդ համատեքստում հրատարակված Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ամփոփում իրենց էջերում՝ հարցնում եմ այժմ արդեն՝ Հայաստանում հաստատված Արա Քեթիպյանին։
-Ի սկզբանե Վենետիկի Հայր Վահան Օհանյանն էր խնդրել, որ օգնեմ իրեն։ Համատեղ աշխատանքով գործն առաջ գնաց շուրջ 7 տարի, իսկ վերջին 9 տարին ինքս եմ զբաղվում այս խնդրով։ Իրականում 7 հատոր արդեն տպագրված է, 3-ն է մնացել, ի դեպ, դրանք էլ պատրաստ են, ուղղակի գիտական ցանկերն եմ կազմում, ինչը բավական աշխատատար է, մի փոքր շեղումը դժվարություն կստեղծի։
-Մեր օրերում, մեր աչքի առաջ տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ պատմությունը կրկնվում է։ Մեկ դար և ավելի առաջվա ամերիկյան մամուլի քրոնիկոնը մոնիտորինգի ենթարկելով ի՞նչ դիտարկումներ եք կատարել, ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք արձանագրել ցեղասպանությանը նախորդած և հաջորդած տասնամյակների մամուլի էջերում զետեղված փաստական նյութը՝ մեր օրերում տեղի ունեցող դեպքերին ամերիկյան մամուլի անդրադարձների հետ համադրելիս /այդ թվում՝ նաև՝ 44-օրյա պատերազմի/, արդյո՞ք այն ժամանակ էլ հավասարության նշան էր դրվում կողմերի միջև, ի վերջո, հանցագործներն էլ, դրդողներն էլ, դերակատարներն էլ նույնն են, կամ՝ գրեթե նույնը։
-Հայկական հարցի անբաժան մաս կազմող Արցախի հարցի պատմությունն, ըստ միջազգային մամուլի՝ սկսվել է Սովետական միության փլուզման տարիներին և, անշուշտ ինչպես հավասարության նշանը կար երկու կողմերի միջև, այնպես էլ՝ միջազգային մամուլի անտարբերությունը։ Մինչդեռ՝ Արցախի խնդիրը շատ ավելի վաղ է սկսվել՝ 20-րդ դարասկզբին՝ Բաքվի ջարդերով, որ տարածվեցին մինչև Շուշի, Սյունիք և Նախիջևան։ Ամերիկյան մամուլն այդ ժամանակ անդրադարձել է կոտորածներին, մեր օրերի հետ բնականաբար, զուգահեռներ կան, այն ժամանակ իրենք օգտագործում էին թուրքական բանակը և թաթարներին, Պարսկաստանի քյուրդերին, իսկ օրինակ, 44-օրյա պատերազմում՝ Թուրքիան Սիրիայի իսլամական խմբավորումներին էր բերել։
Համեմատության համար ասեմ, որ այդ շրջանում թերթերի անտարբերությունն էլ, անդրադարձն էլ փաստում է Եվրոպայի անտարբերության մասին։ Քանզի երբ անտարբեր չէին ու խոսում էին, թուրքական ազդեցությունն ուղղակի ակնհայտ էր։ Օրինակ՝ Ալ-Ջազիրայի դեպքում։
-Հետաքրքիր է, որ Ցեղասպանության փաստական նյութերի որոնման մեջ հատկապես կենտրոնացել եք ամերիկյան մամուլի վրա, ինչու՞։
- Քանի որ այդ տարիներին ամերիկյան մամուլն անաչառ էր։ Իրենք Օսմանյան կայսրության և Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների մեջ անաչառ էին։ Քաղաքական նկրտումներ, ըստ իս, չունեին, իրենց միսիոներների միջոցով էին արտահայտվում իրենց շահերը։ Մինչդեռ, այդ նույն շրջանի անգլիական մամուլն, օրինակ, որ շատ է անդրադարձել հայոց Ցեղասպանությանը, մինչև կոկորդը քաղաքականության մեջ խրված էր։ Բաքվի հայ մեծահարուստների, նավթարդյունաբերության և արտադրական բազմաթիվ ոլորտների հիմնադիրների, ընդհանուր առմամբ՝ 30 հազար հայերի կոտորածի մասին մանրամասն արձանագրումները ամերիկյան մամուլում բազմաթիվ են։ Դա Ցեղասպանություն էր՝ ազգային պատկանելության հատկանիշի վրա գործված, որի դրվագները ներկայացված են «Ադրբեջանական ագրեսիան ընդդեմ հայության Անդրկովկասում 1905-1921 թվականներին» գրքում, Բաքվի թաթարների հարձակումը՝ նավթահորերի վրա, հայ նավթարդյունաբերողների ընտանիքների սպանություններն՝ իրենց տներում։ Ընդ որում, եթե ամերիկացիները լուսանկարներ չէին տեղադրում, ասելով, թե՝ այնքան ահավոր պատկերներ են, որ չեն կարող հրապարակել, ապա ժամանակի ֆրանսիական մամուլը լուսանկարներով էր անդրադառնում Բաքվի դեպքերին։
-Ժամանակի ամերիկյան մամուլի անդրադարձները թուրքերի՝ հայության հանդեպ իրականացրած ցեղասպանությանը՝ համատարած ջարդերի փաստերից, նկարագրություններից ու պատմությունից անդին է նաև իր բազմաշերտ հետևանքներով, բռնի կրոնափոխությամբ, բռնի տեղահանություններով, ի վերջո, այսօր աշխարհով մեկ սփռված հայկական գաղթօջախները, ընդհանրական անունով՝ հայկական ավանդական Սփյուռքը, հայության այդ գաղթականության ծնունդն է․․․
Ցեղասպանության բազմաշերտ դրսևորումների և օտար մամուլում դրանց անդրադարձների, ամերիկյան մամուլի գնահատականների մասին կուզեի խոսեք․․․
-Այս թերթերում միայն լրատվություն չէ, որ զետեղված է, լրատվությունից դուրս՝ բազմաթիվ ականատեսների վկայություններ կան, փաստաթղթեր, լուսանկարներ, անհամար հայտարարություններ և գրքերի հաստափոր լինելը պայմանավորված է նաև նրանով, որ ականատեսների վկայությունները, դիվանագիտական աղբյուրների տեղեկություններն էլ այս հատորներում ամփոփված են։
Բռնի տեղահանությունների մասին հսկայական նյութ կա, որ վստահորեն փաստում է, թե՝ թուրքերի նպատակը հայերին բնաջնջելն է եղել։ Տեղահանությունը միջոց էր սպանելու։ Ի դեպ, դրանք նշված են նաև ամերիկյան միսիոներների տեղեկանքներում, որ ԱՄՆ են ուղարկվել, արձանագրված՝ իրենց ահազանգող նամակներում և հարցազրույցներում։ Օրինակ, հիշում են, թե Խարբերդի նահանգի ամեն գյուղի մեջ քանի հայ են սպանել, քանիսին այրել, քանիսն են մորթված եղել, քանիսը՝ սովամահ եղած․․․ քանի աղջիկ է թուրքերի բռնի կրոնափոխությամբ բռնի ամուսնության ենթարկվել՝ այս ամենը հիշատակված են՝ 1800-ից սկսած․․․
Հաճախ եմ ասում ու կրկնում՝ Ցեղասպանությունը 3 գլխավոր գործիքներ ուներ՝ մեկը թուրքերի կողմից իրագործված սպանությունները, մյուսը՝ տեղահանությունները, որ սպանելու մեկ տեսակ է, երրորդը՝ Էրդողանի ցինիկ բնորոշմամբ՝ «սրի մնացորդները»՝ նրանք, որ այս վերոհիշյալ երկուսից ճողոպրեցին, բռնի կրոնափոխման ենթարկվեցին:
Քաղաքներում սպանելը համաճարակների առջև կկանգնեցներ։ Ինչպե՞ս պիտի անեին՝ կամ՝ պիտի սպանեին, կամ՝ տեղահան անեին՝ քաղաքներից դուրս, որը հարմար միջոց էր՝ ճանապարհներին քյուրդերի հարձակումներին ենթարկվելու։
Ընդ որում, հարձակումները միայն հայերի վրա չէին, այլև՝ հույների, ասորիների, քրիստոնյաների․․․
- Այսինքն, թուրքերը քրիստոնեությունն էին ոչնչացնում․․․
Հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիքի եք Ավրորա /Արշալույս/ Մարդիգանյանի պատմության, նրա հուշերի գրքի՝ «Հոշոտված Հայաստան»-ի մասին։ Նաև՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին ֆիլմի / Օսկար Ափֆելի նկարահանած՝«Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որը Մեծ Եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր/ մասին կուզեի կարծիք հայտնեք։ Ընդհանրապես, ի՞նչ եք կարծում՝ Ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ փաստերը գեղարվեստականացնելը հարցն ավելի ազդեցի՞կ է դարձնում, թե՞ ճիշտն այս դեպքում չոր փաստերով առաջնորդվելն է։
-Ավրորա Մարդիգանյանի մասին ֆիլմը 100 տոկոս իրականություն չէ, քանի որ հիմնված է նրա հուշերի վրա, որտեղ էթիկա կա՝ ինչը կարելի է ցույց տալ, ինչը չպետք է ցուցադրել։ Ես էլ, որ լրատվամիջոցներին հարցազրույցներ եմ տալիս, ամեն բան չէ, որ ասում եմ, էթիկական չէ՝ մանրամասները գրելը, լրագրողական էթիկա գոյություն ունի, որը պիտի պահպանել, քանի որ չգիտես ով է քեզ նայում, լսում, կարդում․․․
Մարդիգանյանի գրածները 100 տոկոսով ցուցադրել չէին կարող, քանի որ ահավոր բաներ են եղել, հատորների մեջ էլ դրանք կան։
-Այս համատեքստում տարբեր են տեսակետները․ ոմանք ավելորդ են համարում գեղարվեստականացումը, ոմանք էլ կարծում են՝ ազդեցիկ են կերպարվեստն ու կինոն։ Ի դեպ, կառանձնացնեի «Շինդլերի ցուցակը» հայտնի ֆիլմը՝ անարյուն և ազդեցիկ․․․
-Փորձեր կան ֆիլմերի ստեղծման․ անգլիացին ասում է՝ մեկ նկարը հազարավոր բառերի արդյունք կունենա։
Բնականաբար, 1890-1922 թվականների ամերիկյան մամուլի էջերում կան, եղել են դրվագներ, որոնք կարելի է ֆիլմերի մեջ ներառել, օգտագործել։ Օրինակ, համիդյան ջարդերից անմիջապես հետո Ամերիկայում հայկական գաղութները դեռ կազմավորման փուլում էին։ Բոստոն, Նյու-Յորք քաղաքներում մի քանի մեծահարուստներ և կազմակերպություններ դրամահավաքներ էին սկսել կազմակերպել։ Նաև՝ հագուստ էին ուղարկում իրենց խոսքով՝ «հին երկիր», Թուրքիո գաղութներ՝ կարիքավորներին բաժանելու համար։ Երբ շորեր էին հավաքում, Բոստոնի հայ բնակիչներից մեկն իր զգեստն էր նվիրել։
Ամերիկյան մամուլի ծանուցմամբ՝ այս ընթացքում հետաքրքիր մի դեպք էր տեղի ունեցել․ իր հագուստը Թուրքիայի հայերին ուղարկած հայը սեփական տանը պատահականության սկզբունքով հյուրընկալել էր հենց այն գաղթական հային, ում ճակատագրորեն բաժին էր ընկել հագնել իր հագուստը։ Այսինքն, նրա նվերը պտտվել էր աշխարհով մեկ՝ Թուրքիայից Ֆրանսիա, ապա՝ մեծ դժվարությամբ՝ Ամերիկա և նոր տիրոջ հետ վերադարձել էր իր տուն։ Հազարավոր մարդկանց մեջ այդ մարդը հենց ի՛ր տուն էր եկել։
Մեկ այլ դեպք էր հիշատակվում, երբ Թուրքիայում ապրող հայ տղամարդիկ փախեփախի ժամանակ՝ հասնելով ԱՄՆ, չիմանալով ոչ լեզուն, չճանաչելով երկիրը՝ քաղաքից քաղաք էին կարողացել հասնել իրենց վզից կախված վահանակներով, որոնց վրա գրված էր՝ անուն-ազգանունը և «առաքման» հասցեն, այսինքն, մարդը տեղ էր հասել որպես կենդանի ծանրոց․․․
Մեկ ուրիշ պատմություն՝ թուրքերը մտել են միսիոներներից մեկի հաստատությունը, որն արդեն վերածվել էր ռազմական հիվանդանոցի։ Սակայն միսիոներուհին դեռ մնացել և ապրում էր այնտեղ։ Իր պահպանության տակ գտնվող աղջիկներից մեծ մասին ապահով ճանապարհել էր, բայց մի քանի աղջիկների պահել էր նկուղում։ Սենյակում, պատի մեջ, ինչպես՝«Աննա Ֆրանկի օրագիրը» հայտնի գրքում, ամիսներ շարունակ կարողացել էր թաքցնել, և թուրք զինվորականներն այդպես էլ չէին իմացել, որ այնտեղ միսիոներուհին հայ աղջիկներ է թաքցրել։ Այսպիսի դեպքեր շատ են եղել։
Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել՝ գտնում է Արա Քեթիպյանը
-«Խիղճս ինձ վկա է դարձրել, ես ձայնն եմ բոլոր աքսորյալների, որ գոռում են անապատում»՝ ասել է բանաստեղծ և լրագրող Արմին Վեգները՝ Ցեղասպանության լուսանկարիչը, ականատեսն ու վկան։
Դատապարտելով հայերի հանդեպ ցեղասպանությունը, նա ըստ էության, դատապարտել է ոչ միայն Թուրքիային, այլև Գերմանիային։
-Բայց Վեգները Վեգներն էր, իսկ հայերի Ցեղասպանության իրականացման մեջ Գերմանիայի դերն ուղղակի է եղել․․․Ժամանակի ամերիկյան մամուլում բազմաթիվ են այդ մասին փաստող թե՛ ականատեսների վկայությունները, լուսանկարներն ու պատմությունները, թե՛ փաստաթղթերը, ընդ որում, բաց աղբյուրներում նույնպես․․․
Արդեն խմբագրում եմ, շուտով ամբողջովին պատրաստ կլինի հայ որբերի և որբանոցների մասին գիրքը, որտեղ նույնպես ահագին նյութ կա այդ համատեքստում։
Գերմանիան Հայոց Ցեղասպանությունը վաղուց ընդունել և ճանաչել է։ Նրանք իրենց արխիվներից դեռ 12 տարի առաջ փաստաթղթեր հրապարակեցին Ցեղասպանության մասին, որոնք փաստում էին իրենց մեղսակից լինելը։ Այժմ խնդիրը հատուցման պահանջն է։
- Ինչպե՞ս եք պատկերացնում Գերմանիայից հատուցում պահանջելու ողջ գործընթացը և ըստ Ձեզ, այդ դատավարությամբ ո՞վ կամ ո՞վքեր են զբաղվելու։
-Նախ՝ փաստաթղթերն իրենց արխիվներում շատ են, բացի այդ՝ իրենք ևս խորապես տեղյակ են։ Փաստաթղթերի մի մասը տպված են, այսինքն, հայտնի են։ Փաստերը խոսուն են՝ իրենք հրահրել են, կազմակերպել և մասնակցել են։ Եվ ոչ միայն մասնակցել են, այլ որպես ռազմական հրամանատարներ են հանդես եկել։ Դեռ Աբդուլ Համիդի օրերից են Օսմանյան բանակում ներառված եղել Գերմանիայից եկած ռազմական խորհրդատուներ։ Անունները մի քիչ փոփոխության ենթարկելով նրանց «փաշա» էին կանչում։ Իրենց մատները արյունոտ են, շատ վայրերում իրենք էլ իրագործել են։ Օրինակ՝ ՈՒրֆայում։ Ամերիկյան մամուլում այս ամենը փաստերով կա, իսկ գերմանական աղբյուրներում հայտնի նամակը կա, որ Հալեպում, Օսմանյան կայսրության քաղաքներում գործող իրենց միսիոներները, բարձրաստիճան անձինք՝ ուղարկել են Գերմանիայի ԱԳՆ, թե՝ մենք ամաչում ենք մեզ գերմանացի կոչել։ Ի դեպ, մեկ փաստ էլ կա, ուր հիշված է, թե Գերմանիո դեսպանը կոտորածների ընթացքում բողոք է ներկայացրել Օսմանյան կայսրության դեմ, թե՝ չափն անցնում եք։
Իսկ թե ո՞վքեր կներգրավվեն այս գործին, ապա կարծում եմ՝ Հայաստան-Սփյուռք՝ պրոֆեսիոնալներից կազմված, հայ և օտարներ ներառող միջազգային գրասենյակ պիտի ստեղծվի, որն էլ այս հարցով պիտի զբաղվի։
-Այդ փաստերը ձեր հատորներում նույնպե՞ս զետեղված են։
-Այո, բնականաբար, բայց դրանից դուրս հսկայական նյութ կա, որ վկայում է, թե՝ իրենց սպաները, զինվորներն օսմանյան բանակում ամեն կողմ են եղել։ Ընդհուպ, որ թուրքերը դրանից բողոքում էին։ Մեկ այլ կարևոր փաստ՝ գերմանացիները հայ և հույն քրիստանյա աղջիկների համար այսպես կոչված որբանոցներ էին բացում՝ կոչելով «հարսանեկան դպրոցներ», այսինքն աղջիկներին շատ փոքր՝ 7-8 տարեկան տանում էին որբանոցներ և 15 տարեկանում ուղարկում հարեմներ։ Սրա կազմակերպիչը գերմանացիներն էին։
Օտտո ԼիմանՎոն Սանդերսը՝ լինելով Միջին Արևելքի օսմանյան բանակի գերմանական զորավար, անձամբ է կազմակերպել այս կարգի որբանոցներ Տրապիզոնում․ ընդ որում, դրանք արվում էին՝ Կոստանդնուպոլսում և այլ քաղաքներում՝ բռնագրավելով հայերի և հույների միջոցները և դրանցով կահավորելով այդ որբանոցները։ Պարտված կողմ լինելով՝ հետո նրանք ազատ արձակեցին այդ աղջիկներին, մտածելով, թե այդպես անելով՝ չեն պատժվի։ Ազատ արձակելն իր հերթին սովի մեծ խնդրի հանգեցրեց, փողոցներում ամենուր հազարներով որբ աղջիկներ կային, որոնց հավաքում էին։ Այս շրջանի թերթերի մեջ կոչ կա՝ ուղղված ամերիկյան հասարակությանը, թե՝ այսքան ու այսքան փող ենք խնդրում՝ որբանոցներից դուրս եկած աղջիկների համար տներ գնելու, որ նրանք իրենց գլխին ծածկ ունենան։ Այսինքն, սա մեծ խնդիր էր դարձել 1919-ին։
Աշխարհի ամենամեծ որբանոցը առայսօր եղել է Ալեքսանդրապոլի որբանոցը, ուր մինչև 20000-ի էին հասնում որբերը։ Անշուշտ, բոլորն են տեսել Ալեքսանդրոպոլի մանկատան նշանավոր նկարը, ուր ամերիկացիների դերն, իրոք, մեծ է եղել։ Բայց չմոռանանք, որ ամենամեծ աշխատանքը հայերն են կատարել, հայ ժողովուրդը, բարերարները, բժիշկներն ու բուժքույրերը, որ գործել են Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի հովանու ներքո։ Ամերիկյան մամուլը բազմիցս է անդրադարձել այդ տարիների Հայաստանին, ահավոր էր վիճակը՝ Երևանի փողոցներում, Գյումրիում սայլերով մահացածներին հավաքում էին, որ տանեն թաղեն։
-Եվ կրկին՝ անարյուն ու ազդեցիկ փաստական պատմություններ
-Կոտորածներից հետո ստեղծված խնամակալ կազմակերպություններն ու որբանոցները, որ անօթևան մնացած և տառապանքի ուղիներով անցած ընտանիքներին օգնություն էին տալիս, հատկապես՝ Կոստանդնուպոլսի մեջ, ինչ-որ տեղ տարօրինակ քաղաքականություն էին վարում։ Առաջնահերթության կարգով օգնում էին անհայր ընտանիքներին, այսինքն, նրանց, որոնք հայր չունեն, տղամարդիկ սպանված էին, մնացել էին երեխաները և կանայք։ Եվ կամ՝ ․․․ որբեր են, երկու ծնողն էին կորցրել և որբացել էին երեխաները։ Պատկերացրեք, ընտանիքներ կային, որ շատ կարիքավոր էին, սակայն, երբ տղամարդը ողջ էր, նրանք զրկվում էին օգնությունից։ Ամերիկյան մամուլը փաստում է, որ այդ շրջանում բազմաթիվ տղամարդիկ ինքնասպան են եղել, որ իրենց ընտանիքներն օգնություն ստանան և կարողանան գոյատևել։ Այս բաները ոչ մի տեղ չեն գրված՝ այս թերթերի մեջ են միայն։
-Այսինքն, մազապուրծ տեղահանվածների ամուսինները, տան տղամարդը ինքնասպան է լինում, որ ընտանիքն ապրի՝ ահավոր փաստ է սա։
-Մեկ այլ պատմություն՝ փոքրիկ որբուկների մասին։ Նրանք խումբ կազմած մոտեցել են որբանոցին, բայց պարզվել է՝ տեղ չկա, այսինքն, երեխեքը դռան առաջ՝ ստիպված էին սովից մեռնել, քանի որ ամերիկացի խնամակալ- պատասխանատուներն ասել են՝ մեկ հոգու տեղ ունենք։ Ի՞նչ անել։ Եվ 7-8 տարեկան որբերը որոշում են կայացրել, թե իրենցից որ մեկը պիտի գնա։ Իսկ մյուսները․․․ սովամահ են եղել։
Դարձյալ ամերիկյան մամուլի էջերից է․ դեպքեր են հիշատակվում, երբ որբուկներին կոշիկ են տվել, նրանք չեն հագել։ Պահել են։ Գիտեք՝ ինչու՞, որովհետև մտածել են՝ մի օր կարող է տարագրության գնան և հագնեն։ Փոքր երեխեք՝ մտածում են՝ ինչպե՞ս պիտի իրենք դիմակայեն։
Սրանք հաջորդ հատորիս նյութերից են, որբերի մասին, որ հուսամ՝ մինչև ապրիլ 24-ը հասցնեմ։ Բավական մեծ հատոր է՝ մոտ 1300 էջ։
Այս օրերին շարունակ մտքիս մեջ գաղափար կա՝ հոդված գրեմ /անգլերեն/ և տարածեմ միջազգային մամուլի մեջ՝ բաղդատելով ամերիկյան հասարակության և պետության այն ժամանակվա արձագանքը և հիմիկվա անտարբերությունը։ Հիմա միայն հայտարարություններ են, մինչդեռ այն ժամանակ ՝ նրանք ահռելի օգնություն են ցուցաբերել, թե՛ գործնական, թե՛ գումարով։ 2-րդ համաշխարհային պատերազմից, ավելի ճշգրիտ՝ 1949 թվականից հետո ամերիկացիները փոխվեցին։ Առաջ ավելի սրտակից էին, հիմա՝ քաղաքական շահերին հետամուտ։
Հայերն ու հույները՝ որպես Ցեղասպանության պատմության կենդանի վկա- ազգեր
-Արդեն իսկ պատրաստ է Ձեր հերթական գիրքը՝ «Հույների ցեղասպանությունը»։ Առջևում շնորհանդեսն է՝ նախ՝ Հունաստանում, ապա՝ Հայաստանում։ Հայերն ու հույները՝ պատմության կենդանի վկա-երկու ազգեր են։
«Հունաստանը Հայաստանի ընկերն է։ Երկուսն էլ ծեր են, շատ ծեր, նրանց մանկությունը շատ հեռվում է՝օվկիանոսից այն կողմ, հիշողությունը՝ օվկիանոսի այն ափին»՝ ասում է Աղասի Այվազյանը / «Ամերիկյան աջաբսանդալ»/
Եվ նրանց թշնամին էլ, փաստորեն, ընդհանուր է, տառապանքի նույն ճանապարհն են անցել․․․
Պարոն Քեթիպյան, դուք այն կարծիքին եք, որ Հայաստանում Ցեղասպանությանը վերաբերող թեման տեղապտույտի մեջ է, քանի որ տպագրված գրքերը հայերեն են, իսկ օտարները հայերեն չեն կարդում։ Ինչ վերաբերվում է հույներին, ապա՝ այն կարծիքին եք, որ վաղուց են անտարբեր․․․
-Ասել կուզեմ՝այսպիսի աշխատանք հույները չեն իրականացրել։ Բոլոր այս թերթերից հանել եմ հույներին վերաբերողները, որ 1890-ական թվականներից են սկսվում, ընդ որում, հաճախ հայ-հույն՝ խառն են պատմությունները․․․
Առավել զանգվածային՝ 1913-14-ից է, որ թուրքերը սկսել են հույների նկատմամբ համատարած կոտորածները՝ մինչև 1915-17 թվական՝ 800000-ից ավելի հույներ Ցեղասպանության զոհ են դարձել։
Եվ ոչ միայն սպանել են, այլև բռնի կրոնափոխ են արել։ Հայերի և հույների, ընդհանրապես, քրիստոնյաների բռնի դավանափոխության մասին հսկայական տեղեկատվություն է տալիս 2021-ին առանձին գրքով հրատարակված «Բռնի դավանափոխությունները Օսմանյան Թուրքիայում 1895-1920 թվականներին» հատորը, որտեղ ամփոփել եմ ամերիկյան մամուլում եղած փաստեր, լուսանկարներ, փաստաթղթեր։ Ամերիկյան «Քրիստիան Սայնս Մոնիտոր» թերթի 1922 թ հոկտեմբերի 26-ի համարում տպագրված տեղեկատվությամբ՝մոտավորապես 90000 քրիստոնյա երեխաներ բռնի իսլամացվել են։ Հայտնի է, որ 5-ից 6 հազար հայ բռնագաղթած երեխաներ գտնվել են միայն Կոնստանտինուպոլսի թուրքական տներում։ Զինադադարից հետո բարձր հանձնաժողովը փրկել է 15000 կնոջ և երեխայի․․․
-Իսկ հազարավոր թաքուն հայերի գոյության մասին կա՞ տեղեկատվություն այն ժամանակվա ամերիկյան մամուլում։ Արևմտյան Հայաստանի տարածքում նրանք շատ են և հիմնականում՝ լուռ․․․
-Այն ժամանակի մամուլում վստահաբար, դեռ այս մասին համարձակություն չկար գրելու։ Այս համատեքստում վերջին 10 տարիներին է հետաքրքրությունը մեծացել։ Պոլսի պատրիարքարանն է հիմա հետաքրքրվում։ Նրանցից ամեն մեկն իր կյանքի պատմությունն ունի, իր հատուկ հանգամանքը, և նրանց պարագային եկեղեցին պիտի այդ ամենը նկատի առնի, կարծեմ զբաղվում է։ Շատ ընտանիքներ այլևս ի վիճակի չեն վերադառնալ քրիստոնյա եղբայրներին, ուրիշներն ավելի ազատ կզգան։ Թաքուն հայերի թիվն, ընդհանուր առմամբ, 300 հազարից ավելի է։
-Ըստ ձեզ իրենք քրիստոնեության դե՞մ էին, քրիստոնեությունն էին ուզում ոչնչացնել, թե՞ հույների և հայերի պատմական տարածքները, բնօրրանը զավթելն էր նպատակը․․․
-Շատ բարդ է այդ հարցի պատասխանը, թե հայոց Ցեղասպանության պատճառն ինչ էր։ Դրդապատճառները շատ են, բայց պատճառը քաղաքական էր, թե այլ․․․
Այդ առումով 1913-16 թթ․ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ելույթը նշանավոր էր․ Նյու Յորքում, եկեղեցում խոսելով՝ նա Ցեղասպանության 4 պատճառ նշեց՝ քաղաքական, տնտեսական, ընկերական, կրոնական։ Այլ պատճառներ էլ կան և շատ․․․ ես ավելին կասեի։ Օրինակ՝ Եվրոպայի երկրների ոտնձգությունները Օսմանյան կայսրության հանդեպ։ Իտալացիները կուզեին մի մասն իրենց մնար, անգլիացիները՝ կուզեին այսինչ մասն իրենց պատկաներ՝ Մոսուլն օրինակ, ֆրանսիացիները կուզեին Կիլիկիան, Սիրիան․․․ Շատ անգամ կնշվի, որ եվրոպական երկրների միջև այս մրցակցությունը առիթ տվեց, որ օսմանյան թուրքերը նայեն, թե վտանգը որտեղի՞ց է։ Կարող է՝ նաև եվրոպացիների այդ կեցվածքից է, մանավանդ, նրանք անընդհատ որպես հայերի իրավունքների պաշտպան էին ներկայանում։ Երբ հայերի իրավունքները ոտնահարվում էին, անգլիացիներն ամեն անգամ աղմուկ էին բարձրացնում։
-Ի՞նչ եք կարծում՝ այն ատելությունը, որ ազարբայջանն է սերմանում իր քաղաքացիների մեջ՝ մանկությունից սկսած, հույների, հայերի շրջանում կա՞․․․
-Հայերի, հույների մեջ գուցե որոշ չափով, անշուշտ՝ ո՛չ թուրքերի չափ։ 44- օրյա պատերազմից հետո ազերի-թուրքերը ոչ միայն դիվանագիտական բազմաթիվ հարթակներով հակահայկական ելույթներ ունեցան, ընդհուպ՝հայատյացության բացառիկ դրսևորումները․․․Իսկ մերոնք՝ ոչ մի պատասխան չտվեցին։
Երբ խոսում ենք հայերի և ազերիների կորուստներից՝ համեմատելով, թե՝ որքա՞ն ռազմամթերք է կորցրել յուրաքանչյուրը, տեսնում ենք, որ համարյա հավասար են։ Պարտություն են ասում, բայց մերոնք չեն պատասխանում, որ այնքան էլ պարտություն չէ։ 44 -օրյայի զոհերին դառնալով՝ ես միշտ ասում եմ՝ Ալիևը թվաբանության մեջ լավ չէ, միշտ մեկ զրո կմոռանա։ Իրենց զոհերի անուն-ազգանունները՝ այդ զոհերի նկարներով՝ 10000-ից ավելի է։ Շատ զոհ են տվել։ Մերոնք պիտի այս բաներին անդրադառնան։ Տարբեր սոցիալական հարթակներով պիտի հրապարակեն, որ այդպիսով նրանց վրա իրենց երկրում ժողովրդական ճնշում բանեցնեն այն համատեքստում, որ տեսեք, եթե Արցախի վրա հարձակվենք, վերջը սա է։ Մեր կողմից ես հակազդեցություն չեմ տեսնում, թե՝ տեսեք, դուք 10 տանկ եք գրավել, մենք էլ 20-նն ենք գրավել։
․․․Եվ, ամենակարևորը՝ անընդհատ պիտի զինվենք։ Պատմությունը որ նայես՝ եթե ռազմական գետնի վրա ուժեղ չես, հետդ հաշվի չեն նստում։
-Բազմահատոր փաստական նյութի ներկայացմամբ, ըստ էության, հնարավորություն է տրված հետազոտող-ցեղասպանագետներին դրանք համադրել մեր ներկա ժամանակում կատարվող իրադարձությունների հետ, որոնք, վկայում են ու փաստագրում, որ պատմությունը հարյուրամյակ անց կրկնվում է։
Առկա փաստերի համադրումն ի՞նչ է հուշում․․․
-Քանի որ տեղյակ չեմ, թե փակ դռների հետևում ինչ կխոսվի քաղաքական անձերի մեջ, դրա համար ենթադրություններ չեմ անի։ Միայն մեկ բան ասեմ՝ անգլիացիները նշանավոր խոսք ունեն, որ վերաբերվում է՝ անվստահելի անձի ձեռքը սեղմելուն։ Ասում են՝ «երբ այդ անձի հետ ձեռնվիս, մատներդ հաշվիր։ Կարող է մի քանի հատը կորցրել ես»։ Այսինքն, երբ խաղաղության ձեռք ես երկարում, հետ քաշելիս, հաշվիր՝ 5 մատդ տեղու՞մ են։ Դրա համար պիտի շատ զգույշ լինենք՝ ու՞մ հետ է մեր գործը։ Արտահայտությունները, հայտարարությունները, որ լսում ենք արևելյան և արևմտյան կողմից՝ այդ ուղղությամբ է։
Դժբախտաբար, Թուրքիո ներկայությունը մինչև հիմա, վերջին 500 տարում արդյունք է եվրոպական տերությունների՝ իրար հանդեպ նախանձի, անհամերաշխության և քաղաքական գզվռտոցի, որը թուրքերն իբրև լավ դիվանագետներ օգտագործել են և մինչև հիմա էլ օգտագործում են։
Շատոնց պիտի թուրքերն անհետացած լինեին աշխարհի երեսից՝ 1919-ին,1920-21-ին, երբ Քեմալ Աթաթուրքը, ազգայնականները հույների դեմ էին պայքարում։ Երբ մոտեցել էին Անկարային և Անգլիայի ու Ֆրանսիայի դրդումով պատերազմի մեջ էին մտել Փոքր Ասիայում, ֆրանսիացիները, ռուսները անգլիացիները Քեմալին էին օգնում։ Զինամթերք էին տալիս։ Այս թերթերում, օրինակ, նշված է, որ Տրապիզոն հասած զենք-զինամթերքը իտալական էր, ապա թե ոչ՝ ազգայնականները պիտի չհաջողեին և հիմա Թուրքիո Հանրապետություն չպետք է լիներ։ Նույն կերպ այսօր է շարունակվում․․․
2020 թ․ արցախյան պատերազմի ժամանակ և հետո՝ ներառյալ Հունաստանը՝ հայտարարություններ են անում, սակայն, հաջորդ օրն իսկ գնում են գազի պայմանագիր են ստորագրում ազերիների հետ։ Քանզի քաղաքականություն և բարոյականություն զուգահեռներ չունեն։
-Թուրքերը էն գլխից մտածել են՝ պետություն պիտի ունենանք և վերջ։ Հող նվաճելը նրանց համար պետական առաջնահերթություն է եղել։
Իսկ ազարբայջան-սարքովի պետությունը ոչ միայն քրիստոնյա Հայաստանի նկատմամբ է շարունակ ոտնձգություններ անում, այլև՝ հարևան Իրանի, Թուրքմենստանի։
-Նրանք սեփական ինքնություն չունեն։ Քոչվոր խմբավորում են, որ ինքնություն են փնտրում․․․
-Բայց եկեք տեսեք, որ ինքնություն փնտրող և դեռ չգտած ազարբայջանը դեռևս 2007-08-ին գիրք է հրատարակում՝ վերնագրելով «Արևմտյան ազարբայջան»՝ և գրքում Հայաստանի ողջ տարածքն է ներառում։ Եվ աշխարհով մեկ տարածում են այդ անհեթեթությունը։
-Այո, մենք մեկ գիրք ենք հրատարակում, իրենք՝ 10-ը։
-Գրքերը, որ հրատարակում եք, շատ արժեքավոր են, բացառապես՝ օտար աղբյուրների վկայակոչմամբ, բայց դրանք որքանո՞վ են տարածում գտնում։ Այս համատեքստում պետական-նպատակային քաղաքականության անհրաժեշտություն կա։ Ձեր կազմած փաստական հարուստ նյութ պարունակող գրքերով հիմա պիտի հեղեղեինք եվրոպական երկրների կարևոր կրթամշակութային կենտրոնները։ Մինչդեռ մեգապոլիսները, խոշոր համալսարանական, գիտական կենտրոնները, խոշոր գրախանութները ազարբայջանցիների հորինած, ստահոդ գրքերով են լեցուն։
-Ցավալի է խոսել, բայց մեր դիվանագիտության պակասից, ավելի ճիշտ՝ բացակայությամբ է պայմանավորված այդ ամենը։ Այս համատեքստում մեր այս տեսակ կշիռ ունեցող գրքերը /նրա համար չեմ ասում, որ ես եմ պատրաստել, այլ՝ բովանդակությունն եմ կարևորում/՝ իրենց բովանդակությամբ անժխտելի փաստեր են։ Ի դեպ, մեր Հայ Դատի հանձնախմբերն աշխարհի բոլոր կողմերում շատ հեշտ կարող են այս հատորներն օգտագործել։ ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչներին՝ /ԱՄՆ, Ավստրալիա/ գրքերի օրինակներ ուղարկել ենք, իսկ Հայաստանում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին ենք 100 օրինակ փոխանցել՝ թանգարան այցելող տարբեր պատվիրակություններին նվիրելու համար։
Այս տեսակի աշխատանքը տևական պայքար է։ Մինչդեռ, մերոնք ամեն ապրիլի 24-ին այս թեմայից խոսում են, հետո՝ մոռանում․․․ Այսինքն, այդ հետևողականությունը չկա։ Էլի եմ ասել՝ իմ կարծիքով Սփյուռքի ներկայացուցիչներ պիտի նստեն Ազգային Ժողովում, որովհետև այն արդեն որոշումներ է կայացնում, որ ամբողջ ազգին է վերաբերվում: Ցեղասպանության վերաբերյալ կարևոր գրքեր են տպվում, բայց հիմնականում՝ հայերեն, այսինքն, չեն թարգմանվում, իսկ օտարներից հայերեն ո՞վ է կարդում։
Հիշեցնենք՝ Արա Քեթիպյանի 16 տարիների տքնաջան աշխատանքի արդյունք՝ բազմահատոր մատենաշարի խորագիրն է՝ «Հայոց ցեղասպանություն․ նախերգանք և հետևանքները»։
Ըստ ամերիկյան՝ The New York Times, The Boston Globe, The Christian Science Monitor, The Washington Post, The Los Angeles Times, The Chicago Tribune օրաթերթերի։
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից