ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Էլիբեկյան․ ՈՒժեղ մարդիկ ընդհանրապես, մենակներն են, զինվորն՝ իր կռվում, նկարիչն՝ իր կտավի առաջ՝ երես առ երես մենակ են․․․ և ազատ 01/17/2022 22:30 | Հարցազրույց
Գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը 44 -օրյա պատերազմից հետո վառ գույները կորցրած լինի ասես։ Ներհայեցող իր աչքը կտավի վրա շարունակ աչք է տեսնում ու նկարում։ Այդ աչքն ամենուր հետապնդում է նրան։ Կտավների ֆոնը մուգ կապույտի, մուգ մանիշակագույնի ու սևի միջև է։ Իր գույները միշտ վառ են եղել՝ կարմիր ու դեղին, կանաչ ու կապույտ, իսկ հիմա՝ թանձր ու մուգ, ծանր են ու ծանրության մեջ բացված աչք, խորախոր հայացք․․․ Որպես լույսի կայծ ու առկայծում․․․
Վարպետը այս օրերին ասպետներ է նկարում։ Միշտ է նկարել։ Հիմա որոնում է։ Ասպետների կարոտով է․․․Գտնու՞մ է։ Իհա՛րկե։ Անհնար է, որ չգտնի։ Ասպետների շարքն այդ է վկայում։ Պարզորոշ է՝ նրա ասպետը զինվորն է՝ մշտամենակ դիրքապահը՝ ինքն է ու իր զենքը։
Նկարիչը սիրում է իր մենակությունը, ասում է՝ «Կերպարվեստը մենակության մեջ ստեղծվող արվեստ է։ Գիտե՞ք, մենակությունն օգնում է կենտրոնանալ»։ Ապա՝ շարունակում՝ «ՈՒժեղ մարդիկ ընդհանրապես, մենակներն են։ Զինվորն իր կռվում մահվան դեմ երես առ երես մենակ է կանգնում։ Նույնը նկարչության մեջ է՝ եթե հզոր նկարիչ ես, դու մենակ ես։ Դիմացդ քո կտավն է, վրձինները, ներկը և․․․ ազատ ես։ Ինձ համար ազատությունն ամենից վեր է»։
ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը 80-ը բոլորեց 2021-ի ապրիլի 21-ին, բայց անհատական ցուցահանդեսը, որ վաղ էր ծրագրված, այդպես էլ չուզեց ու չարեց։ Իրավիճակը, ժամանակը չի տրամադրում, այլ մտածումների մեջ է՝ կտավից դուրս, թե՝ կտավի վրա․․․
Անշուշտ, պատերազմի կնիքն է։ Ռոբերտ Էլիբեկյանի ձայնը կերպարվեստի ուժով դեռ տարիներ առաջ հնչեց, երբ Ջուղայի ասեղնագործ և բացառիկ խաչքարերն էին ադրբեջանցի բարբարոսները ջարդուփշուր անում։ Վարպետը «Ճիչ» կոչեց իր ստեղծագործությունը ՝ ասելով՝ «եթե չվերարտադրեի, կպայթեի՝ այս թեման մեջս պահելով։ Սա էլ է եղեռն, ի՞նչ կապ ունի՝ մշակութային է, թե՝ մարդկային»։
Ասում է՝ «Մեկ-մեկ մտածում եմ՝ ի՞նչ է պատերազմը, ինչու՞․․․ Պատերազմն արհավիրք է՝ ուզում է խեղդել, և չկան փոքր ու մեծ ազգեր, կան ուժեղ և թույլ ազգեր, կարող է շատ մեծ տարածք ունենաս դու, երկիրդ ծավալուն լինի, բայց՝ փուչ, մինչդեռ․․․փոքր երկրները, ազգերը, և մանավանդ հայերը, «քվինտ-էսենցիա» են։ Հետո՝ մտածում ես՝ հայն ամբողջ աշխարհով մեկ սփռված՝ այս ի՞նչ ազգ է, ո՛չ ծով ունի, ո՛չ նավթ ու գազ․․․ իր ունեցածը՝ իր մշակույթն է, մեծ մշակույթը, որ վախեցնում է։ Գիտեք՝ մեր արվեստը շատ զորավոր է, մեր ամենահզոր զենքն է։ Մեր մանրանկարչությունը։ Մեր միջնադարյան ճարտարապետությունը․․․ Մենք իրավունք ունենք հպարտանալու, որ հայ ենք, բայց․․․այդ է, որ այսօր կորցրել ենք։ Բռունցքի պես լինելու փոխարեն, մենք այսօր բաժան-բաժան ենք։ Էսքան կուսակցություններն ի՞նչի համար են՝ ազգը մասնատելու՞․․․ Բաժանիր, որ տիրես՝ բոլոր ժամանակներում այդպես է եղել, չէ՞, բայց մերոնք դասեր չեն քաղում։ Դրա համար էլ թշնամի տարբեր ուժեր մեզ ուզում են խեղդել։ Ցավոք, մեր ժողովուրդն իր պատմությունը լավ չգիտի»։
-Պարոն Էլիբեկյան, Թիֆլիսում ծնվելով՝ ազդեցություններով ու հազար կապերով կապված հայկականությամբ լեցուն այդ քաղաքին, նաև՝ լավ ճանաչելով վրացիներին, ինչո՞վ եք բացատրում, որ նրանք էլ մեր մյուս երկու՝ ոխերիմ- հարևանների հանգույն՝ հայի հետքը ջնջելու կամ այն սեփականելու քաղաքականություն են իրականացնում տարիներ շարունակ։
-Ընդհանրապես, թույլ ազգերն են ուրիշի ստեղծածը գողանում։ Քանի որ իրենք բարդույթ ունեն, ուզում են ամեն ինչ իրենցով անել։ Հայերը երբեք նման բան չեն արել․․․Մենք չենք արել, քանի որ ունեցել ենք հզոր արվեստ։ Ես հպարտ եմ, որ մասնակցում եմ այդ ընթացքին։ Կան պալատական արվեստագետներ, բիզնեսի համար ստեղծագործողներ, իսկ ես մինչև այսօր չեմ կարող հասկանալ՝ այդ ի՞նչն է ինձ տանում, որ ամեն Աստծո օր գալիս եմ արվեստանոց՝ նկարում եմ։ Գաղտնիքներ կան, որ ինքդ չես կարող հասկանալ։ Արվեստագետը մինչև կյանքի վերջը «ոսկի երակ» որոնողների նման՝ ոգեղեն հարստության նոր աղբյուրների փնտրտուքի մեջ է։ Որոնելու և գտնելու այդ ընթացքն է ապրեցնում։ Եթե ամեն հայ իր գործն անի․․․ Մեր մանրանկարչությունը խենթանալու բան է։ Հայտնագործությունների աղբյուր։ Վերջերս նայում էի՝ ամենավաղ շրջանի հայ միջնադարյան մանրանկարիչների գործեր կան՝ «profile face», որոնց Պիկասոն դարեր անց նոր միայն հասավ։ Իսկ մերոնք, է՜, դեռ վաղ միջնադարում էին յուրօրինակ մի ձևով նկարում, ինչն ուղղակի ապշեցնում է։ Միշտ ասել եմ, մենք մրցունակ, շատ ուժեղ մեկ բան ունենք՝ հզոր արվեստ, նկարչություն, քանդակ, ճարտարապետություն․․․որն ամբողջ աշխարհում կարելի է հանգիստ ներկայացնել, ցուցադրել և հպարտանալ։
Միջանկյալ․ Հայր և որդի Էլիբեկյաններ` Պիկասո, թե՞ Դելակրուա ․․․
Ստեղծագործողի միտքը, ներաշխարհը, անձնական զգացողություններն ու ցանկություններն են թելադրում, այն, ինչ արտացոլվում է կտավի վրա։ Այս միտքը առավել շոշափելի դարձնելու համար Էլիբեկյանը դիմում է իր ուսուցիչներին՝ «Ես Պաբլո Պիկասոյի խոսքերն եմ հիմա ուզում հիշել, որ ասում էր՝ «Дайте мне кусок грязи и я напишу вам обнаженное сверкающее женское тело»։ Որդին՝ գեղանկարիչ Արեգ Էլիբեկյանը՝թե, պա՛պ, այդ խոսքերը Էժեն Դելակրուան է ասել։
Հայրը՝ թե՝ չէ՛, Պիկասոն է․․․Որդին՝ հա՛յր, ինքդ ես ինձ սովորեցրել ու ես հենց քեզնից եմ լսել ու սովորել, որ Դելակրուան է։
Ես հաճույքով լսում էի հայր և որդի Էլիբեկյանների՝ «Պիկասո, թե՞ Դելակրուա» երկխոսությունը, մի պահ հիշեցի՝ Դեմիրճյանի «Վարդանանքի» հերոսների՝ «ա՛յծ է, արծի՛վ է» բանավեճը, թեպետ, հայր Էլիբեկյանը մտքում արդեն տեղի տվեց՝ տղան ավելի ճիշտ է հիշում, ընդ որում, վկայակոչելով ուսուցչին․․․
-Հայեր և հրեաներ համադրություն-հակադրությունների մասին այսօր հաճախ են խոսում։ Պետություն չունենալով՝ հրեաները ստեղծեցին այն։ Մենք շագրենի կաշվի պես՝ քանի գնաց՝ փոքրացրինք մեր պետությունը և հիմա պետականությունն է վտանգված։ Տեսե՛ք, դուք աշխարհին ներկայանալու մեր ամենահզոր զենքը մեր մշակույթն եք համարում։ Բայց չէ՞ որ Հայաստան-պետությունն է, որ պիտի ներկայացնի այն։ Իսկ որքանո՞վ է մեր իրականության մեջ գիտակցվում պետության կարևորությունը, որքանո՞վ է հայ մարդը դողում մեր պետականության համար․․․
-Հայերն ու հրեաներն անհամեմատելի են և շատ տարբեր։ Հայերի ամենալավ բնորոշիչը գիտեք ո՞րն է՝ ընտանիքը, մեր ընտանիքը բացառիկ է։ Որ համեմատես իտալացիների ռուսների, վրացիների, նույն հրեաների հետ, ավելի ցայտուն կզգաս ու կհասկանաս՝ հայն ուրիշ է՝ իր տունը, ավանդույթը, երեխաները, հայրերը, պապերը․․․Դրա համար էլ տարբեր օտար ուժերը ձգտում են մեր ամուր ընտանիքը քանդել։ Այսինքն, եթե ուզում են քանդել երկիրը, ընտանիքից են սկսում։ Բայց մի բան ասեմ՝ հայերը շատ ուժեղ են, դա գենետիկա է, բոլոր դարերում են փորձել բնաջինջ անել, ջարդել մեզ, ինչե՜ր է եղել, վրացին, թուրքը, ռուսը՝ բոլոր ազգերը․․․կդիմանայի՞ն, չէ, հայերն անհասկանալի ժողովուրդ են, մեկ-մեկ մտածում եմ՝ կատուն, որ Էյֆելից գցես՝ էլի թաթերով գետնին կիջնի։ Այ, էդ կատվի պես ենք։ Մենք չենք կարող հասկանալ, պատկերացնել անգամ, թե՝ այսքան բան է եկել-անցել մեր գլխով ու մենք ո՞նց է, որ դեռ կանք։ Եվ հազարամյակներ պետություն չունենալով՝ անհատներ ենք ունեցել, ամեն հայ անհատականություն է։ Նրանք են, որ շարունակական ձգտմամբ վառ են պահել հայի փափագը՝ պետություն ունենալու։ Եվ երբեք պատերազմ չենք սկսել որևէ ազգի դեմ, եթե սկսվել է, մենք նվաճող չենք եղել երբեք։
-Պրն Էլիբեկյան, լավ, ինչու՞ և ի՞նչ են ուզում աշխարհի հզորները մեզանից։ Ինչու՞ են մեր հետևից ընկած․․․
-Պատասխանը ես գիտեմ՝ այդ ամենը նրանից է, որ մենք շատ ուժեղ ենք, մեր արվեստը, մեր գենը և մեր բնօրրանը իրենց չի թողնում հանգիստ, հասկացե՛ք, նախանձում են․․․ մի փոքր երկիր աշխարհում՝ դարերից եկել ու դեռ գնում է․․․ Եվ գիտեք, ես ուրախ եմ, որ հայերն ամենուր սփռված են, որ մենք ցանցային ազգ ենք․․․ Արտագաղթի մասին տագնապողներին էլ կասեմ՝ հայերի ուժը այդ սփռվածության մեջ է նաև։ Մնացողը՝ մնում է, մնալու է։ Մեր գենի մեջ մեծ թռիչքի զգացողություն կա․․․
Ի դեպ, զրուցելիս մտովի հիշում-համեմատում էի Սոս Սարգսյանի հետ մի զրույցս, երբ վերջինս՝ ընկերոջ՝ կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հարցին, թե՝ ա՛յ տղա, կարող է, մենք՝ ռուսների ասած՝ «Задержались на этом свете», բոլորը չկան, մենք՝ կանք, Էլիբեկյանի հանգույն նույն հանգստությամբ պատասխանել էր՝ ուրեմն, մի պատճառ կա, որ «զադերժալիս», «պատճառն էլ մեր ուժն է, մեր հզոր տենչը՝ ապրելու, արարելու․․․»
Հայկական գենի բացառիկությամբ մեր ազգի ընթացքը պայմանավորող գեղանկարիչը՝ Ռոբերտ Էլիբեկյան՝ հայերի հավերժության մասին վախ ու տագնապ չունի․․․Ասաց՝ «Կդիմանանք, պարզապես պիտի գործենք։ Ցանկացած երկիր սիրող հայ պիտի միշտ զգոն լինի, պատրաստ լինի ամեն ինչի, մենք էմոցիոնալ ժողովուրդ ենք և ի դեպ, շատ ենք բարձրաձայն խոսում մեր ծրագրերի մասին։ Էդ ֆեյսբուք կոչվածն էլ՝ խաբարբզիկ է։
Ես իմ գործն եմ անում և վստահ եմ՝ անհնար է հայությանը ոչնչացնել»։
Զրույցը՝ Անահիտ Եսայանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ