ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վտանգվում է դատավորների և դատական իշխանության անկախության և անաչառության սկզբունքը. Դատավոր Արշակ Վարդանյան 01/03/2022 14:26 | Հարցազրույց
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում՝ ընդլայնելով դատավորների, ԲԴԽ անդամների և ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման մեխանիզմները: Մասնավորապես, ըստ նախագծի, առաջարկվում է լիազորությունների դադարման հիմք հանդիսացող անհամատեղելիության պահանջների խախտում համարել նաև կոնկրետ դատարանի կողմից ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը: Այլ խոսքով՝ ՄԻԵԴ վճիռները կարող են հիմք հանդիսանալ դատավորի լիազորությունների դադարեցման համար, ինչն էլ մտահոգություններ և դժգոհություններ է առաջացրել մասնագիտական հանրությունում: Խնդրահարույց փոփոխությունների վերաբերյալ դատավորները դիմել են ՀՀ ԱՆ նախարար Կարեն Անդրեասյանին՝ ներկայացնելով իրենց դիտարկումները: Ընդ որում՝ խնդրի մասին բարձրաձայնել են այն դատավորները, որոնց կողմից կայացված ակտերը չեն վիճարկվում միջազգային ատյաններում:
Օրենսդրական փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի հետ:
-Պարոն Վարդանյան, «ՀՀ դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է դատավորների լիազորությունների դադարեցման հիմք դիտարկել նաև ՄԻԵԴ վճիռները, ընդ որում՝ կիրառելի կլինի նաև հետադարձ ուժը։ Ի՞նչ վտանգներով է դա հղի։
- Մինչև «ՀՀ դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների նախագծերով առաջարկվող՝ դատավորների լիազորությունների դադարեցման հիմքի վերաբերյալ կարծիք ներկայացնելը կցանկանայի անդրադառնալ դրա հետ փոխկապակցված մի շարք հարցերի: Այսպես` «Դատավորների մագնա կարտայում» (Հիմնարար սկզբունքներ), Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդ, դատարանների անկախության երաշխիքների համատեքստում արձանագրել է հետևյալը.
«6. կարգապահական վարույթն իրականացվում է անկախությունը երաշխավորող մարմնի կողմից՝ դատարան բողոքարկելու հնարավորությամբ:/…/
13. դատավորների անկախությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր պետություն պետք է ստեղծի Դատական խորհուրդ, որը օրենսդիր և գործադիր իշխանություններից անկախ կլինի և օժտված կլինի լայն լիազորություններով՝ իր գործունեության կազմակերպման, գործունեությանը և համբավին վերաբերող խնդիրների կարգավորման համար: Խորհրդի կազմը կարող է համալրվել միայն դատավորներով կամ գերակշռող մեծամասությամբ դատավորներով, որոնք կարող են ընտրվել իրենց դատավոր գործընկերների կողմից»:
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (այսուհետ՝ ԵԴԽԽ) թիվ 10(2007) կարծիքի համաձայն՝ բարձրագույն դատական խորհուրդը պետք է ունենա խառը կազմ, որի ողջ կազմը կամ զգալի մեծամասնությունը պետք է լինեն դատավորներ, անհրաժեշտության դեպքում որոշ հատուկ աշխատանքներ կարող են վերապահվել բացառապես դատավորների կազմով ներկայացվող խմբին: Դատավոր չհանդիսացող անդամների նշանակումը պետք է հանձնարարվի քաղաքական մարմին չհանդիսացող մարմնի, եթե, այնուհանդերձ, ընտրվում են խորհրդարանի կողմից, չպետք է լինեն խորհրդարանի անդամ, պետք է ընտրվեն որակյալ մեծամասնության կողմից՝ ունենալով ընդդիմադիր ուժերի զգալի աջակցությունը և պետք է ապահովեն հասարակության բազմաշերտ ներկայացվածությունը Բարձրագույն դատական խորհրդի ընդհանուր կազմում: Բարձրագույն դատական խորհրդի որոշումները պետք է հիմնավորված լինեն և ենթակա լինեն պարտադիր կատարման՝ դատական բողոքարկման հնարավորությամբ:
Ըստ ԵԴԽԽ «Դատավորների մասնագիտական վարվելակերպը, մասնավորապես՝ էթիկան, դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի վարքագիծը և անաչառությունը կանոնակարգող սկզբունքների և կանոնների մասին» թիվ 3 կարծիքի (2002)՝ որոշ պետությունների վերջին շրջանի փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտություն կա պաշտպանելու դատավորներին այն գայթակղությունից, որ ընդարձակվի վերջիններիս պատասխանատվության շրջանակը զուտ իրավասությանն առնչվող հարցերում: Բարձրագույն դատական խորհրդի դերն է՝ ցույց տալ, որ դատավորը չի կարող մեկ այլ մասնագիտական բնագավառի ներկայացուցչի հետ միևնույն պատասխանատվությունը կրել, դատավորը հանրային գործառույթ է իրականացնում և չի կարող հրաժարվել վեճեր լուծելուց: Ավելին, եթե դատավորի նկատմամբ վերջինիս որոշումների համար կիրառվում են իրավական և կարգապահական պատժամիջոցներ, այս պարագայում խախտվում են թե դատական իշխանության անկախությունը, թե լիազորությունների ժողովրդավարական հավասարակշռությունը: Ուստի՝ դատական իշխանությունը պետք է միանշանակ դատապարտի այն քաղաքական ծրագրերը, որոնք կոչված են սահմանափակելու դատավորների՝ որոշում կայացնելու ազատությունը: Սրանով չի թուլացվում դատավորների՝ օրենքը պահպանելու պարտականությունը: Կարևոր է, որ դատավորները օգտվեն կարգապահական վարույթի պաշտպանության իրավունքից, որը կերաշխավորի դատական իշխանության անկախության սկզբունքի պահպանումը և կիրագործվի հստակ սահմանված կարգապահական խախտման հիմքով՝ քննության առնվելով այնպիսի մարմնի կողմից, որը զերծ կլինի քաղաքական ցանկացած ազդեցությունից:
ԵԴԽԽ թիվ 17(2014) կարծիքի համաձայն՝ «պաշտոնավարման շարունակման և անփոփոխելիության սկզբունքները դատավորի անկախության հիմնարար տարրեր են, ուստի պետք է պահպանվեն: Պաշտոնավարումը պետք է կասեցվի, եթե օրենքով կարգապահական կամ քրեական պատասխանատվության նախատեսող նորմերի լուրջ խախտում է արձանագրվել, պետք է իրականացվի քննություն՝ պատշաճ ընթացակարգի պահպանմամբ և վստահելի ապացույցների վրա հիմնվելով: Լիազորությունների դադարեցումը կարող է լինել հետևանք, եթե գնահատման գործընթացի արդյունքում միանշանակ եզրակացվել է, որ դատավորն անկարող է կամ չի ցանկանում կատարել դատավորի իր պարտականությունները նվազագույն ընդունելի մակարդակով»:
ԵԴԽԽ-ի «Դատական իշխանության անկախության և դատավորների անփոփոխելիության չափորոշիչների մասին» թիվ 1(2001) կարծիքի համաձայն՝ «59. Անփոփոխելիության սկզբունքի բացառությունների առկայությունը, հատկապես, եթե դրանք բխում են կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու պահանջից, անմիջականորեն հանգեցնում է այն մտքին, թե որ մարմնի կողմից կամ ինչ մեթոդով և ինչ հիմքով դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Թիվ R/94/ 12 առաջարկության VI/2/ և /3/ սկզբունքով պարտադրվում է հստակ սահմանել այն արարքները, որոնց համար դատավորի լիազորությունները կարելի է դադարեցնել և որ կարգապահական վարույթի ընթացակարգերը պետք է համապատասխանեն Մարդու իրավունքների կոնվենցիայի պատշաճ ընթացակարգի պահանջներին: Առաջարկության մեջ ասվում է, որ «պետությունները պետք է դիտարկեն օրենքով հատուկ իրավասու մարմին ստեղծելու հարցը, որը պատասխանատու է կիրառելու կարգապահական պատասխանատվության միջոցներ, եթե դատարանը դրանով չի զբաղվում: Նման մարմնի որոշումները պետք է վերահսկվեն վերադաս դատական մարմնի կողմից կամ այդ մարմինը հենց ինքը պետք է հանդիսանա վերադաս դատական մարմին»(…)»:
ԵԴԽԽ-ի թիվ 1 (2001) կարծիքի համաձայն՝ «դատավորների անկախությունը նրանց սեփական շահերի համար տրված բացարձակ իրավասություն կամ արտոնություն չէ: Այն բխում է իրավունքի գերակայության շահերից և այն անձանց շահերից, որոնք փորձում են օգտվել արդարադատությունից և արդարադատություն են ակնկալում:
Նման անկախությունը պետք է գոյություն ունենա ընդհանուր առմամբ հասարակության և ցանկացած վեճի կոնկրետ կողմերի առնչությամբ, որի վերաբերյալ դատավորները պետք է կայացնեն դատական ակտ:
Ոչ պատշաճ արտաքին ազդեցությունից զերծ մնալը համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունք է, մասնավորապես ՄԱԿ-ի հիմնարար սկզունքների 2-րդ պարբերության թիվ R (94) 12 առաջարկության 1(2)(դ) սկզբունքի համաձայն՝ «Օրենքով պետք է սահմանվեն պատժամիջոցներ այն անձանց դեմ, որոնք կփորձեն ազդեցություն գործել դատավորների վրա նման հարցերում»: Որպես ընդհանուր սկզբունքներ՝ անհարկի ազդեցությունից զերծ մնալը և ծայրահեղ դեպքերում պատժամիջոցների կիրառումն անվիճելի են:
Իր գործառույթները կատարելիս դատավորը ոչ մեկի աշխատողը չէ. նա պետական պաշտոն զբաղեցնող անձ է, ով ծառայում է օրենքին և պատասխանատու է միայն օրենքի առաջ: Աքսիոմա է, որ որևէ գործի առնչությամբ որոշում կայացնող դատավոր չպետք է ընդունի դատական համակարգի ներսում կամ համակարգից դուրս որևէ երրորդ անձի հրաման կամ կարգադրություն:
Թիվ R (94) 12 առաջարկության 1(2)(դ) սկզբունքով սահմանվում է, որ «դատավորների որոշումները ենթակա չեն վերանայման օրենքով սահմանված կարգով բողոքարկման ընթացակարգից դուրս» և 1(2)(ա) (iv) սկզբունքով սահմանվում է, որ «համաներման, ներման կամ նմանատիպ այլ դեպքերի մասին որոշումներ ընդունելուց բացի՝ կառավարությունը կամ պետական ապարատը չպետք է կարողանան ընդունել որևէ որոշում, որով հետադարձ ուժով անվավեր ճանաչվեն դատական ակտերը»: «Դատավորները պետք է ունենան դատական գործերով անաչառ որոշումներ ընդունելու անսահմանափակ ազատություն՝ ելնելով իրենց խղճի թելադրանքից և փաստերի իրենց մեկնաբանությունից, ինչպես նաև պահպանելով գործող օրենքով սահմանված կանոնները»:
ԵԴԽԽ-ի «Դատավորների մագնա կարտայի (հիմնարար սկզբունքների)» 21-22-րդ կետերի համաձայն՝ Դատարանի սխալներից պաշտպանված լինելու իրավունքը պետք է ամրագրվի բողոքարկման համակարգով: Բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը կանխամտածված չի կատարում դատավորի իր սահմանված պարտականությունները, նա չպետք է անձնական պատասխանատվություն կրի իր պարտականությունները կատարելու համար, նույնիսկ պետությանը փոխհատուցելու ճանապարհով:
ԵԴԽԽ-ի թիվ 3 (2002) կարծիքի համաձայն՝ դատավորների անկախությունն առանցքային սկզբունք է և յուրաքանչյուր պետության քաղաքացու, այդ թվում՝ դատավորների իրավունքն է: Դատավորների անկախությունն ունի թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ անհատական ասպեկտ: Դատական անկախությունն անբաժանելիորեն կապված է դատավորի անաչառության հետ և դրա նախապայմանն է հանդիսանում, ինչն առանցքային է դատական համակարգի արժանահավատության և վստահելիության համար, որը պետք է ոգեշնչման աղբյուր հանդիսանա ժողովրդավարական հասարակության համար:
Նույն կարծիքի համաձայն՝ «Որոշ պետությունների վերջին շրջանի փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտություն կա պաշտպանելու դատավորներին այն գայթակղությունից, որ ընդարձակվի վերջիններիս պատասխանատվության շրջանակը զուտ իրավասությանն առնչվող հարցերում: Բարձրագույն դատական խորհրդի դերն է՝ ցույց տալ, որ դատավորը չի կարող մեկ այլ մասնագիտական բնագավառի ներկայացուցչի հետ միևնույն պատասխանատվությունը կրել, դատավորը հանրային գործառույթ է իրականացնում և չի կարող հրաժարվել վեճեր լուծելուց: Ավելին, եթե դատավորի նկատմամբ վերջինիս որոշումների համար կիրառվում են իրավական և կարգապահական պատժամիջոցներ, այս պարագայում խախտվում են թե՛ դատական իշխանության անկախությունը, թե՛ լիազորությունների ժողովորդավարական հավասարակշռությունը: Ուստի՝ դատական իշխանությունը պետք է միանշանակ դատապարտի այն քաղաքական ծրագրերը, որոնք կոչված են սահմանափակելու դատավորների՝ որոշում կայացնելու ազատությունը: Սրանով չի թուլացվում դատավորների՝ օրենքը պահպանելու պարտականությունը: Կարևոր է, որ դատավորները օգտվեն կարգապահական վարույթի պաշտպանության իրավունքից, որը կերաշխավորի դատական իշխանության անկախության սկզբունքի պահպանումը և կիրագործվի հստակ սահմանված կարգապահական խախտման հիմքով՝ քննության առնվելով այնպիսի մարմնի կողմից, որը զերծ կլինի քաղաքական ցանկացած ազդեցությունից»:
ՄԱԿ-ի կողմից 1985 թվականին կազմված «Դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքներ» փաստաթղթի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ «դատական իշխանությունը պետք է դատարան ներկայացված գործերով որոշումներ ընդունի՝ պահպանելով անաչառությունը, հենվելով փաստերի վրա և օրենքի համաձայն, առանց որևէ անձի կողմից կամ որևէ պատճառով ուղղակի կամ անուղղակի սահմանափակումների, անհարկի ազդեցության, դրդումների, ճնշումների, սպառնալիքների կամ միջամտությունների»: Տվյալ փաստաթղթի 8-րդ հոդվածի համաձայն՝դատավորները «պետք է մշտապես իրենց դրսևորեն այնպես, որ պահպանեն իրենց պաշտոնի արժանապատվությունը, ինչպես նաև դատական իշխանության անաչառությունը և անկախությունը»:
«ԵԴԽԽ-ն ընդհանուր առմամբ ընդունելի կամ խրախուսելի չի համարում դատական բացթողումների համար դատավորների քրեական պատասխանատվության սահմանելը: Դատավորը չպետք է գործի ֆինանսական պատժամիջոցների սպառնալիքի, առավել ևս՝ ազատազրկման սպառնալիքի տակ, ինչը կարող է ենթագիտակցաբար ազդել նրա կողմից ընդունվող դատավճռի վրա»:
«Դատավորի դեմ քրեական վարույթի հարուցումը, որը չի արժանացել դատական կողմի հավանությանը, տարածված գործելակերպ է դարձել եվրոպական մի շարք երկրներում: ԵԴԽԽ-ն գտնում է, որ այն երկրներում, որտեղ քրեական հետաքննություն կամ վարույթ կարող է հարուցվել մասնավոր անձի նախաձեռնությամբ, պետք է գոյություն ունենա մեխանիզմ՝ կանխելու կամ արգելելու նման հետաքննությունը կամ վարույթը դատավորի դեմ վերջինիս պաշտոնավարության առնչությամբ, եթե ամուր հիմք չկա կարծելու, որ դատավորը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության»:
ԵԴԽԽ-ի «Ժողովրդավարական հասարակությունում դատական իշխանության դիրքը և փոխհարաբերությունը իշխանության այլ թևերի հետ» կարծիքի թիվ 18 (2015) համաձայն՝ «Օրենսդիր կամ գործադիր իշխանությունների կողմից ընդունված որոշումները, որոնց համաձայն վերացվում են դատական անկախության հիմնական երաշխիքները, անընդունելի են, եթե նույնիսկ քողարկված են»:
«Երաշխավորված պաշտոնավարման ապահովություն ունեցող անհատ դատավորների սահմանադրական լեգիտիմությունը չպետք է խոչընդոտվի օրենսդիր և գործադիր միջոցներով, որոնք կարող են ի հայտ գալ քաղաքական իշխանության փոփոխությունների արդյունքում»:
Դատական իշխանության անկախությանը վերաբերող վերոնշյալ խորհրդատվական կարծիքների լույսի ներքո ուսումնասիրելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի գործող կարգավորումները և դրանում առաջարկվող օրենսդրական փոփոխությունը՝ կարելի է արձանագրել հետևյալը.
Նախ, գործող իրավակարգավորումների համաձայն՝ ԲԴԽ-ում դատավոր-անդամների ներկայացվածությունը կազմում է 50 տոկոս (10-ից 5 անդամն են գործող դատավոր, որոնք ընտրվել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից), թեև վերոնշյալ խորհրդատվական Կարծիքների համաձայն՝ դատավորները թիվն այդ մարմնում կամ գոնե կարգապահական վարույթի քննության շրջականերում պետք է լինի գերակշռող: Խորհրդատվական այդ առաջարկը պատահական չէ, այն իշխանության մյուս ճյուղերից դատավորների անկախությունը ապահովող կարևորագույն իրավական երաշխիք է: Ընդ որում՝ ԴՕ սահմանդրական օրենքի ներկա կարգավորմամբ բացակայում է կարգապահական վարույթի արդյունքներով ԲԴԽ կայացրած որոշումն արդյունավետորեն՝ ըստ էության բողոքարկելու ընթացակարգը, այն վերջնական որոշում է, թեև այդ վարույթի արդյունքում դատավորի լիազորությունները կարող են նաև դադարեցվել:
Այսպես, ԴՕ-ի սահմանադրական օրենքի 156.1 հոդվածով նախատեսված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման բողոքարկման կարգի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսվել են ԲԴԽ որոշման բողոքարկման համար անհրաժեշտ խիստ պայմաններ, ուստիև՝ սահմանափակ հնարավորություն: Բողոքարկման ենթակա է միայն այն որոշումը, որով ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, և որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման վրա։ Այլ կերպ ասած՝ վերոնշյալ բոլոր պարտադիր պայմաններից որևէ մեկի բացակայության պայմաններում կարգապահական պատասխանատվության ենթարկված, այդ թվում՝ լիազորությունները դադարեցված դատավորը զրկված է իր վերաբերյալ ԲԴԽ որոշումը վիճարկելու իրավունքից: Այլ կերպ՝ ներկայում գործող տվյալ կարգավորումն առերևույթ ոտնահարում է ՄԻԵԿ-ով նախատեսված դատավորի պաշտպանության իրավունքը, քանի որ տվյալ պարագայում դատավորն օգտվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կազմում ընդգրկված անխտիր բոլոր իրավունքներից, այդ թվում՝ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշումը վերադաս դատական ատյան բողոքարկելու իրավունքից:
Տվյալ օրենսդրական նախագծի և դրա բուն նպատակի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալ հանգամանքները.
1. ԲԴԽ-ում դատավոր-անդամների և ԱԺ կողմից ընտրված ԲԴԽ անդամների հարաբերակցությունը: Դատավորի լիազորությունները դադարեցնելու կոնկրետ հիմքի «հստակեցմանն» ուղղված առաջարկը հանրային քննարկման է ներկայացվում այն ժամանակ, երբ ԲԴԽ դատավոր անդամներից մեկի լիազորություններն անորոշ ժամկետով, այլ կերպ՝ մինչև նրա վերաբերյալ քրեական գործով կայացվելիք վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը, օրենքի ուժով կասեցված են, այսինքն՝ ԱԺ կողմից ընտրված ԲԴԽ անդամների ներկայությունը փաստացի գերակշռում է և տևական ժամանակ գերակշռելու է: Թեև իրավասու մարմիններին առաջարկել էինք օրենսդրորեն լուծում տալ լիազորությունները կասեցվելու դեպքում ԲԴԽ տվյալ անդամին ժամակավորապես փոխարինելու խնդրին (անկախ նրանից ԴԸԺ-ի, թե ԱԺ կողմից ընտրված անդամ է), որով կերաշխավորվեր ԲԴԽ անդամների գոնե հավասարաչափ ներկայացվածությունը դատական իշխանության անկախությունը երաշխավորող այդ մարմնի աշխատանքում, հատկապես՝ կարգապահական վարույթների ժամանակ, սակայն գործադիր իշխանության մարմինը հանդես է եկել բացառապես վերոնշյալ օրենսդրական փոփոխությունը կատարելու նախաձեռնությամբ, այլ կերպ՝ կարելի է ենթադրել, որ այն խիստ արդիական, օր առաջ լուծում պահանջող խնդիր է:
Բացի այդ, Ազգային ժողովում ԲԴԽ անդամների թեկնածությունների ներկայացման և նրանց ընտրության գործընթացը նույնիսկ օբյեկտիվ դիտորդի տեսանկյունով վկայում է, որ սահմանադրական այդ մարմին նրանց ընտրելու գործընթացում չի ապահովվել ընդդիմադիր ուժերի զգալի աջակցության, այդ կերպ՝ հասարակության բազմաշերտ ներկայացվածության վերաբերյալ ԵԴԽԽ մատնանշած պայմանը:
2. Տվյալ օրենսդրական նախաձեռնությանը նախորդել է նման նախաձեռնությամբ հանդես եկած նախարարության ղեկավարի՝ Արդարադատության նախարարի ոչ երկիմաստ ելույթներն ու հայտարարությունները՝ դատավորների «վեթինգ» իրականացնելու, դատական իշխանությունը «մաքրելու» վերաբերյալ, որի հիմնական եղանակը, ըստ նրա, կարգապահական վարույթներ հարուցելու գործիքի կիրառումն ու այդ կերպ՝ նրանց մի մասի լիազորությունների դադարեցմանն հասնելն է:
3. Միջազգային հեղինակավոր կառույցները՝ Վենետիկի հանձնաժողովը (2019 թվականին), «Գրեկոն», ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն (2021 թվականին) անդրադառանալով Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրներին, բազմիցս բարձրաձայնել են, որ անհրաժեշտ է վերանայել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու Արդարադատության նախարարի դերը, որն ենթակա է դադարեցման այն պահից, երբ Դատական օրենսգրքում նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նոր հանձնաժողովն ապացուցի իր արդյունավետությունը: «Գրեկոն» կոշտ դիրքորոշում արտահայտելով, նույնիսկ հորդորել է կարգապահական վարույթում արդարադատության նախարարի դերը դադարեցնել: Վերոնշյալ մարմիններն իրենց անհանգստությունն են արտահայտել առ այն, որ անգամ « ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններից հետո հնարավոր չէ կարգապահական որոշումը վիճարկել դատարանում, իսկ կատարված փոփոխությամբ նախատեսված մեխանիզմն ոչ ավելին է, քան ԲԴԽ-ի կողմից գործը սահմանափակ հիմքերով վերսկսելու հնարավորություն:
4. Ամիսներ առաջ շրջանառության մեջ էր դրվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին մեկ այլ օրենսդրական փաթեթ, որի համաձայն՝ դատավարության մասնակիցները, շրջանցելով Արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, կարող էին անմիջականորեն դիմել ԲԴԽ՝ նյութական և/կամ դատավարական իրավունքի խախտման հիմքով դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ: Տվյալ օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչվել է հակասահմանադրական, թեև որոշումը դեռևս հրապարակված:
Մինչդեռ, ինչպես վերը նշվեց, դատավորի լիազորությունների դադարեցումը կարող է լինել միայն այն իրավիճակում, երբ դատավորն անկարող է կամ չի ցանկանում նվազագույն ընդունելի մակարդակով կատարել իր պարտականությունները: Յուրաքանչյուր դատավոր և առաջին հերթին՝ դատական իշխանության անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմինը՝ ԲԴԽ-ն պետք է միանշանակ դատապարտի այն օրենսդրական նախագիծը, տվյալ դեպքում՝ նաև սա, քանի որ այն ուղղակի կամ անուղղակի կերպով սահմանափակում է դատավորների՝ որոշում կայացնելու ազատությունը:
Ինչպես վերը նշվեց, դատավորների անկախությունը նրանց սեփական շահերի համար տրված բացարձակ իրավասություն կամ արտոնություն չէ, այն բխում է իրավունքի գերակայության և այն անձանց շահերից, ովքեր փորձում են օգտվել արդարադատությունից և արդարադատություն են ակնկալում: Դատավորները պետք է ունենան դատական գործերով անաչառ որոշումներ ընդունելու անսահմանափակ ազատություն՝ ելնելով իրենց խղճի թելադրանքից և փաստերի իրենց մեկնաբանությունից, ինչպես նաև պահպանելով գործող օրենքով սահմանված կանոնները:
Դատարանի սխալներից պաշտպանված լինելու իրավունքը պետք է ամրագրվի բողոքարկման համակարգով: Բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը կանխամտածված չի կատարում դատավորի իր սահմանված պարտականությունները, նա չպետք է անձնական պատասխանատվություն կրի իր պարտականությունները կատարելու համար, նույնիսկ պետությանը փոխհատուցելու ճանապարհով: Եթե դատավորի նկատմամբ վերջինիս կայացրած որոշումների համար կիրառվում են իրավական և կարգապահական պատժամիջոցներ, խախտվում են թե՛ դատական իշխանության անկախությունը, թե՛ լիազորությունների ժողովորդավարական հավասարակշռությունը:
Այսպիսով, դատական իշխանության անկախության վերաբերյալ միջազգային իրավական կարգավորումների ոսկե կանոնն այն է, որ դատական սխալների և բացթողումների համար դատավորների համար պատասխանատվության նախատեսելն ընդունելի կամ խրախուսելի չէ, քանի որ այն կարող է ենթագիտակցաբար ազդել նրա կողմից կայացվող որոշումների վրա:
Կարծում ենք, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը ոչ միայն չի հստակեցնում, այլ ընդհակառակը, ավելի է խճճում առավել արդիական վերը քննարկված առանցքային հարցերի շուրջ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առկա կարգավորումները:
-Վատթարացնող նորմը կարո՞ղ է հետադարձ ուժ ունենալ ։
- Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին և այլ իրավական ակտին հետադարձ ուժ տալու արգելքը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասով: Ընդ որում՝ սահմանադրական այդ նորմը որևէ տարբերակում չի նախատեսել նյութական կամ դատավարական իրավունքի, իրավունքի տարբեր ճյուղերին վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի տեսանկյունով, այլ կերպ՝ անձի, քննարկվող դեպքում՝ դատավորների իրավական վիճակը որևէ կերպ վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու անթույլատրելիության սկզբունքից բացառություններ և վերապահումներ հիմնական օրենքը չի նախատեսում:
Բացի այդ, Ալեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքը՝ կապված վաղեմության ժամկետներ չնախատեսելու կամ հետադարձ ուժ կիրառելու մասով, հավասարապես վերաբերելի է նաև կարգապահական վարույթների ու այլ իրավախախտումների նկատմամբ, ինչը պայմանավորող պետությունների ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում:
Այս հարցին մի խումբ դատավորներով անդրադարձել ենք տվյալ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Արդարադատության նախարարին ուղղված նամակում, որը հրապարակվել է:
Այսպես, քննարկվող օրենքի նախագծում առաջարկվել է օրենսդրորեն նախատեսել, որ դատավորի լիազորությունների դադարեցման հիմք հանդիսացող անհամատեղելիության պահանջների խախտում է դիտարկվելու նաև դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե այդ տրիբունալի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի:
Ներկա կարգավորմամբ Դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները նախատեսված են ԴՕ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածով, սակայն այն պայմանավորված է դատավորի պաշտոնի հետ զուգահեռաբար այլ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու անթույլատրելիությունն օրենսդրորեն ամրագրելով:
Օրենսդրական վերոնշյալ փոփոխությունը թեև նախաձեռնվում է ԴՕ սահմանադրական օրենքում առկա անորոշությունը հստակեցնելու հիմնավորմամբ, սակայն ինքնին նախագիծն է բովանդակում անորոշություն: Մասնավորապես խոսքը՝ «միտումնավոր խախտում» եզրույթի մասին է, որը ենթադրում է խախտման նկատմամբ հոգեբանական վերաբերմունքի որոշակի դրսևորում՝ մեղքի ձև: Կարելի է ենթադրել, որ խոսքը խախտման դիտավորյալ լինելու մասին է, որն իր հերթին կարող է լինել ուղղակի կամ անուղղակի, սակայն գործող ԴՕ սահմանադրական օրենքում խոսք է գնում կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դրսևորած մեղքի երկու տեսակի դիտավորության կամ կոպիտ անփութության մասին (տես ԴՕ-ի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Բացի այդ, ԴՕ սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերի համաձայն՝ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
-Տարիներ շարունակ ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված դատական սխալները եղել են ուշադրության կենտրոնում։ Համաձայնեք, որ խախտումներ կան, որոնք, իրապես, որեւէ ընդհարություն չունեն իրավաբանության հետ եւ նման պայմաններում ինչ եք կարծում պատասխանատվության ենթարկելը կարող է նպաստել դատական ակտերի որակի բարձրացմանը։
- Ինչպես հայտնի է, ՄԻԵԴ գլխավորապես ստուգում է ազգային դատարանների կողմից դիմողի հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման հանգամանքը ՄԻ եվրոպական կոնվենցիայի պահանջների լույսի ներքո, այլ կերպ՝ հանդիպում են դեպքեր, երբ դատավորները հստակորեն պահպանել են ներպետական օրենքները, սակայն ՄԻԵԴ-ը փաստել է, որ այդ օրենքը և դրա կիրառումը որակապես չեն համապատասխանում ՄԻԵԿ-ի պահանջներին և արձանագրել դիմողի հիմնարար իրավունքների խախտում: Նման իրավիճակում արդյոք օրենքի ոչ բավարար որակը և օրենսդիր մարմնի աշխատանքի բացասական հետևանքները պետք է հանգեցնեն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն՝ նրա լիազորությունները դադարեցնելու հեռանկարով և արդյոք վերոնշյալ նախագծով նախատեսվել են կամ գործող կարգավարումներում առկա են բավարար օրենսդրական երաշխիքներ, որոնք երաշխավորելու են դատավորի անկախությունը և կարգապահական վարույթի շրջանակներում նրա արդար դատաքննության իրավունքը: Կարծում եմ, որ՝ ոչ:
Միթե կոլեգիալության սկզբունքով աշխատող Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատական ակտերը, որոնցով երբեմն արձանագրվում են անձի հիմնարար իրավունքների խախտումներ, ներպետական մակարդակում ունեն ավելի ցածր արժեք և նշանակություն, քանի ՄԻԵԴ վճիռներով և որոշումներով արձանագրվածը, որքանով է ճիշտ օրենսդրական մակարդակում արվող այդ տարբերակումը ողջմատորեն կապել պետությանը նյութական պատասխանատվության ենթարկելու հանգամանքով: Նշեմ, որ ՄԻԵԴ-ը անձի հիմնարար իրավունքների խախտումներ է արձանագրում հարուստ իրավական ավանդույթներ և կատարելագործված իրավական համակարգ ունեցող այնպիսի պետությունների դեմ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և այլն:
Այլ կերպ՝ ինչու գործով իրավակարգավորումներն արգելում են ներպետական դատարանների կողմից ստորին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը բեկանելիս կամ փոփոխելիս այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, սակայն ՄԻԵԴ-ի կողմից անձի հիմնարար իրավունքի խախտում արձանագրելը պետք է նախատեսվի որպես դատավորի լիազորություններն անվերապահորեն դադարեցնելու հիմք, ո՞րն է տարբերակված այդ մոտեցման տրամաբանությունը, դրանց տարանջատման ողջամիտ չափանիշը:
ՄԻԵԴ-ում դիմումն ընդունելի է դիմողի կողմից ներպետական բոլոր դատական ատյաններում դատական պաշտպանության իրավունքը սպառելու պարագայում (եզակի բացառություններով), ուստի՝ ՄԻԵԴ-ի կողմից անձի հիմնարար իրավունքի խախտում արձանագրելու պարագայում ինչպես է տարանջատվելու և անհատկանացվելու տվյալ գործի հետ առնչված տարբեր ատյանների դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը: Գուցե գործը միանձնյա կարգով քննող դատարանի առումով որևէ խնդիր չի ծագելու, սակայն ինչպես է լուծվելու վերաքննիչ ատյանի և հատկապես վճռաբեկ դատարանի դատավորների հարցը: Ընդ որում, եթե վերաքննիչ դատարանի տեսանկյունով այդ հարցը ևս որոշակիորեն լուծելի է, ապա Վճռաբեկ դատարանի դատարանի համապատասխան պալատի բոլոր դատավորների լիազորությունները ենթադրաբար պետք է դադարեցվեն հենց առաջին գործով դիմողի հիմնարար իրավունքի խախտում արձանագրելու պարագայում, քանի որ նրանք համապատասխան որոշումները կայացնում են բոլոր գործերով և ողջ պալատով:
Եվ վերջապես, ամենակարևոր հարցը, արդյոք տվյալ փոփոխությամբ չի սահմանափակվում օրենքների մեկնաբանմամբ ապացույցները գնահատելու և փաստերը հաստատելու դատավորների բացառիկ իրավունքը, որի վրա է խարսխված դատավորի և դատական իշխանության անկախության և անաչառության սկզբունքը, դրա գործնական կիրառելիությունը, դրանով է պայմանավորված դատական իշխանությունից և դատարաններից իրավունքների վերականգնում ակնկալող անձանց լեգիտիմ սպասելիքները: Ընդ որում, վերոնշյալ դատավարական գործողությունների համար դատավորներին որևէ, այդ թվում՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիության սկզբունքն ամրագրված է ոչ միայն ներպետական իրավունքում, ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող միջազգային իրավունքի նորմերում, ՄԻԵԴ դիրքորոշումներում, ԵԴԽԽ կարծիքներում, որոնց վերը անդրադարձա:
- Արդյո՞ք կան երաշխիքներ, որ վարույթները կհարուցվեն՝ առանց խտրական մոտեցումների՝ նկատի ունենալով, որ վերջին շրջանում հիմնականում «կարգապահական հետապնդումների» են ենթարկվում բարձր վարկանիշ և հեղինակություն ունեցող դատավորները։
- Ներքին համոզմունքի ձևավորման գործընթացի վրա ազդող տվյալ գործողությունները կատարելիս և դրանց հիման վրա դատական ակտ կայացնելիս նյութական և դատավարական իրավունքի կոպիտ խախտում թույլ տալու համար դատավորներին կարգահապահական պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիությանը բազմիցս անդրադարձել ենք, նշել, որ հնարավոր դատական սխալները, դրանց հետևանքով անձանց իրավունքների, այդ թվում՝ հիմնարար իրավունքների խախտումները ենթակա են վերացման օրենքով հստակ նախատեսված բողոքարկման ընթացակարգի շրջանակներում: Կարծում ենք, որ մոտեցումն առավել արդիական է առաջարկվող օրենսդրական վերոնշյալ փոփոխության համատեքստում, քանի որ դրանով նախատեսվում է նոր հանգամանքի՝ անձի իրավունքի խախտման փաստը հաստատած ՄԻԵԴ որոշման հիման վրա վերանայման ենթակա դատական ակտը կայացրած դատավորի լիազորություններն անվերապահորեն դադարեցնելու հնարավորություն:
Վերջինիս ժամանակ կարգապահական վարույթներ են հարուցվում և իրականացվում ոչ միայն դատական համակարգում, այլ իրավական համայնքում բարձր հեղիանակություն և վարկանիշ ունեցող դատավորների, մասնավորապես՝ Դավիթ Գրիգորյանի, Արման Հովհանիսյանի, Սերգեյ Մարաբյանի, Զարուհի Նախշքարյանի, Վազգեն Ռշտունու նկատմամբ: Ընդ որում, եզակի բացառություններով, Արդարադատության նախարարը նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ է հարուցել արդարադատություն իրականացնելիս համապատասխան որոշումներ կայացնելու ընթացքում նյութական և դատավարական օրենքի նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու հիմքով: Պարբերաբար ներկա գտնվելով այդ նիստերին՝ նկատել եմ, որ դռնբաց դատական նիստերին մասնակցում են դատավորները և փաստաբանները, այսինքն՝ իրավաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողները: Տպավորություն է ձևավորվում, որ հանրության լայն շերտերին այս գործըթնացը չի հետաքրքրում:
Այն կարծիքին եմ, որ դատական որոշում, նույնիսկ սխալ որոշում կայացնելու համար հարուցված և իրականացվող կարգապահական յուրաքանչյուր վարույթի շրջանակներում, ըստ էության, քննարկվում է ոչ այնքան դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը, որքան անուղղակիորեն վտանգվում դատավորների և դատական իշխանության անկախության և անաչառության սկզբունքը, յուրաքանչյուր վարույթով նվազում են անկախ դատական իշխանությունից խախտված իրավունքների վերականգնում հայցող անձանց լեգիտիմ ակնկալիքները:
-Պարոն Վարդանյան, խնդրում եմ անդրադառնաք նաև դատարաններում գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի առգրավմանը։ Արդեն տևական ժամանակ է՝ գործերը բաշխվում են դատարանների նախագահների կողմից։ Դա ինչ ազդեցություն կունենա դատարանների նկատմամբ հանրային վստահության, դատարանների անկախության վրա։
- «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և դրանից ենթադրաբար բխող ԲԴԽ համապատասխան որոշման կարգավորումների համաձայն՝ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման, վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը տվյալ դատարանի նախագահի կողմից հնարավոր է ընդամենը մեկ իրավիճակում՝ անհաղթահարելի ուժի ի հայտ գալու պարագայում:
Իրավունքի տեսանկյունով անհաղթահարելի ուժի տակ պետք է հասկանալ արտակարգ իրադարձություններ, որոնք կախված չեն մարդկանց կամքից, գործում են օբյեկտիվորեն, չեն կարող կանխատեսվել, իսկ եթե անգամ կարող են կանխատեսվել, չեն կարող կանխվել և վերացվել:
Ընդ որում, տվյալ դեպքում անհաղթահարելի ուժի առկայությունը պայմանականորեն ընդունելի համարելու պարագայում դատարաններում առգրավումներ կատարելու մտադրության մասին հսկող դատախազի կողմից ԲԴԽ-ին իրազեկում ուղարկելու օրենսդրական պահանջն ըստ էության բացառում է տվյալ քննչական գործողության իրականացման անկանխատեսելիության վերաբերյալ վարկածի նույնիսկ գոյությունը: Մեր համոզմամբ վերոնշյալ առգրավումների իրականացումը ոչ մի պարագայում չի նույնանում անհաղթահարելի ուժի ի հայտ գալու հետ:
Բացի այդ, նույնիսկ անհաղթահարելի ուժի առկայությունը պայմանականորեն ընդունելու պարագայում գործերի բաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը պետք է իրականացվի նախ՝ պատահական ընտրության սկզբունքով, այն է՝ համաձայն ԴՕ սահմանադրական օրենքի 40-րդ հոդվածի և 41-րդ հոդվածի 4-րդ մասի իմպերատիվ պահանջի, անհաղթահարելի ուժի ի հայտ գալը փաստելու պահից գործերը պետք է բաշխվեն և վերաբաշխվեն ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության: Միևնույն ժամանակ, գործերը պետք է բաշխվեն դարձյալ բաշխման հավասարաչափությունը պահպանելու սկզբունքով:
Ընդ որում, դատարանի նախագահը պարտավոր է ջանքեր գործադրել նաև ԴՕ սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածում նախատեսված գործերը հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցումները հնարավորինս պահպանելու համար, մասնավորապես՝ Ընդհանուր ժողովի ուսումնական, Էթիկայի և կարգապահական հարցերի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների անդամներին, դատարանների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին՝ ԴՕ օրենքով, իսկ առանձին դատավորներին՝ ԲԴԽ որոշմամբ տրվող մակագրման նվազեցումների մասին է: Ահա սրանք ենք ներպետական օրենսդրությամբ սահմանված՝ անհաղթահարելի ուժի ի հայտ գալու պարագայում գործերի բաշխման երեք օբյեկտիվ չափանիշները։
ԴՕ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխման անհնարինության դեպքում տվյալ դատարանի նախագահը պարտավոր էր անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին, որն իր հերթին ծանուցումն ստանալուց հետո պարտավոր էր քննարկել պատճառները և դրանց վերացման ուղղությամբ Դատական դեպարտամենտին տալ կատարման համար պարտադիր ցուցումներ:
-ԲԴԽ-ից որևէ պարզաբանում ստացե՞լ եք՝ ներկայացված դիմումի և դրանում բարձրացված հարցերի վերաբերյալ։
- Դիմելով ԲԴԽ-ին՝ նշել էինք, որ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են տրամադրվել զանգվածային կամ էլեկտրոնային լրատվամիջոցներին պարբերաբար տրվելիք հրապարակային ելույթների միջոցով, ընդգծել, որ այդ եղանակը նաև կնպաստի դատարաններից իրավական աջակցություն ակնկալող քաղաքացիների կողմից քննարկվող փաստարկի օգտագործմամբ դատավորների նկատմամբ ինքնաբացարկներ ներկայացնելու դեպքերի նվազեցմանը և բոլոր դատավորների կողմից իրենց սահմանադրական առաքելության բնականոն շարունակմանը:
Մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել, այդ թվում՝ հրապարակայնորեն:
Ընդ որում, գործերի բաշխման հատուկ համակարգչային ծրագիրը ներդրվել էր դատարանների ու դատավորների անկախության և անաչառության երաշխավորման նպատակով և անմիջականորեն փոխկապակցված էր դատավարական այդ սկզբունքի հետ և պետք է նպաստեր օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից անձի արդար դատական քննության իրավունքն ապահովելուն: Բացի այդ, այդ ծրագիրը գործարկելու և սպասարկելու, դրա գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելու ուղղակի պարտականությունն օրենքով դրված է Բարձրագույն դատական խորհրդի վրա:
Մեր՝ դատավորներիս համոզմամբ նախ՝ քրեական հետապնդման մարմինները պարտավոր էին ձեռնպահ մնալ այնպիսի քննչական գործողություն իրականացնելուց, որը կարող էր վտանգել կամ վնասել դատարանների կամ դատավորների անկախությունը, իսկ ԲԴԽ-ն իր հերթին պարտավոր էր քննարկել ՀՀ դատարանների կամ դատավորի անկախությունն ու անաչառությունն էապես վտանգող տվյալ հարցը և առգրավման մասին իրազեկած քրեական հետապնդման մարմիններից պահանջել տվյալ հարցի լուծման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ և համաչափ միջոցներ, նույնիսկ եթե ԴՕ օրենքը բավարար չափով հստակ չէ և նման ուղղակի լիազորություն ԲԴԽ-ին կարծես վերապահված չէ: Բայցև այդ լիազորությունը բխում է դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորղ միակ սահմանադրական մարմինը հանդիսանալու փաստից, այդ մարմնի կողմից իրականացվող հատուկ առաքելության բնույթից և բովանդակությունից:
Փաստ է նաև, որ շուրջ 5 ամիս է, ինչ գործերի բաշխման ծրագիրը չկա և նոր ծրագիր չի ներդրվել, թեև նորի ներդրումը էական ջանքեր և նյութական միջոցներ չէր պահանջում։
Կարծում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն անմիջականորեն պետք է իրականացներ համակարգչային ծրագրի գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելու, համակարգչային ծրագիրը գործարկելու և սպասարկելու գործընթացը, մասնավորապես՝ տվյալ քննչական գործողությունը նախաձեռնած քրեական հետապնդման մարմինների հետ քննարկեր նրանց հետաքրքրող տվյալները հատուկ համակարգչային ծրագրի գործողության փաստացի դադարեցմամբ չուղեկցող քննչական գործողություններով, օրինակ՝ համապատասխան մասնագետ ներգրավելու միջոցով զննությամբ կամ տեղում իրականացվելիք համակարգչային փորձաքննությամբ, առգրավման այլընտրանքի բացակայության պարագայում նախքան առգրավման իրականացումը գոնե ժամանակավոր ծրագիր ներդնելու հնարավորության հարցերը:
Ավելին, ակնհայտ է, որ ծրագրի հետ առնչվող խիստ սահմանափակ շրջանակի պաշտոնատար կամ նրանց ենթադրաբար հանցակցած անձանց կողմից չարաշահումներ թույլ տրվելու փաստարկը, գործ հարուցելու և կոնկրետ դեպքն հետաքննելու, հնարավոր մեղավորներին նույնիսկ պատասխանատվության ենթարկելու հանրային շահը չէր կարող է գերակայել առավել բարձարժեք հանրային շահի՝ դատարանների և դատավորների անկախության ու անաչառության, այդ սահմանադրական սկզբունքի գոյությամբ երաշխավորվող՝ քրեական, քաղաքացիական, սննակության և վարչական բնույթի բոլոր գործերով իրենց խախտված իրավունքներն վերականգնելու լիգիտիմ ակնկալիքներ ունեցող անձանց արդար դատական քննության իրավունքի նկատմամբ:
Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից