ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի հետ կարող ենք համաձայնության գալ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ․ Նախագիծը կդառնա Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի. Փաշինյան 12/21/2021 12:27 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով: Կառավարության ղեկավարն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին:
Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ ընձեռնված հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների համագործակցության օրակարգային հարցերը, ծրագրերը:
Նախ արձանագրեմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում է։ Առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները:
Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար:
Այնուամենայնիվ, պետք է փաստեմ, որ վերջին տարիներին համավարակը բարդագույն մարտահրավերներ է ստեղծել ողջ աշխարհի համար, և հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն այս առումով ևս բացառություն չեն: Համավարակից զատ, Հայաստանի տնտեսության համար հավելյալ բարդություններ են ստեղծվել նաև մեր տարածաշրջանում վերջին զարգացումները և նախորդ տեղի ունեցած պատերազմը։ Այնուամենայնիվ, մեր փոխգործակցությունը կանգ չի առել, և շարունակել ենք աշխատել՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի արտացոլում երկու երկրների ունեցած ներուժը. ակնհայտ է, որ այս առումով երկկողմ համագործակցությունը դեռևս չի հասել ցանկալի մակարդակի, և անհրաժեշտություն կա այն ընդլայնելու։ Համագործակցության ընդլայնման հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Այս առումով միջկառավարական հանձնաժողովի այս նիստը պետք է դառնա հնարավորությունները քննարկելու հարթակ՝ տնտեսական հարաբերությունների ամենատարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու համար։ Նիստի շրջանակներում հույս ունեմ կնախանշենք նաև մեր նպատակներին հասնելու կոնկրետ քայլեր։
Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն տրանսպորտային ենթակառուցվածքները և լոգիստիկան։
Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջնահերթություն է մեզ համար։ Մենք համագործակցում ենք տրանսպորտային միջազգային մի շարք կառույցների շրջանակներում, մեծ կարևորություն ենք տալիս Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղին և տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Հարկ եմ համարում նշել, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին, իրավամբ, կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Ընդ որում, ես ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք, որ վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծեց, որ մենք Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք ոչ միայն երկկողմ հարթության, այլև տարածաշրջանային համագործակցության տիրույթում: Սա չափազանց կարևոր է մեր հարաբերությունների համատեքստում: Այո, Հայաստանը և Վրաստանը համագործակցության բավականին լուրջ դաշտ ունեն և կարող ենք մենք փոխադարձաբար մեկս մյուսին աջակցել:
Ընդ որում, Պարսից ծոց- Սև ծով երթուղու մասին խոսելիս ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու երկու նախագիծ. ավտոմոբիլային երթուղի եւ երկաթուղային երթուղի: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի եւ վրաց գործընկերների հետ ու շատ կարևոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի, դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի:
Այս իմաստով ուզում եմ տեղեկացնել, որ նեյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հնարավորոթյուն է առաջացել, որ Ադրբեջանի հետ կարող ենք համաձայնության գալ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ: Իսկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է և հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածություններն ինչպես կան` հստակ արձանագրվեն:
Ուզում եմ նաև անկեղծորեն ասել, որ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, թե այս նախագիծը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար, ես նկատի ունեմ երկաթուղային հաղորդակցության բացումը: Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն:
Հարգելի՛ գործընկերներ,
շարունակելով տրանսպորտային հաղորդակցության թեման գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարի Հայաստանի և Վրաստանի միջև ուղիղ կանոնավոր չվերթներն ու ուղևորափոխադրումներն աճ են գրանցել, ավելացել են նաև բեռնափոխադրումները։ Այս ուղղություններով կշարունակենք հավելյալ ջանքեր գործադրել հետագա կայուն աճն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել երկաթուղային տրանսպորտային համագործակցության ընդլայնման և այս ճանապարհով ևս ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հետագա ավելացման հնարավորությունը:
Հայաստանը և Վրաստանը համագործակցության մեծ փորձ ունեն էներգետիկ ոլորտում։ Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև դեպի Հայաստան էներգառեսուրսների հուսալի և անվտանգ մատակարարման առումով։
Տեղեկացնեմ, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել Հայաստան-Վրաստան բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի գործող շինարարական համաձայնագրի բոլոր տեխնիկական հավելվածների մշակմանն ու ստորագրմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսում նոր ցանցերի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի շինարարական աշխատանքների մեկնարկին։
Մեր երկրները մեծ ներուժ ունեն ընդլայնելու համագործակցությունը թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, փոստային ծառայությունների և ստարտափերի ոլորտներում: Մենք մեր վրաց գործընկերներին առաջարկում ենք ուսումնասիրել Վրաստանում «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ բացելու հնարավորությունը։
Խոսելով առողջապահության ոլորտում համագործակցության մասին՝ պետք է նշեմ, որ համավարակի սկզբից ի վեր Հայաստանն ու Վրաստանն ակտիվ համագործակցում են: Փորձի փոխանակման շնորհիվ մեզ հաջողվեց համատեղ մի շարք կանխարգելիչ գործողություններ իրականացնել։ Կարծում եմ, որ այս ոլորտում անհրաժեշտ է շարունակել զարգացնել երկու երկրների առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի փոխգործակցությունը և միջսահմանային համագործակցությունը, ինչպես նաև անհետաձգելի բժշկական փոխօգնության ապահովումը:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ կրթության և գիտության ոլորտներում ակտիվ շփումները մտնում են գործնական փուլ: Վրացական կողմի առաջարկի հիման վրա հայկական կողմն արդեն իսկ ձեռնամուխ է եղել համապատասխան աշխատանքների իրականացմանը, ինչը կնպաստի Վրաստանի հանրակրթական հաստատություններում հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչների ընդգրկմանը ատեստավորման գործընթացում, որի նպատակը մասնագետների որակավորումը բարձրացնելն է: Իր հերթին, մենք կդիտարկենք Հայաստանում վրացերենի ուսուցման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ ակնկալելով վրաց գործընկերների աջակցությունն այս հարցում: Մենք հետաքրքրված ենք Հայաստանում վրացերենի ուսուցման շրջանակի, ծավալների մեծացմամբ, մենք կարծում ենք, որ մեր այս հարաբերությունների շատ տրամաբանական շարունակությունը կլինի, եթե մենք այս ոլորտում կոնկրետ արդյունքներ գրանցենք:
Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել կրթության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունների զարգացման կարևորությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային համագործակցության ձևաչափերով: Հույս ունեմ, որ կկարողանանք արդյունավետ համագործակցել նաև հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման հարցերի շուրջ: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ մեզ համար չափազանց կարևոր է նաև, որ Վրաստանի հայությունը լիարժեք տիրապետի վրացերենին, քանի որ մեր ընկալումն այն է, որ Վրաստանի հայ համայնքը պետք է շարունակի մնալ Վրաստանում կայունությանը, միասնությանը, համերաշխությանը նպաստող գործոն: Վրաստանի կայունությունը, զարգացումը, մեզ համար առավել քան կարևոր է:
Մեր երկրների համար կարևոր է մշակույթի բնագավառում համագործակցության ընդլայնումը, քանի որ մեր ժողովուրդները կարող են միմյանց ներկայանալ հարուստ մշակութային ժառանգությամբ և ներուժով, իսկ հումանիտար ոլորտում համագործակցությունը հատկապես կարևոր է երկու ժողովուրդների միջև բարեկամական ավանդույթների շարունակականության ապահովման առումով: Միաժամանակ վստահ եմ, որ կարիք ունենք հայ–վրացական մշակութային կապերի որակապես նոր օրակարգի ձևավորման, այն է՝ զուտ մասնակցային ձևաչափից անցում կատարել համատեղ մշակութային նախաձեռնությունների դաշտ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս միասնական հայտերի ներկայացման սկզբունքի կիրառմամբ: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն իսկ առկա է ակտիվ երկխոսություն:
Խոսելով մշակութային փոխգործակցության մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման, ինչպես նաև թատերախմբի գործունեությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Հաշվի առնելով արդեն իսկ ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը՝ երկու երկրների զբոսաշրջության զարգացման համար պատասխանատու կառույցները պետք է շարունակեն ջանքեր գործադրել արդյունավետ համագործակցություն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ երկու երկրների զբոսաշրջային գործակալությունների կողմից համատեղ փաթեթների մշակման միջոցով։ Այս առումով մեր վրացի գործընկերներին առաջարկում ենք մշակել զբոսաշրջության ոլորտում հայ-վրացական համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր։ Այս գաղափարը նոր չէ և մենք խոսել ենք և պետք է մեր զբոսաշրջային կազմակերպություններին քաջալերենք, որպեսզի նրանք միասնական փաթեթներ դուրս բերեն շուկա, այսինքն ուղղությունը լինի ոչ թե Հայաստան կամ Վրաստան, այլ ուղղությունը միանգամից լինի Հայաստան և Վրաստան, Վրաստան և Հայաստան: 2019 թվականին Հայաստանը զբոսաշրջության ռեկորդային ցուցանիշ ունեցավ և մեր փորձը ցույց տվեց, որ այս կարգի փոխգործակցությունը շատ արդյունավետ է և կարող է արդյունքների բերել:
Սպորտի և երիտասարդության ոլորտում համագործակցության հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել տարբեր մարզաձևերից հավաքական թիմերի համատեղ ուսումնամարզական հավաքների, Հայաստանի և Վրաստանի մարզաբազաներում համատեղ մարզումների, սպորտային բժիշկների ու մարզիչների համար սեմինարների կազմակերպումը:
Նաև Հայաստանի և Վրաստանի շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցությունը նույնպես զարգացման մեծ հնարավորություններ ունի: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերին հետագա ներգրավման հնարավորությունը:
Պարոն վարչապետ, եթե Դուք դեմ չեք գաղափարին, ես մտածում եմ օրինակ, որ մեր սահմանամերձ մարզերի, շրջանների ղեկավարների մակարդակով նույնպես կարող ենք որոշակի փոխգործակցության հնարավորություն ստեղծել և փորձենք ապահովել բոլոր մակարդակներում մեր հարաբերությունների զարգացումը:
Նաև բնապահպանության ոլորտում մեծ պոտենցիալ եմ տեսնում, հաշվի առնելով, որ գլոբալ բնապահպանական մարտահրավերներն այլևս վերազգային բնույթ են կրում: Դրանց հասցեագրումը ևս պահանջում է միջազգային համագործակցության ընդլայնում և ջանքերի միատեղում գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում:
Հարգելի՛ գործընկերներ,
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջկառավարական հանձնաժողովի նիստի բոլոր մասնակիցներին՝ նիստն իրականություն դարձնելու և կատարված արդյունավետ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հնարավոր բոլոր ուղղություններով մեր երկկողմ համագործակցությանը։
Շնորհակալություն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը