ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
32 տարի անց «Փաստինֆոն» անդրադառնում է ազգագրագետ Սերգեյ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ բազում հարցերի վրա լույս սփռող «Առեղծվա՞ծ, ո՛չ, զավթված հողեր» վերնագրյալ հոդվածին 12/06/2021 18:18 | Վերլուծություններ
Դեմարկացիա-դելիմիտացիա, սահմանագծում-սահմանազատում բառերը նոր-նոր յուրացնող ՀՀ ներկա իշխանությունը, ակնհայտ է, որ դարձել է այդ երևույթների գերին։ Սակայն այս գործը «արագի մեջ» արվող չէ, սա բավական երկարատև ընթացք է ունենալու․ ի դեպ, եվրոպական բազմաթիվ պետություններում այն ձգվել է տասնամյակներ և դեռ չի ավարտվել։ Մանավանդ, երբ Հայաստանին և հայությանը պարտադրվում է այս գործընթացը՝ 2020 թվականի 44 -օրյա պատերազմում օրվա իշխանության՝ ծրագրված պարտությունից և կորուստներից հետո։ Այսինքն, մի վիճակ, երբ թուրքազերիները թելադրողի դերում են, իսկ ՀՀ ներկա իշխանությունը՝ կատարողի։
2020 թ․ մայիսի 12-ից սկսած՝ ադրբեջանցիները ՀՀ իշխանության թողտվությամբ մեր սահմանը խախտելով՝ մի քանի ուղղությամբ բարձունքներ, ջրեր և տարածքներ առաջ գալով՝ ապօրինի զավթումներ են իրականացրել՝ այդ համատեքստում ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքը խախտելով և նրանց զրկելով իրենց աշխատանքից, տներից, անասնագոմերից, արոտավայրերից, ճանապարհներից, նորմալ կյանքով ապրելու՝ մարդու հիմնարար իրավունքից։
Այսինքն, Խորհրդային Հայաստանի հանդեպ 20-ականներին կատարված անարդար հողազավթումները այսօր Հայաստանի ինքնիշխան Հանրապետության հանդեպ են տեղի ունենում։ Դերակատարներն էլ՝ նույնն են։
Մեր ձեռքի տակ է խնդրո առարկա թեմային վերաբերվող փաստական տվյալներով հագեցած մի հոդված, որը հեղինակել է ազգագրագետ, «Ձայն համշենական» թերթի խմբագիր, ճանաչված մտավորական Սերգեյ Վարդանյանը։ Հոդվածում առկա փաստական տվյալներն ինչպես 3 տասնամյակ առաջ, այնպես էլ այսօր որպես արդյունավետ զենք կարող են օգտագործվել խնդրո առարկա թեմային վերաբերող բանակցությունների ժամանակ։
Հոդվածի հակիրճ տարբերակը առաջին անգամ տպագրվել է Ավանգարդ թերթում 1988 թվականին, իսկ ամբողջական տարբերակը՝ «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ 1989 թվականին, ապա՝ նույն թվականին՝ նաև՝ Բեյրութի «Զարթոնք»-ում, սփյուռքյան այլ պարբերականներում, որոշակի կրճատումներով էլ՝ռուսերեն տարբերակը՝ «Комсомолец» թերթում, որպեսզի մեր բանակցողները ռուսերենն ունենան ձեռքի տակ։
Սերգեյ Վարդանյանը և՛ հոդվածը, և՛ արխիվային քարտեզների քսերոքսները տրամադրել է տվյալ ժամանակի իշխանություններին՝ օրենսդիր և գործադիր մարմինների համապատասխան ներկայացուցիչներին, գիտական-մասնագիտական ու շահագրգիռ բոլոր կողմերին՝ բանակցությունների ժամանակ օգտագործելու և շահեկան դիրքում լինելու համար։ Ըստ ամենայնի, հոդվածում առկա փաստերը ժամանակին այդպես էլ չեն օգտագործվել։ Որքան էլ՝ բանակցությունները փակ լինեին, առնվազն հրապարակված տեքստերում անհնար էր չհանդիպել 1920-30-ականների այդ սահամազատման փաստերին։ Ասել է թե՝ հրապարակման տվյալները 90-ականներին չեն օգտագործվել, որևէ պաշտոնյա կատարված անօրինականությունների մասին չի բարձրաձայնել, չի ներկայացրել իրականությունը, մինչդեռ դա հայերիս համար կարող էր շահեկան լինել։
Ինչպես ասում են՝ ձայն բարբառոյ յանապատի։
Այսօր խնդիրը կրկին հրատապ է, Սերգեյ Վարդանյանի հոդվածը կրկին օրակարգային է դարձել։ Շուրջ կես տարի առաջ այն արտատպել էր «Ազգ»-ը։
32 տարի անց «Փաստինֆոն» անդրադառնում է այս կարևոր և շատ հարցերի վրա լույս սփռող հոդվածին՝ արտատպելով «Խորհրդային Հայաստան» օրաթերթում 1989 թվականի հոկտեմբերի 18-ին տպված «Առեղծվա՞ծ, ո՛չ, զավթված հողեր» վերտառությամբ հոդվածը:
Ա․ Եսայան
Առեղծվա՞ծ, ո՛չ, զավթված հողեր
Վերջերս` սեպտեմբերի 16-ի «Խորհրդային Հայաստանում» հրապարակված Շչորս Դավթյանի «Մեղրիի ճանապարհի առեղծվածը» , կամ` ով էր կտրում Հայաստանի զարկերակը» հոդվածը փաստական հարուստ նյութի հիման վրա բացահայտում էր Հայաստանի հանդեպ վերջին տասնամյակում տարվող նենգ քաղաքականության նորանոր դրվագներ: Այլ հարցերի հետ նշվում էր նաեւ, որ 1986 թ. հանրապետության սահմանները ճշգրտվեցին եւ հետ վերադարձվեցին 14 հազար 530 հեկտար այն հողահանդակները, որոնք զանազան խարդախ միջոցներով զավթել էր Ադրբեջանը: Իհարկե, դրանք անպետք հողեր չէին, եթե հողն, այն էլ հայոց հողը, կարող է անպետք լինել:
Դրանք այգիներ էին, արոտավայրեր ու անտառներ: Մոտավոր պատկերացում կազմելու համար, թե 14 հազար 530 հեկտարը (145.3 քառ. կմ) ինչ է նշանակում ներկայիս Հայաստանի համար, ասենք, որ 1978 թ. տվյալներով Մեղրու շրջանն ընդամենը 663 հա պտղատու եւ խաղողի այգիներ ուներ, իսկ Գորիսի շրջաննՙ ընդամենը 760 հա: Այսինքն զավթվել էր շուրջ տասն անգամ ավելի շատ, քան Գորիսի եւ Մեղրու շրջանների այգիները միասին վերցրած: Եվ այսքանից հետո Ադրբեջանն ու նրա հովանավորներն աղմկում են «տարածքային պահանջների», «տարածքային փոփոխությունների» ու «սահմանային վերաձեւումների» մասին:
Նրանք այնքան հաճախ են կրկնում այս բառակապակցությունները, որ ակամա սկսում ես ուշադրություն դարձնել այդ «տարածքային» կոչվածի վրա եւ ամեն անգամ Հայկական ԽՍՀ քարտեզներին նայելիս նորանոր մանրամասներ ես հայտնաբերում: Իհարկե, վերը նշված 14.5 հազար հեկտարի զավթումը քարտեզների վրա չի արտացոլվել, քանզի այն, ինչպես հոդվածի հեղինակն է գրում, «ուղղակի վաճառվել էր ադրբեջանցիներինՙ տնտեսության ղեկավար-հողաշինարար-գյուղվարչության պետ-շրջխորհրդի նախագահ-կուսշրջկոմի քարտուղար շղթայի որեւէ օղակով, իսկ մեծ մասն էլ աստիճանաբար զավթվել էր խաբեբայության, ահաբեկման, բայց ավելի հաճախ քծնանքի ու կեղծավորության մուսուլմանական ձեռնածությամբ» : Բայց այդ դեպքում ինչո՞ւ տարբեր տարիներին հրատարակված Հայաստանի քարտեզներն իրարից սար ու ձորի տարբերություն ունեն: Այս միտքը կարելի է նաեւ բառացի հասկանալ, որովհետեւ հանրապետության քարտեզներից, ասես կախարդական փայտիկի օգնությամբ անհետացել են ե՛ւ սարեր, ե՛ւ ձորեր: Ահա, իմ առջեւ է Հայկական Խորհրդային Հանրապետության 1927 թ. մեծադիր քարտեզը (հրատ.ՙ Հայկենտվիճվարչության, խմբ.ՙ Զ. Կորկոտյան, գծագրող Ա. Մինասյան). ուշադիր դիտողը կնկատի, որ այս եւ բոլորիս ծանոթ ՀԽՍՀ ներկայիս քարտեզների միջեւ կան ոչ միայն սար ու ձորի, այլեւ լճերի տարբերություններ: Օրինակՙ Վարդենիսի եւ Զանգեզուրի լեռնաշղթաների հատման վայրից արեւմուտք գտնվող Մեծ Ալալիճն ու Փոքր Ալալիճը ըստ 1927 թվականի քարտեզի ՀԽՍՀ կազմում են (այդպես է նաեւ Խորհրդային առաջին մեծ հանրագիտարանի առաջին եւ երրորդ հատորներում զետեղված քարտեզներում, Մոսկվա, 1926 թ.), իսկ այժմ, իրենց ընդարձակ շրջակայքով հանդերձ ներառված են Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի (Քարավաճառի) շրջանի մեջ: Այդ է պատճառը, որ այդ հատվածումՙ Վարդենիսի եւ Ազիզբեկովի շրջանների բաժանարարում, երկու հանրապետությունների միջեւ տեղի է ունեցել սահմանային հսկայական փոփոխություն: Ե՞րբ, ո՞ր թվականին, ի՞նչ պայմաններում, իրավական ի՞նչ հիմունքներով է վերաձեւվել Հայաստանի պետական սահմանը:
Այս մութ պատմության վրա որոշ լույս են սփռում Հոկտեմբերյան հեղափոխության եւ սոցիալիստական շինարարության Հայաստանի պետական կենտրոնական արխիվում պահվող որոշ նյութեր, որոնցից պարզվում է, որ հօգուտ Ադրբեջանիՙ Հայաստանի սահմանների «ճշտումը» եղել է մանրամասն մշակված քաղաքականություն: Այսպես, Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18-իՙ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային փոփոխություններին նվիրված նիստի արձանագրությունից իմանում ենք, որ այդ օրը լսվել է «Ալլագյոլլար» անվանվող ամառային արոտավայրի մոտավորապես 12.000 դեսյատին տեղամասը ՀԽՍՀ Դարալագյազի կամ Ադր. ԽՍՀ Քուրդիստանի գավառներին վերագրելու մասին» հարցը: Ի տարբերության այս փաստաթղթի մյուս կետերի, որոնցում փորձ է արվում սահմանային փոփոխություններն ինչ-որ կերպ պատճառաբանել, այս դեպքում Հայաստանից մի հսկայական հատվածՙ 12.000 դեսյատին (մեկ դեսյատինը հավասար է 1,09 հեկտարի.- Ծ.Խ) կամ ավելի քան 130 քառ. կմ պոկելու մասին ընդամենն ասված է, որ «վիճելի տարածքը» հանձնվում է Քուրդիստան գավառին (ֆ. 112, ց. 1, գ. 267, թ. 78 81): Բայց սա միակ դեպքը չէ. նման զավթումներ կատարվել են դրանից ե՛ւ առաջ, ե՛ւ հետո:
Ինչպես հայտնի է, ՌԽՖՍՀ-ի եւ Թուրքիայի միջեւ 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված պայմանագրով Հայաստանից Թուրքիային է անցնում Կարսի մարզը (18.646 քառ. կմ), Սուրմալուի գավառը (3.650 քառ. կմ), Ադրբեջանինՙ Գողթն-Նախիջեւանը (5.5 հազ. քառ. կմ): Նույն թվականի հուլիսի 5-ի Կավբյուրոյի որոշմամբ Ադրբեջանին ընծայվեց նաեւ ողջ Արցախը (այդ թվում Լեռնային Ղարաբաղի ԻՄ-ըՙ 4.4 հազար քառ. կմ):
Հայաստանի հոշոտման արյունռուշտ կերուխումից հետո կարելի էր նստել նոր բանակցությունների սեղանի շուրջ, եւ արդեն դանակ-պատառաքաղով մասնատել Հայաստանի մնացյալ մասը: Ռուս-թուրքական չարաբաստիկ պայմանագրից ուղիղ մեկ տարի անցՙ 1922 թ. մայիսի 29-ին, Միութենական խորհրդի նախագահության նիստում քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վեճերի հարցը: Ճիշտ որՙ ախորժակը ուտելուց է բացվում: Սահմանամերձ գոտու հայկական հողերի ու անտառների, մարգագետինների ու լճերի «հարցը լուծելուց» հետո, Ադրբեջանը ձեռքը երկարում է արդեն երկրի ներսը եւ պահանջում, որ... այն գյուղերին, որոնց հողերը կարող են որպես արոտավայրեր ծառայել քոչվորներին, արգելվի այդ հողերը վարել-ցանելն ու մշակելը: Եվ ի՞նչ: Վերոհիշյալ նիստում որոշվում է «դադարեցնել վարել նախկին արոտավայրային հողերը» եւ ի պաշտպանություն քոչվորների, ռուս կոմիսարի գլխավորությամբ ստեղծել զինյալ ջոկատներ (ֆ. 112, ց. 1, գ. 25, թ. 39-40, 46-48): Թե ինչ կարեւորություն էր տրվում Հայաստանը խաշնարածների տնօրինությանը հանձնելը, վկայում է Անդրերկրկոմիՙ սահմանային տարաձայնությունները քննող հանձնաժողովի նույն տարվա նոյեմբերի 6-ի նիստի որոշումը, որով մի քանի գյուղերի տարածքներ Ադրբեջանին ընծայելուց հետո վճռվում է, որ Հայաստանում այս կամ այն հողակտորները կարող են մշակել միայն այն դեպքում, եթե այդ վնաս չի պատճառի քոչվորներին (ֆ. 112, ց. 1, գ. 35, թ. 20):
Այս քաղաքականության արդյունքը եղավ այն, որ Հայաստանի արոտավայրերի կեսից ավելին հանձնվեց Ադրբեջանում (170 հազ. դեսյատին) եւ Վրաստանում բնակվող (24 հազ. դեսյատին) անասնապահներին: Իսկ գուցե Հայաստանն այնքան ավելորդ հողեր ուներ, որ կարող էր առատորեն աջ ու ձախ բաշխել: Անշուշտՙ ոչ: Օրինակՙ ոչ լրիվ տվյալներով, 1924 թ. միայն գաղթականներից 79.634-ը հողազուրկ էր, իսկ տեղացիներիցՙ շուրջ 40 հազար մարդ (1926 թ. տվյալներով): Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում մեկ շնչին ընկնող հողաբաժինը 0.9 դեսյատին էր, իսկ Ադրբեջանումՙ 2-3: Բայց այս 0.9-նն էլ շատերին չհասավ: Այս էր պատճառներից մեկը, որ ՀԽՍՀ Կենտվիճվարչության տվյալներով 1925 թ. այլ հանրապետություններ արտագնա աշխատանքի էր գնացել 23.682 մարդ: Իսկ Հյուսիսային Կովկաս եւ այլ բարեբեր շրջաններ մշտական բնակության մեկնողների թիվը տասնյակ հազարների էր հասնում:
Այն, որ Հայաստանի սահմանամերձ տարածքների զավթումը տեղի է ունեցել այլազան միջոցներով, վկայում են բազմաթիվ փաստաթղթեր: Այսպես, 1923 թ. դեկտեմբերին Զանգեզուրի գավգործկոմի նախագահը ներքին գործոց ժողկոմին ուղղած նամակում պատմում է Գորիսի մերձակա Շուրնուխ գյուղի անտառի զավթման մասին. «Վերջերս վերացնելով Ղուբաթլուի գավգործկոմը եւ կազմելով Քյուրդեստանի գործկոմ (նրանք) սկսել են կրկին արգելել մեր կողմից նշանակված անտառապահներին հսկելու անտառում զանազան ավազակաբարո պաշտոնյաների, վախեցնելով անտառապահներին: Անգամ թույլ էին տվել ձերբակալելու մեր երկու անտառապահներին, առանց մեզ հայտնելու: Այդ տգեղ երեւույթը կատարվել է Ղուբաթլուի գործկոմի ինչ-որ պաշտոնյայի կողմից երեսունից ավելի զինված բանդիտների միջոցով: Վերջերս այդ հարցին ավելի սուր բնույթ է տրվել Քյուրդեստանի գործկոմի կողմից եւ անտառն սկսել են անխնա կտրել» (ֆ. 112, ց. 1, գ. 62, թ. 134-135): Ցավալիորեն ծանոթ պատկեր, որն անփոփոխ սցենարով կրկնվում է արդեն 70 տարի:
Անդրկենտգործկոմիՙ Զանգեզուրի եւ Քուրդիստանի գավառների վիճելի հարցերի լուծման հանձնախմբին ուղղված մեկ ուրիշ փաստաթղթից իմանում ենք, որ Գորիսի սակավ անտառներին աչք տնկողներն իրենց պահանջները «հիմնավորում» են նրանով, որ անտառն իրենց պետք է որպես... շինանյութ, այն դեպքում, երբ «հենց Քուրդիստանում կան մի քանի տասնյակ հազար դեսյատին հրաշալի անտառային զանգվածներ, որոնք լիովին կբավարարեն ոչ միայն Քուրդիստանին, այլեւ Ադրբեջանի բոլոր գավառներին» (ֆ, 112, ց. 1, գ. 62, թ. 129-130):
Այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ նույնիսկ զանազան երկրաչափները կարող էին իրենց կամոք տնօրինել հայոց հողը: 1929 թ. օգոստոսին Հայկենտգործկոմին հղած գրությամբ հողժողկոմի տեղակալ Վ. Մամիկոնյանն ու հողվարչության պետի տեղակալ Խ. Ավդալբեկյանը հայտնում են, որ «Անդրկենտգործկոմի հողհանձնաժողովի երկրաչափ Չերսկին... Արազդայան գյուղից կտրել եւ Նախիջեւանի հանրապետության սահմաններին է կցել Արազդայանում հաստատված գաղթականների փաստացի օգտագործման տակ գտնված հողերից 12 հեկտար տարածություն:
...Երկրաչափ Չերսկու սահմանագծումից հետո հողային միանգամայն անտանելի դրություն ստեղծվեց Արազդայանում հաստատված չափազանց սակավահող նոր բնակչության համար:
...Խնդրում ենք Անդրկենտգործկոմի միջոցով Արազդայանի շրջանում վերականգնել տալ այն սահմանը, որ տեղում ընդունված է եղել ընկ. ընկ. Հ. Սուլթանովի եւ Ա. Երզնկյանի կողմից» (ֆ. 112, ց. 2, գ. 199, թ. 17):
Այս ամենն արվում էր ոչ միայն մեր հարեւաններիՙ հափշտակելու բնազդական պահանջից, այլեւ քաղաքական ու ռազմավարական հեռահար նպատակներով: Այլապես ինչո՞վ բացատրել, որ Ադրբեջանը ցանկանում էր տնօրինել նաեւ Գորիս -Ղափան ճանապարհը, որը նրա հետ ոչ մի կապ չուներ: Նույն փաստաթղթից պարզվում է նաեւ, որ «Ղուբաթլուի եւ մյուս շրջանների բնակչությունը անցյալ տարի որոշել էր միանալ Զանգեզուրի գավառին, որի մասին էլ հեռագրեր էին հղվել Ադրբեջանի Կենտկոմ եւ Ադրբեջանի Կենտգործկոմ» (ֆ. 112, ց. 1, գ. 62, թ. 129-130):
Բայց վերաձեւումները սրանով ոչ թե ավարտվում, այլ՝ միայն նոր էին սկսվում: 1924 թ. հուլիսի 11-ին Ա. Երզնկյանի եւ Մ. Բաղիրովի միջեւ կայացած համաձայնությամբ որոշվում է վերջնականապես «ճշգրտել» Հայաստանի սահմանները եւ ստեղծվում է Զանգեզուրի եւ Քրդստանի սահմանները որոշող հանձնաժողովՙ Անդրկենտգործկոմի լիազոր Յու. Կոչետկովի , Ադրբեջանի Կենտգործկոմի ներկայացուցիչ, ոչ անհայտ Ասադ Կարաեւի եւ Հայաստանի հողժողկոմատի ներկայացուցիչ Ակսել Բակունցի մասնակցությամբ:
Հանձնաժողովը 1925-ին շրջում է սահմանային գոտում եւ հողային վեճերի մասին հավաքում բողոքագրեր ու փաստաթղթեր: Այնուհետեւ, 1926 թ. սեպտեմբերի 11-ից վերսկսում է աշխատանքը: Ակսել Բակունցը, որը մինչեւ հոկտեմբերի 10-ը մասնակցել է սահմանագծմանը, հողվարչությանն ուղղված զեկուցագրում թվարկում է այն գյուղերն ու վայրերը, որոնք անցել են Ադրբեջանին: Զեկուցագիրն ինքնին մեծ հետաքրքրություն է ներկայացնում, բայց բավարարվենք միայն մի քանի հատվածով. «Առայժմ ձեռքի տակ չունենալով թվական տեղեկություններ եղած վիճելի տարածության մասին, ինչպես եւ այն մասին, թե այս վիճելի տեղերից քանի դեսյատինն է անցել այս կամ այն կողմը նոր սահմանագծումից հետո, այժմ միայն մի ընդհանուր եզրակացություն կարելի է հայտնել, այն է, որ զիջող եղել է մեծ մասամբ Զանգեզուրը: ...Հիմնական թերությունն այդ աշխատանքի այն էր, որ հողհանձնաժողովը սահմանն անցկացնելիս ի նկատի չէր առնում ոչ երկու կողմի հողերի քանակը, թե այս կամ այն գյուղը ինչքան հող ունի, ինչ կապեր ունի հարեւան շրջանների կենտրոնների հետ, տնտեսապես ավելի շատ դեպի ո՛ր շրջանին է ձգտում եւ այլն:
...Սահմանն անցկացնելիս մի ուրիշ արգելք էլ կար: Քյուրդիստանի գյուղերի մասին ճշգրիտ տեղեկություն չկար, հայտնի չէր ո՛չ նրանց բնակչության թիվը, եւ ո՛չ էլ հողերի քանակը: Բացի այդ, սահմանն անցկացնելիս հիմք չընդունվեց երկու կողմի գյուղերի հողերի նորման, արդյունքը եղավ այն, որ Զանգեզուրին անցնող գյուղերը մնացին հողի նվազ նորմայով:
Մի ուրիշ հանգամանք: Սահմանին կից թուրքական գյուղերն ունեն գյուղակներՙ կազմված 5-8 տնից: Այդ գյուղակները խանգարում էին սահմանագծման աշխատանքին: Ցանկանալով միանալ Քյուրդիստանին, այդ գյուղակները պահանջում էին սահմանագիծը գյուղից որոշ հեռավորության վրա դնել, այդ դեպքում վիճելի հողերի մեծ մասն անցնում էր նրանց կողմը» (ֆ, 123, ց. 1, գ. 1321, թ. 6 -7):
Բայց կրկին վերադառնանք Հայաստանի 1927 թ. քարտեզին, ըստ որի ՀԽՍՀ ներկայիս Կարմիրի շրջանի Արծվաշեն (Բաշքենդ) գյուղը ոչ թե կղզիացած է, այլ թերակղզու նման միացած է նրան: Այն Հայաստանին է միացած նաեւ Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի Անդրկովկասյան Հանրապետությունների սահմանային փոփոխություններին վերաբերող որոշմամբ: Ըստ այդ փաստաթղթի առաջին կետիՙ Ղազախի եւ Դիլիջանի (որի մեջ էին մտնում ներկայիս Իջեւանի, Նոյեմբերյանի, Շամշադինի եւ Կարմիրի շրջանները) գավառների միջեւ սահմանները «ճշգրտվում» են հետեւյալ կերպՙ Շինիխ-Այրում կոչվող ողջ տարածքը (11 հազար 659 դեսյատին) հանձնվում է Ղազախին: Այս փոփոխությունից հետո հայկական Արծվաշեն (Բաշքենդ) գյուղը կտրվում է Հայաստանից: Կրկին ծագում է ճակատագրական հարցըՙ ինչպե՞ս անել, որ «ե՛ւ գայլերը կուշտ լինեն, ե՛ւ ոչխարները ողջ»: Եվ գտնվում է հերթական «փոխզիջումների» ուղին: Որոշվում է «հաշվի առնելով այն, որ հայկական Բաշքենդ գյուղը նրան հատկացված հողերի հետ միասին հանդիսանում է Հայկական ԽՍՀ-ի բաղկացուցիչ մասը եւ վերոհիշյալ սահմանափոխումների հետեւանքով կանցնի Ադր. ԽՍՀ Ղազախի գավառի տարածք, վերջինիս անցնող Շինիխ-Այրումի շրջանի հարավային մասից Բաշքենդ գյուղին հատկացնել հողի շերտ (ամառային արոտավայրեր), որը տարածքորեն կկապեր այդ գյուղը Հայկական ԽՍՀ Դիլիջանի գավառին» : Թե ե՞րբ զավթվեց Արծվաշենը Հայաստանին կապող տարածքը, ինձ անհայտ է. համենայնդեպս 1934 թ. քարտեզներում այն դեռեւս միացած էր Հայաստանին, իսկ Խորհրդային մեծ հանրագիտարանի առաջին հատորում (Մոսկվա, 1949) հրատարակված Ադրբեջանական ԽՍՀ եւ երրորդ հատորում (1950) զետեղված Հայկական ԽՍՀ քարտեզների վրա այն արդեն կղզիացած է: Ուրեմն հանրապետության այս նոր բզկտումը տեղի է ունեցել 1934-49 թթ. ընթացքում:
Այդ թվերին Հայաստանի քարտեզներին հայտնվել են նաեւ երեք խոռոչներ: Ամեն անգամ տարակուսանքով եմ նայում Հայաստանի քարտեզի այն օղակված տարածքներին, որոնք գտնվելով Հայկական ԽՍՀ-ում, սահմանազատված են եւ սլաքով նշված, որ պատկանում են Ադր. ԽՍՀ-ին: Դրանցից մեկը Արարատի շրջանում է եւ ենթարկվում է Նախիջեւանի ԻԽՍՀ-ին, երկրորդըՙ Իջեւանի շրջանում, երրորդըՙ Իջեւանի եւ Նոյեմբերյանի շրջանների սահմանագլխին: Որքան էլ ճգնենք, միեւնույն է, չենք կարող բացահայտել այն սկզբունքը, որով առաջնորդվել են այս նոր վերաձեւման հեղինակները: Եթե նույնիսկ մտածենք, որ ելակետը եղել է բնակիչների ազգային պատկանելությունը, ապա Ադր. ԽՍՀ եւ Նախիջեւանի ԻԽՍՀ-ն սահմանամերձ գոտու բազմաթիվ հայկական հազարմյա գյուղերը նման մոտեցման դեպքում պետք է տասնյակ օղակների մեջ առնվելով միանային Հայաստանին: Այնպես որ, ստալինյան բռնատիրական քաղաքականությունը շարունակ սպիտակ բծեր է թողել Հայաստանի քարտեզի վրա:
Թե ինչ քաղաքական ծրագրեր են հետապնդել Հայաստանը բզկտողները, այժմ դյուրին է գուշակել: Այն առավել որոշակիացավ հանրապետության բլոկադայի օրերին, երբ Իջեւանի շրջանում գտնվող, բայց չգիտես ինչու Ադրբեջանին ենթարկվող Բարխուդարլու կայարանն իր տերերի անբարոյական քաղաքականությանը հավատարիմ փակել էր Հայաստանին ուղարկվող բեռների ճանապարհը:
Լրագրային հոդվածի սահմաններում, հասկանալի է, անհնար է անդրադառնալ Հայաստանից զավթված բոլոր հողակտորներին: Վերջում նշենք մի կարեւոր հանգամանք եւս: Եթե 1927 թ. հանրապետության տարածքը եղել է 30 հազար 247,6 քառ. կմ, ապա այժմ այն 29 հազար 742.5 քառ. կմ է: Բնական չէ՞ ենթադրել, որ այդ 505.1 քառ. կմ կորուստը պետք է փնտրել հենց հանրապետության սահմանների հիշյալ վերաձեւումների մեջ: Համեմատության համար նշենք, որ ՀԽՍՀ Մասիսի շրջանն ընդամենը 169 քառ. կմ է, Նաիրիի շրջանը` 303, Էջմիածնինը` 377, Սեւանինը` 389 քառ. կմ: Ասենք նաեւ, որ Ադրբեջանական ԽՍՀ-ն 1926 թ. եղել է 85.363 քառ. կմ, 1949-ին` 85.700 քառ. կմ, իսկ 1970-ին 86.600 քառ. կմ (Խորհրդային մեծ հանրագիտարան, հ.1):
Նույն տեղում (էջ 247) նշված է նաեւ, որ Կասպից ծովի մակարդակի անկման շնորհիվ Ադրբեջանական ԽՍՀ-ն մեծացել է 3.5 հազար քառ. կմ-ով: Փորձենք թվաբանական պարզ գործողությամբ գլուխ հանել թվերի այս խառնաշփոթից: Անօգուտ է: Կրկին հարց է ծագում, իսկ ի՞նչ եղավ ՀԽՍՀ 505.1 քառ. կմ, եթե հայտնի է, որ Հայաստանը ծովափնյա երկիր չէ եւ ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով 505.1 քառ. կմ տարածքը չէր կարող ջրատակ լինել: Մի բան պարզ է, որ օրը ցերեկով Հայկական ԽՍՀ-ն խորհրդավոր կերպով փոքրացել է, իսկ Ադրբեջանական ԽՍՀ-ն` մեծացել:
Ահա այսպիսի գլուխկոտրուկների առջեւ ես կանգնում, երբ մեր ընդդիմախոսների «տարածքային պահանջների», «տարածքային փոփոխությունների» եւ «սահմանների վերաձեւումների» մասին անվերջ շաղակրատանքներից դրդված բաղդատում ես Հայաստանի տարբեր տարիների քարտեզները:
Սերգեյ Վարդանյան
«Խորհրդային Հայաստան» օրաթերթ, 1989 հոկտեմբերի 18, թիվ 224, էջ 3
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից