ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության արդյունավետությունը. Արարատ Միրզոյան 09/01/2021 22:14 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույց է տվել «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև.
Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի նոր կառավարության արտաքին քաղաքական կուրսը։ Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության տրամադրվածությունը: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ր երկու երկրների միջև անվստահության շրջան, և հաջողվե՞ց այն հաղթահարել:
Հայաստանի Հանրապետությունը վարում է կանխատեսելի, կայուն և հուսալի արտաքին քաղաքականություն։ Երևանը բազմիցս՝ և՜ խոսքով, և՜ գործով, ի ցույց է դրել իր հետևողականությունը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդները կշարունակեն դարավոր բարեկամության, փոխվստահության, թափանցիկության և լիարժեք ըմբռնման վրա հիմնված բարի ավանդույթները:
Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարության՝ վերջերս հաստատված ծրագրում ևս մեկ անգամ վերահաստատվում է բոլոր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների գործնական ամրապնդման պատրաստակամությունը: Մենք կշարունակենք ընդլայնել և խորացնել միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով մեր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ:
Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կհարստացնենք նաև մեր համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում նոր ձեռքբերումներով, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխհամագործակցության դրսևորումներով և անվտանգության, ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում զգալի առաջընթացով:
Որքանո՞վ է իրատեսական տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հնարավո՞ր է, արդյոք, որ այդ փաստաթղթում ներառվի միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթ։
Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հայտնի սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները հանդես են եկել մի շարք հայտարարություններով: Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզ են:
Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, առաջին հերթին՝ բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման վերաբերյալ, Ադրբեջանի ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային կեղծ նկրտումները և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական իշխանությունների մշտական ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը նպաստող մթնոլորտի հաստատմանը:
Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը:
Ե՞րբ կսկսվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման բանակցությունները: Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը, թե այդ գործընթացում կներգրավվեն Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրները, կամ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն։
Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։ Այս պահին ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքներն ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ հրաժարվելու միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտմամբ արհեստական օրակարգ նախաձեռնելու քաղաքականությունից: Եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար։
Նշված բանակցություններն ընթանում են ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ, և մենք հույս ունենք, որ այդ հարցի լուծումը հնարավոր կլինի այնպիսի քննարկումների ընթացքում, որի պարագայում Ձեր կողմից նշված կառույցներին դիմելու անհրաժեշտություն չի լինի:
Մշակվում է արդյո՞ք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ մակարդակով գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը:
Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն են։ Մենք ողջունում ենք այդ կապակցությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ:
Բոլորի համար ակնհայտ է, որ ուժի կիրառումը որևէ կերպ չի կարող լինել հակամարտության կարգավորում, որի վերջնական, համապարփակ և կայուն լուծումը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակված՝ կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների վրա։ Եվ սա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որոնք հանդես են գալիս համանախագահության միասնական ձևաչափում։ Դա միջազգային հանրության դիրքորոշումն է։
Հայաստանի կառավարության ղեկավարն առաջարկել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների հենակետեր և ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Ընթանում են արդյո՞ք կոնկրետ բանակցություններ այդ առաջարկների շուրջ։ Արդյո՞ք ռուսական կողմը հետաքրքրություն է հայտնել այդ հարցի առնչությամբ։
Այս տարվա մայիսի 12-ից մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները մուտք գործեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը լի է պայթյունավտանգ հետևանքներով։ Դա անթույլատրելի է, և իրավիճակը պետք է լուծվի Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրս բերմամբ։
Այս համատեքստում Հայաստանի համապատասխան սահմանամերձ շրջաններում սահմանապահների և դիտորդական առաքելության վերաբերյալ նախաձեռնությունները պետք է դիտարկել որպես ադրբեջանական կողմի ռազմատենչ նկրտումների զսպմանն ու արյունահեղությունից խուսափելուն ուղղված քայլ։
Արդյո՞ք հայկական կողմը ակնկալում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարացում։ Ընթանում են արդյո՞ք բանակցություններ ՌԴ խաղաղապահ զորակազմի անժամկետ տեղակայումն ապահովելու նպատակով:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում առանցքային դերակատարություն է ունեցել Ռուսաստանը, որի անմիջական ներգրավվածության արդյունքում 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր մարտական գործողությունների դադարեցմանը:
Այդ հայտարարության համաձայն` խաղաղապահ զորակազմի տեղակայման 5-ամյա ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե կողմերից մեկը նախապես չհայտարարի այդ դրույթի իրականացումը դադարեցնելու իր մտադրության մասին: Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի կառավարության՝ օրերս հաստատված 2021-2026 թթ. ծրագրում։
Մինչդեռ, հարկ է նշել, որ Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը։
Ե՞րբ կարող է Ղարաբաղ ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը։ Բաքուն հայտարարում է, որ Հայաստանը դեմ է նման առաքելությանը և ամեն կերպ խոչընդոտում է դրան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունը ծագել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար: Ինչպես ռազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ մարտական գործողությունների և կրակի դադարեցումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների նկատմամբ դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ցուցումով:
Մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր, որ Ադրբեջանը երկար ժամանակ խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցը՝ միաժամանակ դրանում մեղադրելով Հայաստանին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտների ստեղծման պրակտիկան ու հարցի քաղաքականացումը շարունակվում է նաև հիմա։ Հիշեցնեմ, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։
Արցախի՝ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիք ունի` դրա պահպանությունը պատշաճ կերպով ապահովելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով: Հայաստանը շահագրգռված է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակաուղղված ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ