ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի. Ղազարյան 04/02/2021 10:11 | Մեկնաբանություն
Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Վերջին շրջանում պաշտոնական մակարդակում տեղեկություններ են տարածվում, ըստ որի վարչապետի պաշտոնում հայտնված անձը նախաձեռնել է արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացում։ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ արտահերթ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն քաղաքական այնպիսի ճգնաժամի առկայության դեպքում, երբ վարչապետի հրաժարականից կամ Ազգային ժողովի կողմից նրան պաշտոնանկ անելուց հետո, Ազգային Ժողովը չկարողանա երկու անգամվա հնարավորությունից ընտրել ՀՀ նոր վարչապետ։ Ակնհայտ է, որ դեռևս վարչապետը հրաժարական չի ներկայացրել, տեղի չի ունեցել վարչապետի թեկնածության առաջադրում ԱԺ խմբակցությունների կողմից, դա չի իրականացվել երկրորդ անգամ, հետևաբար, այդ պայմաններում խոսել արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, արդեն իսկ վկայում է հանցավոր համաձայնությունների հետևանքով պետական իշխանությունը զավթելու և պաշտոնական դիրքն այդ նպատակով օգտագործելու ենթադրյալ հանցագործության փաստի մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նույնիսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության օրը՝ 2021 թվականի հունիսի 20-ը, ինչը մեկ այլ ապօրինության փաստացի դրսևորում է, քանի որ ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ «Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը»։
Այսինքն դա Հանրապետության նախագահի բացառիկ սահմանադրական իրավասության խնդիր է, որն ապօրինաբար յուրացվել է վարչապետի կողմից։ Ընդ որում այդ հայտարարությունը տեղի է ունեցել երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, երբ ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում»։ Սա էլ Սահմանադրությունը խախտելու մեկ այլ փաստի արձանագրում է։ Հարկ է նկատել, որ Ազգային ժողովի կողմից ռազմական դրությունը չեղարկվել է այդ հայտարարությունից հետո, ընդ որում ոչ թե կառավարության, այլ ընդդիմադիր պատգամավորական խմբակցությունների նախաձեռնությամբ։ Այսինքն, ռազմական դրությունը սահմանվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության, իսկ չեղարկվել է ոչ թե կառավարության, այլ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ` այն էլ ոչ թե հաշվի առնելով դրա սահմանադրական հիմքերը (որոնք վաղուց վերացել են), այլ քաղաքական գործոնները՝ նոր ընտրություն կազմակերպելու հնարավորության ստեղծումը։
Հատկանշական է, որ արտահերթ ընտրության գնալու հանցավոր համաձայնության պատասխանատվությունն իրենց վրա վերցրել են նաև խորհրդարանում մինչ այժմ իրենց ընդդիմադիր համարող երկու քաղաքական ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները (համանուն խմբակցությունները) ևս։ Ավելորդ է խոսել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության գոյության մասին, քանզի նրանց փոխարեն բոլոր որոշումները կայացվում են վարչապետի կողմից (ինչն իր հերթին իշխանությունը յուրացնելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ է պարունակում)։ Իհարկե, դեռևս կարելի է հույսեր փայփայել, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, գիտակցելով ենթադրյալ հանցագործությանը մասնակցություն ունենալու վտանգավոր հեռանկարը, զերծ կմնան, այսպես կոչված, «քաղաքական պայմանավորվածություններից» և կիրացնեն իրենց սահմանադրական իրավունքները և գործուն քայլեր կիրականացնեն վարչապետի հրաժարականը ոչ միայն պահանջելու, այլև խորհրդարանում առկա բոլոր քաղաքական ուժերի համար ընդունելի վարչապետի թեկնածու առաջադրելու և ընտրելու ուղղությամբ։
Հակառակ պարագայում, մինչ այժմ ներկայացված «քաղաքական պայմանավորվածություն» կոչվող հանցավոր սխեման ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կրելու է ձևական բնույթ, այսինքն, պաշտոնապես նա կհայտարարի դրա, մասին, ու կշարունակի մնալ իբրև վարչապետի պաշտոնակատար, իսկ խորհրդարանում չի առաջադրվի վարչապետի թեկնածու (կամ եթե առաջադրվի չի ընտրվի), որից հետո խորհրդարանը կարձակվի օրենքի ուժով, կկազմակերպվի Ազգային ժողովի նոր ընտրություն, իսկ Նիկոլ Փաշինյանը կշարունակի մնալ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ էության, նույն լիազորություններով մնալով իշխանության ղեկին, նա վարչական ռեսուրսի կիրառման և այլ ապօրինությունների միջոցով
(որոնց մի մասն արդեն իսկ գործի էին դրվել 2020 թվականի Սահմանադրական հանրաքվեի նախօրեին, ինչպես նաև հիմա՝ Արագածոտնի և Արմավիրի մարզերում չհայտարարված քարոզարշավի շրջանակներում)՝ ապահովելով նրա հանցավոր իշխանության վերարտադրությունը։
Այս սցենարի «ճարտարապետներին» խորը հիասթափություն է սպասվում, քանզի ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս հրաժարական ներկայացրած վարչապետին կատարելու վարչապետի պարտականությունները։ Ցավոք, նախկինում դա կիրառություն է ունեցել (հենց Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում այդ կարգավիճակում պաշտոնավարելով), բայց ապօրինի նախադեպը չի կարող հիմք հանդիսանալ նոր ապօրինություն կատարելու համար։
Հիմա փաստերով և իրավական հղումներով։ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը»։ Այդ պարագայում վարչապետի հետագա պաշտոնավարումը, որպես ժամանակավոր պաշտոնակատար դիտարկողները, հավանաբար, հենվում են Սահմանադրության այն ձևակերպման վրա, որ «Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը», սակայն նրանք, հավանաբար, հաշվի չեն առնում այն իրողությունը, որ վարչապետը ՀՀ կառավարության անդամներից ունի հստակ տարբերվող սահմանադրական կարգավիճակ, և նրա հրաժարականի դեպքում, պարտականությունների կատարումը վերաբերում է բացառապես կառավարության անդամներին, այլ ոչ երբեք վարչապետին։ Եվ դա խիստ տրամաբանական է, քանզի հրաժարական ներկայացրած պաշտոնյան ինչպե՞ս կարող է պաշտոնավարել։ Այդ իմաստով կարևոր է ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածի այն ձևակերպումը, ըստ որի Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է
Կառավարության հրաժարականը։ Դա ամրագրված է նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով։ Այսինքն՝ Նախագահն աներկբա պարտավոր է ընդունել վարչապետի հրաժարականը, իսկ դա նշանակում է, որ այդ պահից վարչապետն այդ պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունի, անհապաղ պետք է ազատի կառավարական շենքի իր աշխատասենյակը, կառավարական կեցավայրը, իրավունք չունի օգտվել վարչապետին հատկացվող տրանսպորտային միջոցներից, թիկնազորից (այլևս չի հանդիսանալու պետական պահպանության օբյեկտ), իրավունք չի ունենալու կատարել վարչապետի լիազորություններից բխող գործողություններ, ընդունել որոշումներ և այլն։ Մինչև Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրությունը վարչապետի լիազորությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը (ենթադրվում է տարիքով ավագը, տվյալ դեպքում՝ Մհեր Գրիգորյանը)։ Հատկանշական է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվում է, որ պետք է սահմանվի նաև վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում փոխվարչապետներից մեկի կողմից վարչապետին փոխարինելու կարգը։ Այսինքն օրենքով այդ փոխհարաբերությունները հստակ կանոնակարգված են։
Որպեսզի պարզ լինի ասվածի տրամաբանությունը, այն կարելի է ներկայացնել մեկ այլ օրինակով։ Եթե վարչապետի առաջարկությամբ նախագահի հրամանագրով որևէ նախարար (կառավարության անդամ) ազատվում է զբաղեցված պաշտոնից (այն է նախագահն ընդունում է նրա հրաժարականը կամ նա պաշտոնանկ է արվում), ապա տվյալ նախարարը չի շարունակում պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նախարարի նշանակում կատարելը, այլ անմիջապես դադարեցվում են նրա լիազորությունները։ Մինչև նոր նախարարի նշանակումը, նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախարարի տեղակալներից մեկը։ Նույն տրամաբանությունը գործում է նաև վարչապետի պարագայում։ Այսինքն, այն պահից, երբ նա հրաժարական է տալիս (կամ պաշտոնանկ է արվում և այլն) և նախագահն ընդունում է այդ փաստը, ապա վարչապետն այլևս պաշտոնավարելու որևէ իրավունք չունի։ Ինչ վերաբերվում է այն ձևակերպմանը, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը, ապա դա վերաբերում է կառավարության անդամներին, այսինքն նրանց, ովքեր հրաժարական չեն ներկայացրել։
Հակառակն անտրամաբանական կլինի։ Փաստորեն, կստացվի, որ մարդը չի ցանկանում պաշտոնավարել վարչապետի պաշտոնում (այլապես չէր ներկայացնի հրաժարական) բայց շարունակում է պաշտոնավարել։
Նույնը վերաբերում է ԱԺ կողմից վարչապետի ընտրության գործընթացին։ Եթե ԱԺ խմբակցությունները, ինչ-ինչ պատճառներով չեն առաջադրում վարչապետի թեկնածու, նշանակում է, որ նրանք տվյալ պահին չունեն այդ որոշումը և վարչապետի պարտականությունները պետք է կատարի փոխվարչապետներից մեկը, բայց ոչ երբեք նախկին՝ պաշտոնազրկված վարչապետը։
Հակառակ դեպքում, Ազգային ժողովը կրկին նույն անձին կառաջադրեր վարչապետի պաշտոնում և կընտրեր նրան։ Կամ, եթե Ազգային ժողովն առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի ընտրում վարչապետի պաշտոնում, նշանակում է չի ցանկանում այս կամ այն թեկնածուին տեսնել վարչապետի պաշտոնում, հետևաբար այդ անձն այդ կարգավիճակում պաշտոնավարելու և որոշումներ ընդունելու իրավունք չունի։
Եթե առաջնորդվենք ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածով, ըստ որի «Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից», ապա դա չի ենթադրում, որ կառավարությունում բոլոր պաշտոնյաներն ունեն նույն կարգավիճակը։ Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ տարանջատված են ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և կառավարության անդամների կարգավիճակային տարբերությունները ոչ միայն հիերարխիկ տեսանկյունից, այլև պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման փոխհարաբերությունների իմաստով։ Այսպես, ՀՀ վարչապետի ընտրության և նշանակման փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածով․ «Վարչապետի ընտրությունը և նշանակումը», իսկ կառավարության կազմավորման հարաբերություները կարգավորվում են ՀՀ Սահմանադրության մեկ այլ՝ 150-րդ հոդվածով․ «Կառավարության կազմավորումը»։ Նույնը վերաբերում է նաև վարչապետին և կառավարության անդամներին պաշտոնանկ անելու իրավահարաբերություններին, որոնք ունեն տարբեր իրավակարգավորման ռեժիմներ։
Վարչապետի և կառավարության անդամների կարգավիճակային տարբերություններն ընդգծված կերպով ներկայացված են նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով։ Մասնավորապես, այդ օրենքի 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներն առանձին-առանձին ներկայացնում է համապատասխանաբար վարչապետի, փոխվարչապետի և նախարարի կարգավիճակային տարբերությունները, նրանց իրավասությունների շրջանակները։
Իսկ հիշատակվող օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը բառացիորեն սահմանում է հետևյալը․ «Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում: Իրավունքի ուժով նշանակված Կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ վարչապետի նստավայրում»։ Այսինքն, երբ սահմանվում է, որ կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ, արդեն իսկ հստակ տարանջատվում է «վարչապետն» ու «կառավարության անդամը», որոնք չեն կարող նույնականացվել։ Այսինքն` նրանք ընդգրկված են կառավարության կազմում, մեկը որպես վարչապետ, մյուսը՝ կառավարության անդամ։ Իսկ Սահմանադրության նախատեսված դեպքում վարչապետի հրաժարականից հետո մինչև նոր կառավարության ձևավորումը շարունակում են պաշտոնավարել կառավարության անդամներ, ոչ թե վարչապետը։ Վարչապետն արդեն հրաժարական է տվել, իսկ նախագահն ընդունել ու ամրագրել է այդ փաստը։ Այստեղ երկրորդ կարծիք ունեցողներից բացառիկ ջանքեր են պահանջվելու այս պարզ ճշմարտությունը վիճարկելու համար։
Օրենքի 5-րդ հոդվածում ևս հստակորեն տարանջատված են «վարչապետ» ու «կառավարության անդամ» հասկացությունները։ Մասնավորապես, 5-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է․ «Վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով»։ Այսինքն, վարչապետը ներկայացնում է Կառավարության անդամի։ Ակնհայտ է, որ այս ձևակերպումը հուշում է, որ վարչապետը կառավարության անդամ չի հանդիսանում, այլ ղեկավարում է կառավարության, դրա անդամների գործունեությունը։
Ասվածն ամփոփելով՝ պետք է հստակ կերպով արձանագրել հետևյալը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին խոստացված հրաժարականից հետո, նախագահը Սահմանադրության ուժով, պետք է ընդունի այդ հրաժարականը և Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հրաժեշտ տալ վարչապետի պաշտոնին այնքան ժամանակ, մինչև Ազգային ժողովի կողմից նա ընտրվի վարչապետ (եթե, իհարկե, Ազգային ժողովը կկատարի նման ընտրություն)։ Իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե այդ ընթացքում Ազգային ժողովի կողմից որևէ թեկնածու չընտրվի ՀՀ վարչապետի պաշտոնում։ Այդ ողջ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնազրկվի և ստանա ՀՀ սովորական քաղաքացու կարգավիճակ, ինչն իրեն չի զրկում, արտահերթ խորհրդարանական ընտրության կայացման դեպքում (եթե իհարկե դրա անհրաժեշտությունը լինի), այդ ընտրությանը մասնակցելու հնարավորությունից՝ անշուշտ, առանց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակի, առանց թիկնազորի, առանց պետական ծառայողական մեքենաների և այլն։ Նա այդ ժամանակ ստիպված պետք է լինի ընտանյոք հանդերձ (ներառյալ Չալոն և վերջինիս մյուս ընկերները) կառավարական առանձնատնից տեղափոխվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իր կողմից հայտարարագրված բնակարան։
Վստահ եմ, որ ՀՀ սահմանադրության 130, 147, 149, 150, 152 և 158 հոդվածները, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը ևս մեկ անգամ ընթերցող ցանկացած ոք կարող է գալ այս համոզմանը》,֊գրել է Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից