ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան 03/26/2021 19:43 | Հարցազրույց
ԱԺ-ն ընդունեց ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող աղմկահարույց օրինագիծը։ Ինչ են մտածում դատավորներն այդ օրինագծի մասին, արդյոք դրանով հարվածի տակ չի դրվում դատարանների անկախությունը, խաթարում արդարադատության իրականացումը։
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։
- Պարոն Հարությունյան, ինչպես եք գնահատում ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագծի ընդունումը։
- Նախ` ասեմ, որ դժվար թե գտնեք գեթ մեկ դատավոր, կամ պրոֆեսիոնալ ու գերատեսչական շահեր չունեցող և անկախ իրավաբան, ով դրական կարծիք կարող է հայտնել նշված նախագծի մասին:
Մի քանի հանգամանք նշեմ միայն.
Նախագծի սկզբնական տարբերակում հեղինակները ԲԴԽ-ին ցանկանում էին տրամադրել լիազորություն, որ գործը վերցնի մի դատավորից ու փոխանցի հմուտ դատավորի (նշվածը կատակով անվանում ենք ՀԿԳ դատավորի ինստիտուտի ներդրում): Լավ է, որ այս ձևակերպումից հրաժարվեցին: Չի կարող լինել որևէ պաշտոնյա կամ ԲԴԽ անդամ, ով կարողանա իրավաչափ գնահատական տա ընթացիկ գործով դատավորի կիրառած հմտություններին և իր ճաշակով որոշի գործը վերցնել ու փոխանցել մեկ այլ դատավորի: Որքան էլ ազնիվ ու բարի մղումներ կամ շարժառիթներ լինեն, այն անթույլատրելի միջամտություն է:
Նախագծի վերջնական տարբերակում ներդրվել է մեկ այլ գաղափար, հրաժարվել են կոպիտ միջամտությունից, չհաշված անցումային դրույթները, սակայն փաստացի քողարկված մնացել է այդ «հմուտ կամ ՀԿԳ դատավորի» գաղափարը. Օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանվել է, որ ԲԴԽ-ն վարչական, քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի կամ բարդության գործեր:»
- Մասնագիտացումն ընդունված է նաեւ քննչական եւ դատախազական մարմիններում՝ հաշվի առնելով հանցատեսակները, սահմանադրական գործառույթների տեսակները։ Փաստորեն՝ մեզանում ներդրվում է մասնագիտացման նոր չափորոշիչ՝ բարդ ու թեթեւ գործերի, այսինքն տեսակավորելու են դատավորներին, թե որոնք են ունակ քննել բարդ գործերը, որոնք՝ ոչ։
-Այո, ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, դատավորների մասնագիտացում կա, կա նաև ենթամասնագիտացում (օրինակ՝ ես նախընտրել եմ և քննում եմ նաև կիբեռհանցագործությունների վերաբերյալ գործեր, մյուսը՝ անչափահասների վերաբերյալ և այլն), սակայն ինձ հայտնի չէ որևէ երկիր, որտեղ նույն կարգավիճակի ու նույն դատարանի դատավորները տարանջատվեն սովորական կամ թեթև գործեր քննող ու, ինչպես օրենքում է ձևակերպված, բարդ գործեր քննող դատավորների: Դժվար է պատկերացնել, թե արդյոք ԲԴԽ-ն կարող է որոշել կամ տարանջատել թեթև գործը բարդ գործից: Թե, դա, օրինակ, քրեական գործի տեսակի ինչ նոր դասակարգում է, ես չեմ կարող ասել: Քրեական գործի բարդության մասին նման չափորոշիչներ կենցաղային մակարդակից դուրս սահմանել հնարավոր չէ:
Պրակտիկայում հանդիպում են ոչ մեծ ծանրության հանցագործության, մասնավոր մեղադրանքի գործեր, օրինակ 118-րդ հոդվածով՝ ծեծի վերաբերյալ, որոնց քննությունը ամիսներ կամ տարի է տևել, եղել է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործ, մի քանի նիստով ավարտվել է:
Գործերի նման տարանջատումը բնորոշ է միայն նախնական քննությանը, այն էլ այն տարբերակով, երբ օրինակ, քննչականի պետը գործի բարդությունը կանխատեսելով քննիչների խմբին է այն հանձնարարում, բայց նույնիսկ քննիչների մասով, որևէ օրենքում չեմ հանդիպել որևէ ձևակերպման, թե կան բարդ գործեր քննող ու այլ քննիչներ:
Նույն եղանակով նշանակված դատարանի ու մասնագիտացում ունեցող դատավորների նման վերացական տարանջատման դեպքում արդյոք կարելի է պատկերացնել դատարան դիմած անձի վերաբերմունքը, երբ իր գործը մակագրեն «բարդ գործեր չքննող» դատավորի: Բնականաբար՝ նշվածը չի նպաստի դատարանների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը:
-Ներկայումս գործերի մակագրումը կատարվում է էլեկտրոնային համակարգով, որը ներկայացվում էր որպես կարեւոր ձեռքբերում, որը նվազագույնի է հասցվում մարդկային գործոնը՝ գործերի բաշխման գործընթացում, թե որ գործը որ դատավորը պետք է քննի։
- 2011 թ.-ին ներդրվեց գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը կամ ոչ ձեռագիր մակագրությունը, որից շատերը դժգոհում էին ժամանակին, սակայն այն համարվում է դատական բարեփոխումների համատեքստում նաև հակակոռուպցիոն շատ կարևոր ձեռքբերում: Հիմա խնդիրը հետևյալում է. Կամ պետք է հետ գնանք հին տարբերակին, ասենք, որ վստահում ենք դատարանների նախագահներին, գործերը ձեռքով մակագրեն իրենց ուզած դատավորներին կամ էլ այլևս ձեռնպահ մնանք զանազան ձևակերպումներ պարունակող հիշատակված միջամտություններից: Ընդ որում՝ ձեռագիր մակագրության միակ հիմնավոր ու օբյեկտիվ փաստարկն այն էր, որ ոչ թե համակարգիչն էր ծանրաբեռնվածությունը որոշում, բալանսավորում, այլ դատարանի նախագահը: Ամեն դեպքում գտնում եմ, որ պետք է առաջ գնանք, այլ ոչ թե՝ հետ:
- Փաստորեն, այս ԲԴԽ-ն կարող է մահակ դառնալ դատավորների գլխին։
- Հակված եմ չհավատալ, որ եթե նույնիսկ օրենքն ուժի մեջ մտնի, ԲԴԽ-ն նշված լիազորությունից երբևէ կօգտվի ու նման տարանջատում կանի նույն դատարանում աշխատող դատավորների միջև:
Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մեկ այլ խնդրահարույց դրույթի վրա, որը վերաբերում է դատական պրակտիկայի և վիճակագրության ամփոփման լիազորությունը՝ չսահմանելով հստակ նպատակ(նախագծի սկզբնական տարբերակից նպատակը հանվել է): Այն ինքնին խնդրահարույց չէր լինի, եթե չհետապնդի կամ չհանդիսանա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու առիթ այդ եղանակի կիրառմամբ: Դրա կիրառման բացասական փորձի ականատեսը շատերն են եղել:
- Ի դեպ, այս օրինագծի կարեւոր նորարարություններից է նաեւ ԲԴԽ-ին կարգապահական վարույթ հարուցելու իրավունքի ընձեռումը՝ ընդ որում քաղաքացիների, իրավաբանական անձանց բողոքի հիման վրա, Մեծամասամբ գործերն ունենում են երկու կողմ ու մեկը կարող է դժգոհ մնալ դատական ակտից ու հենց նրանց էլ վերապահվել է ապացուցման բեռը։
-Այո, պակաս խնդրահարույց կամ մտահոգիչ չէ Օրենսգրքի մասնավորապես 143-րդ հոդվածի փոփոխությունը, որով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը դրվել է նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի վրա, որը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ:
Ստացվում է, որ օրինակ, ֆիզիկական անձին, ով կարող է բնավ կաշկանդված չլինել մասնագիտական կամ տարրական էթիկայի կանոններով, վարույթի շրջանակներում ստանձնելու է «մեղադրողի» դեր՝ փորձելով հիմնավորել դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու հանգամանքը: Կարելի է արդյոք պատկերացնել դատական նիստում պաշտպանվող դատավորին մի կողմից, իսկ մյուս կողմում, օրինակ` ամբաստանյալին, կամ դատապարտյալին, ով ԲԴԽ-ի առջև պետք է հիմնավորի դատավորի ենթադրյալ խախտումը: Կամ հարցը դիտարկենք այլ՝ դիմողի իրավունքների տեսանկյունից. ֆիզիկական անձը, չունենալով մասնագիտական գիտելիքներ, կրելու է «մեղադրանքը» հիմնավորելու պարտականություն, բնականաբար կողմերի հավասարության մասին ու արդար դատաքննության մասին խոսք լինել չի կարող:
Պետք է նշել, որ այս տեսանկյունից հարցը այլ է, երբ «մեղադրանքը պաշտպանելու» կամ այլ կերպ՝ կարգապահական խախտումը հիմնավորելու պարտականությունն իրականացնում է մասնագիտական հմտություններ ունեցող, համապատասխան վարվեցողության էթիկայի կանոններով կաշկանդված արդարադատության նախարարության պաշտոնյան կամ առավել ևս դատավորների կարգապահական հանձնաժողովի անդամը, դատավորը:
-Պարոն Հարությունյան, ստացվում է՝ «մեղադրողի» դերում լինում են այն անձինք, որոնց վերաբերյալ որոշում պետք է կայացնի դատավորը։ Այսպիսով՝ վերջինս արդարադատություն իրականացնելիս նաեւ պետք է մտածի կողմերին «չնեղացնելու» մասի՞ն։
- Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, երբ քաղաքացին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի շրջանակներում ուղղակիորեն, ոչ միջնորդավորված «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի: Նման երևույթ չկա ոչ միայն միջազգային պրակտիկայում, այլև չկա ներպետական կառավարման մարմինների որևէ այլ ոլորտում, թե դատախազությունում, թե քննչական ու այլ իրավապահ համակարգերում: Առավել ևս նման ընթացակարգերի ներդրումը չէր կարող լիներ արդարացված դատական համակարգում:
Այս ամենի համատեքստում ևս մեկ կարևոր հարց է ծագում. Դիմող անձն է ձևակերպելու այն մեղադրանքը, որից պաշտպանվելու է դատավորը, թե՝ ԲԴԽ-ն, իսկ պատշաճ կազմված մեղադրանքի բացակայությունը ինքնին պաշտպանության իրավունքի խախտում է:
- Նման փոփոխություններ իրականացնելիս արդյո՞ք օրենսդիրն այդ հարցերը քննարկել է մասնագետների, դատավորների հետ՝ հաշվի առնելով, որ նշված փոփոխություններն անմիջականորեն դատավորներին են վերաբերում։
-Մասնագիտական շրջանակների կողմից անշուշտ շատ է խոսվել ԲԴԽ-ի կողմից վարույթ հարուցելու լիազորություն մասին: Ինչ է ստացվում. Կարգապահական վարույթի շրջանակներում արդարադատություն իրականացնողները, միևնույն ժամանակ կամ մի մասով իրականացնելու են նաև մեղադրանքի պաշտպանություն: Դրան զուգահեռ էլ մեկ այլ կարևոր հարց է ծագելու, թե դա ինչ կանոններով դատավարություն է լինելու, որ կարողանա իր մեջ պարունակել արդար դատաքննության բաղադրատարրեր: Պարզեցնեմ օրինակով՝ մեղմ ասած դժվար կլինի օրվա կեսը իրականացնեմ արդարադատություն ու գնահատման ենթարկեմ նույն շենքում աշխատող կոլեգա դատավորների մեղադրական դիրքորոշումները, իսկ օրվա մյուս կեսին՝ կամ մի ժամ հետո, այդ դատավորները արդարադատություն իրականացնեն իմ մեղադրական կարծիքի վերաբերյալ: Հարց է ծագում, դատարան դիմած քաղաքացին նման պայմաններում կարող է արդյոք մեծ ցանկության դեպքում վստահել մեզ:
Բայց տվյալ դեպքում խնդիրն ավելի բարդ է, այս նախագծով ստացվում է, որ կարգապահական վարույթ հարուցած, մեղադրական կարծիք ունեցող ԲԴԽ անդամները այդ նույն գործով շարունակելու են դատարանի կազմում արդարադատություն իրականացնել:
Օրինակ՝ եթե փաստաբանը, քննիչը կամ դատախազը որևէ գործով դիրքորոշում են հայտնել և հետագայում դարձել են դատավոր, պարտավոր են ու պրակտիկայում մշտապես հայտնում են ինքնաբացարկ:
Եթե այս երևույթը նորմալ համարենք, ապա պետք է փաստենք, որ տվյալ դեպքում համընդհանուր ճանաչում ու կիրառություն ստացած, դարերի խորքից եկող ճշմարիտ լատիներեն կանոնը («Որևէ մեկը չի կարող լինել իր գործով դատավոր») այլևս չի գործելու, և ստացվելու է, որ «ԲԴԽ անդամները կարող են լինել իրենց գործով դատավոր»:
Նշեմ, որ հատկապես այս նախագծի փաթեթի վերաբերյալ գործընկերները՝ դատավորները, փաստաբանները ու իրավունքի ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ, արդարադատության նախարարությունը բացասական կարծիքներ էին հայտնել, որոնք փաստացի հաշվի չեն առնվել՝ չհաշված կոպիտ ձևակերպումները: Անձամբ ես կարծիք չէի հասցրել ներկայացրել նախագծի սկզբնական տարբերակի վերաբերյալ, քանի որ չէի մտածում, որ այն հավանության կարժանանա, բացի այդ էլ կրկնվում է, երբ սկզբնական նախագծի ու վերջնական տարբերակն ընդհանրապես միմյանց հետ կապ չեն ունենում: Կարծում եմ Սահմանադրական օրենքների փոփոխության դեպքում պետք է հնարավորություն ստանանք նաև կարծիքներ հայտնել վերջնական լրամշակված տարբերակների վերաբերյալ: Համոզված եմ բոլորին էլ օգտակար կլինի:
- Նախագծի հեղինակները իրավաբաններ էին ու ենթադրվում է, որ հասկացել են, թե ինչ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում իրենց իսկ ներկայացրած նախագիծը։ Ձեր կարծիքով՝ ինչու այն ընդունվեց, ինչ նպատակ է հետապնդում ։
- Ինչպես նշել եմ, չեմ կարծում, թե այս փոփոխությունը կարող են պաշտպանել խորը իրավաբանական գիտելիքներ ունեցող ու դատարանների անկախության եվ վստահության բարձրացման համար ջատագով իրավաբանները:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ