ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավարտվել է Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստան 03/09/2021 22:58 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում: Մոսկվայում Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ: Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ակտիվիստները հանդիպմանը ներկայացրել են այս տարի իրականացվելիք ծրագրերը:
Այնուհետև Գլխավոր հանձնակատարը նրանց մանրամասնել է մեր գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, որից հետո երիտասարդները բազմաթիվ հարցեր են հղել Զարեհ Սինանյանին: Հարցերը վերաբերել են Հայաստանի քաղաքական իրադրությանը, հայրենադարձության և զբաղվածության հնարավորություններին, սփյուռքում հայոց լեզվի պահպանմանը, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք կարող են օգտակար դառնալ Արցախին:
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը այցելել է Լազարևների անվանի թիվ 2042 դպրոցում, որտեղ հայերենը որպես օտար լեզու է դասավանդվում: Զարեհ Սինանյանի հետ զրույցում շեշտվել է, որ հայերենը Ռուսաստանում մայրենի լեզուների ցանկում չէ, ինչը խոչընդոտում է երկրի տարածքում հայերենով գրքերի հրատարակմանը: Զարեհ Սինանյանն իր այցի ընթացքում այս խնդիրը ևս մեկ անգամ բարձրաձայնել է պատկան մարմինների հետ հանդիպումների ընթացքում: Այդ իրավիճակից ելքը այսօր այն գրքերն են, որոնք անվճար Հայաստանից Ռուսաստան են տեղափոխվում, և տարբեր ազգությունների 700-ից ավելի երեխաների հնարավորություն տալիս հայերենը սովորել որպես երկրորդ օտար լեզու: Դպրոցը նաև աչքի է ընկնում երեխաների զարգացման համար կրթական և մշակութային բազմազան ուղղություններով:
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկվել են Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր: Կողմերը միաձայն էին, որ հետպատերազմական Հայաստանի և Արցախի զարգացման գործում մեծ է լինելու սփյուռքի դերը: Քննարկվել են նաև Ռուսաստանում հայերենի
դասավանդմանը և տեղի հայ համայնքին առնչվող մի շարք հարցեր: Գլխավոր հանձնակատարը անդրադարձել է գրասենյակի գործունեությանը, և մասնավորապես ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը մեծ հետաքրքրություն է ստացել: Փոխարտգործնախարարը ներկայացրել է Ռուսաստանում նմանատիպ ծրագրերը և ռուսական բուհերում հայերին տրամադրվող կրթաթոշակները:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այնուհետ հանդիպել է «Բարեփոխում և բիզնես» ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են պետություն-բիզնես-սփյուռք շղթային առնչվող հարցեր: Գործարար համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են Ռուսաստանում իրենց գործունեությունը, ասոցիացիայի նպատակներն ու առաքելությունը: Զրույցի հիմնական թեման էր Հայաստանի համագործակցությունը սփյուռքի, մասնավորապես՝ գործարար կազմակերպությունների հետ, առկա խնդիրներն ու բացերը: Զարեհ Սինանյանը կարևորել է ասոցիացիայի գործունեությունը, ինչպես նաև հետագա սերտ համագործակցության հույս է հայտնել:
Սարատովի շրջանի «Կռունկ» հայ համայնքն անցկացրել է հայ ակտիվիստների համառուսաստանյան համագումարը, որին Գլխավոր հանձնակատարը ևս մասնակցել է: Համագումարի գլխավոր թեման էր սփյուռքի միավորող բիզնես կառուցվածքի՝ Հայ ազգային համակարգի ներկայացումը։ Կազմակերպիչները Ռուսաստանի 29 քաղաքներից ժամանած հայկական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներին պատմել է այս համակարգի աշխատանքային կառուցվածքի մասին։ Գաղափարի հեղինակների կարծիքով՝ համակարգի հիմնական նպատակն է ստեղծել կենտրոնացված ֆինանսական ուժ Հայաստանին և Արցախին օգնելու և աջակցելու համար։ Նման նախագիծը մասնակիցների կողմից շատ հարցեր է առաջացրել, բայց ընդհանուր առմամբ, դրանք հստակեցնում էին համակարգի մեխանիզմի բնույթը։
Համաժողովի ավարտին Գլխավոր հանձնակատարը Սարատովի հայ համայնքի ղեկավարության հետ միասին շրջել է Սուրբ Աստվածածին նորակառույց հայկական եկեղեցու տարածքում։
Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում ցուցաբերած հսկայածավալ մասնագիտական աջակցության համար Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը երախտագիտություն է հայտնել նաև բժիշկների «Վիվա» բարեգործական հիմնադրամի անձնակազմին:
Հիմնադրամի հետ հանդիպումը տեղի է ունցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում: Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, և ներկաներին հատկապես հետաքրքրել է համահայկական առողջապահական ցանցը ու այդ համատեքստում գրասենյակի աշխատանքը: Ցանցը սկսեց ավելի ակտիվ գործել, երբ անցած տարի գրասենյակի համակարգմամբ ամբողջ աշխարհից հայ բժիշկները համախմբվեցին Կովիդ-19-ի դեմ պայքարում: Կազմակերպվեցին ավելի քան 40 վեբինարներ աշխարհի լավագույն հայ մասնագետների մասնակցությամբ, Հայաստան ժամանեցին բժշկական խմբեր, որոնց մի մասը՝ պատերազմի ընթացքում: Նշենք, որ փետրվար ամսից «Վիվա» հիմնադրամի հետ համատեղ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղացի մասնագետների համար կազմակերպում է հոգեկան առողջության վերաբերյալ վեբինարներ:
Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ: Ասոցիացիայի նպատակն է աջակցություն ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց անկախ քաղաքացիությունից, ինչպես նաև համախմբել հայ իրավաբաններին սոցիալական և մասնագիտական հարթության մեջ: Ասոցիացիայի մասնաճյուղերը գործում են Ռուսաստանի 65 սուբյեկտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել է ասոցիացիայի և Հայաստանի պետական համակարգի միջև հնարավոր համագործակցությունը:
Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում բաց ձևաչափով հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Գլխավոր հանձնակատարի հետ հանդիպման մասնակցել են Մոսկվայի, Տվերի, Պսկովի, Օրենբուրգի, Դոլգոպրուդնիի, Պերմի և Պենզայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ Հնչել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերմանն առնչվող հարցեր։ Զարեհ Սինանյանը նշել է, որ այս ոլորտում նախատեսվում են բարեփոխումներ, օրինակ՝ քաղաքացիություն ստանալու ժամկետը գործող 3-6 ամսի փոխարեն կրճատել մինչև 3 ամիս։
Սփյուռքին և հայրենադարձության գործընթացին վերաբերող հնարավոր օրենսդրական և այլ իրավական փոփոխությունների հարցերի վերաբերյալ Գլխավոր հանձնակատարը ևս մեկ անգամ շեշտել է, որ գրասենյակը կարևորում է Հայաստանի Ազգային ժողովում սփյուռքի վերին պալատի ստեղծումը, ինչպես նաև ընթանում են աշխատանքներ «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի շուրջ։
Առաջին անգամ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ուրալի հայ համայնքներ, մասնավորապես՝ Տյումեն: Տեղի հայ համայնքի նախագահ Աբրահամ Հովեյանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է քաղաքում հայկական ամենահայտնի կենտրոնները: Տյումենում գործում են հայկական երկու մշակութային կենտրոններ, որոնցում 500 երեխաներ սովորում են հայերեն և հայոց պատություն, ստեղծագործում և վարում ակտիվ մշակութային կյանք:
200 պատանիներից կազմված «Նաիրի» պարային համույթը հայտնի է ամբողջ քաղաքում: Հայ համայնքն աչքի է ընկնում իր լայնածավալ գործունեությամբ, տեղի իշխանությունների հետ արդյունավետ աշխատանքով, հայ մշակույթի պահպանմամբ և զարգացմամբ: Զարեհ Սինանյանն այցելել է նաև Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ռուսաստան աշխատանքային այցի ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Եկատերինբուրգ քաղաք: Այցը սկսվել է համայնքային «Անի-Արմենիա» կազմակերպության հավաքով, որին մասնակցել են երիտասարդական շրջանակների ակտիվիստներ, հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներ և այլք: Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2021 թվականին գրասենյակի գործունեությունը և պատասխանել ներկաների հարցերին, որոնք վերաբերել են հայրենադարձությանը և Հայաստան-ռուսաստանյան սփյուռք նոր որակի համագործակցությանը:
Նշվել է, որ Եկատերինբուրգի հայ համայնքը առանձնանում է իր ակտիվ գործունեությամբ և ազգային ինքնության պահպանմամբ: Քաղաքում գործում է հայկական մակույթի կենտրոն, որը ներառում է հայերենի դասարան, պարային և երգի անսամբլներ: Համայնքի մասն է կազմում նաև Սվերդլովսկի մարզի հայ երիտասարդների միությունը, որը կազմակերպել է 400-ից ավելի միջոցառումներ: Մարզի համալսարաններից մի քանիսում բացվել են նաև հայագիտության կենտրոններ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել հայ մշակույթը ակադեմիական մակարդակում:
Հավաքից հետո Զարեհ Սինանյանը համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի հետ այցելել է Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցի, ինչպես նաև ազգությամբ հայ քանդակագործ Ալեքսանդր Սամվելի արվեստանոց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ