ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետի հարցազրույցն ամբողջությամբ 11/03/2020 20:25 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին: Հարցազրույցի ամբողջական տարբերակը ներկայացվում է ստորև:
The Jerusalem Post - Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար: Երկու կողմից էլ հարյուրավոր, հազարավոր զոհեր կան: Ինչպե՞ս է այս ամենն ավարտվելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ըստ էության, Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր տրամաբանությունից: Որովհետև խնդիրն առաջացել է հենց այն բանից, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում էր հարցը ռազմական ճանապարհով լուծելու տրամաբանությունը: Եվ երբ Ադրբեջանի համար պարզ դարձավ, որ սեփական միջոցներով չի կարողանալու այդ տրամաբանությունն առաջ մղել, ի՞նչ տեղի ունեցավ: Նա դիմեց Թուրքիայի օգնությանը, որն իր հերթին Սիրիայի՝ իր հսկողության տակ գտնվող տարածքներից Ադրբեջան է տեղափոխել հազարավոր վարձկանների: Որից հետո Թուրքիան, Ադրբեջանը, վարձկանները, ահաբեկիչները համատեղ հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի վրա:
Սա նկարագրում եմ՝ արձանագրելու համար իրավիճակի բարդությունը: Որովհետև, ինչպես տեսնում ենք, այստեղ մեկ սուբյեկտ չէ, որ ներգրավված է պրոցեսի մեջ: Եվ սրանով արդեն իրավիճակը շատ ավելի բարդանում է: Որովհետև հարցը այս ամենի պատճառով, իմ կարծիքով, դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի տրամաբանությունից: Որովհետև, էլի եմ ասում, այստեղ ներգրավված են վարձկաններ, ում ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, այլև Իրանն է հայտարարում, որ դա ընկալում է որպես սպառնալիք, Ռուսաստանն է հայտարարում, որ դա ընկալում է որպես սպառնալիք: Եվ թույլ տվեք ասել, իմ կարծիքով, Եվրոպայում և աշխարհում տեղի ունեցող վերջին շրջանի մի շարք իրադարձությունները, թեկուզ անուղղակիորեն, կապ ունեն այն զարգացումների հետ, որ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումների հետ:
Իսկ Ձեր հարցի պատասխանը կարճ հետևյալն է. Ադրբեջանը պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական նկրտումներից և պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու իր հայտարարած քաղաքականությունից:
The Jerusalem Post - Հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ: Ո՞վ քաշեց ձգանը այս պահին: Թուրքիա՞ն, ո՞վ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես արդեն, ըստ էության, ասացի նախորդ հարցին ի պատասխան, որ, այո, դա Թուրքիայի միջամտությունն է: Որի պատճառը դարձավ այն, որ Ադրբեջանը հասկացավ, որ ինքն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով սեփական ուժերով լուծել Ղարաբաղի հարցը: Եվ նա դիմեց Թուրքիայի օգնությանը: Թուրքիան էլ իր հերթին վարձկանների հավաքագրեց և տեղափոխեց Ադրբեջան՝ ունենալով սեփական քաղաքական շահը և նպատակները:
The Jerusalem Post - Կխնդրեի պարզաբանեք՝ դա Թուրքիայի՞, թե՞ Ադրբեջանի նախաձեռնությունն էր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, կարծում եմ, դա համատեղ նախաձեռնություն է: Ցանկանում եմ արձանագրել, որ մենք նախկինում ունեինք անուղղակի ապացույցներ վարձկանների ներգրավվածության վերաբերյալ, հիմա ունենք կոնկրետ ապացույցներ: Եվ այդ ապացույցները հետևյալն են՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը 2 վարձկան գերի է վերցրել: Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել՝ որ ինքն ապրելիս է եղել Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում, փախստականների ճամբարում: Պատմել է, թե ինչպես են իրեն հավաքագրել, պատմել է, թե որտեղ են իրենց ներգրավվել պրոցեսի մեջ, պատմել է, թե ինչպես են իրենք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով, բայց առանց որևէ հարցուփորձի: Դեռ մինչև սահմանն անցնելը նրանց անձնագրերը և բոլոր փաստաթղթերը հավաքել են: Հետո Թուրքիայի տարածքում տեղափոխել են ինչ-որ մի օդանավակայան, այդ օդանավակայանից թուրքական ինքնաթիռով տեղափոխել են մեկ այլ օդանավակայան, որտեղից էլ ադրբեջանական ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան՝ ընդ որում, այս ընթացքում չունենալով ոչ մի փաստաթուղթ: Նրանց ոչ ոք որևէ հարց չի տվել, թե ովքեր եք, ուր եք գնում և այդպես շարունակ: Նրանք, տեղափոխվելով Ադրբեջան, ամսական 2000 դոլար վճարի դիմաց ներգրավվել են որպես վարձկան: Այսպիսի հազարավոր վարձկաններ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա:
The Jerusalem Post - Ովքե՞ր են այդ մարդիկ, նրանք իսլամիստնե՞ր են, ովքե՞ր են նրանք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ենթադրաբար մի մասը ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչներ են, մյուս մասը՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող Սիրիայի տարածքի բնակիչներ, ովքեր գումարի դիմաց ներգրավվել են այս գործընթացում:
The Jerusalem Post – Կխնդրեի ասեք՝ որքանո՞վ եք մտահոգված այն առումով, որ սա կարող է վերաճել տարածաշրջանային լայնածավալ առճակատման՝ ներառելով Ռուսաստանը, Թուրքիան, կամ միգուցե Իրանը: Կա՞ հավանականություն, որ այն կպայթի հենց հիմա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես չեմ կարող ճշգրիտ կանխատեսում անել: Բայց արդեն ասացի, որ և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, և՛ Ռուսաստանը հայտարարել են, որ վարձկանների ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է իրենց անվտանգությանը: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Ղարաբաղի պատերազմը մեկնարկելուց հետո մենք Հյուսիսային Կովկասից՝ Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություններից, լսեցինք ահազանգեր, որ ռուսաստանցի իրավապահ մարմինները չեզոքացրել են ահաբեկիչների խմբերի, որոնք ներթափանցել են արտերկրից, որոնք ներթափանցել են Սիրիայից: Եվ այդտեղ թափանցիկ ակնարկ կար, որ դրանք հենց այս վարձկանների խմբերն են, խմբերի ներկայացուցիչներն են, որոնք ներթափանցել են Ռուսաստանի տարածք: Իրանն այս իրավիճակի շուրջ չափազանց մտահոգված է:
Գործնականում պատերազմը միշտ էլ անկանխատեսելիության որոշակի տարր պարունակում է: Եվ որևէ մեկը չի կարող ասել, թե մենք 100 տոկոսով կարող ենք կանխատեսել, թե ինչպիսի շրջանակներում կմնա սա: Բայց մեծ հաշվով այստեղ ավելի կարևոր է հետևյալը՝ այս մեխանիզմը, որի մասին ես խոսեցի, և որն արդեն իսկ հիմնավորվում է կոնկրետ փաստերով, որպես մեխանիզմ այլևս կոնկրետ գործող մեխանիզմ է, որը կարող է գործել աշխարհի ամենատարբեր մասերում:
Եվ ես պատահական չասացի: Սա Թուրքիայի վարած քաղաքականությունն է և այն քաղաքականության շարունակությունը, որ նա վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Հասկանո՞ւմ եք՝ բոլորովին նոր մեխանիզմ է սկսել աշխատել: Եվ թե այդ մեխանիզմը որտեղ ինչ դրսևորում կունենա, արդեն շատ դժվար է ասել: Ես կարծում եմ, որ այդ իմաստով մենք անկանխատեսելիության որոշակի դաշտ ենք մտել՝ այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը Թուրքիայի այս գործողություններին շատ կոնկրետ արձագանք և պատասխան չի տվել:
The Jerusalem Post - Իսկ ավելի կոնկրետ՝ ո՞րն է Թուրքիայի նպատակն այս հակամարտության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Օսմանյան կայսրության վերականգնում, ինչքան էլ դա տարօրինակ է հնչում:
The Jerusalem Post - Դուք դիմել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի հետ Հայաստանի անվտանգության պայմանագրի շրջանակում աջակցելու խնդրանքով: Ի՞նչ աջակցություն եք ակնկալում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ և ունենք պայմանագիր համագործակցության վերաբերյալ: Այդ պայմանագիրը նախատեսում է անվտանգության ընդհանուր մարտահրավերներին ընդհանուր դիմակայում: Ես այս ընթացքում մշտական կապի մեջ եմ եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք եղել և հետևել ենք զարգացումներին: Եվ քանի որ ռազմական գործողությունները մոտեցել են Հայաստանի սահմանին, և կա սպառնալիք, որ այդ գործողությունները կարող են անմիջական վտանգ ներկայացնել Հայաստանի տարածքի համար, մենք պայմանագրով նախատեսված ընթացակարգեր ենք մեկնարկել, որպեսզի շարունակենք մեր խորհրդակցությունները՝ իրավիճակի հետագա կառավարման վերաբերյալ:
Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանը, այս իրավիճակում Հայաստանին աջակցելու համար, անում է այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին: Եվ Հայաստանն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից:
The Jerusalem Post - Ձեր հիշատակած անվտանգության մեխանիզմի շրջանակում հավանական համարո՞ւմ եք, որ Ռուսաստանը զորք կուղարկի Հայաստանի սահման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ռուսաստանի զորքերն արդեն գտնվում են Հայաստանի սահմաններին, և դա նորություն չէ: Նրանք միշտ էլ այստեղ են եղել, և Հայաստանի տարածքում Ռուսաստանն ունի 102-րդ ռազմաբազան: Բացի 102-րդ ռազմաբազայից, արդեն ասացի, որ Հայաստանի սահմանները՝ մասնավորապես, Թուրքիայի և Իրանի հետ սահմանները պահպանվում են ռուսական սահմանապահ զորքերի կողմից: Եվ այժմ ռուսական սահմանապահները ներկայացուցիչներ ունեն նաև մեր սահմանի այլ հատվածներում:
The Jerusalem Post - Ասացեք, խնդրեմ, ո՞վ է հիմա լավագույնս համապատասխանում միջնորդի դերին: ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիների ընթացքում շատ հաջողություններ չի արձանագրել: Ո՞ւմ պետք է ներգրավվել՝ իրավիճակը հանգստացնելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Ղարաբաղի հարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափը: Բայց պետք է նաև արձանագրել, որ գործնականում Ռուսաստանը հիմա ամենաակտիվ միջնորդական ջանքեր գործադրող պետությունն է: Եվ սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև Ռուսաստանն անմիջապես տարածաշրջանում ներկա է, Ռուսաստանն ինքը մեր տարածաշրջանի երկիր է:
The Jerusalem Post - Կարո՞ղ է արդյոք Իսրայելը, Ձեր կարծիքով, որևէ դեր խաղալ կարգավորման միջնորդության հարցում՝ հաշվի առնելով լավ կապերը..
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, Իսրայելը հիմա շատ ակտիվորեն ներգրավված է կոնֆլիկտի մեջ: Որովհետև իսրայելական անօդաչու թռչող սարքերն են ակտիվորեն ներգրավված Լեռնային Ղարաբաղի դեմ պայքարում: Եվ, կարծում եմ, Իսրայելը մտածելու հետևյալն ունի, որ փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրք է իր համար:
The Jerusalem Post - Պարոն վարչապետ, դուք հետ եք կանչել ձեր դեսպանին՝ Իսրայելի կողմից զենքի վաճառքի պատճառով: Արդյոք Իսրայելի հետ համատեղ ձեռնարկվո՞ւմ են քայլեր՝ լարվածությունը հարթելու ուղղությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարող եմ ասել հետևյալը. այդ խորհրդակցությունները շարունակվում են, և արդեն ասացի՝ հարցը, որ ըստ էության, մեր կողմից ձևակերպված է, ես արդեն բարձրաձայնեցի: Եվ ուզում եմ ընդգծել, որ ոչ միայն Իսրայելի, այլև միջազգային հանրության տեսակետից մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ հիմա Ղարաբաղում՝ Արցախում, տեղի է ունենում միջազգային գործունեության մի նոր տեսակի փորձարկում:
Ըստ էության, Թուրքիան այսօր Սիրիայում ունի վարձկաններ ներգրավելու բավական ընդարձակ հնարավորություն: Այդ փորձը մեկ անգամ կիրառվել է Լիբիայում, հաջորդը կիրառվում է Լեռնային Ղարաբաղում: Եվ ո՞վ գիտի, թե որտեղ է կիրառվելու հաջորդը: Իսկ ո՞վ է երաշխավորված, որ հաջորդը չի լինելու տարածաշրջանի կամ աշխարհի այս կամ այն մասում: Եվ ես շատ ուրախ եմ, որ, օրինակ, Մերձավոր Արևելքի շատ երկրներ, այդ թվում՝ արաբական շատ երկրներ, պատշաճ գնահատական են տալիս այս երևույթին և հասկանում են, թե այս իրավիճակն ինչպիսի սպառնալիք է պարունակում ընդհանրապես միջազգային խաղաղության և կայունության համար:
Սա հարց է, որն ուղղված չէ առանձին վերցրած մի պետության: Սա հարց է, որն ուղղված է ընդհանրապես միջազգային հանրությանը: Որովհետև մենք տեսնում ենք, որ միջազգային անվտանգության համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխությունները հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում: Այդ հիբրիդային պատերազմի մեջ ներգրավվում են վարձկաններ, և այդ հիբրիդային պատերազմն ունի ամենատարբեր դրսևորում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում են Վիեննայում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին տեսնում ենք Նիցցայում՝ Ֆրանսիայում կամ Կանադայում: Սա հարց է, որն արդեն գոյություն ունի, և այդ հարցին պետք է տրվի կոնկրետ պատասխան:
The Jerusalem Post - Գաղտնիք չէ, որ Իսրայելը Թուրքիայի հետ շատ լարված, բարդ հարաբերություններ ունի: Դուք նշեցիք, որ Իսրայելը պետք է մտածի այն մասին, թե ինչու է զենք մատակարարում Ադրբեջանին և դրանով իսկ գտնվում է Թուրքիայի հետ նույն կողմում: Արդյոք ձեր ներկայացուցիչները Իսրայելի ուշադրությունը հրավիրե՞լ են այս փաստի վրա: Եվ ինչպե՞ս են նրանք արձագանքել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարող եմ ասել, որ չեմ կարծում, թե ես հիմա դիվանագիտական հարցուպատասխանի բովանդակություն պետք է բացահայտեմ: Իսկ հանրային հարցը ես արդեն ձևակերպեցի: Դուք տվեք այդ հարցը այս հարցազրույցի միջոցով Իսրայելին, և Իսրայելը թող հրապարակային պատասխանի:
The Jerusalem Post - Ի՞նչը կդրդի Հայաստանին՝ իր դեսպանին վերադարձնել Իսրայել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա դիվանագիտական պրակտիկա է, մենք կտեսնենք: Մենք ուզում ենք ճիշտ հարաբերություններ կառուցել բոլոր երկրների հետ: Այդ հարցի պատասխանը մենք կձևակերպենք պատշաճ ձևով և պատշաճ ժամանակում:
The Jerusalem Post - Նախագահ Ռյուվեն Ռիվլինը հոկտեմբերի սկզբին՝ Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո, զանգահարել էր իր հայաստանցի գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն: Կա՞ որևէ բան, որ կցանկանայիք Իսրայելից ստանալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես արդեն ասացի: Գիտեք, այն, ինչ որ ասացի, ես կարծում եմ, որ սա հարց է, որին Իսրայելը ոչ թե մեզ համար պետք է պատասխանի, այլ ինքն իր համար պետք է պատասխանի, և բոլոր երկրները: Որովհետև, օրինակ, Եվրամիության լրագրողների հետ զրույցում ինձ հարց են տալիս, թե ինչ պիտի անի Եվրամիությունը: Ես ուզում եմ ասել և ասում էի՝ այն, ինչ որ պիտի անի Եվրամիությունը, պետք է անի ինքն իր համար, ոչ թե Հայաստանի համար: Ուղղակի հարց է հնչում իրավիճակի գնահատականի վերաբերյալ, ես հնչեցնում եմ այդ գնահատականը:
Ես ընդամենը 10-15 օր առաջ հարցազրույցներում ասում էի, որ եթե Եվրամիությունը պատշաճ գնահատականի չարժանացնի Թուրքիայի պահվածքը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում, դրա հետևանքները կտեսնեն հենց Եվրոպայում: Եվ մենք այսօր տեսնում ենք, թե Եվրոպայում ինչ է կատարվում: Եվ նույնը ես ասում եմ Իսրայելի վերաբերյալ: Նույնը ես ասում եմ, որ Իսրայելը պետք է ինքն իրեն հարց տա՝ այսօր ինքը վարձկանների հետ կողք կողքի փաստացի կռվում է Լեռնային Ղարաբաղի դեմ: Իսրայելն ինքը պիտի պատասխանի այդ հարցին՝ սա հարմա՞ր դիրք է իր համար, թե՞ հարմար դիրք չէ: Եթե հարմար դիրք է, Աստված իր հետ:
Բայց ես կարծում եմ, որ այդտեղ էլ են լինելու կոնկրետ հետևանքներ, և դուք առերեսվելու եք այդ հետևանքների հետ: Եվրոպայի պարագայում իմ այս ասածն իրականություն դարձավ 15 օրվա ընթացքում: Իսրայելի պարագայում, չգիտեմ, գուցե 15 օրվա, 15 շաբաթվա, 15 տարվա ընթացքում: Բայց ես ուրիշ բան եմ ասում՝ գործում է արտաքին քաղաքականության բոլորովին նոր մեխանիզմ Թուրքիայի կողմից: Եվ պարզ է, որ այդ մեխանիզմը դրսևորվելու է տարբեր տեղեր, եթե իրեն դրսևորվելու հնարավորություն տրվեց: Այսօր փաստացի դրսևորվելու այդ հնարավորությունը տրվում է Լեռնային Ղարաբաղում: Եվ դրա դրսևորումները մենք սկսում ենք արդեն տեսնել Եվրոպայում, սկսում ենք տեսնել Ամերիկայում: Իսկ ո՞վ է ասել, որ դրա դրսևորումները չենք տեսնելու Իսրայելում: Ես կարծում եմ, որ տեսնելու ենք: Այնպես որ, թող Իսրայելը մտածի՝ իր համար հարմա՞ր դիրք է այսօր լինել վարձկանների հետ նույն խրամատում, գծի նույն կողմում և ունենալ միևնույն թիրախը:
The Jerusalem Post – Երբ ասում եք, որ հետևանքներ են լինելու, ինչի՞ց եք զգուշանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ասացի արդեն: Ես նկարագրեցի Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության նոր մեխանիզմը՝ երբ ինքը Սիրիայում գտնվող իր տարածքներից ունի վարձկաններ ներգրավելու, ըստ էության, ես չեմ ուզում ասել՝ անսահմանափակ, բայց մեծ հնարավորություն և ունի կայսերական ամբիցիաներ: Այդ կայսերական ամբիցիաները դեպի հյուսիս են, դեպի արևելք են, դեպի հարավ են և դեպի արևմուտք են: Եվ այդ ուղղություններով այդ դրսևորումները մենք տեսնելու ենք: Ինչո՞ւ կարող ենք այդ դրսևորումները տեսնել Վիեննայում՝ Ավստրիայում, Ֆրանսիայում, Կանադայում և չենք կարող այդ դրսևորումները տեսնել Իսրայելում: Իմ կարծիքով՝անպայման կտեսնենք: Նկատի ունեմ, որ նպաստում է այդ պահի մոտենալուն:
The Jerusalem Post – Արդյոք ճի՞շտ եմ հասկանում՝ նկատի ունեք, որ մի օր Թուրքիան կարող է վարձկաններ ուղարկել Երուսաղեմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես որևէ կոնկրետ բան նկատի չունեմ: Ես նկատի ունեմ քաղաքական միջավայրը, քաղաքական մթնոլորտը, և այն բացերը, որ գոյացել են միջազգային անվտանգության համակարգում: Եվ եթե կան բացեր, եթե կան միջանցքներ, այդ միջանցքներով հաստատ ինչ-որ անցուդարձ տեղի է ունենալու: Եվ դա տեղի չի ունենալու պարտադիր մեկ կամ երկու ուղղությամբ: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր այն ուղղություններով, որտեղ հնարավոր է:
The Jerusalem Post - Վերջին հարցը. հումանիտար օժանդակության շրջանակում կա՞ որևէ բան, որ Իսրայելը կարող է անել Հայաստանի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես Ձեզ ասացի: Ի՞նչ է նշանակում հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն:
The Jerusalem Post - Պարոն վարչապետ, շնորհակալություն հարցազրույցի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես եմ շնորհակալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից