ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ. նախագահ Սարգսյանի հարցազրույցը չինական Caixin Media-ին 10/05/2020 14:24 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել չինական Caixin Media գործակալությանը.
Հարց-Երեկ մենք տեսանք, թե ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ արեցին երկու կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների առանց նախապայմանների: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Բաքվի հետ վերսկսել բանակցությունները:
-Ցանկանում եմ նախ և առաջ անդրադառնալ տիրող իրավիճակին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը խորհրդային իշխանության կողմից պարտադրված` 70 տարի Ադրբեջանի մաս էր կազմել, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով վճռեց դուրս գալ Ադրբեջանի կազմից և անկախություն հռչակեց: Ադրբեջանի արձագանքը 20-րդ դարի արձագանք չէր, նա զորքեր ուղարկեց և սկսեց կոտորած, հակամարտությունը վերաճեց պատերազմի: Պատերազմը դադարեց 1994 թվականին, երբ սկսվեցին բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի երեք համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը:
Բանակցությունները շարունակվում էին 26 տարի: Պետությունների, հակամարտող կողմերի միջև, ինչպես նաև կոմերցիոն ցանկացած բանակցություն երբեմն գոհացնող է, երբեմն` ոչ: Դա նորմալ է: Պետք է համբերություն ունենաս, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է:
Ադրբեջանը որոշել է ինքն իրեն հեռացնել բանակցային սեղանից և ընտրել պատերազմի ուղին: Դա եղել է մի քանի անգամ՝ հանգեցնելով տեղային պատերազմների, քառօրյա պատերազմների, ինչպես 2016 թվականին, մեկ այլ բախում տեղի ունեցավ այս տարվա հուլիսին: Սակայն այս անգամ ամեն բան տարբեր է: Թուրքիան այժմ ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտությունում: Թուրքիան Ադրբեջանում ունի մեծ թվով զինվորականներ՝ ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ Նախիջևանում, որը ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ և գտնվում է Հայաստանի ու Թուրքիայի միջև և այսօր փաստացիորեն կառավարվում է թուրքական կողմից:
Բուն Ադրբեջանի տարածքում Թուրքիան ունի գեներալներ, խորհրդականներ, և որ ավելի վատ է՝ Թուրքիան վարձել և իր հետ բերել է ջիհադիստ ահաբեկչական խմբերի Սիրիայից: Ինչպե՞ս կարող է երրորդ երկիրը միջամտել երկու պետությունների՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտությանը, ինչպե՞ս կարող է այստեղ բերել անկառավարելի մի բան՝ ջիհադիստ ահաբեկիչների:Ադրբեջանցիների և թուրքերի կողմից ժամանակակից տեխնոլոգիա է օգտագործվում ՝ դրոններից մինչև F-16 կործանիչներ, ինչը ևս հակասում է բոլոր միջազգային նորմերին: Վստահ եմ, որ համաձայնագիրը, որն ունի Թուրքիան ԱՄՆ-ի հետ, թույլ չի տալիս այդ երկրին նման քայլերի գնալ: Բացարձակ համոզված եմ, որ համաձայնագրերը, որը Թուրքիան ստորագրել է՝ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, արգելում են նրան այս ամենը: Սակայն այդ երկիրն անտեսում է սա: Մենք այժմ ունենք փաստեր, որ ոչ միայն ամերիկյան սարքավորումներ են օգտագործվում Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում: Տարբեր երկրների, այդ թվում և Թուրքիայի արտադրած դրոնները օգտագործվում են ոչ միայն այդտեղ, այլև օգտագործվում են Հայաստանի դեմ: Նախորդ գիշեր թուրքական արտադրության 4 դրոն խախտել է Հայաստանի հետ սահմանը: Դրանք ոչնչացվել են հայկական պաշտպանական համակարգի կողմից:
Հարց- Այսինքն, հակամարտությունը վերսկսվել է ոչ միայն արևելյան կողմում, այլև ձեր և Թուրքիայի սահմանին:
- Ես չունեմ վերջնական տվյալներ, թե որտեղից են նրանք մտել հայկական սահմաններից այս կողմ, սակայն դա էական չէ, դրանք թուրքական դրոններ են, ղեկավարվում են թուրք օպերատորների կողմից և հատում են սահմանը:
Այսինքն, կան թուրքական ներգրավվածության բոլոր ապացույցները: Նրանք պատճառաբանում են իրենց գործողությունները՝ ասելով, թե իբր իրենք ադրբեջանցիների էթնիկ եղբայրներն են: Ներեցեք, սակայն թյուրքական ժողովուրդներն այնքան շատ են, թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի բոլոր շրջաններում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Չինաստանի հյուսիսում: Եթե նրանք փնտրում են էթնիկ եղբայրների, դա նշանակում է, որ նրանք կարող են միջամտե՞լ այս բոլոր պետությունների գործերին՝ աջակցելու «էթնիկ եղբայրներին»: Սա միանշանակ անընդունելի է:
Երկրորդը, նրանք պնդում են, թե իբր Հայաստանում կան PKK զինյալներ, ինչը բացարձակ անհեթեթություն է: PKK զինյալներ չկան: Հայաստանում մենք ունենք քրդական և եզդի ազգաբնակչություն: Նրանք բոլորը Հայաստանի լավ քաղաքացիներ են: Նրանցից ոմանք բնակվում են Լեռնային Ղարաբաղում և այնտեղ ևս լավ քաղաքացիներ են: Եվ երբ վտանգ է լինում, նրանք պաշտպանում են իրենց երկիրը: Նրանք Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են:
Երրորդը, որը հետաքրքիր է՝ Թուրքիան իր զինուժը տեղակայել է էներգետիկ խողովակաշարի մոտ՝ հայտարարելով, թե սպառնալիք կա Լեռնային Ղարաբաղի կողմից: Սա մեկ այլ անհեթեթություն է, քանի որ եթե Լեռնային Ղարաբաղը կամ հայերը մտադրություն ունենային այն ռմբահարելու, դա կանեին 20 տարի առաջ, երբ խողովակաշարը դեռ նոր էր կառուցվում: Եթե առաջին ռումբերը նետվեին խողովակաշարի առաջին 100 մետրի կառուցման ժամանակ, առհասարակ խողովակաշար չէր լինի: Ճիշտ չե՞մ: Միջազգային հանրությունն ու կազմակերպությունները կվախենային խողովակաշար ունենալ մի հատվածում, որտեղ Լեռնային Ղարաբաղից կարող էր սպառնալիք գալ: Սակայն հայերը նման բան չեն արել: Եվ այս 20 տարիների ընթացքում Ադրբեջանը միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունեցել նավթի վաճառքից, օգտագործել այդ գումարը զենք գնելու և հայերին սպանելու համար: Իսկ այժմ նրանք ասում են, թե հայերը կռմբակոծեն, ինչը անհեթեթություն է: Ես կտրականապես մերժում եմ սա:
Հարց- Քանի որ, ինչպես նշեցիք, թուրքական ներգրավվածությունը բավական բարդ է, և խնդիրները կարող են լուծվել միայն Մինսկի խմբի ձևաչափով, դուք պատրաստվո՞ւմ եք դիմել ՀԱՊԿ երկրներին, մասնավորապես, Ռուսաստանին՝ միջամտելու ներկայիս իրադրությունում:
Արդյո՞ք դա քննարկվող տարբերակ է, թե՞ դուք կնախընտրեք ձեր պաշտպանական ուժերը:
- Պատասխանը պարզ է: Երբ չկար թուրքական ներգրավվածություն, և հակամարտության կողմերն էին Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի պետությունն ու Հայաստանը՝ որպես նրանց անվտանգության երաշխավոր, Մինսկի խմբի համանախագահները գործ ունեին այս պարզ իրավիճակի հետ: Ներկայիս իրադրությունն այլ է: Բոլոր համանախագահները փորձում են հավասարակշռված, քաղաքական տեսանկյունից կոռեկտ դիրքորոշում ունենալ: Հիմա այդ հավասարակշռությունը չկա, քանի որ կա Թուրքիան:
Կարծում եմ՝ կարող ենք վերադառնալ Մինսկի խմբին, երբ հեռացնենք Թուրքիային, երբ թուրքական բանակը հեռանա այդտեղից, երբ նրանք աջակցեն Ադրբեջանին միայն կրթության, գիտության, հումանիտար ոլորտներում: Սակայն քանի դեռ նրանք ներգրավված են այս ամենում, չկա հավասարակշռություն: Մինսկի խմբի համանախագահների համար շատ բարդ է լինելու գործ ունենալ հակամարտության մաս դարձած նոր սուբյեկտի հետ, որը Թուրքիան է:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին. իրավիճակը, որը ձեզ ներկայացրի, արդեն բարդ է Թուրքիայի ներկայության պատճառով: Ես մշտապես հարց եմ բարձրացնում՝ արդյո՞ք Իրանը կամ Ռուսաստանը կներգրավվեն: Մենք դժգոհ ենք, որ ունենք մի արտաքին խաղացող, որը միջամտում է և ամեն բան ոչնչացնում:
Մենք ցանկանում ենք խնդրել միջազգային հանրությանը՝ ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա հետ քաշվի: Միայն դրանից հետո մենք կարող ենք վերադառնալ Մինսկի խմբի բնականոն գործընթացին:
Ցանկացած երրորդ կողմի որևէ ներգրավվածություն ողջ պատկերը շատ ավելի կխճճի և կդարձնի դժվար կառավարելի: Մենք կունենանք իրավիճակ, ինչպիսին Սիրիայում է: Եվ այս Սիրիան Կովկասի սրտում կստեղծի տասն անգամ ավելի շատ խնդիրներ, որոնք կտարածվեն ողջ տարածաշրջանով:
Հարց- Կան կարծիքներ, որ Հայաստանը պետք է միավորվի Արցախի Հանրապետության հետ: Ոմանք կոչ են անում դե յուրե ճանաչել այդ պետությունը: Իսկ ադրբեջանական կողմի միակ տարբերակը տարածքներն ազատագրելն է: Դուք կընդունե՞ք դա: Ինչպիսի՞ն է լինելու ձեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այս բախումից հետո:
- Դուք երկու հարց տվեցիք՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու կամ գուցե որևէ տեսակի համաձայնագիր ստորագրելու մասին: Բաքվի մոտեցումը բացառապես մերժում է որևէ բանակցություն և պնդում է, թե կա միայն մեկ լուծում, և դա յուրաքանչյուր հայի հեռացումն է այն տարածքից, որտեղ տարիներ ի վեր բնակվել են: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեպքում մեր մոտեցումն է՝ լինել հնարավորինս համբերատար: Մենք կարող էինք ճանաչել Լեռնային Ղարաբաղը 30 կամ 26 տարի առաջ, բայց քանի որ ունեինք բանակցային սեղան և խոսում ենք վերջնական լուծման մասին, մենք որոշեցինք մեր ճանաչմամբ իրավիճակն ավելի չբարդացնել և սպասել, մինչև կգտնենք վերջնական լուծում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ քայլը չանելով՝ Հայաստանի միակ մտադրությունն է եղել լինել համբերատար և չբարդացնել խաղաղության գործընթացը:
Իհարկե, ներկայիս պատերազմի և ադրբեջանական կողմի հայտարարությունների պատճառով Հայաստանը գուցե չունենա այլընտրանք և ոչ միայն ճանաչի, այլև բացեիբաց աջակցություն ցուցաբերի: Իսկ մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ այն պատմական հայկական տարածք է, որը տրվել է Ադրբեջանին խորհրդային իշխանությունների կողմից: Ստալինը հայտնի էր բոլոր ազգերի միջև խնդիրների ստեղծմամբ, նա խնդիրներ է ստեղծել ռուսների ու վրացիների, ուկրաինացիների և ռուսների, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև և այլն: Սա էլ դրանցից մեկն է: Որպեսզի խաղաղ բանակցությունների հնարավորություն լինի, Հայաստանը շատ պահպանողական և համբերատար դիրքորոշում ցուցաբերեց: Սա խնդիրների լուծման հայկական տարբերակն է, քանի որ մենք հավատում ենք խաղաղության բանակցություններին:
Այն, ինչ ասում է ադրբեջանական կողմը, ժամանակակից ձևակերպմամբ կոչվում է էթնիկ զտումներ՝ դու պարզապես դուրս ես քշում բոլորին և նվաճում նրանց հողը: Եթե նրանք նման քաղաքականություն սկսեն, ապա ո՞րը կլինի սահմանը: Այդ դեպքում մենք կունենանք աշխարհ, որտեղ միայն երկու կամ երեք պետություն կլինեն: Եթե մեկն ուժեղ է, արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք կարող են բոլորին նվաճել: Որտե՞ղ է մեր մարդկությունը: Որտե՞ղ է միջազգային հանրությունը: Որտե՞ղ է ՄԱԿ-ը: Որտե՞ղ են մնացած բոլորը: Այս տեսանկյունից այն, ինչ Բաքուն ասում է, մեզ համար ամբողջությամբ անընդունելի է: Ես սա ընդգծում եմ ոչ միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում պատմականորեն մշտապես հայեր են ապրում, այլև շատ կարևոր է այն, որ այսօրվա պատերազմում ներգրավված է Թուրքիան: Այս հանգամանքը բոլոր հայերին՝ Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Կալիֆորնիայում կամ Մերձավոր Արևելքի երկրներում հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել 1915 թվականին: Այսօր տեսնում ենք, որ, ցավոք սրտի, Թուրքիան որոշել է վերջացնել այն գործը, որն անավարտ էր թողել 1915-ին, երբ նրանք սպանեցին 1,5 միլիոն հայերի և շատերին քշեցին իրենց պատմական հայրենիքից:
Հարց -Տեսնում ենք, որ Բաքուն մշտապես մատնանշում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, պնդում, որ հայերը և Արցախի զորքը պետք է դուրս գան: Ինչպե՞ս եք արձագանքում 1993-ի այդ չորս բանաձևերին: Կամ՝ հնարավո՞ր է ներկայացվի կամ կազմվի նոր՝ ավելի հավասարակշռված բանաձև՝ ներկա իրավիճակով պայմանավորված:
-Այս պահին ամեն ինչ սեղանին է, և մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները: Կցանկանայի նշել, որ չենք կարող Հայաստանի, Սփյուռքի կամավորներին կանգնեցնել:
Հարց- 15 միլիո՞ն ամբողջ աշխարհում:
-Այո: Նրանցից յուրաքանչյուրը հիշում է Ցեղասպանությունը, շատ զգայուն է այդ հարցի վերաբերյալ, և կան մարդիկ, որոնք պատրաստ են գալ: Նրանք արդեն իսկ վերադառնում են Հայաստան ԱՄՆ-ից, Ռուսաստանից և մնացած այլ երկրներից: Նրանք կամավորներ են: Ոչ ոք, նույնիսկ ես, չի կարող կանգնեցնել նրանց և ասել, որ չեն կարող գնալ: Նրանք զգում են, որ սա խաղ է, որն ունի այլ սցենար, և կկրկնվի նույնը, ինչ կատարվեց 105 տարի առաջ: Կալիֆորնիայի, Մերձավոր Արևելքի, ամբողջ արաբական աշխարհի, Ռուսաստանի, Եվրոպայի և շատ այլ երկրների հայերն իրենց հայրենիքից դուրս են ապրում Ցեղասպանության պատճառով: Նրանց հայրենիքը ոչնչացվել էր, և նրանք պետք է փախչեին: Նրանք գնացին Մասաչուսեթս, Նյու Յորք, Բոստոն, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Ղրիմ, ամենուր: Ինչու՞: Քանի որ նրանք Թուրքիայի կողմից դուրս էին քշվել իրենց սեփական պատմական հայրենիքից: Այսօր պատմությունը կրկնվում է: Այդ իսկ պատճառով երիտասարդները, որոնք թոռներն են նրանց, ովքեր կորցրել են իրենց ընտանիքները, ծնողներին, հայրենիքը, չեն կարող ընդունել, որ այդ պատմությունը կրկնվի: Հազարավոր կամավորներ պատրաստ են գալ և կռվել իրենց երկրի համար:
Հարց-Կարո՞ղ ենք ասել, որ եթե Բաքուն առաջինը հրադադար հաստատի, այդ դեպքում դուք հետ կպահեք ձեր պաշտպանական ուժը, և կամավորները չեն շարունակի կռվել:
-Կարող եմ վստահեցնել, որ հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ: Մենք որպես ազգ դա թույլ չենք տա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի լքի իր հայրենիքը, որտեղ ապրել է հազարավոր տարիներ: Հայերը, դրսի նրանց բարեկամները ոչ մի դեպքում դա թույլ չեն տա: Այդ իսկ պատճառով իմ վերջնական ուղերձը հետևյալն է՝ եթե մենք դուրս մղենք թուրքական գործոնը, Ադրբեջանը բավարար ուժ չի ունենա միայնակ այս էթնիկ զտումն իրականացնելու համար: Եթե թուրքական գործոնը դուրս մղվի, ապա դա Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի հայերին, Հայաստանի Հանրապետությանը կստիպի վերադառնալ բանակցությունների սեղան և գտնել խաղաղ լուծում:
Այս աշխարհում վերջնական լուծումները ռազմական չեն: Յուրաքանչյուր ռազմական լուծում, յուրաքանչյուր պատերազմ, որը վերջնական է թվում, ի վերջո, ընդհանրապես վերջնական չէ: Տեսեք, թե ինչ կատարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Գերմանիան բաժանվեց, իսկ հիմա այն բաժանվա՞ծ է: Մենք մարդկային արարածներ ենք և ապրում ենք ուրիշ աշխարհում, որը չպետք է լինի իրար սպանելու աշխարհ:
Հարց- Բաքուն պնդում է, որ ձեր պաշտպանական ուժերը ուղղակիորեն ներգրավված են պատերազմում, գտնվում են առաջնագծում: Կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի հարաբերություններ են Հայաստանի ազգային ուժերի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերի միջև: Այսօր դուք գտնվո՞ւմ եք նույն միասնական հրամանատարության ներքո:
-Հայաստանն ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտության մեջ: Ինչպես արդեն նշեցի, Լեռնային Ղարաբաղում կռվող բանակը կոչվում է Արցախի պաշտպանության բանակ: Կան նաև այնտեղ կռվող կամավոր հայեր: Նրանք այնտեղ չեն գնում երրորդ կամ չորրորդ երկրի կողմից: Ադրբեջանի դեպքում դա կազմակերպված է Թուրքիայի կողմից՝ բերելով ոչ միայն նրանց զինված ուժերը, զինտեխնիկան, կառավարելով և օգնելով ադրբեջանական բանակին, այլ նաև ահաբեկիչներ բերելով, որոնք մեծ խնդիր և գլխացավանք են ողջ տարածաշրջանի համար՝ հնարավոր է՝ հյուսիսի համար, որը Հյուսիսային Կովկասն է՝ Ռուսաստանի մասը, հնարավոր է՝ հարավի համար, որտեղ Իրանն է՝ միևնույն է թիրախավորելով Հայաստանը: Ո՞վ է ցանկանում այս աշխարհում ահաբեկիչ տեսնել իր հողում: Ես դա չեմ ցանկանում: Զարմացած եմ, որ մեր ադրբեջանցի հարևանները նրանց թույլ են տվել՝ լինել իրենց հողում՝ հավատալով, որ կոնֆլիկտից հետո նրանք կհեռանան: Սակայն դա այդպես չէ: Տեսնում ենք, որ վերջին տարիներին, որտեղ նրանք գնում են, այլևս չեն հեռանում:
Հարց-Մինչև այս պահը շարունակու՞մ եք արդյոք վստահություն ունենալ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի մասով:
-Ես առավելագույն վստահություն ունեմ մի պարզ պատճառով: 30 տարի առաջ ես ֆիզիկայի և մաթեմատիկայի պրոֆեսոր էի, հետո դարձա Հայաստանի դեսպանը՝ ներառյալ Միացյալ Թագավորության, ՆԱՏՕ, այնուհետև ԵՄ և այլն: Այդ ընթացքում շատ հանդիպումներ էի ունենում տարբեր մարդկանց հետ: Բոլորն ինձ բացատրում էին հակամարտության մաթեմատիկան, ասում, թե Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը շատ փոքր են, Ադրբեջանը շատ ավելի մեծ, մեծաքանակ ռազմական տեխնիկա, Թուրքիայի աջակցությունն ունի: Դա 1990-ականների սկիզբն էր: 1994-ին նույն մարդիկ ասում էին, որ, ըստ իրենց կարծիքի, Լեռնային Ղարաբաղի բանակը Կովկասի ամենաուժեղ բանակն է: Դու կռվում ես ոչ միայն զենքով, հրթիռներով, ինքնաթիռներով, այլև քո ոգով: Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ առանձնահատուկ ոգի ունեն: Այս լեռնային մարդիկ շատ բաների միջով են անցել: Ադրբեջանի այս հարձակումը առաջինը չէ, նրանք տեսել են Չինգիզ խան, պարսկական զորքեր, սակայն երբեք չեն լքել իրենց հայրենիքը:
Հարց-Խոսե՞լ եք արդյոք Արցախի Հանրապետության նախագահի հետ ներկա իրավիճակի մասին:
-Իհարկե, զանգահարել եմ: Խոսել ենք ստեղծված իրավիճակի մասին, նա ներկայացրել է իր տեսակետը և թե ինչպիսի տեղեկություններ ունի: Ես խոսել եմ նաև աշխարհի այլ երկրների ղեկավարների հետ՝ փորձելով նրանց բացատրել իրավիճակը: Նրանց խնդրել եմ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Նրանք պետք է հասկանան, որ ժամանակակից Թուրքիան վերջին 30 տարիներին անցնելով տնտեսական դժվարությունների միջով՝ ավելի ու ավելի անհուսալի և իր գործողություններում անպատասխանատու է դառնում: Թուրքիան ներգրավված է հակամարտություններում՝ հարավում, հյուսիսում, արևելք, արևմուտք: Նայեք Սիրիային, Իրաքին, Լիբիային, եղել են նաև Եգիպտոսում, հիմա Միջերկրականը, Հունաստան, այսօր արդեն Հայաստան: Նրանք խնդիրներ ունեն իրենց շուրջը 360 աստիճանով: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ սա Օսմանյան կայսրության վերադարձն է, 100 տարի առաջ տեղի ունեցածի վերադարձը:
Հարց-Կարո՞ղ եք ասել, որ Բաքվի սկսած այս գրոհը խրախուսվել կամ նույնիսկ ուղղորդվել է Անկարայի կողմից:
-Փաստն այն է, որ ուղղակի ակնառու է, որ դա կազմակերպվել է Թուրքիայի հետ միասին կամ Թուրքիան մեծ ազդեցություն ունի այս հարցում:
Հարց-Նախորդիվ նշել էիք, որ եթե ամբողջ աշխարհը ցանկանում է լիցքաթափել ներկա լարված իրավիճակը, հիմնական խոսքը պետք է ուղղվի Թուրքիայի կողմը, և երբ Թուրքիան հետ քաշվի՝ հնարավոր կլինի հրադադար վերահաստատել:
-Այն պահին, երբ Թուրքիան հետ մղվի, ի վերջո, որոշ ժամանակ անց մենք հրադադար կունենանք, քանի որ կողմերը կբանակցեն Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո: Հրադադարից հետո որոշ ժամանակ անց, հույս ունեմ, որ կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղան: Հակառակ դեպքում այս հակամարտության շուրջ միայն լարվածություն կլինի, որի դեպքում ոչ ոք հաղթող չի լինի՝ ո՛չ Եվրոպան, որովհետև կապ կա Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիայի միջև, ո՛չ նույնիսկ Չինաստանը, որովհետև Մետաքսի ճանապարհի որոշ հատված ձգվում է Կովկասով, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ նույնիսկ Թուրքիան: Դա հետագա անկայունություն կստեղծի:
Այս ամենը կատարվում է այն դեպքում, երբ բոլորը՝ Չինաստանը, մենք, Ամերիկան, Ռուսաստանը պայքարում են կորոնավիրուսի դեմ: Ինչքան անմարդկային պետք է լինել՝ իմանալով, որ քո զինվորները կռիվ գնալով կարող են միմյանց վարակել: Ինչքան անմարդկային պետք է լինել խաղաղ բնակիչների վրա կրակելու, քաղաքները, գյուղերը ռմբակոծելու համար, այն դեպքում, երբ գիտես, որ մարդիկ փորձում են մեկուսանալ և միմյանցից հեռավորություն պահպանել, քանի որ կորոնավիուս կա: Լեռնային Ղարաբաղի հայերի համար կա երեք պատերազմ: Նրանք միաժամանակ պատերազմում են կորոնավիրուսի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ:
-Շնորհակալություն, պարոն նախագահ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/28/2024 08:28 Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:24 Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:19 ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:12 Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:09 «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
- 11/28/2024 12:33 Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
- 11/28/2024 11:50 Իշխանության զավթում Գյումրիում. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/28/2024 10:25 Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղը
- 11/28/2024 10:20 Հրդեհ Լեռնավան գյուղում
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել