ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 08/11/2020 20:33 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:
Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է.
- Պարոն վարչապետ, ուրախ եմ, մեր հանդիպման համար։ Իհարկե, սա սովորական գրասենյակային հանդիպում չէ, ժամանակի ոգով է՝ բացօթյա։
Կարծում եմ՝ այս պահին մեր առջև դրված խնդիրները կարևոր են։ Ամիսներ շարունակ Հայաստանն աշխարհի մյուս երկրների հետ միասին պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ։ Ամեն օր, հետևելով վիճակագրությանն, ուրախ եմ, որ կորն արդեն իջնում է, և հույս ունեմ, որ այն կշարունակի գնալ ներքև: Համաձայն եմ Ձեր հայտարարությունների հետ, որ ոչ մի դեպքում ոգևորվել չի կարելի, որովհետև բնակչության մի մեծ զանգված դեռևս չի հանդիպել վիրուսին, և եթե հանդիպի, արդյունքը նորից համավարակի վերադարձ է լինելու։ Որոշ երկրներում դա անվանվում է երկրորդ ալիք, գուցե մեկ այլ տեղ երրորդ ալիք լինի։ Ձեզ հետ համաձայն եմ, որ հակահամաճարակային կանոնները պետք է շատ խիստ ձևով պահպանենք՝ և՛ հիգիենան, և՛ սոցիալական հեռավորությունը, և՛ կարգ ու կանոնը։
Համավարակի հետ կապված են նաև այսօրվա տնտեսական դժվարությունները։ Աշխարհում ևս նույն վիճակն է, բայց դա, իհարկե, չի թեթևացնում մեր երկրի, կառավարության ուսերին դրված բեռը։ Ընդհակառակը, բոլորի վատ լինելն անուղղակի ազդում է Հայաստանի տնտեսության վրա, խիստ ազդելու է որոշակի ոլորտների, մասնավորապես՝ հյուրանոցային ծառայությունների, տուրիզմի, աշխատատեղերի, սոցիալական խնդիրների վրա։ Այնպես որ, իսկապես, դժվարին պահ է, և մեծ խնդիրներ են դրված:
Ես Ձեզ հաջողություն եմ մաղթում, և նաև ի դեմս Ձեզ՝ կառավարությանը։ Կրկնեմ ևս մեկ անգամ, որ, որպես Հանրապետության նախագահ, պատրաստ եմ ամեն ինչով աջակցել ոչ միայն Սահմանադրության սահմաններում, այլև որպես հայ մարդ՝ իմ հնարավորություններով, կապերով, փորձով, խորհրդով։
Առկա խնդիրներին գումարվեցին նաև վերջին իրադարձությունները Տավուշում։ Ես մի քանի օր առաջ Տավուշում էի, հենց Չինարի գյուղում, սահմանի վրա, և կարող եմ ասել, որ ինձ շատ ուրախացրեց մարդկանց ոգին։ Մարդիկ շատ վստահ էին՝ եռանդով և լավատեսությամբ լցված, և դա ոչ միայն գյուղի տարիքով քաղաքացիներին էին, այլ նաև փոքր երեխաները։ Վերադարձա վստահությամբ, որ մեր քաղաքացիներն ամուր կանգնած են զինվորների, մեր բանակի կողքին։
Այնպես որ, այդտեղ էլ, պարոն վարչապետ, իմ աջակցությունն եմ հայտնում կառավարությանը, Ձեզ անձամբ, մեր պաշտպանության նախարարությանը, մեր բանակին և պատրաստ եմ ամեն ինչ անել։
Ես կարծում եմ, որ այս ծանր օրերը նաև պետք է սկիզբը դառնան ապագա վերելքի, և այդ վերելքի հիմքը պետք է այսօր դնենք։ Ես հույս ունեմ, որ Հայաստանն, օգտագործելով իրեն բնորոշ առանձնահատկությունները և առավելությունները, կկարողանա հաղթահարել դժվարությունները, և մենք կկարողանանք հասնել նոր բարձունքի։
Համբերություն բոլորիս, մեր ժողովրդին։ Պետք է յուրաքանչյուրն իր տեղում լինի և՛ կարգապահ, և՛ աշխատասեր, և՛ նվիրյալ, և միասին հաղթահարենք այս բոլոր դժվարությունները։
Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.
-Մեծարգո պարոն նախագահ, շնորհակալ եմ և ուրախ հանդիպման համար: Ասեմ, որ մենք այս ընթացքում նաև հեռավար հանդիպում ենք ունեցել՝ քննարկումներ, որոնք չեն լուսաբանվել ժամանակի ոգու բերումով:
Այո կորոնավիրուսը մեծ խնդիր է մեր երկրի համար: Երբ հետահայաց նայենք ինչ տեղի ունեցավ, ապրիլի վերջին արձանագրեցինք, որ չնայած խիստ սահմանափակումներին՝ կարողանում ենք երևացող հատվածներում այդ սահմանափակումներն առերևույթ պահել, բայց հակահամաճարակային պրոցեսները տեղի են ունենում ետնաբեմում՝ բակերում, շքամուտքերում:
Մենք արձանագրեցինք երկու բան, որ սահմանափակումները չեն բերում մեզ համար ցանկալի արդյունքի և երկրորդը՝ ապրիլին մենք 70.000 աշխատատեղ կորցրեցինք:
Նաև տարածաշրջանային լարված վիճակը. ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ կորոնավիրուսի պայմաններում համընդհանուր հրադադարի իրավիճակ ստեղծել, մեզ համար տեսանելի էր ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանության զարգացումը և ինձ համար միանշանակ էր, որ հնարավոր էսկալացիան երկիրը չեր կարող դիմավորել, այսպես ասած, քնած վիճակում:
Կառավարությունը հիմնական խնդիրը ձևակերպեց հետևյալ կերպ. առողջապահական կարողությունները պետք է զարգանան այնքան, որ ոչ մի քաղաքացի չմնա առանց պատշաճ բուժօգնության: Կարող եմ արձանագրել, որ այդ խնդիրը լուծեցինք և ծավալվեցին շատ լուրջ հզորություններ, պետական բյուջեից մեծ ծախսեր արեցինք, որպեսզի տեխնիկա ձեռք բերենք, ծավալենք և այլն:
Արդյունքում՝ մենք ունեցանք հետևյալը, որ հունիսի տվյալներով 50.000 աշխատատեղ վերականգնվեց, իսկ հուլիսի տվյալներով՝ մենք ունեինք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր նույնիսկ ավելի թվով աշխատատեղեր: Ինձ համար ակնհայտ էր, եթե մենք միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք՝ սոցիալական կոլափսի առաջ էինք կանգնելու:
Ցավոք, մենք այսօր կորոնավիրուսի հետևանքով մեծ թվով զոհեր ունենք և այո Դուք ճիշտ եք, մենք հիմա կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում, բայց մեր ամենօրյա մահերի թիվը դեռևս չի նվազում, չի զրոյանում և սա նախորդից եկած պրոցեսի հետևանք է: Ցավալին հենց այս փաստն է, որ 800-ից ավելի մահվան դեպքեր ունենք, եթե ճիշտ եմ հիշում այսօրվա թիվը: Բայց այսօր էլ հակառակ պրոցեսն է գնում, հիվանդանոցները կոնսերվացնում ենք, նաև ասում, որ ոչ մի երաշխիք չկա, որ կրկին մեր անհատական վարքագծի հետևանքով այդ թվերը չեն բարձրանա:
Բայց այսօր շանս ունենք ի վերջո աշնանը գլոբալ առումով ամենալավ վիճակն ունենալ, որովհետև հիմա տեսնում ենք, որ աշխարհում կան երկրներ, որոնք պաշտոնապես հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, բայց ստիպված են վերադառնալ ամենախիստ սահմանափակումների տրամաբանությանը:
Այո՛, Դուք ճիշտ նկատեցիք, մենք, ըստ էության, նաև տնտեսության մեջ խնդիրներ ունենք և հիմա փորձում ենք ոլորտային լուծումներ գտնել: Եվ հիմնական խնդիրը հետևյալն է՝ պահպանել և ավելացնել աշխատատեղերը: Իհարկե, սա նախնական նպատակն է, բայց սա նշանակում է խթանել արտահանումը, խթանել արտադրությունը, խթանել սպառումը: Իմիջայլոց, տեղյակ եք, անշուշտ, որ մենք 20-ից ավելի հակաճգնաժամային միջոցառումներ իրականացրեցինք, և որոնց շրջանակում և՛ բանկային համակարգի, և՛ պետական բյուջեի միջոցով արդեն 100 մլրդ դրամից ավելի ներդրել ենք տարբեր՝ սոցիալական, տնտեսական ուղղություններով: Այս պրոցեսը հիմա շարունակում ենք ըստ ոլորտների՝ փորձելով այնպես անել, որ առաջին խնդիրը՝ աշխատատեղերը պահպանվեն, և ոլորտներն իրենց մրցունակությունը պահպանեն տնտեսական ճգնաժամի հաղթահարումից հետո արագ վերականգնվելու համար:
Ի՞նչ տեղի ունեցավ Տավուշում: Իհարկե, դա Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիա էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ այն ռազմական հռետորաբանությունը, որը երկար տարիներ Ադրբեջանի ղեկավարությունը զարգացնում էր, և այսպիսի քարոզչական միֆ էր ստեղծել, թե ադրբեջանական բանակն ունի առավելություն Հայոց բանակի նկատմամբ ու կարող է շատ արագ ցանկացած հարց լուծել, շատ կարճ և տեղային միջադեպի ընթացքում այդ առասպելն ամբողջությամբ փլուզվեց, ինչն իմ կարծիքով՝ մեր տարածաշրջանում բոլորովին նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծում: Սա մեծ հաշվով ամրապնդում է Հայաստանի, թույլ տվեք ասել, ավանդական դիրքորոշումը: Իսկ այդ ավանդական դիրքորոշումն այստեղ՝ Հայաստանի բոլոր իշխանությունների ու կառավարությունների կողմից ամբողջությամբ պահվել է. Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այսինքն, դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել:
Հայաստանի զինված ուժերը պատրաստ են պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանները և ուրախ եմ արձանագրել, որ այն հսկայական բարեփոխումները, որոնք վերջին երկուսուկես տարվա ընթացքում տեղի են ունեցել Զինված ուժերում և որը եղել է մեր կառավարության առաջնահերթությունների առաջնահերթությունը՝ տվել է իր արդյունքը: Եվ ուրախ եմ, որ այդտեղ ժամանակը չի վատնվել, չի կորցվել, և մենք կարողացել ենք կոնկրետ արդյունքներ արձանագրել:
Մեզ համար, ցավոք, այս տարին բարդությունների, դժվարությունների և ծանր միջադեպերով հարուստ տարի է: Ե՛վ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը, և՛ Լիբանանի իրադարձություններն իհարկե ուղղակիորեն կապված են մեր ազգային կյանքի հետ, և այստեղ էլ մենք, իհարկե, քննարկելու թեմա ունենք:
Արձագանքելով վարչապետի խոսքին՝ նախագահն ասել է. «Ուրախ եմ լսել, որ մեր գնահատականները համընկնում են: Համաձայն եմ, որ եթե նույնիսկ վաղը չունենանք վարակվածներ, մահեր, պետք է շատ զգույշ լինենք և ոչ մի դեպքում չենք կարող մեր երկիրը հայտարարել կորոնավիրուսից ազատ երկիր: Երկրները պարփակված չեն իրենք իրենց մեջ, մենք փակ համակարգ չենք, և եթե ներսում չկա, բավական է դրսից մեկ հոգի վարակված գա, նորից կսկսվի այս պրոցեսը: Հույս ունեմ, որ եթե նույնիսկ երկրորդ ալիք էլ լինի, կկարողանանք հաղթահարել դա, քանի արդեն իսկ փորձառություն ունենք:
Կան տնտեսության ոլորտներ, որոնք շատ ծանր են տանելու այս ամբողջ գործընթացը և պետության ու կառավարության աջակցության կարիքն են ունենալու: Ուրախ եմ, որ կառավարությունը մտածում է դրանց մասին և այդ ուղղությամբ քայլեր անում: Սակայն կարծում եմ, որ այդ քայլերը դեռ կշարունակվեն, որովհետև երկար ժամանակ է պահանջվելու այսօրվա ծանր վիճակը, որը ոչ միայն տնտեսական է, այլ նաև՝ սոցիալական, հաղթահարելու համար: Խնդիրներ կան նաև աշխատատեղերի մասով, և, դրա հետ կապված, ժողովրդագրական խնդիրներ կան: Մարդիկ, որոնց աշխատավայրը երկար տարիներ եղել է Հայաստանից դուրս, հիմա այդ հնարավորությունը չունեն: Մարդիկ, որոնք այսօր, երեկ, նախորդ օրն աշխատանք ունեին, այսօր չունեն։ Հետևաբար, մեր ընդհանուր ուժերը պետք է համախմբենք, որպեսզի այս խնդիրները լուծվեն:
Ձեզ հետ ամբողջովին համաձայն եմ, որ Ադրբեջանի հարձակումը որևէ մարդկային բարոյական բացատրություն չի կարող ունենալ: Երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանը որոշում է ինչ-որ ավանտյուրայի գնալ: Ինձ համար, մեկի, որը փորձառություն ունի և երկար տարիներ հետևում է Ադրբեջանին, Թուրքիային, եվրոպական և ռուսական քաղաքականությանը, անհանգստացնող մի քանի գործոններ կան:
Նախ՝ բարոյականության սահմանը, որ իրենք անցան՝ կորոնավիրուսի պայմաններում այսպիսի ավանտյուրայի գնալով:
Երկրորդ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: Սա բացարձակ անհեթեթություն է: Այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել:
Իրենց քարոզչությունն ուղղված է մի բանի՝ ներկայացնելով Հայաստանին որպես ագրեսոր, հնարավորություն տալ վաղն այդ լեյտմոտիվն օգտագործելով իրենց ագրեսիվ քայլերն անել: Ես կրկին հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր զինված ուժերն ամենաբարձր մակարդակի վրա էին: Լավ հիշում եմ. երբ 1990-ականների սկզբին դեսպան էի եվրոպական շատ երկրներում, ներառյալ ՆԱՏՕ-ում, շատ դիվանագետներ, ռազմական մասնագետներ ինձ ասում էին, որ ձեր այս պայքարն իզուր է. դուք փոքր երկիր եք, բանակ չունեք, Ադրբեջանը հսկայական բանակ ունի, աջակցություն ունի հարևան երկրից: Նույն մարդիկ մի քանի տարի անց ինձ ասում էին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը: Ուզում եմ նորից հիշեցնել, և այս վերջին դեպքերն էլ ցույց տվեցին, որ Հայաստանն ունի Հարավային Կովկասի ամենահզոր բանակը, որին հնարավոր չէ հաղթել: Բանակը ոչ միայն զենքը, կարգապահությունն ու պատրաստակամությունն է, այլ նաև ոգին, որը որևէ մեկը չունի այս տարածաշրջանում: Շատ ուրախ էի, որ այդ մարդկանց կասկածները հայոց բանակի հանդեպ փարատվել են:
Հաջորդ մտահոգությունս վերաբերում է Ադրբեջանի պետական ապարատից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Սա միջազգային բոլոր նորմերով անթույլատրելի է: Եղել եմ Համաշխարհային էներգետիկ անվտանգության հանձնաժողովի անդամ ու նախագահ, և այդ հանձնաժողովում նման հայտարարությունները համարում էին միջուկային ահաբեկչության կոչեր: Կարծում եմ, որ նման կոչեր անողները պետք է շատ լավ հասկանան, որ այդ մեծ հիմարությունը մեծ ողբերգություն է լինելու բոլորի, ոչ թե միայն Հայաստանի համար: Կատեգորիկ ձևով միջազգային հանրությունը պետք է հայտարարություններ անի, որ նմանատիպ անպատասխանատու հայտարարությունները չշարունակվեն: Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները նույնպես անընդունելի են: Թուրքերը չպետք է մոռանան, որ իրենց հայրենի պետությունն է 105 տարի առաջվա մեր Մեծ եղեռնի հեղինակը: Հետևաբար, ցանկացած նման հայտարարություն կոչ է վերադառնալ 105 տարի առաջվա պատմությանը, որն անթույլատրելի է ոչ միայն մեր ժողովրդի, այլ ընդհանրապես ողջ մարդկության համար: Դժվար օրեր են, սակայն այս օրերին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց և հենց նույն Տավուշում, որ ամուր կանգնած է իր ոտքերի վրա:
Ուզում եմ այս առիթն օգտագործել և ասել, որ այդ բոլոր ուղղություններով Հանրապետության նախագահը և նախագահի ինստիտուտը, նախագահի բարեկամները պատրաստ են աջակցել կառավարությանը, որպեսզի հաղթահարվեն դժվարությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից