ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ալիևը պետք է գիտակցի, որ կան վտանգներ և կա ռիսկ, որ հայկական կողմը կարող է նոր տարածքներ գրավի և, եթե սա տեղի ունեցավ, իր օրերը հաշված կլինեն».Արթուր Մարտիրոսյան 07/27/2020 12:30 | Հարցազրույց
Հայաստանի Հանրապետության պետական սահմանին վերսկսված ադրբեջանական ռազմական ագրեսիայի, դրա զարգացումների, հնարավոր հետևանքների, ինչպես նաև՝ միջազգային հանրության արձագանքի և դիվանագիտական կորպուսի վարած քաղաքականության մասին «Փաստինֆո» լրատվականը զրուցել է բոստոնաբանակ մեր հայրենակից, բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանի հետ։
- Պարոն Մարտիրոսյան, ինչո՞ւ հայ – ադրբեջանական սահմանին նորից ակտիվացավ ադրբեջանական ռազմական ագրեսիան, ի՞նչ նպատակ է հետապնդում սրանով մեր թշնամին։
- Այն, ինչ կոչվում են բանակցություններ և արդեն երկար տարիներ շարունակվում են, իրականում չէին կարող բերել հակամարտության լուծման որևէ լուրջ արդյունքի, դա վաղուց պարզ էր։ Պարզ էր, թե ինչ խաղ էր խաղում Ալիևը և ինչ խաղ էինք խաղում մենք։ Ալիևին, հավանաբար թվում էր, թե կգա մի պահ, երբ իր ռազմական առավելություններն այնպիսին կլինեն, որ ինքը կկարողանա պարտադրել թուլացած հայկական կողմին ընդունել այն լուծումը, որն իրենց համար նախընտրելի է։ Այսինքն, բանակցային լեզվի քերականության մեջ կա այսպիսի հասկացություն՝ «զրոյական խաղ»։ Սա այն է, երբ մի կողմին՝ տվյալ դեպքում Ալիևին թվում է, թե մենք նրան պետք է տանք, այն, ինչ ինքը ուզում է, միայն այն պատճառով, որ վախենալու ենք պատերազմից, տեսնելով իրենց առավելությունները։ Պարզ է, որ երբ 2018 թվին Հայաստանում իշխանությունը փոխվեց, ինքը հույսեր ուներ, որ նոր իշխանություններն, ի դեմս վարչապետ Փաշինյանի, շարունակելու են իրականացնել այն թեզը, որն առաջ էր մղում առաջին նախագահ Լևոն Տեր – Պետրոսյանը, ըստ որի՝ հնարավոր է Ադրբեջանի հետ գտնել համատեղ լուծում՝ տարածքներ խաղաղության դիմաց ֆորմուլայով։
- Ձեր կարծիքով հիմա այդ ֆորմուլան չի՞ գործում։
- Հավանաբար, Ալիևին թվում է, թե վարչապետ Փաշինյանը միգուցե բոլորովին այլ խաղ է խաղում և հիմա ինքը փորձում է հիշեցնել մեր վարչապետին և հայկական կողմին, թե որքան ուժեղ է իր բանակը։ Եթե վերադառնանք ձեր հարցին՝ ինչո՞ւ վերսկսվեց ադրբեջանական կողմի ագրեսիան, ապա ես չգիտեմ՝ դա զուտ ադրբեջանակա՞ն պրովոկացիա էր, ՈՒԱԶ-ը դիտմամբ էին բերել հասցրել այդտեղ, որ հայկական կողմը կրակ բացեր և իրենք էլ պատասխան կրակով հակադարձվեին, կամ կարելի է ենթադրել, որ այդ ՈՒԱԶ-ը բերում էր իրենց սահմանապահներին, որովհետև իրենք հենակետ ունեին փոխելու, որը ժամանակին չէին փոխել և այն գրավվել էր հայկական կողմից... Ենթադրությունները պետք է երկար քննարկել՝ ի՞նչ տեղի ունեցավ։ Այնուամենայնիվ, ինչ էլ որ տեղի ունեցած լինի, պարզ է, որ ադրբեջանական կողմն օգտագործեց դա որպես առիթ, որպեսզի գնա էսկալացիայի, հասնելու համար իրենց ցանկացած արդյունքներին։ Այդ արդյունքներն ադրբեջանական կողմը պետք է օգտագործեր թե՛ ներսի քաղաքական սոցիալ-տնտեսական ճգնաժամային դիրքերը ամրապնդելու նպատակով, թե՛ ցույց տալու համար, որ իրենք հաղթանակած պատերազմ ունեցան, այսինքն՝ տեսեք թե ինչ հզոր է ադրբեջանական բանակը։ Չհաջողվեց իհարկե։ Հիմա մենք գտնվում ենք մի սահմանագծային իրավիճակում, երբ ադրբեջանական կողմն, ասենք, կարող է հրաժարվի նստել բանակցային սեղանի շուրջ։ Համենայն դեպս, նրանք սպառնում են դրանով։ Կլինի՞ այդպես, թե ոչ, սա արդեն այլ հարց է։ Ամփոփելով՝ ադրբեջանական կողմն ուզում է ամեն ինչ անել, որպեսզի ցույց տա, որ ինքն ունի բանակցային լուծումներից ավելի արդյունավետ տարբերակ և դա պատերազմն է։
- Այս պահի դրությամբ մենք ունենք ռազմական առավելություն, գրավել ենք ադրբեջանական կողմի մեծ կարևորության դիրքեր, մեր վերահսկողության տակ է անցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մի հատվածը։ Բացի այդ ադրբեջանական կողմ ունի զգալի մարդկային կորուստներ, այդ թվում նաև իր բանակի համար իմիջային կորուստ՝ բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի մահ և այլն։ Այս ենթատեքստում Ադրբեջանը բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով սպառնում է հարված հասցնել հայկական ատոմակայանին։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ընթացք կստանան ռազմական գործողություններն այս ամենից հետո։
- Լայնածավալ պատերազմի Ալիևը պատրաստ չէ, եթե պատրաստ լիներ՝ օրեր առաջ սկսել էր: Բլիցկրիգները ևս չեն աշխատում, այսինքն, չեն բերում այն արդյունքները, որն ինքը կուզենար ունենալ։ Այս առումով, կուզենայի անդրադառնալ 2016 թվականի ռազմական գործողություններին և ասել, որ այդ ժամանակ նույնպես Ադրբեջանը չստացավ այն, ինչի համար նախահարձակ եղավ։ Ես համաձայն չեմ այն մեկնաբանությունների հետ, որոնք ասում են, թե տարածք ենք կորցրել, այդ պատճառով պարտվել ենք։ Ոչ, մենք չենք պարտվել 2016 թվականին, մենք ցույց ենք տվել հակառակորդին, որ իր ռազմավարական նպատակը՝ ուժային մեթոդներով լուծել խնդիրը, չի աշխատում։ Սա իրականում ավելի մեծ ձեռքբերում էր, քան այն տարածքը, որ իրենց զբաղեցրել էին։ Հիմա էլ մեր զբաղեցրած դիրքերը ռազմական տեսանկյունից շատ ավելի կարևոր են, քան այն, ինչ ադրբեջանական կողմը վերցրեց 2016 թվականին։ Այսպիսով, եթե բլիցկրիգները չեն աշխատում, սա դեռ չի նշանակում, որ ինքը հրաժարվելու է այդ քաղաքականությունից։ Սրա վառ օրինակը նախօրեին նրանց կողմից «Անվախ» դիրքը գրավելու փորձն էր, որի մասին գրառում էր կատարել Արծրուն Հովհաննիսյանը։ Ալիևի համար շատ կարևոր է ցույց տալ իր բնակչությանը, որ ինքը ռազմական գործողություններով ինչ- որ հաջողության կարող է հասնել։ Կամ էլ՝ Ալիևը ֆրուստրացիա է ապրում...Այստեղ միջնորդների միջոցով կլինի, թե մեկ այլ ճանապարհով, պետք է բացատրել նրան, որ հայկական կողմն այս պահին չի ուզում սրել իրավիճակը կամ գնալ էսկալացիայի, բայց եթե ինքն ուզում է էսկալացիա, պետք է գիտակցի, որ կան վտանգներ և կա ռիսկ, որ հայկական կողմը կարող է նոր տարածքներ գրավի։ Եթե սա տեղի ունեցավ, Ալիևի իշխանության օրերը հաշված կլինեն, որովհետև ինձ չի թվում, որ վերջին 30 տարիների ընթացքում ինքը, կամ իր հայրը այդպիսի սպասելիքներ են ստեղծել իրենց երկրում՝ հայկական կողմի հանդեպ։ Եթե իր ժողովուրդը տեսնի, որ ալիևների կլանը չի կարողանում անել այն, ինչ խոստացել էր, իրենք շատ լուրջ խնդիրներ են ունենալու ներսում։ Հիմա իսկական ժամանակն է, որպեսզի Ալիևը մտածի՝ պե՞տք է իրեն այդպիսի զարգացում, թե՞ ոչ։
- Ինչքանո՞վ է հավանական, որ ադրբեջանական կողմը կհարվածի ատոմակայանին։
- Գիտե՞ք, տեսնելով իրենց մակարդակը, զարմանալի չէ լսել այդպիսի հայտարարություններ։ Նախ` սկսենք նրանից, որ ատոմակայանին հարվածելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Ես մասնագետ չեմ, բայց կարդալով մասնագետներին, հասկանում ես, որ ատոմակայանը կառուցելուց հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև այդպիսի տարբերակ։ Երեկ կարդացի Փոլ Գոբլի գրառումը (որը վերջին տարիներում բացահայտ ադրբեջանամետ դիրքերը զբաղեցնում), որտեղ նա հենվելով տարբեր մասնագետների կարծիքների վրա, տեսակետ էր հայտնել, որ այնքան էլ հեշտ չի լինելու հարվածել ատոմակայանին, որի արդյունքում քամին ռադիացիան կարող է շարժել ուղիղ Թուրքիայի ուղղությամբ։ Չմոռանանք, որ Մեծամորի ատոմակայանը Թուրքիայի սահմանից գտնվում է ընդամենը 40 կմ հեռավորության վրա։ Գոբլը կարծիք է հայտնում (ինչի հետ ես համամիտ եմ), որ ավելի հեշտ է հարվածել և քանդել Մինգեչաուրի ջրամբարը, որ կառուցվել է 1959 թվականին և մինչ այսօր որևէ վերանորոգման չի ենթարկվել և փաստացի շատ խոցելի է։ Կգնա՞ն նրանք այդպիսի քայլի, որով սպառնում են մեզ, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց մի բան պարզ է՝ պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ, որպեսզի հայկական կողմի մոտ խուճապ առաջացնի և, երբեմն, այդ ճանապարհին նրանք հայտնվում են շատ ծիծաղելի իրավիճակներում։ Հայկական կողմի մոտ խուճապ չի լինելու, այս մասին նրանք պետք է հստակ գիտակցեն և անցնեն այլ մեթոդների կիրառմանը, գուցե օգուտ տա... Ասելով հայկական կողմ, ես նկատի ունեմ Հայաստան – Արցախ - Սփյուռք եռամիասնությունը։ Ավելի տագնապալի կլիներ, եթե օրինակ Էրդողանը նման հայտարարություն աներ, բայց ես նմանօրինակ զարգացումը բացառում եմ, որովհետև դա կնշանակեր պատերազմ հայտարարել միջուկային գերհզոր տերության՝ Ռուսաստանի Դաշնության դեմ, էլ չեմ խոսում՝ այլ հետևանքների մասին։ Այլ կերպ ասած, ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունները ծայրահեղ անլուրջ եմ համարում։ Իսկ երբ այդ մասին հայտարարում է ո՛չ ավել, ո՛չ պակաս ՊՆ խոսնակը, պետք է պատկերացնենք, թե ինչ մակարդակի մասնագետներ կան այդ երկրի ռազմական կառույցներում։
- Եթե անդրադառնանք այս իրավիճակում Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը, ապա պետք է ֆիքսենք, որ նա իր բացարձակ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, այդ թվում նաև՝ ռազմական բնույթի աջակցություն։
- Այստեղ էլ ոչ մի նոր բան չկա։ Էրդողանն ուզում է մեզ համոզի, որ վերջին 30 տարիների ընթացքում իրենք չե՞ն մասնակցել Ադրբեջանի ռազմական ուժերի վերազինման աշխատանքներին։ Իհարկե, մասնակցել են և, ընդ որում, չափազանց մեծ ներդորումներ ապահովելով։ Հիմա ի՞նչ են ուզում սրանով ասել՝ որ ավելի՞ ինտենսիվ են աջակցելու իրենց փոքրիկ եղբայրներին...Թող ասեն, այստեղ էլ ոչ մի նորություն չկա։ Մենք գիտենք, թե ում հետ գործ ունենք՝ նեոօսմանյան կայսրության վերստեղծողի դերն իր ուսերին ստանձնած Էրդողանի։
- Ի՞նչ եք կարծում՝ հայ ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական ագրեսիան կանցնի՞ ղարաբաղա ադրբեջանական շփման գիծ, և արդյո՞ք ագրեսոր Ադրբեջանի նպատակը դա չի։
- Դե, իհարկե, նրանց վերջնական նպատակը հենց դա է։ Ինձ թվում է նրանք իրենց առաջ դրված հատուկ խնդիրներ ունեն՝ ցույց տալու աշխարհին, որ պատերազմը ոչ միայն Արցախի հետ է, այլ նաև Հայաստանի Հանրապետության։ Այդ մասին է խոսում այն հանգամանքը, որ նրանք թիրախավորել են նաև Նախիջևանի հետ սահմանը։ Ակնհայտ է, որ վերջին պարտությունները շատ ցավալի են Ալիևի համար և նա ամեն տեսակի սադրանքի ընդունակ է՝ փոխելու համար ռազմական գործողությունների ընթացքը։Կարծում եմ, այդ սադրանքները հիմա պետք է ակնկալել հենց Արցախի սահմանին, բայց մենք էլ մեր հերթին՝ շատ մարտունակ բանակ, գլխավոր շտաբ և փայլուն ռազմական տակտիկական մտքի սպաներ ունենք։
- Երբ նոր իշխանությունները եկան, վարչապետը հայտարարեց, որ Արցախյան հակամարտության բանակցային ընթացքը բոլորովին նոր կետից է սկսում։ Արդյունքում, մենք բաց թողեցինք մեզ համար շատ կարևոր ձեռքբերում, որ հաջողվել էր գրանցել ապրիլյան պատերազմից հետո՝ Վիեննա – Սանկտ Պետերբուրգ – Ժնև պայմանավորվածությունը, որը հնարավորություն էր տալու դիտարկող սարքերի օգնությամբ պարզել նախահարձակ կողմին և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Սրա արդյունքը եղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հավասարության նշանով վերջին հայտարարությունն՝ ուղղված երկու կողմերին։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է այստեղ որևէ բան վերականգնել։
- Ցավոք միայն վարչապետը չէր, որ իշխանափոխությունից հետո հայտարարեց, թե բանակցային գործընթացը սկսում է զրոյից, որ ինքն ունի բոլորովին այլ ռազմավարություն, գիտի, թե ինչպես երկու հարևան հանրապետությունները հասցնել հավերժ խաղաղության։ Այսպես էր մտածում նաև Սահակաշվիլին և այս մտածողությունն իսկապես թյուրիմացությունն է, որի արդյունքը մենք տեսանք, թե ինչ եղավ Վրաստանի հետ։ Իհարկե, չէր կարելի 30 տարվա դիվանագիտական աշխատանքը բացարձակ անպտուղ որակել և սկսել ինչ – որ զրո կետից։ Բացի նրանից, որ սա թյուրիմացություն է, ինչպես արդեն ասացի, սա նաև շատ գռեհիկ պահվածք է՝ ցույց տալ, թե իբր դու ամեն ինչից տեղյակ ես, այն պարագայում, երբ իրականությունը բացարձակ հակառակ պատկերն ունի։ Իհարկե, բանակցային գործընթացում կային որոշակի նվաճումներ, որոնցից պետք էր օգտվել և շարունակել հզորացնել դրանք։ Եթե վարչապետին թվաց, թե ինքը Դուշանբեում կարողացավ այնպես անել, որպեսզի սահմանային սրացումներ չլինեն և դրանից հետո եղած հարաբերական անդորրն էլ բոլորովին չէր նշանակում, որ մեր թշնամին նոր հարձակումներ չի պլանավորում։ Եթե այդ սլոգիզմն ընդունենք, ապա ստացվում է, որ մոնիտորինգը շատ կարևոր գործոն պետք է լիներ։ Երբ հրաժարվում ես մոնիթորինգից, նշանակում է դու 100 տոկոս վստահում ես մյուս կողմին։ Իսկ ինչի՞ վրա է հիմնված այդ վստահությունը, ես սա եմ ուզում հասկանալ՝ միայն թշնամու տված խոստումների վրա՞... Կներեք, սա, մեղմ ասած, շատ նայիվ մտայնություն է այն մասին, թե ինչպես է աշխատում միջազգային քաղաքականությունը։ Ընդհակառակը, պետք էր պարտադրել, որ երկու կողմերն ընդունեին Մինսկի խմբի կողմից իրականացվելիք մոնիթորինգը։ Մենք շատ լավ գիտեինք, որ մեր թշնամին շարունակում էր պատերազմի պատրաստվել, և որն ամենաանհավանականն է՝ նա այդ մասին անթաքույց հայտարարում էր իր չդադարող ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններով։ Մեր կողմից հաճախ է խոսվում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու թեզի մասին և սա այն պարագայում, երբ պաշտոնական Բաքվում հայատյացությունն իր գագաթնակետին է հասել...
Կներեք, ես սրա տրամաբանությունը չեմ հասկանում, եթե, իհարկե, այստեղ որևէ տրամաբանություն կա։ Նոր իշխանությունները պետք է ընդունեն, որ այս հարցի վերաբերյալ իրենց պատկերացումներ վտանգավորության աստիճանի թերի են։ Նրանք պետք է դասեր քաղեն։
- Կարծում եք քաղո՞ւմ են։
- Մինչ այսօր չեն քաղել, ցավոք։ Ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ կլիներ, եթե մենք չունենայինք այսօրվա բանակը։ Թույլ բանակի առկայության պարագայում, այդպիսի քաղաքական վրիպումներով հակառակորդ կողմը հաստատ կօգտվեր այդ բացթողումից։ Փաստացի, նրանք փորձեցին, բայց բանակը դեռ որ սանձում է ռազմական ագրեսիան։
- Փաստորեն մեր միակ հույսը մեր բանակն է...
- Այո, մեր միակ հույսը միշտ պետք է լինենք մենք ինքներ, մեր մարտունակ բանակն ու մեր միաբանությունը։ Այլ տեղ հույս փնտրել պետք չէ, որովհետև դա ծուղակ է։ Լավ է, որ մենք ռուսական կողմի հետ համագործակցում ենք և մեր անվտանգության հետ կապված հարցերում իրենք, իրենց շահերից ելնելով, սատարում են մեզ, օգնության ձեռք են մեկնում, ինչի համար մեծ շնորհակալություն նրանց։ Բայց մենք չենք կարող հույսը դնել որևէ կողմի վրա։ Մենք պետք է համագործակցենք բոլորի հետ և բոլոր համագործակցություններում փնտրենք միայն մեր շահը։
- Պարոն Մարտիրոսյան, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ երկիր է, իսկ վերջին օրերի ռազմական ագրեսիան դրսևորվում է հենց Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նկատմամբ, այնինչ, մենք տեսանք Ռուսական կողմի և մասնավորապես ՀԱՊԿ-ի որդեգրած դիրքորոշումը, որ սկսվեց և ավարտվեց երկու կողմերին խաղաղության կոչեր հնչեցնելով միայն ...
- Եկեք ճիշտ հասկանանք, թե մենք ի՞նչ սպասելիքներ ունենք ՀԱՊԿ-ից։ Եթե մենք նրանից (որն ի դեպ իրենից ներկայացնում է՝ Ղազախստան, Ղրղըզստան, Բելառուս և ՌԴ տանդեմը) սպասում ենք, որ պետք է ինչ - որ կոշտ հայտարարություններ անեն Ադրբեջանի դեմ, ապա սխալ սպասելիքներ ունենք։ Դա տեղի չի ունեցել և չի էլ ունենալու։ Ռուսաստանը կարող է օգտագործել իր փակ դիվանագիտական խողովակները, որպեսզի իր դիրքորոշումը հասցնի Ալիևին, բայց հրապարակային որևէ հայտարարություն չի անի։ Ճիշտն ասած, մեզ պետք էլ չէ, որ նման հայտարարություններ լինեն։ Մեր հանրության մոտ ինչ - որ սպասելիքներ են ձևավորվել, որ հիմա ահա՝ ՄԱԿ-ը կհայտարարի, ԵԱՀԿ-ն կհայտարարի, ԱՄՆ-ն կհայտարարի և ինչ- որ «հզոր» հայտարարությունից հետո իրավիճակ կփոխվի։ Նման բան չի լինելու։ Ասենք, եթե վաղը ինչ – որ խնդիր առաջանա Ղրղըզստանի և Ուզբեկստանի միջև, մենք արդյո՞ք պետք է ինչ - որ միակողմանի դատապարտող կոչով հանդես գանք... Դժվար է նման բան պատկերացնել։ Հիմա մեր սպասելիքները հայտարությունների ֆորմատից պետք է անցնեն ռազմատեխնիկական աջակցության, որը. կարծում եմ. մենք հաջողել ենք և ունենք աջակցություն։ Եվս մեկ կարևոր հարց, որ մենք ունենք մեր առջև՝ դա Թուրքիային չեզոքացնելու խնդիրն է։ ՀՀ-ի ՀԱՊԿ-ին անդամակցությունը չեզոքացնում է այդ վտանգը և, եթե մենք չենք հասկանում դա, ուրեմն շատ վատ ենք հասկանում՝ ի՞նչ է տեղի ունենում։ Եթե չլիներ ռուսական կողմի մասնակցությունը մեր անվտանգության հարցերում, ապա ես ավելի քան վստահ եմ, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին վաղուց հարձակվել էր Հայաստանի վրա։ Եթե ձեզ թվում է, թե բրիտանացիները, ֆրանսիացիները կամ Ամերիկան գալու են ու Հայաստանին փրկեն Թուրքիայի կողմից սանձազերծվող վայրագություններից, դուք սխալվում եք։ Ես չեմ բացառում նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այդ դեպքում կասեին՝ այո, ճիշտ է, իսկ ինչքա՞ն կարելի է հանդուրժել հայկական կողմի «ոչ կառուցողական» դիրքորոշումը։
- Սահմանային վերջին իրադարձությունների համատեքստում, օրեր առաջ մի շարք պետություններ հանդես եկան հայտարարությամբ՝ որով դատապարտեցին հայկական կողմի դրսևորած, այսպես ասած, ռազմական ագրեսիան։ Ինչքան էլ որ զարմանալի էր, այդ երկրների շարքում էր նաև մեր հարևան Վրաստանը։ Ինչո՞ւ այդպես պատահեց։
- Զարմանալու ոչինչ չկա։ Եթե այնտեղ իշխանության ղեկին լիներ պարոն Սահակաշվիլին, ավելի դատապարտող հայտարարություններ էինք լսելու մեր հասցեին, հարաբերություններն էլ՝ երկու երկրների միջև շատ ավելի բարդ էին լինելու։ Պատահական չէր, որ նախօրեին Սահակաշվիլիի կուսակցության անդամներից մեկը՝ Սալոմե Սամադաշվիլին խոսել էր այն մասին, թե պետք է երկրի Ազգային Ժողովը պարզի՝ ինչպե՞ս է ռուսական զենքը հասել Հայաստան, արդյո՞ք այն Վրացական սահմանը հատե՞լ է, թե ոչ։ Վրաստանը ռազմական համագործակցության շրջանակներում աշխատում է ինչպես Թուրքիայի, այնպես նաև Ադրբեջանի հետ։ Այստեղ նաև մեր սխալը կա։ Մեր դիվանագիտությունը մինչ այսօր չի կարողացել բացատրել Վրաստանին, Ուկրաինային և այլ երկրներին, թե ինչո՞վ է տարբերվում Արցախի հակամարտության հարցը՝ Աբխազիայից, Դոնբասից, Հարավային Օսեթիայից և Ղրիմից։ Վերջերս փորձեր են արվում վերակառուցել ԳՈՒԱՄ-ը։ ԱՄՆ-ի կոնգրեսում մի դիրքորոշում է նախապատրաստվում, որտեղ ԳՈՒԱՄ-ի անդամ երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Մոլդովան նորից կհամախմբվեն և կմտնեն ԱՄՆ-ի թևի տակ։ Այնպես որ, պարզ է, որ այդ երկրները փորձում են կոորդինացված ելույթներ և հայտարարություններ անել։ Սա մեր դիվանագիտական կորպուսի թուլությունն է, և այս ուղղությամբ պետք է օր առաջ քայլեր ձեռնարկել։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից