ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լուսավոր Հայաստան խմբակցությունը գրավոր հարցապնդմամբ դիմել Արայիկ Հարությունյանին 06/05/2020 19:07 | ԼՐԱՀՈՍ
Լուսավոր Հայաստան խմբակցությունը գրավոր հարցապնդմամբ դիմել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որը խմբակցության ղեկավարը ամբողջությամբ հրապարակել է.
«03 հունիսի, 2020թ.
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Հարությունյան,
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 113-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և 121-րդ հոդվածի 1-3-րդ մասերը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ձեզ է դիմում ներքոհիշյալ հարցապնդմամբ։
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 9-րդ կետի՝
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) մշակում և իրականացնում է կրթության, գիտության և լեզվի, հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման, ազգային և համամարդկային արժեքների պահպանման և զարգացման, գիտական և գիտատեխնիկական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգի բնականոն գործունեության ապահովման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերի որակի և արդյունավետության մոնիտորինգի և գնահատման, մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի բնագավառում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերի, բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական դաստիարակության համակարգի ստեղծման, մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության, սպորտի բնագավառում գիտամեթոդական ու վերլուծական աշխատանքների իրականացման, ծրագրերի համադասման ապահովման, երիտասարդության ներուժի իրացման և զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակման և կիրառման, երիտասարդների մասնակցային գործընթացների խթանման, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ «Կառավարություն») ծրագրի 4.4-րդ կետի («Գիտությունը և կրթությունը»)՝
Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին:
Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին, դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ:
Առանցքային են կրթության բովանդակության արդիականացումը՝ ուղղված սովորողների ճանաչողական, անձնային և միջանձնային հմտությունների զարգացմանը, դասավանդողների կարողությունների զարգացումը, մասնագիտության հեղինակության և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը:
Հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝
բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի.
ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.
ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ.
ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով.
անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը.
նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները:
Մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝
կրթական ծրագրերի արդիականացմանը` ուղղված տնտեսության և աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին.
նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության և ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ ներդնել և ընդլայնել դուալ կրթական համակարգը՝ հաշվի առնելով տարածքային զարգացման գերակայությունները։
Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝
բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնմանը, արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծմանը.
բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավմանը, բարձրագույն կրթության մեջ հետազոտական բաղադրիչի շարունակական մեծացմանը.
կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի վերանայմանը՝ ուղղելով դեպի ուսումնառության վերջնարդյունքները՝ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) պահանջներին համապատասխան.
ուսանողի անհատական կրթական հետագծի ապահովմանը՝ կրթական ծրագրերի ճկուն կառուցվածքի ներմուծմամբ.
բարձրագույն կրթության միջազգայնացմանը, շարժունության հնարավորությունների ընդլայնմանը.
եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ուղղությունների և սկզբունքների իրականացմանը.
բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության ցուցանիշները:
Գիտության ոլորտում անհրաժեշտ է՝
բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին.
Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող.
ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցության կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում.
սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցերի ձևավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների և ապահովելով ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում.
գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմներ.
ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։
Կառավարության կողմից նշված նպատակներին հասնելու համար կարևոր են կրթական և գիտական ծրագրերի շարունակականության ապահովումը, կրթական և գիտական ծառայությունների բովանդակության և ծրագրերի՝ շուկայի, հասարակության և պետության պահանջարկին համաժամանակեցումը:
Վստահաբար անցել է բավականին երկար ժամանակ Կառավարության կողմից այս սկզբունքների և նպատակների հռչակումից հետո։ Ըստ այդմ՝ առաջանում է տրամաբանական հարց, թե այս ընթացքում ինչ բարեփոխումներ են տեղի ունեցել գիտակրթական և մշակութային ոլորտներում։ Ըստ այդմ՝ խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցապնդմանը՝ յուրաքանչյուր հարցի պատասխանում ներառելով նաև համապատասխան թվական տվյալները։
I. Նախադպրոցական կրթություն
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մանկապարտեզների հասանելիության մակարդակի բարձրացման նպատակով, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել այդ ուղղությամբ (խնդրում ենք պատասխանել առանձին՝ ըստ մայրաքաղաքի և մարզերի):
II. Դպրոցական կրթություն
1) Որքանո՞վ է ամրապնդվել կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապը.
2) Որքանո՞վ է արդիականացվել կրթության բովանդակությունը.
3) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ.
4) Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի (այսուհետ՝ «Տեսչական մարմին») կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ Հանրապետության մարզերում՝ հատկապես սահմանամերձ և փոքրաթիվ համայնքներում առկա է համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների թվաքանակի զգալի պակաս, ինչը հանգեցնում է որոշակի խախտումների, ինչպես նաև զրկում երեխաներին առանձին առարկաներ սովորելու հնարավորությունից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մարզերում հանրակրթական հաստատությունները համապատասխան որակավորում ունեցող մանկավարժներով ապահովելու և երեխաների կրթության իրավունքի իրացումն ապահովելու համար.
5) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ ներդնելու ուղղությամբ։ Ի՞նչ արդյունք են տվել այդ քայլերը։ Եթե արդյունք չկա, խնդրում ենք պատասխանել, թե ինչու.
6) Տեսչական մարմնի կողմից հանրակրթության ոլորտում իրականացրած վերահսկողության արդյունքում արձանագրված օրենսդրական պահանջների հիմնական խախտումները վերաբերում են կադրային նշանակումներին: Նշանակվում են ուսուցիչներ ոչ մրցույթային կարգով, համապատասխան որակավորում կամ բարձրագույն կրթություն չունեցող կադրեր: Մինչ մրցույթի կայանալը՝ ևս նշանակվում են համապատասխան որակավորում չունեցող ուսուցիչներ, իսկ ուսուցչի թափուր տեղի մրցույթի անցկացման կարգում արձանագրվում են այլ խախտումներ:
Օրինակ, համապատասխան որակավորում կամ բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ չունեցող ուսուցիչների նշանակման մասով վիճակագրությունը հետևալն է՝
2017 թվականին Երևանում թվով 38 դպրոցում՝ 58 խախտում,
Սյունիքի մարզի թվով 48 դպրոոցում՝ 111 խախտում,
Արմավիրի մարզի թվով 40 դպրոցում՝ 73 խախտում,
Գեղարքունիքի մարզի թվով 35 դպրոցում՝ 60 խախտում,
Շիրակի մարզի թվով 37 դպրոցում՝ 73 խախտում,
2018 թվականին Կոտայքի մարզի թվով 46 դպրոցում՝ 64 խախտում,
Վայոց Ձորի մարզի թվով 33 դպրոցում՝ 71 խախտում,
Արագածոտնի մարզի թվով 31 դպրոցում՝ 46 խախտում:
Համապատասխան որակավորում չունեցող մանկավարժների նշանակման հարցով վիճակագրությունը հետևալն է՝
2017 թվականին Երևանի թվով 59 դպրոցում՝ 68 խախատում,
Սյունիքի մարզի թվով 35 դպրոցում՝ 51 խախտում,
Արմավիրի մարզի թվով 27 դպրոցում՝ 45 խախտում,
Գեղարքունիքի մարզի թվով 18 դպրոցում՝ 22 խախտում,
Շիրակի մարզի թվով 33 դպրոցում՝ 44 խախտում,
2018 թվականին Կոտայքի մարզի թվով 52 դպրոցում՝ 57 խախտում,
Վայոց Ձորի մարզի թվով 23 դպրոցում՝ 36 խախտում,
2019 թվականին Արագածոտնի թվով 38 դպրոցում՝ 43 խախտում:
Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Նախարարությունն իրավիճակը շտկելու ուղղությամբ.
7) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով ապահովելու ուղղությամբ: Ի՞նչ արդյունք են տվել այդ քայլերը։ Եթե արդյունք չկա, խնդրում ենք պատասխանել, թե ինչու.
8) Արդյո՞ք, ըստ Ձեզ, բարեփոխվել է դպրոցական կառավարման համակարգը։ Եթե այո, ապա խնդրում ենք ներկայացնել պատասխանի հիմնավորումները։ Եթե ոչ, ապա ո՞րն է պատճառ(ներ)ը.
9) Արդյո՞ք վերանայվել են դպրոցական կրթության չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայվել են արդյո՞ք ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները: Եթե այո, խնդրում ենք ներկայացնել մանրամասները արդյունքները։ Եթե ոչ, խնդրում ենք ներկայացնել պատճառները։
III. Միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն
1) Արդյո՞ք արդիականացվել են միջին մասնագիտական և բուհական կրթության ծրագրերը, որքանո՞վ են դրանք հարմարեցվել տնտեսության և աշխատաշուկայի պահանջներին.
2) Արդյո՞ք առհասարակ համարում եք, որ բարձրացել է միջին մասնագիտական և բարձրագույն ուսուցման մակարդակը։ Եթե այո, ապա խնդրում ենք հիմնավորել։ Եթե ոչ, խնդրում ենք ներկայացնել պատճառները.
3) Այս տարվա հունվարին գյուղատնտեսական քոլեջների ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի մասով ստացված որոշ տեղեկությունների համաձայն՝ ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացրել դրանց ստեղծման կամ բարեկարգման համար։ Ի՞նչ մոդել է դրվել այս ծրագրի իրագործման հիմքում, որով առաջնորդվելու են այդ դպրոցների կամ քոլեջների աշխատանքները, ի՞նչ առարկաներ են դասավանդվելու, ո՞ր մարզերում են դրանք տեղակայվելու, խնդրում ենք նաև ներկայացնել կառուցման և վերանորոգման ենթակա կառույցների տվյալները.
4) Ինչու՞ մինչ այժմ Ազգային ժողովի քննարկմանը չի ներկայացվել «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանարպետության օրենքի նոր նախագիծը, որի անհրաժեշտության մասին խոսվել է ամիսներ առաջ։
IV. Արմաթ
Ի սկզբանե ընդգծենք արձանագրված ուշադրության արժանի մի քանի տվյալներ՝ Արմաթ լաբորատորիաների գործունեությունից՝
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից շուրջ 8 տարի իրականացվող Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրի արդյունավետության «Գրանթ Թորնթոն» միջազգային աուդիտորական կազմակերպության գնահատման դրական եզրակացությունը,
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ալյանսի կողմից տրված կայուն զարգացման կրթական մրցանակը,
«Ֆորբս» ամսագրի անդրադարձն Արմաթի գործունեությանը 2020 թվականին,
Համավարակի ժամանակ՝ արտակարգ իրավիճակի պայմաններում, ինժեներական լաբորատորիաների կենսունակությունը՝ մարտի 01-ից հեռավար եղանակով կրթության շարունակական ու արդյունավետ իրականացումը՝ նկատի ունենալով նախկինում կուտակված փորձը,
Համավարակի դեմ պայքարի շրջանակներում լաբորատորիաների կողմից բուժաշխատողների համար նախատեսված շուրջ 3.000 դիմավահանների պատրաստումը և անվճար տրամադրումը Հայաստանի բոլոր մարզերի (այդ թվում Արցախի) բուժհաստատություններին,
Վրաստանի Ախալցխա քաղաքում Արմաթի ուսուցումը, Հնդկաստանում 2 Արմաթ լաբորատորիաների գործունեության մեկնարկը:
2019 թվականի հունիս ամսին Կառավարության նիստում, երբ որոշվում էր 284 Արմաթ լաբորատորիաներ տեղադրելու համար հատկացնել համապատասխան գումար, Դուք, պարոն Հարությունյան, հայտարարեցիք, որ հաջորդ տարի պլանավորվում է Հայաստանի մնացած դպրոցներում ևս ներդնել շուրջ 600 այդպիսի լաբորատորիաներ:
2019 թվականի դեկտեմբերի վերջին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը պատասխանել եք, որ նոր լաբորատորիաների հարցին կարող ենք անդրադառնալ միայն 2021 թվականի բյուջետային քննարկման ժամանակ:
2020 թվականի փետրվարի սկզբին Կառավարության նիստում նոր Արմաթ լաբորատորիաների ներդրման նպատակով 2020 թվականին գումար չնախատեսելու հարցին անդրադարձել է վարչապետը, ում պատասխանել եք, որ կուսումնասիրվի մինչ այժմ ներդրված լաբորատորիաների գործունեության արդյունավետությունը և մյուս դպրոցներում լաբորատորիաների ներդրումը կիրականացվի մրցութային կարգով՝ 2-րդ կիսամյակում:
2020 թվականի մարտի 03-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ներկայացրել է առաջարկ՝ միջոցներ նախատեսելու 2021-2023 թվականների ՄԺԾԾ-ում՝ 2020 թվականին մինչև 250 լաբորատորիա ներդնելու պահուստային ֆոնդի միջոցներով, իսկ 2021-ին՝ ներդնելու 500 դպրոցներում լաբորատորիաներ՝ նախատեսելով միջոցներ պետական բյուջեում, իսկ արդեն 2022-2023-ին նախատեսել միջոցներ բոլոր լաբորատորիաների բնականոն գործունեության համար: Մինչ օրս որևէ ուսումնասիրություն և քննարկում չի եղել Նախարարության հետ՝ Արմաթ լաբորատորիաների վերաբերյալ։
2020 թվականի մայիսի 23-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դիմել է վարչապետին՝ խնդրելով պահուստային ֆոնդից 641 մլն դրամ միջոցներ նախատեսել 2020 թվականին 200 լաբորատորիա ներդնելու համար, իսկ 2021-ի պետական բյուջեից տրամադրել 1 մլրդ 927 մլն դրամ՝ 500 լաբորատորիա ներդնելու և ավարտելու գործընթացի համար: Դիմումատուն խնդրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ նպատակի համար դրամաշնորհը տրամադրել մրցութային կարգով:
Այսպիսով, խնդրում ենք պատասխանել, թե ինչու նշված մրցույթը չի նշանակվել ու չի իրականացվել, ի՞նչու մինչ օրս պատշաճ ուշադրության և ֆինանսնավորման չի արժանացել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը միտված Արմաթ լաբորատորիաների հնարավորությունների ընդլայնման հարցը, որոնք ապացուցել են իրենց մրցունակությունն ու բարձր արդյունավետությունը։
V. Այբ
Այբի վերաբերյալ Ձեր հայտնի ֆեյսբուքյան գրառումից ու այդ մասին այլ հայտարարություններից անցել է 2 տարի։ Մինչ այժմ տեղեկություններ չհաղորդվեցին՝ արդյո՞ք աուդիտը կայացավ, թե՞ ոչ։ Եվ եթե կայացավ, ապա որո՞նք են դրա արդյունքները։
Այնուհետև հայտնեցիք, որ նյութեր են ուղարկվել իրավապահ մարմիններին՝ նույն հարցի կապակցությամբ։ Գլխավոր դատախազությունից ստացված պատասխանի համաձայն՝ «Այբ» հիմնադրամի գործունեության վերաբերյալ Նախարարության կողմից տեղեկատվություն է ներկայացվել գլխավոր դատախազություն, որի կապակցությամբ ձեռնարկվել է ուսումնասիրություն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր չեն նախապատրաստվել և ուսումնասիրության շրջանակներում հիմնադրամը որևէ կարգավիճակ չունի:
Ըստ այդմ, խնդրում ենք պատասխանել, թե ինչի վրա են հիմնվել նախկինում արված Ձեր հայտարարությունները։ Ի՞նչ չարաշահումներ են Ձեր կողմից բացահայտվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում։ Արդյո՞ք հիմնադրամն ու դպրոցը կրել են վնասներ այս պրոցեսների ընթացքում (օրինակ՝ կրճատվել են աշխատատեղեր և այլն)։
Մինչ քննարկվող գործը դատախազություն ներկայացնելը՝ ուսումնասիրության արդյունքները տրամադրվե՞լ են արդյոք Այբի ներկայացուցիչներին, արդյո՞ք նրանց կողմից տրվել են պարզաբանումներ։ Խնդրում ենք մանրամասնել։
VI. Ընդհանուր հարցեր
1) Ինչպե՞ս է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների ոլորտների մեկտեղումը մեկ գերատեսչության ներքո նպաստել այդ ոլորտների զարգացմանը.
2) Ի՞նչ փուլում է գտնվում կրթության ոլորտի ռազմավարության մշակումը.
3) 2018-2020 թվականն ընկած ժամանակահատվածում արդյո՞ք վերանայվել է դպրոցներին, միջին մասնագիտական կրթական հաստատություններին տրամադրվող բյուջետային հատկացումների կարգը։ Եթե այո, ապա ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այդ ուղղությամբ։ Խնդրում ենք պատասխանել նշելով նաև, թե որքան էր կազմում Հանրապետության դպրոցներում դասավանդող ուսուցիչների առկա (լրացված և չլրացված) հաստինքերի թիվը՝ 2018 թվականի մայիսի 01-ի և 2020 մայիսի 01-ի դրությամբ, որքան է կազմել 2018 թվականի համեմատ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը՝ բացարձակ թվով և տոկոսային հարաբերությամբ, քանի ուսուցչի աշխատավարձ է բարձրացվել՝ առանձնացնելով ըստ մարզերի և մայրաքաղաքի, առանձին տվյալներով ներկայացնելով սահմանապահ և սահմանամերձ համայնքերի վերաբերյալ տեղեկատվությունը.
4) Դպրոցների, ուսումնարանների, այլ կրթական հաստատությունների, Նախարարության ենթակայության ներքո գտնվող հաստատությունների տնօրենների նշանակման համար քանի՞ նոր մրցույթ է անցկացվել 2018 թվականի մայիս 01-ից 2020 թվականի հունիսի 01-ն ընկած ժամանակահատվածում.
5) Անցկացված մրցույթներից քանի՞սն են եղել արտահերթ և ի՞նչ պատճառով։ Խնդրում ենք պատասխանել ըստ յուրաքանչյուր դեպքի՝ առանձին և հնարավորինս մանրամասն՝ պահպանելով անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական պահանջները.
6) Քանի՞ նման հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, ում պաշտոնավարման ժամկետը գերազանցում է 6 ամիսը։ Ի՞նչն է խոչընդոտել համապատասխան պաշտոններում նշանակումների համար համապատասխան մրցույթների անցկացմանը.
7) 2019 թվականին լուծարվեց «Կրթության ազգային իստիտուտ» ՓԲ ընկերությունը։ Ըստ Նախարարության պարզաբանման՝ «Կրթության ազգային ինստիտուտի ներկա կարգավիճակը չի համապատասխանում այն առաքելությանը, որն այսուհետ ակնկալվելու է Կրթության ազգային ինստիտուտից, որպես կրթական ծրագրերի և ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգերի մշակման հարցերով զբաղվող ինստիտուցիոնալ կառույց»: Դրա փոխարեն՝ պետք է ստեղծվեր շահույթ չհետապնդող հիմնադրամ , որի վերջնական ձևավորման մասին տեղեկություններ չկան։ Ի՞նչ կառույց է ստեղծվել նշյալ ինստիտուտի փոխարեն, ի՞նչ փուլում է ուսուցիչների վերապատրաստման հարցի լուծումը.
8) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել արտասահմանում ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման հնարավորության ընձեռման ուղղությամբ.
9) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել դասավանդողների՝ ներառական կրթության ոլորտում վերապատրաստման ուղղությամբ.
10) 2019 թվականին Նախարարությունն սկսել է hանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։ Այդ գործընթացի նպատակն է՝ բարելավել առարկաների որակը, կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը, առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայագիտությանը և բնագիտական առարկաներին, իսկ ուսումնական պլանները դարձնել առավել ճկուն ։ 15 ոլորտային աշխատանքային խմբում ներգրավվել է շուրջ 70 մասնագետ՝ ուսումնասիրելու համար միջազգային փորձը։ Ի՞նչ շոշափելի արդյունքներ է գրանցել Նախարարությունը հանրակրթության բովանդակության վերանայման ուղղությամբ.
- Հայտնի է նաև, որ հանրակրթության բովանդակության վերանայման աշխատանքները ֆինանսավորվում են ԵՄ դրամաշնորհով, սակայն չի պահպանվել ծախսերի թափանցիկությունը։ Որքա՞ն ներդրում է իրականցրել ԵՄ-ը և ի՞նչ ծախսեր են կատարվել։ Խնդրում ենք ներկայացնել նշյալ աշխատանքների մանրամասները.
11) 2017-2018 թվականներին իրավական ակտերի նախագծերի «E-draft» հարթակում քննարկվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից մշակված «Կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր» նախագիծը, սակայն այն չի հաստատվել։ Ինչու՞ նախագիծը մինչ այժմ չի ընդունվել։ Արդյո՞ք մշակվել է կրթության ոլորտում այլընտրանքային հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր, որը կլինի թիրախային, ինչպես նաև չափելի ու գնահատելի՝ արդյունավետության տեսանկյունից.
12) Ձեր պաշտոնը ստանձնելուց հետո առ այսօր հանրակրթական հաստատություններում և բուհերում անօրինական դրամահավաքների և կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քանի՞ ահազանգ է ստացել գերատեսչությունը և քանի՞ քրեական գործ է հարուցվել այդ փաստերի առթիվ.
13) Արդյո՞ք ընդլայնվել է բուհերի ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը, բարձրացվել է կառավարման արդյունավետությունը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։ Այս իմաստով կառավարման խորհուրդները պիտի ենթարկվեին հայեցակարգային փոփոխությունների, որը կբացառեր նաև հովանավորչությունը։ Սակայն կարճ ժամանակահատվածում դպրոցների և բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներ։ Դուք բազմիցս դեմ եք արտահայտվել կրթական կառույցների կուսակցականացմանը, սակայն այսօր մենք ականատես ենք լինում հակառակ որոշումների կայացմանը։ Ինչո՞վ է պայմանավորված այս նպատակով բարեփոխումներ իրականացնելու հապաղումը.
14) Քանի՞ նախակրթարան, տարրական դպրոց, հիմնական դպրոց, ավագ դպրոց է բացվել Հանրապետությունում: Խնդրում ենք պատասխանել ըստ մարզերի և մայրաքաղաքի.
15) Քանի՞ նմանատիպ հաստատության համար է կառուցվել նոր շենք, քանի՞սն է վերանորոգվել 2018-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Խնդրում ենք պատասխանել ըստ մարզերի և մայրաքաղաքի.
16) Ինչու՞ վերաձևավորվեց ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը։ Արդյո՞ք դա որևէ կապ ուներ հավատարմագրման վերջին գործընթացների հետ։ Ո՞ր բուհերն են հաջորդ փուլում հավատարմագրվելու։ Որո՞նք են կանխատեսումները.
17) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում համընդհանուր ներառական կրթությանն անցնելու ուղղությամբ: Ի՞նչ արդյունք են տվել այդ քայլերը.
18) Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներում ներկայացվել են խնդիրներ, որոնք վերաբերում են հանրակրթական հաստատություններ ընդունելության կարգին։ Առաջարկվել է վերանայել կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1640 հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը և հաստատել ընդունելության հստակ և միասնական ընթացակարգեր։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս դաշտի կարգավորման և խնդիրների լուծման ուղղությամբ.
19) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2018 թվականի հունիսի 12-ի ՍԴՈ-1419 որոշման համաձայն՝ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող բավարար որոշակի, թափանցիկ և հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածով սահմանվել է, որ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հաստատում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը (1-ին մասի 26.13-րդ կետ)։ Օրենքն ուժի մեջ է մտել, սակայն ենթաօրենսդրական ակտը դեռևս ընդունված չէ։ Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ առ այսօր խնդիրը լուծում չի ստացել.
20) 2016-2017 թվականներին հանրակրթությունից դուրս է մնացել 260 երեխա, 2017-2018 թվականներին՝ 274, իսկ 2018-2019 թվականներին՝ 367 երեխա։ Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ տրված՝ իրենց կրթության իրավունքից չօգտվող երեխաների թվի վիճակագրական այս աճը.
21) Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու քննության անցկացման կարգը մինչև այսօր չի արդարացրել իրեն՝ հաշվի առնելով բազմաթիվ դժգոհությունները և գործընթացի նկատմամբ անվստահությունը։ Մասնավորապես բողոքները վերաբերում են քննության գրավոր և բանավոր ընթացակարգերում դիմողների նկատմամբ հայեցողական մոտեցումների և խտրականության դրսևորմանը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու քննության անցկացման կարգի փոփոխման ուղղությամբ.
22) ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) կողմից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Լոռու մարզպետարանի հետ համատեղ իրականացված «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտում» փորձնական ծրագրի ավարտից ու դրա հաջողությունից հետո նախատեսվում էր, որ համակարգը կներդրվի և կգործի ամբողջ Հանրապետությունում։ 2017 թվականին մշակվել և առ այսօր իրավական ակտերի նախագծերի «E-draft» հարթակում է գտնվում «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Մինչ այժմ այն չի ընդունվել։ Ինչո՞վ է բացատրվում այդ նախագծի ընդունման հապաղումը և ի՞նչ փուլում են գտնվում ՄԱԿ-ի այս ծրագրի ներդրման աշխատանքները.
23) Որքանո՞վ են հայրենադարձները ինտեգրվել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգին։ Արդյո՞ք Նախարարությունը մշակել է հատուկ քաղաքականություն՝ հայրենադարձ աշակերտների և ուսանողների արագ ինտեգրման համար։ Խնդրում ենք ներկայացնել մանրամասները.
24) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել արտերկրից (այդ թվում՝ հայկական սփյուռքից) արվեստագետներին այստեղ ուսուցման պրոցեսում ներգրավելու համար։ Ի՞նչ արդյունքներ ունենք արձանագրված.
25) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել սփյուռքի գիտական ներուժը ներպետական գիտական համակարգում ներգրավելու ուղղությամբ:
VII. Հեռավար ուսուցում
1) Սույն թվականի մարտ ամսից արտակարգ դրության ռեժիմի հաստատման պայմաններում հանրակրթական հաստատություններն անցում կատարեցին հեռավար ուսուցման։ Հայտնի, է որ Հանրապետության ողջ տարածքով տեղեկատվական տեխնոլոգիաները հասանելի են ոչ բոլորին, և սա բացառում է բազմաթիվ երեխաների հեռավար կրթական գործընթացում ներառելու հնարավորությունը։ Ավելին, ինքներդ նշել եք, որ բավականին զգալի թվով աշակերտներ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու հեռավար դասընթացներին։ Արդյո՞ք կատարել եք ուսումնասիրություններ, թե այս ընթացքում քանի երեխա և քանի ուսուցիչ է դուրս մնացել հեռավար դասապրոցեսից։ Քանի՞ երեխա է Նախարարությունից ստացել համակարգիչներ՝ որպես աջակցություն.
2) Ինչպե՞ս եք գնահատում առցանց կրթության արդյունավետությունը կրթության գործընթացին մասնակցության և կրթության բովանդակության տեսանկյունից՝ հաշվի առնելով ենթակառուցվածքի և համապատասխան համակարգի, նաև բովանդակային մշակումների բացակայությունը։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ՝ առաջիկա ուսումնական տարվան ընդառաջ։ Ինչպիսի՞ կանխատեսումներ ունի Նախարարությունը կրթության որակի անկման վերաբերյալ.
3) Արդյո՞ք ունեք մեխանիզմ գնահատելու հեռավար ուսուցման արդյունավետությունը, եթե այո, արդյո՞ք արդեն որևէ կերպ իրականցվել է այդ գնահատումը, որո՞նք են այդ չափանիշները և ինչպիսի՞ արդյունքներ կան.
4) Հեռավար ուսուցման գործընթացում երեխաներին չգնահատելու Ձեր որոշումը նվազեցրեց աշակերտների մասնակցությունը դասերին և ձախողեց հեռավար ուսուցման շարունակականությունը։ Ինչպե՞ս եք պատրաստվում շտկել իրավիճակը։
VIII. ԵՊՀ ռեկտոր և հոգաբարձուների խորհուրդ
1) Ի՞նչն է պատճառը, որ շուրջ 2 տարի է, ինչ Երևանի պետական համալսարանը չունի ռեկտոր։ Ի՞նչ է Նախարարությունը ծրագրում մայր բուհի ղեկավարի մասով ձեռնարկել.
2) Համալսարանի հոգաբարձուների խորհրդի պաշտոնավարման ժամկետը ևս լրացել է։ Ե՞րբ է ծրագրվում նոր խորհուրդ կազմավորել։
IX. Գրագողություն
Գրագողության վերաբերյալ Ձեր կողմից ժամանակին հայտարարվել էր հետևյալը. «Ցանկացած փաստի դեպքում հետևանքները լինելու են, ռեկտորի պաշտոնում ցանկացած ոք կլքի իր պաշտոնը»։ Մեկ այլ հարցազրույցում նշում եք. «Գրագողությունն անընդունելի է։ Եվ գրագողը չի կարող լինել հայաստանյան որևէ բուհի ռեկտոր։ (…) Ցանկացած ոք, ռեկտորի պաշտոնում ով կլինի, եթե նրա մոտ նման դեպքեր հայտնաբերվեն, կլքի այդ պաշտոնը»։ ԲՈԿ-ի կողմից ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ հայտնաբերված արտագրության հաստատված դեպքերն արդյո՞ք Ձեր՝ նախկինում արված հայտարարության համատեքստում չպետք է դառնային տիկին Գալոյանի հրաժարականի պատճառը, ով, ի միջի այլոց, փետրվարից Կառավարության 2005 թվականի 224-Ն որոշման 1-ին հավելվածի 11.3-րդ կետի խախտմամբ՝ դեռ շարունակում է պաշտոնավարել։ Եվ եթե նա մինչ այժմ պաշտոնավարում է այդ պաշտոնում, ապա խնդրում ենք պատասխանել՝ արդյո՞ք Դուք այս մասով որևէ քայլ չձեռնարկելով հետ չեք կանգնում Ձեր իսկ հռչակած սկզբունքներից։
X. Մշակույթ
1) Մշակույթի ոլորտում զգալիորեն աճել է ֆինանասավորումը (թանգարաններ և ցուցասրահներ՝ 655 մլն, 792 մլն՝ այլ մշակութային կազմակերպություններ): Արդյո՞ք իրականացվել են ծրագրված բոլոր միջոցառումները և տվել են սպասված արդյունքը։ Խնդրում ենք մանրամասնել՝ ըստ ծրագրերի և ֆինանսավորման.
2) Ինչու՞ է Ազգային կինոկենտրոնի տնօրենի ԺՊ Շուշանիկ Միրզախանյանը շարունակում պաշտոնավարել մինչ օրս՝ արդեն 3-րդ տարին, այն դեպքում, երբ Կառավարության 2005 թվականի 224-Ն որոշման 1-ին հավելվածի 11.3-րդ կետի համաձայն՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև 6 ամիս ժամկետով.
3) Քանի՞ ֆիլմ է նկարահանվել նախորդ 2 տարիների ընթացքում, ի՞նչ միջազգային փառատոների են մասնակցել պետական հատկացումներ ստացած կինոգործիչները, ի՞նչ արդյունքներ են գրանցվել, ի՞նչ միջազգային համագործակցություններ են հիմնվել։ Ի՞նչ ճանաչելիություն է ձեռքբերել Հայաստանը միջազգային կինոհանրության մոտ վերջին 2 տարիների ընթացքում, ինչի՞ շնորհիվ։ Ի՞նչ նորամուծություններ է արել կինոկենտրոնը 2018-2020 թվականներին, արդյո՞ք այն բավարար համագործակցային է ոլորտի բոլոր գործիչների համար։ Ինչու՞ է կինոկենտրոնը թերակատարել ծախսերը և մոտավորապես 50 մլն դրամ վերադարձրել պետական բյուջե.
4) Խնդրում ենք պատասխանել, թե 2018-2019 թվականներին պետական բյուջեից Հայաստանի ազգային կինոկենտրոնին որքան գումար է հատկացվել, քանի ֆիլմերի ֆինանսավորման մրցույթ է տեղի ունեցել, արտադրված և ավարտված լիամետրաժ խաղարկային քանի ֆիլմ է նկարահանվել, արտադրությունն սկսած և չավարտված լիամետրաժ խաղարկային քանի ֆիլմ կա այս պահին, ինչու՞ դրանք չեն ավարտվել, արդյո՞ք դրանք տեսանելի ապագայում կավարտվեն, խնդրում ենք հիմնավորել.
5) Խնդրում ենք ներկայացնել մանրամասներ, թե 2019 թվականին ինչ հանգամանքներում, ինչ պայմաններով է 55 մլն դրամ փոխանցվել ուզբեկ ռեժիսորի «Սուսերով պարը» ռուսական ֆիլմի արտադրությանը։ Նշված գումարը տվյալ ֆիլմի ստեղծման ո՞ր փուլի համար է տրամադրվել.
6) Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Նախարարությունը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար նշանակելու ուղղությամբ.
7) Քանի՞ հուշարձան է վերանորոգվել Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում։ Ի՞նչ միջոցներով.
8) Ի՞նչ սկզբունքով և չափանիշներով են ընտրվում հուշարձանների վերականգնման աշխատանք իրականացնող սուբյեկտները։ Արդյո՞ք եղել են դեպքեր, երբ հուշարձանը վերականգնվելու փոխարեն, այն փչացվել է՝ կորցնելով նախնական տեսքն ու մշակութային արժեքը։ Եթե այո, ապա խնդրում ենք հայտնել բոլոր դեպքերը, դրանց մանրամասները, այդ թվում՝ իրավական հետևանքները.
9) Ի՞նչ նպատակ ունի Նախարարությանը ենթակա Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը Նախարարության կազմում գործող վարչության վերակազմակերպելու որոշումը։ Արդյո՞ք այս մասով ուսումնասիրվել է հարուստ մշակութային ժառանգություն ունեցող այլ պետությունների փորձը։ Արդյո՞ք քննարկվել է մշակութային ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների պահպանության ոլորտում կայացած և անկախ գերատեսչություն ունենալու հնարավորությունը.
10) Ի՞նչ է արվել մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը և հասանելիությունը Հանրապետության մարզերում ապահովելու ուղղությամբ։ Ի՞նչ արդյունքներ կան.
11) Ի՞նչ է արվել կրթության և մշակույթի կապը խթանելու համար.
12) Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել հեռուստատեսային եթերը հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաև լեզվական ցածրորակ արտադրանքից մաքրելու ուղղությամբ, ինչպես որ դա ծրագրվել է Կառավարության կողմից: Այդ մասով կա՞ն արդյոք դրական արդյունքներ։
XI. Նախարարություն
1) Քանի՞ փոխնախարար է փոխվել Նախարարությունում 2018 մայիս 01-ից 2020 մայիսի 01-ն ընկած ժամանակահատվածում։ Խնդրում ենք ներկայացնել յուրաքանչյուր փոխնախարարի ազատման պատճառները.
2) Նախարարության և համակարգում գործող կառույցների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և մարզերի կրթության հարցերով զբաղվող ստորաբաժնումներում առկա են բողոքներ առ այն, որ Նախարարը համագործակցային հարաբերություններ և ներդաշնակ հաղորդակցում չի ապահովում՝ կրթական խնդիրների լուծման և այդ կառույցների իրավասությունների իրականացման համատեքստում։ Արդյո՞ք այս բողոքները համապատասխանում են իրականությանը։ Արդյո՞ք Ձեր կողմից ձեռնարկվում են քայլեր՝ այս ոլորտում բոլոր իրավասու կառույցների հետ համագործակցային և կառուցողական հարաբերություններ ապահովելու ուղղությամբ.
3) Որքա՞ն է կազմել Նախարարությունում ստացված պարգևավճարների չափը 2018, 2019 և 2020 թվականներին (առանձին)։ Խնդրում ենք նշել ըստ նախարարի, փոխնախարարի, աշխատակազմի ղեկավարի, վարչության պետի, առանձնացված ստորաբաժանման ղեկավարի, ինչպես նաև նշել Նախարարությունում միջին աշխատավարձի չափը՝ յուրաքանչյուր տարվա համար առանձին.
4) Նախկին կրթության և գիտության, մշակույթի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորման արդյունքում՝ աշխատակիցների և հաստիքների թվի ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել.
5) Արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն տեղեկատվությունը, որ Նախարարությունն ապագայում կրկին կենթարկվի կառուցվածքային փոփոխությունների, մասնավորապես՝ որոշ ոլորտներ կբաժանվեն ըստ առանձին գերատեսչությունների։ Եթե այո, ապա խնդրում ենք ներկայացնել պատճառները և մանրամասները։
Շնորհակալություն համագործակցության համար։
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից