ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/30/2020 17:22 | Հարցազրույց
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների, հայտարարված սահմանադրական հանրաքվեն չեղարկելու եւ 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու իշխող խմբակցության առաջարկած կարգավորման մասին «Փաստինֆո»-ն զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման ֆակուլտետի դոցենտ Գոռ Հովհաննիսյանի հետ:
- Պարոն Հովհաննիսյան , «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով իշխող ուժն առաջարկում է խորհրդարանին օժտել արդեն իսկ հայտարարված սահմանադրական հանրաքվեն չեղարկելու լիազորությամբ: Արդյո՞ք այդ կարգավորումը Մայր օրենքի հետ խնդիրներ չի առաջացնի:
-Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության հիման վրա ԱԺ-ն Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սա նշանակում է, որ Սահմանադրության ուժով ԱԺ -ն լիազորված է որոշում ընդունելու Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դնելու վերաբերյալ եւ ցանկացած մարմին , երբ օրենքով կամ Սահմանադրությամբ ստանում է այս կամ այն որոշումն ընդունելու լիազորություն, ապա այդ լիազորությունն ինքնաբերաբար ենթադրում է նաեւ այդ որոշումը վերացնելու լիազորություն: Օրինակ, ԱԺ-ն իրավունք ունի ընդունել օրենքներ եւ ԱԺ-ի այդ իրավունքը ենթադրում է, որ ԱԺ-ն կարող է ցանկացած ժամանակ վերացնել իր իսկ ընդունած օրենքը: Վարչական մարմինը կարող է ընդունել վարչական ակտեր եւ նրա այդ լիազորությունը նաեւ նշանակում է, որ վարչական մարմինը ցանկացած ժամանակ կարող է նաեւ չեղարկել իր ընդունած վարչական ակտը: Այլ հարց է, որ միշտ կարող են լինել մարդիկ, որոնք դժգոհ կլինեն այս կամ այն մարմնի այս կամ այն որոշումից, կլինեն մարդիկ, որոնք դժգոհ կլինեն ԱԺ-ի ընդունած Իքս օրենքից եւ կլինեն մարդիկ, որոնք դժգոհ կլինեն ԱԺ-ի կողմից այդ Իքս օրենքը վերացնելու մասին Իգրեկ օրենքից: Մեկ այլ օրինակ, երբ Սահմանադրությունը նախատեսում է մարդու հիմնական իրավունքներ, դրանք ունեն այսպես ասած, պոզիտիվ ձեւակերպում, Սահմանադրությունը հիմնական իրավունքների դեպքում ասում է՝ յուրաքանչյուր ոք ունի այս կամ այն իրավունքը, յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը, յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել հավաքների, յուրաքանչյուր ոք կարող է հիմնադրել կուսակցություններ եւ անդամագրվել դրանց, դավանել ցանկացած կրոն եւ այլն, բայց այս «յուրաքանչյուր ոք»-ի հիմնական իրավունքը ունի նաեւ այսպես ասած իր նեգատիվ կողմը, թեեւ Սահմանադրության մեջ բառացի չի ձեւակերպվում, բայց յուրաքանչյուր հիմնական իրավունք նաեւ նշանակում է, որ մարդը կարող է նաեւ ազատորեն հրաժարվել իր կարծիքը հայտնելուց, հրաժարվել որեւէ կրոն դավանելուց եւ լինել աթեիստ, մարդը կարող է ազատորեն չմասնակցել որեւէ հավաքի, չանդամագրվել որեւէ կուսակցության եւ նրան դա ստիպել չի կարելի, հետեւաբար, նույն կերպ, եթե ԱԺ-ն իրավունք ունի ընդունել որոշում որեւէ հարց հանրաքվեի դնելու վերաբերյալ, ապա նրա այդ լիազորությունը ինքնաբերաբար նշանակում է, որ ԱԺ-ն կարող է նաեւ վերացնել իր այդ որոշումը, հետեւաբար հատուկ լիազորություն ամրագրել նաեւ այն մասին, որ հանրաքվեի նշանակումից բացի ԱԺ-ն կարող է նաեւ չեղարկել հանրաքվեն, դրա կարիքն ընդհանրապես չկա: Սա շատ պրիմիտիվ մոտեցում է իրավունքի նկատմամբ եւ պետք է ասեմ, որ այսօրվա ԱԺ-ում իրավունքը այնպիսի պրիմիտիվ մակարդակի է իջեցվել, որ շատ դեպքերում ես ափսոսում եմ իմ ժամանակը, նման պրիմիտիվ հարցեր բացատրելու համար:
-Պարոն Հովհաննիսյան, ունենք իրավիճակ, երբ հայտարարվել է հանրաքվե, որը փաստորեն, արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում հնարավոր չէ իրականացնել: Մյուս կողմից, կարծես թե իշխանությունը նահանջում է հանրաքվեի գաղափարից եւ փակուղուց փորձում է դուրս գալ խորհրդարանի միջոցով: Ժողովրդավարության տեսանկյունից, եթե փորձենք իրավիճակին նայել, արդյո՞ք 88 պատգամավոր կարող է որոշել՝ հայտարարված հանրաքվեն անել, թե ոչ:
-Քանի որ հանրաքվե անցկացնելը հնարավոր չէ, որովհետեւ երկրում տարածված է շատ լուրջ վարակ ու կանխատեսելի էլ չէ, թե մոտ ապագայում կհաղթահարվի՞ այն եւ հանրաքվեի իրականացումը հնարավոր կդառնա, ուստի այսօրվա կանխատեսումներով, ամենայն հավանականությամբ, առաջիկա 7-8 ամսում կամ գուցե 1 տարում հանրաքվե անցկացնելն ուղղակի հնարավոր չի լինի, իսկ անհնարին բանը պարտադիր լինել չի կարող, հետեւաբար հանրաքվեից կառչելն անիմաստ բան է: Անհնար է եւ վերջ, եւ փոփոխության է դրվում մի նորմ, որը կարող է փոփոխել նաեւ Ազգային ժողովն ինքը: Ինչ վերաբերում է ժողովրդավարության սկզբունքին, ապա 88 հոգով ԱԺ-ում որոշում ընդունելը ժողովրդավարության սկզբունքի հետ ոչ միայն խնդիր չունի, այլեւ դրա արտացոլումն է, որովհետեւ 88 հոգին խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են եւ ուրիշ էլ ո՞վ պետք է խորհրդարանում իրավաչափորեն եւ ժողովրդավարության սկզբունքին համապատասխան որոշում ընդունի, եթե ոչ մեծամասնությունը: Հետեւաբար, ժողովրդավարության սկզբունքի հետ մենք խնդիր չունենք, եթե Սահմանադրությանն ու ԱԺ կանոնակարգին համաձայն, մեծամասնությունն իր լիազորություններին համապատասխան ընդունում է այս կամ այն օրենքը կամ որոշումը:
- Պարոն Հովհաննիսյան, նախագիծը ենթադրում է Սահմանադրության անցումային դրույթի փոփոխություն : Խոսքը ՍԴ անդամների եւ նախագահի պաշտոնավարմանն է վերաբերում: Արդյո՞ք հնարավոր է փոփոխել այդ հոդվածը:
-Այն հարցը, թե արդյո՞ք թույլատրելի է փոփոխություն կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում, մեր իրավաբանների մոտ հակասական մեկնաբանությունների է արժանանում, ես ինքս մտածում եմ այսպես՝ Սահմանադրությունն արգելում է փոփոխություն կատարել միայն 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 203-րդ հոդվածներում, մնացած բոլոր հոդվածները սկզբունքորեն ենթակա են փոփոխության: Այն մոտեցումը, թե 213-րդ հոդվածը սպառել է իրեն ես չեմ կիսում, որովհետեւ , քանի դեռ ՍԴ-ում կան դատավորներ, որոնք նշանակվել են 1995 կամ 2005թթ խմբագրությամբ Սահմանադրությունների հիման վրա ու շարունակում են պաշտոնավարել, նրանց պաշտոնավարման հիմքը մնում է 213-րդ հոդվածը: Իմ կարծիքով 213-րդ հոդվածը սպառված կլինի միայն այն ժամանակ, երբ ՍԴ-ում չեն լինի նախկին խմբագրությամբ Սահմանադրությունների հիման վրա նշանակված դատավորներ: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի ասել, որ 213-րդ հոդվածն այլեւս ոչ մի հարց չի կարգավորում եւ դարձել է առարկայազուրկ, բայց քանի դեռ ՍԴ-ում կան դատավորներ, որոնց պաշտոնավարման իրավական հիմքը 213-րդ հոդվածն է, իմ կարծիքով, 213-րդ հոդվածն այդքան ժամանակ շարունակելու է մնալ որպես գործող , իրավական ուժ ունեցող սահմանադրական նորմ, որը կարող է նաեւ փոփոխվել:
-Նախագծով, փաստորեն, իշխանությունը մտադիր 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնել, ըստ էության, խորհրդարանի միջոցով: Սա տեղավորվո՞ւմ է սահմանադրական կարգավորումների շրջանակում:
-Ես կարծում եմ, որ գործող քաղաքական իշխանության առաջարկած այս նոր տարբերակը եւս սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է հետեւյալ իմաստով՝ չի կարելի դադարեցնել գործող այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Ասեմ, որ սկզբունքորեն ես իրավաչափ եմ համարում դատավորների լիազորությունների ժամկետի նվազեցումը մինչեւ 12 տարի, ինչպես նախատեսվում է Սահմանադրության գործող տարբերակում, բայց այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել այս փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա:
-Այսինքն, այստեղ հետադարձ ուժի խնդի՞րն է առաջանում:
-Իհարկե, հետադարձ ուժի խնդիր ունենք մենք այս դեպքում, բայց հետադարձ ուժը լինում է երկու տեսակի՝ իսկական եւ ոչ իսկական: Իսկական հետադարձ ուժը սկզբունքորեն արգելվում է, այն անթույլատրելի է: Իսկական հետադարձ ուժը այն դեպքն է, երբ նոր օրենքը այլ իրավական հետեւանքներ է կապում այնպիսի փաստական հանգամանքների հետ, որոնք անցյալում ծագել ու անցյալում դադարել են: Օրինակ հարկերի բարձրացումը նախորդ տարիների համար, նախորդ տարիների հարկային տարին ավարտված է, դա ավարտված փաստական հանգամանք է, մարդիկ իրենց հարկերը վճարել են եւ հաջորդ տարում նախորդ տարիների հարկերը բարձրացնելն անթույլատրելի է: Ոչ իսկական հետադարձ ուժը սկզբունքորեն թույլատրելի է, դա այն դեպքն է, երբ նոր օրենքը այլ իրավական հետեւանքներ է կապում այնպիսի փաստական հանգամանքների հետ, որոնք անցյալում ծագել են, բայց դեռ չեն դադարել ու շարունակում են գործել նաեւ ներկայում եւ նոր իրավական հետեւանքները անցյալում ծագած փաստական հանգամանքների հետ կապվում են ապագայում գործողության մասով: Այս դեպքում ՍԴ դատավորների լիազորությունները նվազեցնելու դեպքում մենք կունենանք ոչ իսկական հետադարձ ուժ, որը սկզբունքորեն թույլատրելի է, բայց, ինչպես արդեն ասացի, պայմանով, որ 12 տարի պաշտոնավարելու ժամկետը պետք է հաշվարկվի փոփոխությունը կատարելու պահից՝ ապագայի մասով: Հետեւաբար, այս չափանիշին չի համապատասխանում առաջարկվող փոփոխությունը, այն դեպքում, երբ առաջարկվում է դադարեցնել ՍԴ այն դատավորների լիազորությունները որոնք արդեն 12 տարի պաշտոնավարել են: Նախկինում պաշտոնավարելու ժամանակահատվածը ոչ մի կապ չունի առաջարկվող փոփոխության հետ, հակառակ դեպքում հարց է ծագում, բա այն դատավորները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել նախկինում, ապա այդ ավել ժամանակահատվածի հետ մենք ո՞նց պետք է վարվենք: Ավելի պարզ ասեմ, եթե անցյալում պաշտոնավարումը կարեւոր է, ապա չի կարելի անտեսել նաեւ 12 տարին գերազանցող ժամկետը: Եվ, երկրորդ անհետեւողական մոտեցումը, որ առաջարկվում է նոր տարբերակով, ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելն է: Այս մոտեցումն անհետեւողական է, որովհետեւ, եթե առաջարկվում է ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը նվազեցնել մինչեւ 12 տարի, ինչպես պահանջում է գործող Սահմանադրությունը ու դա նորմալ է համարվում, ապա նույն տրամաբանությամբ պետք է ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետն էլ նվազեցվի այն ժամանակահատվածի չափով, որը սահմանվում է գործող Սահմանադրությամբ: Դա 6 տարին է, հետեւաբար, ոչ մի տրամաբանություն չկա այն հարցում, թե ինչու պետք է ՍԴ նախագահի պարագայում այլ մոտեցում ցուցաբերվի եւ նրա պաշտոնավարման ժամկետը ոչ թե պետք է նվազեցվի մինչեւ 6 տարի, այլ նրան պետք է ազատեն: Եթե առաջարկվի եւ ընդունվի այն լուծումը, ըստ որի ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը նվազեցվում է մինչեւ 12 տարի եւ այդ ժամկետը սկսում է հոսել փոփոխությունն ընդունելու պահից եւ ՍԴ նախագահի՝ իբրեւ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը նվազեցվում է մինչեւ 6 տարի, որից հետո նա կշարունակի պաշտոնավարել իբրեւ ՍԴ դատավոր եւ դատավորները կընտրեն նոր նախագահ, այդ լուծումը սկզբունքորեն ընդունելի է եւ սահմանադրականության խնդիրներ չի հարուցում:
-Այսինքն, հակառակ պարագան, փաստորեն, սահմանադրականության տեսանկյունից խնդրահարո՞ւյց կլինի:
-Այո, իմ կարծիքով այն տարբերակը, որը հիմա առաջարկվում է հակասահմանադրական կլինի ՍԴ նախագահի մասով եւ այն դատավորների մասով, որոնց ՝ նախկինում արդեն 12 տարի պաշտոնավարելու ժամկետը հաշվի կառնվի եւ նրանք կազատվեն զբաղեցրած պաշտոնից, չնայած նույնը վերաբերում է նաեւ այն դատավորներին, որոնք թեեւ 12 տարի չեն պաշտոնավարել, բայց այդ 12 տարին հաշվարկվում է, հաշվի առնելով նաեւ նախկինում իրենց պաշտոնավարած ժամանակահատվածը: Ինչպես արդեն ասացի, փոփոխությունը կարող է սահմանադրական համարվել, երբ 12 տարի ժամկետը սկսի հաշվարկվել փոփոխություն կատարելու պահից՝ ապագայի մասով: Այս նախագիծը պարտադիր պետք է ուղարկվի ՍԴ, դրա սահմանադրականության հարցը ստուգելու համար: Բացի այս, պետությունը պարտավոր է ապահովել դատական պաշտպանության հնարավորություն ՍԴ այն դատավորների համար, ովքեր դժգոհ կմնան Սահամանադրության այդ փոփոխությունից ու կմտածեն, որ իրենց իրավունքները դրանով խախտվում են։
-Եվ վերջում, ընդհանուր առմամբ, եթե փորձենք գնահատել այն , ինչ իրականում տեղի ունենում ՍԴ-ի շուրջ, ստացվում է, որ տարբեր ճանապարհներով գործադիր ու օրենսդիր իշխանությունները փորձում են ձերբազատվե՞լ ՍԴ-ի գործող կազմից:
-Անշուշտ, յուրաքանչյուրի մոտ ստեղծվում է տպավորություն, որ գործող քաղաքական իշխանությունը ամեն կերպ փորձում է ձերբազատվել իր համար անցանկալի դատավորներից եւ այն պնդումները, թե իբր սա անձերի խնդիր չէ եւ միակ նպատակը գործող Սահմանադրության նորմերի հնարավորինս շուտ կենսագործումն է, ոչ մի ողջամիտ մարդու չի համոզում, որովհետեւ ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը երկարաձգող 213-րդ հոդվածին համանման դրույթներ մենք ունենք նաեւ գլխավոր դատախազի եւ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ: Սահմանադրության 216-րդ հոդվածը նույն բովանդակությամբ դրույթ է պարունակում, որտեղ ասվում է, որ գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների՝ 2005թ փոփոխություններով սահմանված ժամկետի ավարտը, նույնը ասվում է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ եւ ընդհանրապես այս եզրափակիչ ու անցումային դրույթներում նմանատիպ հոդվածները բազմաթիվ են եւ եթե միակ նպատակը լիներ իսկապես Սահմանադրության դրույթների հնարավորինս շուտ կենսագործումը, ապա նույն մոտեցումը պետք է ցուցաբերվեր ցանկացած պաշտոնատար անձի նկատմամբ, որի լիազորությունների , պաշտոնավարումը շարունակելու վերաբերյալ անցումային դրույթ ունենք: Հետեւաբար, կրկնում եմ, ակնհայտ է, որ ՍԴ-ի նկատմամբ դրսեւորվում է հատուկ խտրական մոտեցում եւ այդ մոտեցման նպատակը ամենեւին էլ Սահմանադրության դրույթների շուտափույթ կենսագործումը չէ եւ այս առումով կառավարության եւ ԱԺ-ի գործողությունները հակասական են, իսկ հակասական գործողությունները երբեք ոչ մի ողջամիտ մարդու չի կարող համոզել:
Հեղինակ՝ Մ.Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը