ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիտալի Բալասանյան․ «Մեր ժողովրդի առողջապահական անվտանգությունն այս պահին թիվ մեկ խնդիրն է, մնացածն անցողիկ են» NEWS. am 04/22/2020 11:17 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների, հետընտրական վիճակի ու առաջիկա զարգացումների մասին ենք զրուցել Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Վիտալի Բալասանյանի հետ։
Պարո՛ն Բալասանյան, ավարտվեցին Արցախի համապետական ընտրությունները։ Ո՞րն է Ձեր գնահատականը։ Կա տեսակետ, որ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելն ու խորհրդարանական ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն և պետք է փողոցային պայքար մղել։ Կա նաև մյուս տեսակետը, ըստ որի՝ եղել են գրեթե անթերի, մրցակցային ընտրություններ, Հարությունյանը գերբարձր լեգիտիմություն ունի և ավելի բարձր վստահության տոկոս (88 տոկոս) է ստացել, քան նույնիսկ հեղափոխական էյֆորիայի փուլում Հայաստանում ստացավ Նիկոլ Փաշինյանը։
Դրանք երկու ծայրահեղ գնահատականներ են, որոնցից ես զերծ կմնամ։ Մեզ ո՛չ ցնցումներ են պետք, ոչ էլ լճացում։ Ինչ մնում է լեգիտիմությանը, ապա այն ոչ միայն ԿԸՀ–ի հայտարարած տոկոսներով է որոշվում, այլ նաև աշխատանքի արդյունքներով։ Ամեն ինչ խիստ պայմանական է։
Դրսի ու հատկապես Ադրբեջանի արձագանքն Արցախի ընտրություններին բացասական էր։
Իսկ դուք ա՞յլ բան էիք սպասում Ադրբեջանից։ Բնական է, որ պետք է ձայնները գլուխները գցեն ու գրեն։ Իրենց ձեռքում միայն դա կա։ Այս առումով մեկ բան նշեմ՝ երբ Ադրբեջանում են խոսում ընտրությունների որակից, պարզապես ծիծաղելի է։ Մեզ մոտ տեղի ունեցած ընտրական գործընթացը հեռու է մեր ժողովրդի ուզած մակարդակից, բայց անհամեմատ է ադրբեջանականի հետ։ Այնտեղ նույնիսկ ձևական մրցակցություն չկա։ Արցախը ժողովրդավարական ազատությունների և ընտրությունների որակի առումով զգալիորեն առաջ է Ադրբեջանից։
Ձեր ակնկալիքներն ընտրություններից բավարարվեցի՞ն։
Բնականաբար՝ ոչ, բայց ընտրությունների արդյունքները մենք ի գիտություն ենք ընդունում և հույս հայտնում, որ նախընտրական խոստումները միայն բուկլետում կամ տեսահոլովակում նշված գեղեցիկ խոսքեր չեն լինի։ Քաղաքական խաղերն այժմ երկրորդական են և ինձ չեն հետաքրքրում։ Քաղաքական փոխհարաբերությունների հստակեցման, տոկոսների և ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ խնդիրների թեման դեռ առիթ կլինի քննարկել, հարցեր տալ, պատասխաններ ստանալ։ Բայց դա հետո։ Մենք հիմա շատ լուրջ մարտահրավերներ ունենք, որոնք անտեսվեցին մինչև մարտի 31–ը և մեծ հաշվով անուշադրության են մատնված նաև հիմա։ Սրա՛ մասին է պետք խոսել ու մտածել։
Ի՞նչը նկատի ունեք։
Ինչպես հայտի է, ես և իմ գլխավորած «Արդարություն» կուսակցությունն առաջինն էինք, որ ահազանգեցինք կորոնավիրուսային համաճարակի տարածման վտանգի մասին։ Մենք կոչ էինք արել արտակարգ դրություն հայտարարել, դիտարկել ընտրությունների հետաձգման հնարավորությունը և առաջին հերթին մտահոգվել մեր ժողովրդի առողջապահական անվտանգության խնդիրներով։
Իշխանությունները, ցավոք, ընդառաջ չգնացին մեր կոչերին։ Ընտրությունները կայացան այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ ընտրություններ են հետաձգվում։ Ի վերջո, կար նաև Հայաստանի փորձը, երբ հետաձգվեց հանրաքվեն։ Որքան էլ անվտանգության միջոցառումներ կիրառվեին, միևնույն է՝ մարդկանց մեծ խմբերի հոսքը դեպի ընտրատեղամաս վարակի տարածման պատճառ էր դառնալու։ Այդպես էլ եղավ, և նախագահականի երկրորդ փուլն անցավ կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերմանը զուգահեռ։ Պատահական չէ, որ անհամեմատ ցածր էր նախագահականի 2–րդ փուլի մասնակցությունը։ Ինչևէ, հետագա զարգացումների պատասխանատվությունը գործող իշխանության և բոլոր այն ուժերի վրա է, որոնք առաջնորդվեցին այլ հաշվարկներով։ Հուսով եմ՝ հիմա ամբողջ թափով կլծվեն անհրաժեշտ աշխատանքների կատարման գործին։ Առողջապահական անվտանգության ապահովման խնդիրն այս պահին թիվ մեկ հարցն է դառնում։ Այդ առումով պատրաստ եմ իմ բոլոր ջանքերը ներդնել և օգնել խնդրի լուծմանը։
Մենք պետք է հասկանանք, որ այդ վարակը կարճ ժամանակով չէ մեզ այցելել և մեր քայլերը պետք է անենք՝ հաշվի առնելով բոլոր սցենարները։ Դժվար ժամանակներ են սպասվում։
Ձեր գլխավորած ուժը խորհրդարանում է։ 5 ուժ է ներկայացված այնտեղ, և ոչ մեկը չունի հսկիչ փաթեթ՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։ Նախագահ Հարությունյանի գլխավորած կուսակցությանը չի բավականացնում մեկ մանդատ, որպեսզի առանց կոալիցիայի կառավարություն ձևավորի։ Ինչպիսի՞ պատկեր կունենանք, ըստ Ձեզ։
Պաշտոնների առևտրին մտադիր չեմ մասնակցել և չեմ կարող ասել, թե ինչ վերջնական պատկեր կձևավորվի։ Ես նախագահական ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո հայտարարեցի, որ չեմ աջակցելու երկրորդ փուլ անցած թեկնածուներից որևէ մեկին։ Կան գաղափարական ու տեսակային լուրջ տարբերություններ։ Մենք ընտրողից քվե ենք ստացել՝ մեր կողմից հռչակված արժեքներին, գաղափարներին ու ծրագրերին տեր կանգնելու համար։ Երբ ասում ենք, որ հաղթանակը չի վաճառվում, դրանք միայն խոսքեր չեն։
Մեզ համար առաջնայինը եղել է և շարունակում է մնալ անվտանգության ու արդարության ապահովման հարցը։ Իշխանությունների գործողություններն այս դիտանկյունից ենք խոշորացույցի տակ պահելու։
Հիմա կարևորը վարակի տարածում թույլ չտալն է ու վարակվածների քանակը մեր առողջապահական համակարգի համար ռիսկային չդարձնելը։ Անհրաժեշտ են կոմպետենտ և համարժեք որոշումներ։ Մենք մեր ստացած քվեի ուժով ստիպելու ենք իշխանություններին աշխատել։ Մնացածը ժամանակն իր տեղը կդնի։
Եվ ամենակարևորի մասին։ ՌԴ արտգործնախարար Լավրովը սենսացիոն հայտարարություն արեց։ Նա ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ քննարկվել է Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակը, ըստ որի՝ հայկական կողմը պետք է զիջի տարածքներ՝ հետագայում ակնկալելով տրանսպորտային ուղիների ապաշրջափակում։ Ձեր տեսակետը։
Ես այս մասին բազմիցս եմ խոսել։ Ինձ մեղադրում էին, թե իբր ծայրահեղ գնահատականներ եմ տալիս։ Դե թող հիմա բացատրություններ տան պաշտոնական Երևանը ու նաև Ստեփանակերտը։ Չէ՞ որ հայտարարվում էր, թե տեսակետները նույնական են։
Պետք է այս թեմայով արտահայտվեն նաև Արցախի խորհրդարանական խմբակցությունները, բոլոր այն մարդիկ, ովքեր հրապարակային դաշտում են գործում։ Պետք է բոլորը խոսեն առանց ձևականությունների և լղոզվածության։
Ինձ համար մեկ բան հստակ է՝ մենք 1997–1998–ին մերժել ենք չարաբաստիկ փուլային տարբերակը։ Այն ժամանակվանից մինչև հիմա ոչինչ չի փոխվել։ Տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևն անընդունելի է։ Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ չունենք։ Սակարկման ենթակա տարածքներ չունենք։
Հայ ժողովուրդը գծել է Արցախի սահմանները պատերազմի միջոցով և հետագայում արցախահայությունը սահմանադրորեն ամրագրել է այն։ Ով որ իր համաձայնությունը կտա կապիտուլյացիայի տանող փուլային տարբերակին, կկրկնի 1998–ին այն քարոզողի ճակատագիրը։ Հաղթանակը չի՛ վաճառվում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ