ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կանցկացվե՞ն այս տարի ԱԺ արտահերթ ընտրություններ. Նման հավանականությունը բավականին բարձր եմ համարում. Ռոբերտ Քոչարյան 01/29/2020 11:23 | ԼՐԱՀՈՍ
Yerevan.Today-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի միջոցով հարցեր էր ուղղել Ռոբերտ Քոչարյանին։ Հունվարի 28-ին ստացել են պատասխանները, որոնք եւ հրապարակում են ամբողջությամբ։
Տարին սկսվեց տարածաշրջանում լարվածության աճով, որի պատճառը իրանցի գեներալ Սուլեյմանիին սպանելու՝ ամերիկացիների քայլն էր։ Ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունները եւ մեր իշխանությունների արձագանքն այդ իրադարձություններին:
Տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ աշխարհակարգի վերաֆորմատավորման գործընթացի հետեւանք են, ինչի մասին խոսել եմ վերջին հարցազրույցներից մեկում։ Տարածաշրջանային խաղացողների ազդեցության աճին հակազդում է գլոբալ առաջնորդը, որն արդեն չունի գերակայելու համար ռեսուրսներ, սակայն դեռ ունի ընդդիմախոսներին վնաս հասցնելու հնարավորություն։ Գործընթացը չափազանց վտանգավոր է, բայց անխուսափելի, եւ մենք պետք է պատրաստ լինենք նման դրսեւորումներին։ Հայաստանի արձագանքն ամոթալի, ջայլամային էր։ «Լեոպոլդ» կատվի մասին հայտնի մուլտֆիլմից «եկեք համերաշխ ապրենք» ոճով վարչապետի «Լեռան քարոզը» բացարձակապես ադեկվատ չէր։ Խոսքն ինչ-որ մեկի կողմն անցնելու մասին չէ, սակայն պետք էր գոնե նշել տեղի ունեցածի պատճառահետեւանքային կապը։ Այսպես՝ կողքից հետեւողի դիրքերից, կարող էր արձագանքել Պոլինեզիայի որեւէ կղզի պետություն, ոչ թե բարեկամ հարեւանը։
Կիսո՞ւմ եք տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վարչապետի հիացմունքը։ Ինչպիսի՞ն է տնտեսական տարվա ու խնդիրների վերաբերյալ Ձեր կանխատեսումը:
Վարչապետի հիացմունքի պատճառները, հավանաբար, հայտնի են միայն իրեն։ Տնտեսությանն առնչվող հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ, քանի որ կարելի է խոսել նախորդ տարվա որոշ արդյունքների մասին։
ա) Երկու բառ տնտեսության կառուցվածքի մասին:
Հիշեցնեմ, որ կառավարությունը խոսում էր հումքային բաղադրիչը կրճատելու, բարձր արտադրողական գյուղատնտեսություն զարգացնելու, շինարարությունը խթանելու, ինչպես նաեւ գիտատար արտահանման կողմնորոշում ունեցող ճյուղերը ու թվային տնտեսությունը զարգացնելու հաստատակամ մտադրության մասին։ Նախորդ տարի տեղի է ունեցել հակառակը. տնտեսության ընդհանուր ծավալում հանքաարդյունաբերության մասնաբաժինն աճել է, գյուղատնտեսության մասնաբաժինը՝ նվազել, ներկրման եւ արտահանման տարբերությունն աճել է, առեւտրի եւ ծառայությունների ոլորտն աճել է՝ բացառապես խաղային բիզնեսի եւ սպառողական վարկավորման, այլ ոչ թե «նոր տնտեսության» հաշվին: Վարչապետի խոստացած շինարարական բումն այդպես էլ չսկսված՝ ավարտվեց. ոլորտն ավելի փոքր տեմպերով աճեց, քան տնտեսությունն ընդհանուր առմամբ։ Բյուջեի ծախսային մասը խիստ թերակատարվել է կապիտալ ծախսերի մասով։ Պետական պարտքն աճել է, ՀՀ-ից մարդկանց արտահոսքը՝ շարունակվել:
Այսպիսով, տնտեսության կառուցվածքը նախորդ տարվա ընթացքում փոխվել է վարչապետի ծրագրերին ի հակառակ։ Նախանշված նպատակների եւ փաստացի արդյունքների իրարամերժ զարգացումը խոսում է կառավարության մոտ տնտեսական քաղաքականության, կառավարման հմտությունների եւ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով կանխատեսելու ունակության բացակայության մասին: Երկրի տնտեսության կառուցվածքը ձեւավորում էր պղնձի գները եւ տոտալիզատորը, այլ ոչ թե՝ կառավարության ծրագրերը։ Սա նախարարների եւ գերատեսչությունների ղեկավարների մեծամասնության մասնագիտական տարրական անպիտանության արտացոլումն է։
բ) Տնտեսական աճի մասին:
Տնտեսությունն իսկապես աճել է, բայց տնտեսագետների մեծամասնության գնահատմամբ՝ ամենեւին ոչ 7,5%-ով: Ըստ Հ. Բագրատյանի՝ աճը կազմել է 3,5 տոկոս, ինչն ավելի նման է ճշմարտությանը։ Վիճակագրությունը կասկածի առիթ է տալիս, քանի որ տնտեսության աճը գործնականում չի ազդել երկրի քաղաքացիների մեծամասնության կենսամակարդակի վրա: Բացի դա, տրանսպորտային փոխադրումների եւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը տնտեսական աճի տրամաբանության հետ չի խոսում։
Վիճակագրության դեֆորմացիան տեղի է ունենում նաեւ տնտեսության մեջ հսկայական «փուչիկի» պատճառով, որն առաջացել է թաքնված վերաարտահանման նպատակով ավտոմեքենաների ներմուծման հետեւանքով՝ պայմանավորված ԵԱՏՄ երկրների հետ հարկման տարբերությամբ։ Ներքին շուկայի պահանջարկը շուրջ 30 հազար է, իսկ նախորդ տարի երկիր է ներկրվել 189 հազար ավտոմեքենա։ Դա ուռճացրել է տնտեսության բազային ցուցանիշները, ինչը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել իրական վիճակը: Այդ իսկ պատճառով, առեւտրի եւ ծառայությունների ծավալների թվերը լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն: Ակնհայտ է, որ սպառողական վարկերի պորտֆելի կտրուկ աճը մեծապես պայմանավորված է հենց այդ գործոնով։ Դրանով է բացատրվում նաեւ հարկային մուտքերի գերակատարումը։ Տնտեսության իրական պատկերը հասկանալու համար պետք է հաշվարկել ավտոմեքենաների ներմուծման ազդեցությունը ՀՆԱ-ի ձեւավորման վրա՝ հաշվի առնելով դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը։ Ավելին, հավանական է, որ նման բան տեղի է ունեցել մի շարք այլ ապրանքատեսակների մասով, որտեղ հարկման տարբերությունը նույնպես ձեւավորել է բիզնեսի սպեկուլյատիվ մոտիվացիա: «Հանրապետական» անցյալից նոր իշխանությունների համար այս յուրօրինակ «բոնուս-նվերը» վերջացավ, թեեւ դեռ որոշակի իներցիա կլինի ընթացիկ տարվա առաջին ամիսներին։ Արդյունքում լավ է, որ տնտեսությունը, այնուամենայնիվ, աճել է, բայց հիացմունքի առիթ չկա։
գ) Ընթացիկ տարվա կանխատեսումները:
Ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվում է ՀՆԱ-ի աճ՝ ընդամենը 4,9%-ով։ Համաշխարհային տնտեսության՝ 3,5 տոկոս աճի կանխատեսումների պարագայում նման բյուջեով իշխանությունները պետք է ամաչեն մարդկանց աչքին երեւալ։ Հատկապես՝ տնտեսության «թռիչքային» աճի մասին խոստումներից հետո: Տարին հեշտ չի լինի, խնայված եւ ներգրավված գումարները կուղղվեն արտաքին տպավորիչ պարտքի գագաթնակետի սպասարկմանը, ուստի ստիպված կլինեն լրացուցիչ միջոցներ ներգրավել: Ներդրումներ չեն լինի, մինչեւ հեղափոխությունը չդադարի լինել «նոր» Հայաստանի բրենդը, մինչեւ չվերականգնվի վստահությունը բանկային գաղտնիքի նկատմամբ, չդադարեն արտադատական շորթումները բիզնեսից, չդադարեն սեփականության վերաբաշխման մասին խոսակցությունները, եւ չփոխվի երկրում տոտալ ատելության մթնոլորտը։ Եկամտահարկի հարթ սանդղակը կմեծացնի աղքատների եւ հարուստների միջեւ տարբերությունը, ինչը կհանգեցնի սոցիալական լարվածության աճին: Լավագույն դեպքում մեզ սպասվում է տեղում դոփելու տարի:
Անցնող տարին հիշվեց նաեւ հսկայական ու ժողովրդից թաքուն վճարված նախարարական (եւ ոչ միայն) պարգեւավճարներով․․․
Ակնհայտ է, որ հասարակության էյֆորիան իշխանությունն ընկալել է իբրեւ ամենաթողության թույլտվություն, ինչը բերեց հեղափոխական ակտիվիստների կոռուպցիոն ախորժակի մեծացման։ Էյֆորիան անցավ, սակայն պաշտոնյաների ախորժակը մնաց։
Կոնկրետ պարգեւատրումների մասով։ Օրենքի շրջանցմամբ խախտվել է պետական ապարատի վարձատրության ամբողջ համակարգը։ Նախարարների եւ նրանց տեղակալների պարգեւավճարներն անցնում են բանականի սահմանները, սրա հետ մեկտեղ՝ առանց էֆեկտիվության առանցքային ցուցիչների ներդրման, որոնք կկապակցեին պարգեւատրումը աշխատանքի կոնկրետ արդյունքներին։ Այսպիսի «ձրիակերական մոտիվացիան» այլասերում է կառավարությունը, իսկ իր անարդարության պատճառով բարոյապես քայքայում է ամբողջ պետական ապարատի աշխատանքը։ Վրդովեցնող է, որ այս մսխումը տեղի է ունենում բնակչության համար զգայուն սոցիալական օբեկտների փակման ֆոնին։
Պատկերացրեք․ նորահայտ պաշտոնյաների ահռելի չափերի հասնող պարգեւավճարները, նրանց թանկարժեք ճանապարհորդությունների ծախսերի մեծացումը եւ կառավարական ամառանոցների շքեղ վերանորոգումների միջոցները կբավարարեն բոլոր փակվող գիշերօթիկների, մանկատների, ծննդատների, այլ առողջապահական հիմնարկների եւ սոցիալական օբեկտների արդիականացմանը եւ հնգամյա շահագործմանը։ Ինձ համար դժվար է նորմատիվ բառապաշարի շրջանակներում նկարագրել տեղի ունեցողը, այդ իսկ պատճառով թողնում եմ դա ընթերցողներին։
Կարելի՞ է, արդյոք, խոսել ներքաղաքական նոր փուլի մասին եւ ինչպե՞ս այն կդրսեւորվի։ 2020-ի գլխավոր ներքաղաքական իրադարձությունը, կամ պահանջը, ձեզ կանխատեսմամբ, ո՞րը կարող է լինել։
Աշունը քաղաքականապես ակտիվ էր եւ վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձեւավորումը, ինչպես նաեւ կորոշվի օրակարգը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին: Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձեւավորված իշխանությունը՝ մնացել։
Խորհրդարանը, ինչպես եւ սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը։ Քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձեւավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։ Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու։ Այս ամենը տեղի կունենա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման եւ տրված խոստումները կատարելու կառավարության անկարողության ֆոնին։ Կանցկացվե՞ն, արդոք, ընտրություններն արդեն այս տարի՝ կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից եւ, իհարկե, իշխանությունների սխալներից: Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում։ Վարչապետի՝ Ղափանում տեղի ունեցած վերջին ասուլիսի նման էքսցենտրիկ ասուլիսները միայն արագացնում են գործընթացը։
Ի՞նչ կասեք ընդդիմությունում ձեր դերի մասին՝ ի հեճուկս կալանքին:
Իր էությամբ ու գործողություններով իշխանությունն ինձ վերադարձրեց քաղաքականություն, իսկ անազատության մեջ պահելով՝ ինձ հաջողությամբ դարձնում է իր ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ։ Ճակատագիրը ժամանակին ինձ հնարավորություն տվեց առաջնորդել Ղարաբաղի անկախության համար պայքարը, որը խորհրդանշում էր ազգային ինքնագիտակցության վերածնունդը։ Երբ շարժումը նոր էր սկսվել, ինձ հրաշքով հաջողվեց խուսափել ադրբեջանական բանտից։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ ազատությունից զրկելով՝ մեր իշխանությունն այսօր լրացնում է այն, ինչ այն ժամանակ չհաջողվեց ազերիներին։ Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար, ինձ վիճակված է շատ կարեւոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում։
Կարո՞ղ է, արդյոք, Ձեր կողմնակիցների եւ թիմակիցների՝ ազատության համար պայքարը վերաճել քաղաքական շարժման, եւ այդ հարցում ի՞նչ դեր կունենա Աղվան Վարդանյանի կողմից համակարգվող հանձնախումբը։
Դա միանգամայն հնարավոր է։ Մարդկանց համոզմունքն իրենց իրավացիության մեջ եւ պայքարի ու զրկանքների պատրաստակամությունը կարեւորագույն պայման է ցանկացած քաղաքական պայքարի համար։ Նման մարդիկ մեր ճամբարում շատ են։ Համատեղ աշխատանքը մարդկանց մոտեցնում է, թիմային զգացողություն է ձեւավորում եւ փոխգործակցության փորձ է ստեղծում։ Միավորվելով կազմակերպչական կառույցում՝ նրանք դառնում են իրական քաղաքական ուժ: Ստեղծված կոմիտեի վերաֆորմատավորումը քաղաքական միավորի միայն տեխնիկայի հարց կդառնա, եթե, իհարկե, նրանք դա ցանկանան: Քրեական գործի եւ ընդհանրապես, դատական գործընթացի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս երկրի դատաիրավական համակարգի ամբողջական կոլապսը։ Արդարադատության հասնել այնտեղ, որտեղ դրա նշույլն անգամ չկա, կարող է ինչ-որ պահի անիմաստ թվալ։ Ուստի չի կարելի բացառել նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքական շարժմանը՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար։
Արդեն մեկ ամսից ավելի է, որ կալանավորված է 5-րդ հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։ Ի՞նչ եք կարծում․ սա ճնշում է ազատ մամուլի նկատմա՞մբ, թե ՝ բռնաճնշումներ են Ձեր ընկերների եւ կողմնակիցների հանդեպ։
Անկասկած, առկա է երկու գործոնների համադրություն։ Նրանք մարդկանց չափում են իրենց չարչիական արշինով։ Թավադյանը հարուստ կենսագրության տեր է եւ ԼՂՀ կայացման գործում մեծ վաստակ ունի, եւ վստահ եմ , որ նա արժանապատվորեն կհաղթահարի ցարնկացած զրկանք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից