ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը 01/21/2020 10:26 | Վերլուծություններ
12 տարվա վաղեմության Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերը կարևոր բացահայտումներ են անում 2008թ. նախագահական ընտրությունների, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների վերաբերյալ։ Այս իրադարձությունները եղել են ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում և ամերիկացի դիվանագետների գրագրությունը ներկայացնում է մարտի 1-ի գործով ՀՔԾ վարկածից էականորեն տարբերվող իրականություն։
Նախ Վիկիլիքսի հրապարակումները բացահայտում են նախընտրական փուլի սոցհարցումները, որոնց համաձայն առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ մյուս թեկնածուները զիջում էին նրան։ Ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա։ Այդ նույն հրապարակումների համաձայն, սոցհարցումների արդյունքները իրականություն դարձան ընտրությունների ժամանակ, ինչն անակնկալ չէր ամերիկյան դիվանագիտական շրջանակների համար։ Իսկ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակել էր որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։
Ամերիկյան դիվանագետների գրագրությունը փաստում է, որ ընդդիմության երկարաժամկետ պլանը եղել է ցույցերը, հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից և լցնել փողոցները։ Տարօրինակ է, որ այդ հրապարակումներում նշված փաստերը չեն ստուգվել, չեն մեկնաբանվել ՀՔԾ կողմից, քանի որ այն կարող էր էական նշանակություն ունենալ արարքի և գործով անցնող մեղադրյալների գործողություններին ճիշտ գնահատականներ տալու համար։
Վիկիլիքսյան հրապարակումները փաստում էին, որ դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն։ Ընդ որում, քաղաքական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ներքաշման վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրը ԱՄՆ դեսպանատան համար ոչ միայն իշխանությունն է եղել, այլև ընդդիմության ներկայացուցիչները։ Վստահաբար օրինական և անօրինական զենքի պաշարների տիրապետող Մանվել Գրիգորյանը և ԵԿՄ-ն ցուցարարներին ծաղկեփնջերով չէին միանալու։ Հասկանալի է, որ այս հանգամանքը քաղաքական և իրավական զարգացումները բոլորովին այլ հունով էին տանելու։ Ըստ էության փորձ է արվել Պաշտպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով։ Այս հանգամանքների բացահայտումը կքանդեր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Հավանաբար նաև այդ պատճառով է, որ այս հարցերին քրեական գործով անդրադարձ չի կատարվել։
Եվ եթե մենք ուզում ենք ունենալ մարտի 1-ի բազմակողմանի քննություն անցած գործ, այս հարցերի պատասխանները մենք արդեն իսկ պետք է ունենայինք։ Գործի քննությամբ պետք է պարզված լիներ, թե ովքեր և ում հանձնարարությամբ էին բանակցում ՊՆ տեղակալների, գեներալների հետ՝ քաղաքական գործընթացների խառնվելու և բանակը քաղաքական գործընթացներին ներքաշելու նպատակով, ովքե՞ր և ո՞ւմ հանձնարարությամբ էին բանակցում տարբեր զորամասերի հրամանատարների հետ բանակի ստորաբաժանումները քաղաքական գործընթացներին խառնելու և ներքաշելու նպատակով։ Սրանք ծանրագույն իրավախախտումներ են, որոնք կասկածի տակ են դնում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը և, որոնց մասին իրավապահ համակարգի կողմից ոչ մի խոսք չի եղել։ Մանվել Գրիգորյանը մարտի մեկի գործով նույնիսկ չի հարցաքննվել, ինչի մասին վերջերս հայտարարեց նրա փաստաբանը։ Եվ այս պարագայում հայտարարվում է, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։
Հետաքրքիր է, որ ՀՔԾ-ն, որը Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրել է Վիկիլիքսի հրապարակումները ՍԴ դատավորի նկատմամբ ենթադրյալ ճնշման վերաբերյալ, և այդ մասին 2018թ. օգոստոսի 3-ին հանրային հեռուստաընկերությամբ հիշատակեց ՀՔԾ պետը, իսկ հետո շաբաթներ շարունակ լուրը ազդարարվեց հանրայինի եթերներով, որևէ ջանք չի գործադրել այդ նույն հրապարակումներում եղած և մարտի 1-ի գործով առանցքային նշանակություն ունեցող հարցերի բացահայտման ուղղությամբ։
ՀՔԾ-ի և ամերիկյան տեսանկյունների անհամատեղելիությունը
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին 2018թ. հուլիսի 3-ի հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն որպես հաստատված փաստ ներկայացնում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից։ Հետաքրքրական է, որ ամերիկացիներն այս հարցում բոլորովին այլ մոտեցում ունեին։ Մասնավորապես ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ԱՄՆ պետքարտուղարությանը, ՆԱՏՕ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված գրագրության մեջ հայտնում է, որ իրենք հավատում են, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ թեև Սարգսյանը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո տանուլ է տալիս մարտը՝ հասարակական կարծիքի համար։
Մեկ այլ հատվածում ՀՔԾ-ն նշում է, որ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ: Հասարակության լայն շրջանակներում առաջացող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին։
ՀՔԾ-ն որևէ անդրադարձ չի կատարել ՊՆ փոխնախարարների և ԵԿՄ քաղաքական գործընթացին ներքաշելու վարկածին։ Մինչդեռ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները կարողացել են բավականին հստակ ինֆորմացիա կուտակել այդ խնդրի վերաբերյալ։ Փեննինգթոնը 2008թ. փետրվարի 28-ին նախագահ Քոչարյանի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասները ներկայացնելիս, հիշատակել է, որ նախագահը տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի քաղաքական գործընթացներին ներգրավվածության մասին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տեղեկատվություն ստացել են նաև ընդդիմության կողմից։
ՀՔԾ-ն հաղորդագրության մեկ այլ հատվածում խոսում է Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում խաղաղ ցուցարարների թվի աճի մասին։ Ըստ Վիկիլիքսի հրապարակման ԱՄՆ դեպսպանատան ներկայացուցիչների տվյալները մի փոքր տարբերվում են ՀՔԾ հաղորդագրության տվյալներից։ Փեննիգթոնը նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30 000 ցուցարար, որոնք շարունակել են բարիկադներ կառուցել։ Մեկ այլ նամակագրության մեջ ամերիկյան կողմը փաստում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։
Անտեսվել է նաև հրապարակումների մի կարևոր հատված ևս, համաձայն որի, մարտի 1-ին ժամը 17։00-ին Լևոն Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը հայտնել է, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց «Դինամո» մարզադաշտ։
Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք «Դինամո» մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ։ ՀՔԾ-ն պետք է պարզեր, թե ինչը կամ ով խանգարեց խուսափել զոհերից, երբ նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները, կար բացառիկ հնարավորություն՝ խուսափել դրանից, երբ շատ օպերատիվ է գործել ամերիկյան կողմը, Լևոն Զուրաբյանն արել է իրենից կախված ամեն ինչ, իսկ Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ։
Հակասությունների այս ամբողջությունը պետք է բացահայտվի բազմակողմանի քննության արդյունքում, հակառակ պարագայում գործի միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը։ Ի վերջո, կամ մենք կգտնենք համարձակություն բաց, անկաշկանդ խոսելու մարտի 1-ի մասին կամ համառորեն կշարունակենք վախենալ լսել դառը ճշմարտություններ, լսել ու ասել այն, ինչը գիտենք։
Վիկիլիքսի հրապարակումներում գաղտնազերծվող տեղեկատվությունը շատ ավելի խորքային խնդիրներ է բացահայտում, որը երբևէ քննարկման առարկա չի դարձել։ Այն բացահայտ ցույց է տալիս, որ մարտի 1-ը, դրան նախորդող և հաջորդող իրադարձություններն ունեն լուրջ պատճառներ, որոնք պետք է դարձնել բաց քննարկման առարկա, դրանով իսկ կանխել դրանց երբևէ կրկնվելու հնարավորությունը։ Մարտի մեկի պատճառները պետք է փնտրել ընտրական համակարգի արժեզրկման, ընտրական գործընթացների նկատմամբ 1996թ. ընտրություններից սկսած տոտալ անվստահության, հասարակությունը յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու, քաղաքական մանիպուլյացիաների ու թշնամանքի և ատելության մթնոլորտի մեջ, որն արմատավորվել էր մեր հասարակությունում։ Չի կարելի մարտի 1-ը դիտարկել ու սահմանափակել մեկ քրեական գործի շրջանակներում, դա մեզ ոչինչ չի տալու։ Այդպես մենք բաց ենք թողնում ավելի լուրջ խնդիրներ, և կորցնում ենք դրանց դիմակայելու երաշխիքները։ Իսկ նման դեպքերում պրոցեսները սովորաբար գնում են լրիվ այլ տրամաբանությամբ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքնային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից