ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 11/17/2019 22:52 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Դրանք իրականացվում են կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ։
Վարչապետի այցը մեկնարկել է Եղվարդ համայնքից, որտեղ առաջին կանգառը Զովունի բնակավայրն էր։ Այստեղ իրականացվում է խմելու ջրի ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքը. պատասխանատուները նշել են, որ կառուցվում է 1.5 կմ երկարությամբ շրջանցիկ ջրագիծ, որի արդյունքում Զովունի բնակավայրն ամբողջությամբ ունենալու է անխափան ջրամատակարարում։ Նշվել է, որ ներկայում Զովունիում կան թաղամասեր, որոնք օրական ընդամենը մեկ ժամ ջրամատակարարում են ունենում, և նոր ջրագծի կառուցմամբ բնակավայրում ջրամակատարարումը կլինի լիարժեք։ Տեղեկացվել է, որ ծրագիրը գրեթե ավարտին է հասցվել։
Հաջորդիվ կառավարության ղեկավարը հետևել է Եղվարդից դեպի Աշտարակ տանող կամուրջի հիմնանորոգման շինաշխատանքների ընթացքին։ Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի շրջանակում։ Վարչապետին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են ապամոնտաժման աշխատանքները, այս տարի նախատեսվում է կառուցել կամուրջի հենասյուները և հեծանները, իսկ ծրագրի ավարտը նախատեսվում է մյուս տարի։ Շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարությունը պետք է իրականացվի որակական բարձր չափանիշներին համապատասխան, այլապես չի ընդունվի և նաև ուշադրություն հրավիրել շինաշխատանքներն իրականացնող աշխատակիցներին պատշաճ արտահագուստով ապահովելու կարևորության վրա։ «Այն մշակույթը, որ բանվորի շորերն իր տան հին շորերն են, պետք է փոխվի, պետք է աշխատանքային արտահագուստ կրելու մշակույթը զարգանա, որովհետև դա հարգանք է աշխատողի և նրա աշխատանքի նկատմամբ», - նկատել է վարչապետը։
Վարչապետ Փաշինյանն այնուհետև այցելել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի շինհրապարակ, որը նույնպես հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, նշվել է, որ մանկապարտեզն ամբողջությամբ կապիտալ նորոգվում է, շինարարական աշխատանքների ավարտից հետո այն ընդլայնվելու է և նախատեսված է լինելու երեխաների 12 խմբի՝ շուրջ 300 երեխայի համար։ Վարչապետը հանդիպել է նաև մանկապարտեզի բակում հավաքված բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հետաքրքրող հարցերին աշխատատեղերի, գյուղատնտեսության, կրթության, գիտության զարգացման վերաբերյալ, ներկայացրել միկրոբիզնեսի, գյուղատնտեսության, մարզերում ու գյուղական համայնքներում կյանքի ակտիվացման և մի շարք այլ ուղղություններով կառավարության ծրագրերը, ինչպես նաև հորդորել նրանց ևս նախաձեռնող լինել ու անհատական ջանքեր ներդնել արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Եղվարդ համայնքի Զորավան բնակավայրի մանկապարտեզ-արվեստի դպրոց։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող այս տարածքում նախատեսվում է կազմակերպել և՜ մանկապարտեզի, և՜ արվեստի դպրոցի գործունեությունը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ գործող մանկապարտեզը տեղափոխվելու է հիմնանորոգվող հարակից՝ ավելի ընդլայնված առանձին մասնաշենք, իսկ դրա տարածքում տեղակայվելու է արվեստի դպրոցը։ Նախատեսվում է, որ սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Զորավանի մանկապարտեզի խմբերի թիվը կավելանա ևս մեկով, իսկ այժմ Զորավանից Եղվարդի արվեստի դպրոց հաճախող 44 երեխա Եղվարդ հասնելու փոխարեն կայցելեն Զորավանի արվեստի դպրոց։
Ե՜վ Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի, և՜ Զորավանի մանկապարտեզ-արվեստի դպրոցի պարագայում պատասխանատուները նշել են, որ նախատեսվում է արտաքին վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել մինչև տարեվերջ, որից հետո կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքները։ Հաստատությունները կապիտալ նորոգվելու են և ամբողջությամբ հագեցած են լինելու նոր գույքով։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն պատշաճ որակով՝ փաստաթղթային մակարդակից մինչև շինարարություն և հավելել, որ մարզպետներն անձնական պատասխանատվություն են կրում սուբվենցիոն ծրագրերի որակի և բովանդակության համար։
Գոհունակություն հայտնելով ծրագրերից՝ կառավարության ղեկավարն անդրադարձել է հարցին, թե ինչ է փոխվում մարդկանց կյանքում. «Որ ասում են՝ իսկ մարդն իր կյանքի փոփոխությունը ե՞րբ է զգալու։ Զորավանից Եղվարդի արվեստի դպրոց գնացող երեխայի ծնողը, որ շաբաթը 3 անգամ պետք է տրանսպորտային ծախս աներ, երեխային տաներ Եղվարդ, բերեր, հիմա նրա երեխան կգա արվեստի դպրոց Զորավանում, ինքն այդ ընթացքում ուրիշ գործով կզբաղվի, հիմա այդ մարդու կյանքը փոխվե՞ց, թե՞ ոչ։ Սա է կյանքի փոփոխությունը»։ Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է համայնքների՝ դրսում գործունեություն ծավալող գործարարների կողմից երեխաների կրթական զարգացման ծրագրերում ներդրումները։ «Պետք է քննարկել համայնքապետերի և գործարարների հետ, որպեսզի ֆինանսական միջոցները ներդրվեն երեխաների զարգացման, կրթական որակի բարելավման ծրագրերի մեջ։ Պետք է հասկանալ, որ 21-րդ դարում լավ ապրելու բանաձևը նորմալ կրթություն ունենալն է։ Սուբվենցիոն ծրագրի էությունն այն է, որ համայնքի բյուջեից է ներդրվում, և կառավարությունն է պետբյուջեից ներդնում։ Մենք կարող ենք նաև զուգահեռ սուբվենցիոն ծրագրեր անել գյուղերի, համայնքների գործարար հանրության հետ, ովքեր դրսից ցանկանում են օգնել և տարբեր համայնքներում նման ծրագրեր իրականացնել։ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը հենց դրա համար ենք առաջարկում, որպեսզի տեղային մտածելակերպից դուրս գանք։ Հավասարապես ցանկացած անկյուն մեր հայրենիքն է», - ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքն էր, որտեղ նա ծանոթացել է գազիֆիկացման և ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Վարչապետին ներկայացվել է, որ աշխատանքների արդյունքում ամբողջությամբ գազիֆիկացվում է Երզնկա թաղամասը, մեկնարկը նախատեսվում է տալ այս ամսվա վերջին։ Կառավարության ղեկավարը շրջել է Նոր Երզնկա համայնքում, ծանոթացել ասֆալտապատման աշխատանքների արդյունքներին, այցելել Վերին Երզնկա թաղամաս, որտեղ 1965 թվականից ի վեր առաջին անգամ կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ ասֆալտապատում է իրականացվել։ Նշվել է, որ սուբվենցիոն ծրագրով այս տարվա ընթացքում թաղամասի բոլոր փողոցներն ասֆալտապատվել են, ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են հոկտեմբերի կեսերին։ Համայնքապետը նաև հայտնել է, որ ճանապարհը մոտակայքում գտնվող Ծաղկեվանք տանող միակ ճանապարհն է ու նաև զբոսաշրջային նշանակություն ունի։ Նոր Երզնկայում շրջայցի ընթացքում նկատելով մետաղական ջարդոն և հին ավտոմեքենաների կոնստրուկցիաներ՝ վարչապետն անդրադարձել է ընդհանրապես հանրապետությունում մետաղական աղբի վերացման խնդրին, համայնքի բնակիչների հետ քննարկել խնդրի լուծման ուղիները և կարևորել այդ գործում կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների համատեղ ջանքերի գործադրումը։
Նոր Երզնկայից Նոր Հաճն ուղևորվելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղվարդի հանգույց-Աշտարակ՝ Երևանը շրջանցող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և միջանկյալ արդյունքներին։ Նշվել է, որ ընդհանուր 12.7 կիլոմետրից հիմնանորոգվել է 4 կիլոմետրը, ինչը և նախատեսված է եղել այս տարվա ծրագրով, և մինչև տարեվերջ այն կհանձնվի շահագործման։ Նախատեսվում է 2020 թ. գարնանից սկսել մնացած ճանապարհի հիմնանորոգումը։
Հասնելով Նոր Հաճն՝ վարչապետը նախ այցելել է այն բնակելի շենք, որտեղ երեկ տեղի է ունեցել ողբերգական դեպք. շմոլ գազից թունավորվելու պատճառով մահացել են 77-ամյա տատիկը և նրա 4 թոռնիկները։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Հաճնի Սուրբ Հովհաննես եկեղեցի և մոմ վառել նրանց հոգիների հանգստության համար։ Վարչապետ Փաշինյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրել է գազի ներտնային սպասարկման կարևորության վրա՝ հորդորելով անպայման հրավիրել համապատասխան մասնագետներին, ստուգել ներտնային ազդանշանային համակարգերը, համոզվել դրանց սարքինության հարցում և նոր միայն շահագործել։
Նոր Հաճնում կառավարության ղեկավարն այցելել է համայնքի մարզադպրոցի տարածք, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Նշվել է, որ հիմնանորոգումից հետո այն սպասարկելու է և՜ համայնքին, և՜ հարակից երկու դպրոցներին, որոնք մարզադահլիճներ չունեն։ Իրականացվելու են ջրամատակարարման, էլեկտրա- և գազամատակարարման ցանցերի, օդափոխության համակարգի, ներքին և արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման և այլ աշխատանքներ։
Կոտայքի մարզ այցի ավարտից հետո՝ Երևան վերադարձի ճանապարհին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային ավտոկայան, տարածքում շրջելու ընթացքում ծանոթացել ներդրումային հնարավորություններին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ