ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ անկախության մասին է խոսքը, անկախ դատավորները հիմա կամիկաձեներ են. Ալեքսանդր Ազարյան 11/09/2019 16:45 | Հարցազրույց
Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ։
-Պարոն Ազարյան, դատաիրավական ոլորտի բարեփոխումներից սկսենք զրույցը։ Ի՞նչ եք կարծում, առհասարակ, այսօր այդ բարեփոխումների անհրաժեշտությունը կա՞։
-Իհարկե, բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց տարի ու կես է՝ խոսում են բարեփոխումներից, որտեղ բարեփոխումների նշույլ անգամ չկա։
-Կառավարության մշակած բարեփոխումների փաթեթը կարճ ինչպե՞ս կբնութագրեք։ Արդյո՞ք այն ունակ է լուծելու դատական համակարգի առջեւ ծառացած խնդիրները։
-Ես չեմ կարող ասել, մինչեւ այն չիրականացվի, ոչ ոք չի կարող գնահատական տալ կառավարության փաթեթին։ Ժամանակին վեթինգից էին խոսում։ Ես հասկանում եմ, որ վեթինգի գաղափարը ամեն անգամ ի հայտ է գալիս քաղաքական իշխանությունների համար դատարանների կողմից կայացված ոչ ցանկալի որոշումներից հետո, սակայն որքանո՞վ է լուրջ ընկալվում քաղաքական իշխանությունը, երբ խոսում է վեթինգից եւ չի իրականացնում վեթինգ կամ սպառնում է վեթինգ իրականացնելով։
- Պարոն Ազարյան, Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն ներկայացրեց դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մեխանիզմների ներդրման վիճելի գաղափարի շուրջ։ Նշվեց կամավորության պարտադիրության մասին եւ այն մասին, որ այն չպետք է ազդի ՍԴ-ում քննվող գործերի վրա։ Ռիսկեր, այսուհանդերձ, տեսնո՞ւմ եք, հնարավո՞ր է տարբեր միջոցներով դատավորներին պարտադրվի անցնել վաղ կենսաթոշակի ։
-Գիտեք, ամեն անգամ քաղաքական ինչ-որ ներկայացուցիչ իրեն իրավունք է վերապահում ինչ-որ անհեթեթ հայտարարություններով հանդես գալ։ Որքա՞ն լուրջ մոտենանք վաղ կենսաթոշակի ուղարկելու կամ մեկ ուրիշ գաղափարին։ Ես լուրջ չեմ մոտենում, ուստի լուրջ չեմ մտածել այդ հարցի շուրջ։
-Կադրային խնդրից խոսենք, այսօր Հայաստանն ունի՞ այն ռեսուրսը, որը տեսականորեն, կփոխարինի վաղ կենսաթոշակի անցած դատավորներին։
-Դուք արդեն որոշեցիք մեզ թոշակի՞ ուղարկել (ժպտում է,-խմբ)։
-Փորձում եմ իշխանության տրամաբանական շղթան շարունակել։ Եթե նախագիծ են մշակել, հավանաբար, կարծում են, որ կլինեն այդ հնարավորությունից օգտվող դատավորներ ու կադրեր, որոնք կփոխարինեն նրանց։
-Գիտեք, եթե հաշվենք, թե իրավաբանական մասնագիտությամբ որքան ԲՈՒՀ ունենք, երեւի Հայաստանի չափ որեւէ երկիր չունի։ Իհարկե, կադրեր ունենք, սակայն արդյո՞ք այդ կադրերը կարող են փոխարինել վաղ թոշակի անցած դատավորներին։ Լավ ասենք՝ այո, իհարկե , կարող են փոխարինել, սակայն արդյո՞ք այդ մակարդակը կարող են ապահովել։ Այստեղ կասկածելի է։
- Իշխանությունը մտադիր է դատավորներին ներկայացվող տարիքային շեմն իջեցնել՝ 28-ից դարձնելով 25 տարեկան։ Ի՞նչ կարծիք ունեք։
-Մենք ունենք փորձ, որ 27-28 տարեկան երիտասարդները զբաղեցնում են դատավորի պաշտոնը եւ շատ դրական կողմերով են իրենց դրսեւորել, սակայն, դա չի կարող վերաբերել բոլոր դատավորներին, իսկ շեմի իջեցումը, կարծում եմ, բոլորի համար պարզ է, թե ինչու է արվում ՝ որ կարողանան թոշակի ուղարկած դատավորներին փոխարինել երիտասարդ կադրերով։ Նկատի ունեմ, որ այդ երիտասարդներին ունեն։
-Այսինքն, վաղ կենսաթոշակի անցնող դատավորներին յուրայիններով փոխարինելու խնդի՞ր է դրվում։
-Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը։ Եվ, ի վերջո, յուրայինը քաղաքական իշխանության համար ցանկալի դատավորն է՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կյանքի փորձ ունեն, ինչ ռեյտինգ ունեն։
-Սա դատական իշխանության անկախության տեսանկյունից խնդրահարույց չէ՞։
-Դուք հարց եք ուղղում դատական իշխանության անկախության մասին, բայց դատական իշխանությունն արդեն տարի ու կես է , անկախ չէ։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե երկրի վարչապետի կողմից բացահայտ հրապարակային ճնշում է գործադրվում դատական իշխանության՝ դատարանների ու դատավորների նկատմամբ, ի՞նչ անկախության մասին է խոսքը։ Դրանից հետո պարզ չէ՞, որ դատավորները ստիպված են լինելու կատարել քաղաքական իշխանության պատվերները, անկախ նրանից՝ դա հնչեցվել է, թե ոչ։ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ իմ որոշումից հետո վարչապետը 100 հազարանոց հանրահավաք է հրավիրում, որտեղ մատ է թափ տալիս դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, բացահայտ սպառնում է, բիրտ ճնշում է գործադրվում դատավորների եւ դատարանների նկատմամբ։ Ոչ պակաս բացահայտ ճնշում է գործադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իր որոշումից հետո։ Կներեք, բառացիորեն երեկ, իմ կողմից շատ հարգված մի դատավոր ինձ հարց ուղղեց, ասաց՝ եթե հիմա այդ որոշումը կայացնելիս լինեիր, ռիսկ կանեի՞ր ազատել։ Պատկերացնո՞ւմ եք վախի մթնոլորտը դատական համակարգում։ Ի՞նչ անկախության մասին է խոսքը, հիմա կամիկաձեներ են, անկախ դատավորը, որն այդ քայլին գնա, հիմա կամիկաձե կհամարվի։
-Ենթադրում եմ, Ձեր որոշման մասով դիրքորոշումն անփոփո՞խ է։
-Իհարկե, բայց իմ պատասխանն այդ դատավորին երկրորդական է։ Ես ուզում եմ ասել, թե ինչ վախի մթնոլորտ է տիրում դատական համակարգում։ Ես վախի մասին եմ խոսում։ Իհարկե, իմ կայացրած որոշումը բեկանվեց Վճռաբեկ դատարանի կողմից, բայց ես այսօր էլ կարծում եմ, որ ես եմ ճիշտ որոշում կայացրել, այլ ոչ թե ինձանից հետո որոշում կայացրած դատավորները կամ դատարանները։ Այսօր էլ եմ պնդում, որ իմ որոշումն է օրինական եւ դա ժամանակի ընթացքում կապացուցվի։
-Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո դատական համակարգն առավել, քան երբեւէ թիրախավորվեց։ Իհարկե, դատական իշխանությունից դժգոհություններ նախկինում էլ եղել են, բայց դրսեւորման ձեւերն անհամեմատելի են։ Ո՞րն եք համարում դատական մարմնի՝ որպես իրական անկախ իշխանության, կայացման ճանապարհի խոչընդոտը։
-Գիտեք, որքան քիչ կախված լինի գործադիր եւ օրենսդիր իշխանությունից դատականը , այնքան ավելի ազատ կլինի, որքան քիչ կոռումպացված լինի դատավորը, այդքան նա ազատ կլինի։ Պետք չէ բարդ մաթեմատիկական հաշվարկ անել։ Սա շատ հասարակ, պրիմիտիվ մոտեցում է պահանջում՝ մի ՛ճնշեք դատարաններին։ Ձեզ թվում է, Նիկոլ Փաշինյանը պետք է ամիսը մեկ 100 հազարանոց հանրահավաք հրավիրի եւ սպառնա՞։ Երկու անգամ սպառնաց, բավական չէ՞։ Դատավորները խելացի անձնավորություն են, նրանց երկու անգամ սպառնացել են, կներեք բառի համար, բայց ամենատհաս դատավորի համար էլ պարզ է, թե երկրի վարչապետը, օրինակ, կոնկրետ Քոչարյանի գործով ինչ է ակնկալում եւ ինչ է ուզում դատարաններից։
-Այս համատեքստում, դատավոր Աննա Դանիբեկյանի ՝ օրերս կայացրած որոշումը ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, կարծում եք, այդ ճնշումների ազդեցության տա՞կ է եղել։
-Այս տեսանկյունից ես իրավունք չունեմ մեկնաբանել ոչ դատավոր Դանիբեկյանի, ոչ Քոչարյանին կալանավորած մյուս դատավորների որոշումները։ Դա էթիկայի կանոններից դուրս է։ Ես կրկնում եմ՝ ճնշումներ եղել են, ճնշումներ կան։ Եթե կոնկրետ Քոչարյանի գործն ենք վերցնում, հուսամ, որ նրան կալանավորած դատավորները այդ ճնշման ազդեցության տակ չեն կայացրել իրենց որոշումները։
-Պարոն Ազարյան, Դուք ինքներդ, քանիցս անձամբ թիրախավորվել եք՝ սոցցանցային տիրույթից մինչեւ Ձեր ատենախոսության հետ կապված հայտնի պատմությունը։ Նման մթնոլորտում ինչպե՞ս պետք է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման խնդիրը լուծվի, երբ ամենաբարձր օղակներից ամենավերջին որակումներն են տրվում դատավորներին։
- Համակարգի վերաբերյալ վերջին բացասական արտահայտությունը Դուք, ե՞րբ եք լսել։ Հիմա ամեն ինչ նորմալ է՝ Քոչարյանին կալանավորում են, Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում են, Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդությունները մերժվում են, դատական համակարգը նորմալ է աշխատում, ինչի՞ մասին է խոսքը։ Այ, հենց տիկին Դանիբեկյանը փոխի խափանման միջոցը, ես վստահ եմ, որ դարձյալ կխոսեն վեթինգի, անցումային արդարադատության, կոռումպացված դատական համակարգի մասին։ Հիմա ամեն ինչ շատ նորմալ է։
-Պարոն Ազարյան, ներկայումս գնահատականներ են հնչում, որ Հայաստանի համար ճոխություն է՝ ունենալ եւ Սահմանադրական դատարան, եւ Վճռաբեկ դատարան։ Կարծես թե քննարկվում է նոր դատական մարմնի՝ Գերագույն դատարանի ստեղծման հնարավորությունը։ Ի՞նչ եք կարծում, նման բարեփոխման կարիք ունի՞ այսօր երկիրը։
-Չեմ կարող պատասխանել այդ հարցին, եթե փոխվի, թող աշխատեն, նոր ես գնահատական տամ։ Միգուցե լա՞վ կլինի, միգուցե՝ վատ։
-Եվ վերջում, արդյո՞ք Սահմանադրական դատարանն է դատական իշխանության նկատմամբ անվստահության պատճառը։ Գաղտնիք չէ, որ հենց Սահմանադրական դատարանն է դարձել համակարգում ընթացող զարգացումների առանցքը։
-Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր քավության նոխազը ունի։ Ժամանակին ես էի ամենակոռումպացված դատավորը, հետո Գրիգորյան Դավիթը դարձավ, հիմա Սահմանադրական դատարանի հերթն է։
-Այսինքն, այս զարգացումներում է՞լ քաղաքական ենթատեքստեր եք տեսնում։
-Միմիայն։ Գիտեք, թող քաղաքական իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես չպահեն, որ անկողմնակալ դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, որ նույն Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, թող քաղաքական իշխանությունները իրենց այնպես չպահեն, որ անկողմնակալ դիտորդի մոտ տպավորություն ստեղծվի, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ես իմ կարծիքը չեմ ասում, ես ներկայացնում եմ անկողմնակալ, կողքից ինձ դիմող քաղաքացիների կարծիքը, իսկ այդ քաղաքացիների կարծիքով նշված անձանց՝ Դավիթ Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, ամբողջ Սահմանադրական դատարանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
-Այս պայմաններում, պարոն Ազարյան, համակարգի առողջացման ելքը, ո՞րն է։
-Դարձյալ շատ պրիմիտիվ՝ թող ձեռք քաշեն դատական համակարգի վրա ճնշում գործադրելու գաղափարից։ Կներեք, թող իրենցով դատավորներին չչափեն, թող ասեկոսեներով չառաջնորդվեն։ Դատական համակարգը նորմալ աշխատել է, շատ էլ, որ այս կամ այն դատական ակտից քաղաքական իշխանության ներկայացուցիչները գոհ չեն եղել։ Կա հարթակ, կա մեխանիզմ այդ որոշումները բողոքարկելու, կա իրավական դաշտ եւ պետք չէ դրանից դուրս գալ, իսկ այն, ինչ արվել է, ես չեմ պատկերացնում, թե ինչպես է ուղղվելու։ Կամ պետք է իրենք հրաժարական տան կամ դատական համակարգն ամբողջովին փոխեն, իսկ ամբողջովին փոխելու համար պետք է իրենց անցանկալի դատավորներին հեռացնեն, եթե կարողանան։
-Բայց այդ դեպքում կունենա՞նք այնպիսի դատական համակարգ, որը կոչված է լինելու իշխանության երրորդ օղակի առաքելությունն իրականացնել։
-Դուք ինքներդ Ձեր հարցին պատասխանեցիք, իհարկե, չենք ունենա։ Կունենանք գրպանային դատական համակարգ, որը կենթարկվի՝ չեմ ասում արդարադատության նախարարին, օրինակ, արդյունաբերության նախարարին էլ կարող է ենթարկվել։ Այդպիսի դատական համակարգ կարող ենք ունենալ, իսկ այն, ինչ ունեցել ենք մինչեւ 2018 թվականի իշխանափոխությունը, ստեղծվել է կոնկրետ դատավորների կողմից նույն քաղաքական իշխանության ներկայացուցիչների հետ կոնկրետ վեճերի արդյունքում, իրենց ռիսկի տակ դնելու արդյունքում։ Շատ հեշտ ճանապարհ չի անցել այն դատական համակարգը, որը ունեցել ենք։ Ես ժամանակներ եմ հիշում, երբ նոր դատավոր էի նշանակվել եւ հերթապահության էի գնում (նախօրոք ինձ չէին ասել, որ հերթապահության եմ), ինձ մեր շրջանի միլպետը զանգել էր ու ասում էր՝ իմ տղաները շա՞տ են քեզ սպասելու, պարոն Ազարյան, սանկցիա են բերել։ Պատկերացնո՞ւմ եք դատավորի հետ խոսալու ձեւը այն ժամանակ՝ 2006 թվականին։ 2015 թվականին, 2017 թվականին փորձեր որեւէ մեկը դատավորին զանգել ու այդպես խոսել։ Ձեզ թվում է՝ իշխանություննե՞րն էին դրան հասել։ Դատավորներն են հասել դրան, դատավորների աշխատանքի արդյունքն էր, որ սկսել էին դատավորներին հարգել։
Հարցազրույցը` Մ.Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից