ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարադատության նախարարությունը նենգափոխում է միջազգային լավագույն փորձը դատական իշխանությանը հնազանդեցնելու նպատակով 08/14/2019 18:22 | Վերլուծություններ
Օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը (https://www.e-draft.am/projects/1852/about)։ Փաթեթը նախարարության կողմից ներկայացվում է որպես դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրմանն ուղղված նախաձեռնություն, որը «միաժամանակ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը»։ Փաթեթն աչքի է ընկնում մի քանի ուշագրավ կարգավորումներով։ Մասնավորապես, արդարադատության նախարարության կողմից առաջարկվում է, որ․
1. 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ։
2. Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը։ Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:
Նախարարության նախաձեռնության իրական նպատակը, առաջարկվող լուծումների իմաստալից լինելը և դատական իշխանության համակարգի անկախության տեսանկյունից դրա հետևանքները դարձել են հանրային քննարկման առարկա։ Ի պատասխան առավել զավեշտալի դրույթներին ուղղված քննադատությանը, արդարադատության նախարարությունը երեկ՝ օգոստոսի 12-ին հարկ է համարել «որոշ դրույթների վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն»՝ իր պաշտոնական կայքում հրապարակված «Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը» վերտառությամբ նյութում։ Այդուհանդերձ, փոխանակ հարթելու արդեն իսկ բարձրացված բազմաթիվ մտահոգությունները, նախարարությունը իրենց գցել է մեկ այլ զավեշտալի իրավիճակի մեջ, երբ նախարարության կողմից բերվող հիմնավորումները և փաստարկները հերքվում են հենց նախարարության կողմից բերված այլ երկրների օրինակների և հղումների միջոցով (հղումներն, ի դեպ, հետագայում հեռացվել են կայքից՝ հավանաբար կատարված արկածախնդրությունը կոծկելու նպատակով):
Այսպես, անդրադառնանք կետ առ կետ։
1. Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը
1) Նախարարությունը փաստում է, որ նախագիծը ոչ այլ ինչ է, քան «դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու» պրակտիկայի ներդրում, որը կիրառվել է աշխարհի մի շարք երկրներում։ Մինչդեռ նախագծում բացարձակապես կենսաթոշակի մասին չէ խոսքը, այլ՝ «հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը» պահպանելու։ Ավելին, ի՞նչ վաղ կենսաթոշակի մասին կարող է խոսքը գնալ, երբ հենց Սահմանադրությունն է սահմանում կենսաթոշակային տարիքը՝ 70 տարեկանը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մաս)։ Ապա, հարց է առաջանում, թե ընդհանրապես ի՞նչ հիմքով է արդարադատության նախարարությունը 45-ամյա Արման Դիլանյանին, 44-ամյա Վահե Գրիգորյանին (որն, ի դեպ, հարկ չի համարել իր կենսագրությունը հրապարակել ՍԴ պաշտոնական կայքում), 47-ամյա Արևիկ Պետրոսյանին, 53-ամյա Արայիկ Թունյանին (սրանք առավել ակնբախ օրինակներ են) շնորհում ժամանակից շուտ իրենց հանգիստը վայելելու իրավունք, երբ Սահմանադրությունն ամրագրում է բոլորի հավասարությունը օրենքի առաջ (28-րդ հոդված)։
2) Սակայն առավել զավեշտալին սկսվում է նախարարության հիմնավորումներում, որոնք կարծես նախարարության ինչ-որ աշխատակցի «չար կատակ» լինեն։ Վկայակոչելով Հունգարիայի օրինակը, որտեղ «2011 թվականին ընդունված օրենքի համաձայն դատավորների և դատախազների կենսաթոշակի անցնելու տարիքը 70-ից փոխվեց 62-ի», նախարարությունը հղում է կատարում Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված մի փաստաթղթի, որը վերնագրված է "Challenges for judicial independence and impartiality in the member states of the Council of Europe" (https://rm.coe.int/168066d624), այսինքն՝ «Դատական իշխանության անկախության և անկողմնակալության մարտահրավերները ԵԽ անդամ երկրներում»: Ավելին՝ հղումը 56-րդ էջին է, որը գտնում է "IV. Infringement of the security of tenure of judges and prosecutors, their status and their independence in their working environment" մասի ներքո (Դատավորների և դատախազների իրենց պաշտոնում պաշտոնավարման, նրանց կարգավիճակի և աշխատավայրում անկախության երաշխիքների նկատմամբ ոտնձգությունը)։ Եվ իրավամբ, այդ բաժնում և, ընդհանրապես, վկայակոչվող փաստաթղթում ներկայացվում են ոչ թե հաջողված, այլ՝ դատական իշխանության անկախության նկատմամբ միջամտության քննադատելի պրակտիկան։
Եվ այսպես, հենց Հունգարիայի մասով նախարարության կողմից վկայակոչվող փաստաթղթում նշվում է, թե ինչպես են 2011 թ․-ի այդ կարգավորումները սուր քննադատության արժանացել Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական դատարանի կողմից, ինչպես են ի վերջո հակասահմանադրական ճանաչվել Հունգարիայի Սահմանադրական դատարանի կողմից, իսկ ՄԻԵԴ երկու դատական ակտերով Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի իրավունքները ճանաչվել են խախտված (կետ 165-166), իսկ իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նրա քաղաքական հայացքներով պայմանավորված (կետ 168)։
Փոխարենը, նախարարությունը «բաց է թողել» փաստաթղթի 54-րդ կետը, որտեղ տրվում է դատավորի՝ իր պաշտոնում անփոփոխելիության միջազգայնորեն ընդունելի չափորոշիչը, այն, որ դատավորների՝ իրենց պաշտոնում անփոփոխելիությունը և պաշտոնավարումը մինչև օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը, տրամաբանորեն կապված է նրա անկախության հետ ։
3) Լեհաստանի պարագայում ևս ԵԽ վկայակոչվող զեկույցը քննադատում է լեհական իշխանությունների գործողությունները ուղղված Սահմանադրական տրիբունալի դեմ (կետ 176-178): Շարունակելով Լեհաստանի օրինակը՝ որպես «լավագույն փորձի» վկայակոչում, նախարարությունը հղում է անում մեկ այլ աղբյուրի (https://www.dw.com/en/eu-court-says-poland-broke-law-by-making-judges-retire-early/a-49332774 ), որը տրամագծորեն հակառակ է նախարարության թեզին: Հրապարակումը վերնագրված է "EU court says Poland broke law by making judges retire early" («ԵՄ դատարանը ասում է, որ Լեհաստանը խախտել է օրենքը՝ ստիպելով դատավորներին վաղ թոշակի գնալ»)։ Հոդվածում նկարագրված է, թե ինչպես է ԵՄ դատարանը վճռել, որ Լեհաստանը հակասական փոփոխություններ կատարելով խախտել դատարանների անկախությունը՝ իջեցնելով Գերագույն դատարանի դատավորների կենսաթոշակի անցնելու տարիքը, դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որը նրանց անկախության առանցքային բաղկացուցիչն է։ Ի դեպ, հենց նախարարության վկայակոչած նյութում կա նաև մեկ այլ կարևոր եզրահանգում. 2017 թ․-ին կառավարող կուսակցության առաջարկած օրենքը, չնայած այն պնդումներին, որ նպատակ ունի ազատվել հին կադրերից, ներդնել ժամանակակից պահանջներին բավարարող և կոռուպցիայի զերծ համակարգ, իրականում պայմանավորված եղել քաղաքական այլ կողմնորոշում ունեցող դատավորներից ազատվելու և կառավարության նկատմամբ նվազ քննադատական դատավորներով համալրելու իրական նկրտումով։ Ավելին, նախարարությունը «մոռացել է» նկատել, որ Լեհաստանը նույնպես, ինչպես և Հունգարիան, 2018 թ․ նոյեմբերին ստիպված է եղել նահանջել իր այդ «բարեփոխումներից» և փոխել օրենքը [1]։
4) Ապա, նախարարությունը բերում է [2] Բելգիայի օրինակը (4-րդ հղում) [3], որպես երկիր, որտեղ «դատավորը կարող է իր դիմումի համաձայն մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակի անցնել՝ պահպանելով իր պատվավոր կոչումը կրելու իրավունքը և ծառայելով որպես փոխարինող հաշտարար-դատավոր (magistrate) մինչև 73 տարեկանը լրանալը»: Այստեղ էլ նախարարությունը բավարար խորաթափանց չի եղել ուսումնասիրելու և հասկանալու համար, որ Բելգիայի կարգավորումները բխում են նվազագույն կենսաթոշակային տարիքի համահարթեցման ընդհանուր պետական քաղաքականությունից (կենսաթոշակային տարիքը 2018 թ. 60-ից բարձրացվել է 63-ի [4]), իսկ դատավորի ցանկությամբ՝ վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում՝ նրա կենսաթոշակը համապատասխանաբար վերահաշվարկվում և կրճատվում է։
5) Իր սխալ թեզերը հիմնավորելու համար նախարարությունը վկայակոչում է ՄԻԵԴ նախադեպեր, որոնցում ամենևին էլ առկա չեն այն պնդումները, որոնք արվում են։ Հակառակը, վկայակոչվող նախադեպերը վերաբերում են նույն Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնավարման վաղաժամկետի դադարեցմանը [5], որոնցով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ԳԴ Նախագահի մանդատի վաղաժամկետ դադարեցումը տեղի է ունեցել իր մասնագիտական գործունեության ընթացքում հրապարակայնորեն արտահայտված կարծիքի համար և խախտել է ՄԻԵԿ 10 (1) հոդվածը[6]։
6) Ինչ վերաբերում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի բացատրական զեկույցից մեջբերմանը, ապա այն նույնպես առավել, քան թյուրընկալված է։ Այսպես, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի 49-րդ կետը նախ ընդգծում է, որ «իր պաշտոնում պաշտոնավարելու երաշխիքները և անփոփոխելիությունը դատավորների անկախության կարևորագույն տարրերն են»։ Ապա, 50-րդ կետում սահմանվում է, որ «Դատավորների պաշտոնավարման ժամկետները պետք է սահմանվեն օրենքով (ՀՀ պարագայում այդ երաշխիքը ամրագրվել է Սահմանադրությամբ՝ 166-րդ հոդվածի 8-րդ մաս): Մշտական նշանակումը պետք է դադարեցվի միայն օրենքով սահմանված կարգապահական կամ քրեական դրույթների լուրջ խախտումների դեպքում, կամ, երբ դատավորն այլևս չի կարող կատարել դատական գործառույթներ: Վաղաժամկետ կենսաթոշակի անցումը հնարավոր է իրականացնել միայն դատավորի խնդրանքով կամ բժշկական հիմունքներով»։ Վերջինս միայն դատավորին տրվող հնարավորություն է՝ կենսաթոշակի գնալու և որպես դատավոր աշխատած տարիների համար համապատասխան սոցիալական երաշխիքներից օգտվելու համար։ Սակայն, Հանձնարարականի համապատասխան դրույթը չպետք է մեկնաբանվի նախորդող դրույթների անտեսմամբ՝ որպես սողանցք գործադիրի ձեռքերում՝ դատավորից հրաժարական կորզելու դիմաց նրան հարկատուների հաշվին անաշխատ եկամուտներ վերապահելու համար։
7) Նախարարության կողմից ներկայացվող և գործադիրի կողմից հաճախ շահարկվող մեկ այլ սին թեզ է սահմանադրական փոփոխությունների հաճախակիությունը, որով փորձ է կատարվում արդարացնել հարկատուի վրա դրվող այս բեռը։ Նշվում է, թե «դատարանի նման կազմավորման մոդելը ներկայիս պայմաններում կարող է երբեք կյանքի չկոչվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ (վերջին երկու փոփոխությունները տեղի են ունեցել տասը տարի պարբերականությամբ), կամ դրա կենսագործումը կարող է տևական ժամկետով հետաձգվել: Ուստի նախագծով առաջարկվող վաղ կենսաթոշակի համակարգը նպատակ ունի ապահովելու 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի կենսագործումը»: Նախարությանը հարկ է հիշեցնել, որ սահմանադրական նորմերը արդեն իսկ կյանքի են կոչվել և համապատասխան սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ կան նոր կարգավորումներին համապատասխան նշանակված ՍԴ երկու դատավոր (9-ից)։ Բնականոն հունի պարագայում հաջորդ թափուր տեղը կառաջանա 2021-ին, մյուսը 2026-ին։ Մինչդեռ, նախարարության նախագիծը, քաղաքական նկատառումներով պայմանավորած, ՍԴ-ն կազմաքանդելու հերթական փորձն է, միայն թե այս անգամ, նախարարությունը ընտրել է ոչ թե Սահմանադրության 7-րդ գլխի (Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը) և 16-րդ գլխի (Եզրափակիչ և անցումային դրույթներ) միջև արհեստական ջրբաժան դնելու և սահմանադրի միասնական կամքը աղճատելու ձախողված ճանապարհը, այլ՝ «քաղաքակիրթ ճանապարհով» ժամանակից շուտ ՍԴ դատավորներին հրաժարական պարտադրելու։ Մինչդեռ սահմանադրի կամքը՝ ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետի առումով հստակ է, ներդաշնակ և հետևողական։
2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների կասեցումը
Սահմանադրությունը դատավորին վերապահում է արդարադատություն իրականացնելու գործառույթ և այդ գործառույթը չիրականացնելու հիմքը դատավորի լիազորությունների դադարեցումը կամ դադարումն է՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված հիմքերով։ Չնայած սահմանադրական այս պահանջներին, արդարադատության նախարարությունը, առաջարկում է նախատեսել սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավտոմատ կասեցում այն դեպքերում, երբ քրեական հետապնդում է հարուցվում դատավորի նկատմամբ նրա լիազորություններից չբխող գործողությունների համար։
Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասը դատավորի իմունիտետը սահամանափակում է միայն դատավորի պարտականությունների կատարումից բխող գործողություններով (ֆունկցիոնալ իմունիտետ)։ Անգամ ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում, դատավորի լիազորությունների կասեցման օրենսդրական կարգավորումների սահմանադրականությունը մնում է վիճելի, քանի Սահմանադրությունը նման հիմք չի նախատեսում։ Սակայն, ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում Սահմանադրությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նախատեսում է կարևոր երաշխիք՝ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնություն՝ դատավորների պարագայում և Սահմանադրական դատարանի համաձայնություն՝ ՍԴ դատավորների պարագայում, որոնք պետք է գնահատեն քրեական հետապնդման հարուցման հիմնավորվածությունը։ Եթե ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում առնվազն կա գնահատող մարմին, ինչը մեղմում է լիազորությունների կամայական կասեցման վտանգները, ապա մյուս դեպքերում, ցանկացած քրեական գործի հարուցում ավտոմատ կասեցնում է դատավորի լիազորությունների իրականացումը՝ բացելով դատավորի վրա ազդեցության լայն դռներ։ Արդյո՞ք, դատական համակարգի անկախության մասին մտահոգ նախարարությունը պետք է ամրապնդեր դատավորի անկախության երաշխիքները, թե՞ էլ ավելի թուլացներ դրանք։ Ընդամենը 9 անդամից բաղկացած ՍԴ-ի պարագայում նախարարության համար պետք է ակնհայտ լինեին դատարանը կաթվածահար անելու վտանգները։ Չէ՞ որ Սահմանադրական դատարանի պարագայում, գործ ունենք Սահմանադրության գերակայության երաշխավորի հետ, իսկ թույլ տալով կաթվածահար անել Սահմանադրական դատարանը, թույլ ենք տալիս կաթվածահար անել մեր պետության սահմանադրական կարգի հիմքերը և իրավական անվտանգությունը։
Հեղինակ՝ «Իրավունքի բարեկամներ» (Amici Juris)
--
[1]. https://www.dw.com/en/poland-backtracks-on-judicial-reform-judges-can-return-to-work/a-46388789
[2]. Դանիայի օրինակին չենք անդրադառնում, քանի որ այս մասով 3-րդ հղումը սխալ է։
[3].Հղումն արվում է հետևյալ փաստաթղթին՝ UNIFIED PATENT COURT, Recruitment of judges, Qualifications required1 for and age limit of appointment to judicial offices in the Contracting Member States, էջ 14 (https://www.unified-patentcourt.org/sites/default/files/upc-national-eligibility-criteria_final.pdf)
[4].http://ec.europa.eu/social/BlobServlet?docId=19418&langId=en
[5].Տե՛ս Baka v. Hungary [GC] - 20261/12, Judgment 23.6.2016 [GC]
[6]. Գործի հակիրճ նկարագիրը մատչելի է https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22002-11088%22]}
հղումով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից