ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոմիտասի 150-ամյա հոբելյանի արժևորումը՝ առայժմ անձնական նախաձեռնությունների տիրույթում է 07/09/2019 18:36 | Հարցազրույց
Պարույր Սևակի հանգույն, որն իր «Անլռելի զանգակատան» մեջ մեկտեղելով նշանավորում ու երևութականացնում է հայոց համար 1969 թվականի մեր երկու հսկաների՝ Թումանյանի և Կոմիտասի ծնունդը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս նրանց ծնունդը ներառելով իր ցանկում, հայտարարեց 2019-ը թումանյանական և կոմիտասյան տարի: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ՝ միջազգային մակարդակով տրված՝ հայ մշակույթի, մեր մշակութային ժառանգության հանրահռչակման մեկնարկ: Իսկ ինչպե՞ս է մեզանում դրսևորվում այդ նշանավորումը, պետական մակարդակով ի՞նչպես է Հայաստանն արձագանքում իր երևելիների հոբելյաններին: Թեմայի, ի մասնավորի Մեծ Կոմիտասի 150-ամյակի երևութականացման շուրջ զրուցում ենք երգիչ, երգահան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ:
-Երբ պատկերացնում եմ, թե ի՞նչ կարող էր սա լինել և ի՞նչ է լինում, ինչու՞ չի լինում այն, ինչ պիտի տեղի ունենար…
Տեսեք՝ մենք ամեն ինչ ունենք, ոչ միայն բնագրային Կոմիտաս, որի փայլուն կատարողներն ունենք, այլ նաև՝ այն Կոմիտասը, որն իր երևույթով առաջացրեց ստեղծագործական իրավիճակ՝ տասնամյակների ընթացքում ձևավորելով և այսօր իբրև վերապրում տարբեր ժանրային տիրույթներում ներկայացվելով: Սա չճանաչել և չներկայացնել աշխարհին, նշանակում է՝ պարզապես անտեղյակ լինել, թե ինչ հարստություն ունես, չիմանալ, կամ՝ իմանալով հանցանք գործել:
Ի՞նչ ունենք մենք այսօր: Կազմավորվել է Կոմիտասի 150-ամյակի միջոցառումների պետհանձնաժողով, որի նախագահը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն է: Ես սկսեցի հետաքրքրվել, թե այն ինչո՞վ է զբաղվում՝ երբ դեռ համապատասխան փոխնախարարը Նազենի Ղարիբյանն էր: Ովքե՞ր են ներառված, ինչ հիմքո՞վ՝ այս հարցերի պատասխանները զարմանալի էին: Պարզվեց՝ պետական հանձնաժողովի երկէջանոց ցանկում ընդամենը 7 երաժիշտ էր ընդգրկված: Ինչո՞վ էր այն զբաղվում, ինչպիսի՞ն էր այնտեղ ընդգրկվելու կարգը՝ այս հարցերը պարզելու համար ինքս մի շարք հանդիպումներ նախաձեռնեցի, նախ՝ Նազենի Ղարիբյանի, ապա՝ Արայիկ Հարությունյանի և ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ: Նրանք, ըստ էության, մշակույթը ղեկավարող վերնախավն էին ներկայացնում: Ես էլ որոշեցի վերևից սկսել՝ հասկանալ ի՞նչ է ծրագրվում և ի՞նչ կարելի է անել, քանի որ Կոմիտասը համարում եմ իմ թեման:
Եվ ահա թե ինչ հասկացա՝ պարզվում է՝ մշակույթի նախարարության հետ առնչվելու համար որոշակի սահմանափակումներ կան, այսինքն, ես որպես ազատ արվեստագետ և բեմարվեստով զբաղվող՝ իրավունք չունեմ նույնիսկ դիմելու մշակույթի նախարարություն, քանի որ ես դրա համար կամ՝ պիտի անհատ ձեռներեց լինեմ, կամ՝ ունենամ գրանցված ՍՊԸ, կամ՝ Հ/Կ: Այսինքն, պիտի իրավաբանական անձ լինես: Սա ինձ համար անընդունելի է, քանի որ ինքնին նշանակում է իմ անհատականության սահմանափակում: Նախ՝ դա խախտում է հավասար պայմանների սկզբունքը, ուստի հենց սկզբից ես այդ խնդիրը բարձրացրեցի՝ ասելով՝ չե՞ք կարծում, որ սա արհեստականորեն ստեղծված սահմանափակում է, և երկրորդ զարմանքս վերաբերվում էր Կոմիտասի պետական հանձնաժողովի՝ ըստ իս, ստեղծագործող մարդուն անհասկանալի ալգորիթմով աշխատելուն: Տեսեք՝ նախարարությունը մրցույթ էր հայտարարել, որն ավարտվում էր մարտի 29-ին: Այդ մասին ես իմացա ավարտից 5 օր առաջ, այսինքն, սա նշանակում է՝ իրազեկումն իսպառ բացակայում էր: Այս համատեքստում բնական էր, որ այդ մրցույթին մասնակցեցին միայն նախարարության ենթակա ՊՈԱԿ-ները, որ ըստ ամենայնի, ներքին խողովակով իրազեկված էին: Այսինքն, եթե ես ունենայի համապատասխան իրավաբանական ձևակերպումը, դարձյալ չէի հասցնի մասնակցել: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սահմանափակում:
- Հետաքրքիր է ոչ միայն Կոմիտասի 150-ամյակի պետական հանձնաժողովի կազմը, որն իմ կարծիքով՝ պիտի լիներ ՀՀ վարչապետի նախագահությամբ, ինչն ի սկզբանե առավել կկարևորեր փաստը և նրա երևութականացումը: Ի դեպ, ինքս հատուկ հետևել եմ՝ այս ողջ ընթացքում Կոմիտասի հոբելյանի հետ կապված պետական ատյանից որևէ իրազեկում չի եղել: Դա վերաբերում է նաև մասնակիցների ցանկին, մանավանդ, հետաքրքիր է՝ ովքե՞ր են մասնակիցները և ի՞նչ ծրագրեր են ներկայացնում: Այդ հարցերի պատասխանները փորձեցի գտնել http://www.mincult.am կայքում և չգտա:
-Մասնակիցները մշակույթի ոլորտի ՊՈԱԿ-ներն են: Բայց ցանկության դեպքում նույնիսկ չեք կարողանա իմանալ՝ ինչ ՊՈԱԿ-ներ, ի՞նչ հյուրախաղերով և ի՞նչ ծրագրով:
-Այսինքն, եթե կոմիտասյան հոբելյանական ծրագրում Ձեր հեղինակած՝ «Կոմիտաս-10 հայտնությունը», որ Կոմիտաս-բանաստեղծին բացահայտող բացառիկ կարևորության երևույթ է, ներառված լիներ, դուք իրազեկ կլինեիք: Եթե իրազեկ չեք, ուրեմն, ներառված չէ: Ի դեպ, շատերի համար բնական է, երբ Կոմիտասը երաժշտության հեղինակն է, այս դեպքում՝ խոսքերի հեղինակը Կոմիտասն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Դուք եք: Նկատեմ, որ թեպետ մեկուկես տասնամյակից ավելի շրջանառության մեջ է «Կոմիտաս-10 հայտնություն» ալբոմը, այնուհանդերձ, առայսօր այն շատերի համար շարունակում է հայտնություն լինել:
-Որքան ես հասկացա՝ իրենց մտայնությունը հետևյալն էր՝ արեք առաջարկ, մենք կքննենք և ձեզ պատասխան կտանք: Այսինքն, ոչ թե՝ նախարարությունն է ընտրում, գեներացնում առաջարկները, այլ ինքն իբրև դաշտ է ներկայանում, ուր տարբեր առաջարկներ կարող են ներկայացվել: Ի՞նչ էր մնում ինձ անել, եթե պետհանձնաժողովն ինձ համար անհասկանալի ալգորիթմով է աշխատում ու եթե արդեն իսկ որոշակի սահմանափակումներ կան մշակույթի նախարարության հետ առնչվելու համար: Դրանից հետո ես ընդամենը ֆեյսբուքում մի «ստատուս» գրեցի՝ առաջարկելով ստեղծել հանրային հանձնաժողով՝ Կոմիտասի 150-ամյակի առիթով: Բոլոր ցանկացողներին առաջարկեցի՝ միանալ իմ այդ նախաձեռնությանը:
Կոմիտասի 150-ամյակի միջոցառումների հանրային հանձնաժողովի նախաձեռնության հայեցակարգը կամ ծրագիրը «ԿՈՄԻՏԱՍԻ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ» խորագիրն է կրում և միտված է առավել ընդգրկուն և ամբողջական կերպով ներկայացնել Կոմիտասի հետ առնչվող ավանդական-բնագրայինից մինչև նորարարական մոտեցումներն ու լուծումները՝ ներառելով Հայաստանի և Սփյուռքի առկա հարուստ ստեղծագործական դիապազոնն ու ռեսուրսը:
Ի դեպ, միայն հանձնաժողովի կազմը, 4 տպագիր էջ կազմեց: Երբ հասկացա, որ բավական լուրջ գունապնակ է ստացվում, ես առաջարկեցի արտիստներին կոնկրետ ծրագրեր ներկայացնել: Պատկերացնու՞մ եք՝ 2 շաբաթվա ընթացքում 55 անհատ կատարողներ և անսամբլներ միացան, ընդ որում՝ Հայաստանից, Սիրիայից, Կանադայից, ԱՄՆ-ից. ՌԴ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Պորտուգալիայից՝ ժողովրդականից սկսած՝ ընդհուպ մինչև սիմֆոնիկ նվագախումբ, երգչախմբեր, կվարտետներ, դուետներ , տրիոներ, ընդհանրապես, ժանրային առումով երաժշտական ողջ սպեկտրը՝ երաժշտական բոլոր ժանրերի ներառմամբ: Ձևավորվեցին 23 համերգային ծրագրեր, որոնք մեկը մյուսին ոչ միայն չեն կրկնում, այլև՝ էականորեն տարբեր են:
-Իսկ դրանցից քանի՞սն են արդեն իրականացվել, ի վերջո, կոմիտասյան տարվա կեսից ավելին անցել է:
-Ոչ մեկը: Ի դեպ, ես ամբողջ փաթեթը ներկայացրել եմ մշակույթի ոլորտը համակարգող պաշտոնյաներին. և՛ Մխիթար Հայրապետյանին և ՛մշակույթի նախարարի այն ժամանակվա փոխանորդ Նազենի Ղարիբյան և՛ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:
-Եվ ի՞նչ…
-Ես Արայիկ Հարությունյանին ասացի՝ այսպես ենք մենք պատկերացնում, սակայն ոչ մի հաշվարկ ինքս չեմ կարող անել, որովհետև բոլոր դահլիճները պետական, են, բոլոր կոլեկտիվները պետական են և դուք ձեր ներքին գնացուցակներն ունեք, որոնց մասին ոչ-ոք գաղափար չունի, ուստի ինքներդ հաշվարկեք: Որից հետո ինձ զանգեցին մշակույթի նախարարությունից և հրավիրեցին հանդիպման: Նախարարության մշակութային ժառանգության վարչության աշխատակից Աստղիկ Ազատյանի հետ էր վերջին հանդիպումս, որից հետո նա ասաց, թե սա պիտի նստենք հաշվարկենք: Այդ հանդիպումը մայիսի վերջին էր, իսկ հանրային հանձնաժողովի կազմը ձևավորվել էր մարտի 23-ին: Այսինքն, ամիսներ են անցել, իսկ ոչինչ դեռ տեղի չի ունեցել:
-Հարգելի Վահան, բայց Ձեր ձևավորած հանրային հանձնաժողովի մասնագիտական կազմն այնքան խոստումնալից է, այնքան բազմաժանր, որ ընդամենը պետական մակարդակով տեր լինելու հարց կար. առանց քննարկելու անգամ մշակույթի նախարարությունն իր ենթակայությամբ գործող դահլիճները տրամադրելու ժամանակացույց պիտի սահմաներ՝ ի շահ հայ մշակույթի ճանաչողության, քարոզման և երևութականացման: Փաստորեն, Կոմիտասի հոբելյանի օրինակով բարձր նիշով մշակութային քաղաքականության ձևաչափ է ներկայացվում մի կառույցի, որի գործառույթը հենց մշակութային քաղաքականության իրականացումն է: Եվ դա արվում է հասարակական կարգով: Դեռ որքա՞ն պիտի սպասեք…
-Բնական է՝ ես չէի կարող սպասել և այս ծրագիրը առաջարկեցի Հայաստանի հանրային ռադիոյի նոր տնօրենին՝ Գարեգին Խումարյանին: ՈՒրախ եմ, որ Գարեգինը միանգամից ըմբռնեց, հասկացավ, որ սա գանձ է և առաջարկեց ծրագիրն ամբողջ ծավալով պարզապես ձայնագրել /ռադիոն ունի չտեսնված ձայնագրման ստուդիա/, ֆոնդավորել և մշտապես շրջանառել, ներկայացնել: Արդեն սկսվել է գործընթացը: Ըստ էության, առանց որևէ պետական ռեսուրսի՝ նրանք կապվեցին բոլոր մասնակիցների հետ և առաջարկեցին համագործակցություն: Բոլորն արձագանքեցին: Հնարավո՞ր է պատկերացնել որևէ այլ ստեղծագործական տարածքում մի կոմպոզիտորի շուրջ նման իրարանցում, որը գործել է 100 տարի առաջ… Աշխարհում չկա, չեք գտնի նման բան: Այսինքն, այս ֆանտաստիկ երաժշտական գունապնակը՝ բարձրագույն կատարողական մակարդակով, կերազեին ունենալ ազգեր…
-Հայեցակարգային առումով՝ ինչպե՞ս եք պատկերացնում ծրագրի ներկայացումը:
-Կոմիտասյան տարվա հայեցակարգի համատեքստում գործունեության իրականացման համար մենք արդեն ուշացել ենք, տարվա ավարտին մնացել է մի քանի ամիս, մինչդեռ այդպես էլ պետական մակարդակով համաժողովրդական և համազգային հանրահռչակումը մենք չտեսանք: Նույն կերպ՝ այս տարի չունեցանք Թումանյանի համազգային հանրահռչակում և եթե այս ալգորիթմով, այս տեմպերով շարունակվի, երբևէ չենք էլ տեսնի:
-Բայց այս օրերին մենք տարբեր մշակութային հաստատություններում կոմիտասյան անզուգական համերգային երեկոների մասնակիցն ու ականատեսն ենք լինում… Դա պետական մակարդակով չի՞…
-Իհարկե՝ ոչ: Պետական ատյանների հույսին մնալու առումով տառապանքս փորձ ունի, ուստի ես որոշեցի առանց ժամանակ կորցնելու՝ գործընկերներիս հետ նախաձեռնել կոմիտասյան համերգներ: Հինգ հրաշալի համերգ ունեցանք, այսինքն՝ համերգաշար ստացեց, որի սկիզբն ազդարարվեց Գաֆեսճյան կենտրոնի դահլիճում, ապա՝ Մատենադարանում, Ազգային գրադարանում, Բժշկական համալսարանի դահլիճում, և, ի վերջո, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում: Սա իմ անձնական նախաձեռնությունն էր:
-Փաստորեն, նախաձեռնելով կոմիտասյան հրաշալի համերգաշարը՝ Դուք որոշեցիք՝ Կոմիտասի երևութականացումը նույնպե՞ս ստանձնել:
-Ես սրանով ուզում եմ նախևառաջ մշակույթի ոլորտի նոր ղեկավարությանը հասկացնել, ցույց տալ հետևյալը՝ համերգ կազմակերպելու համար ձեր կարիքը չունենք, ինչպես կազմակերպել ենք, այդպես էլ կարող ենք շարունակել: Այստեղ խնդիրը ոչ թե համերգ կազմակերպելու մեջ է, այլ՝ տվյալ դեպքում՝ Կոմիտաս-երևույթի՝ պետականորեն երևութականցման մեջ, որովհետև համերգ կազմակերպելով կոնկրետ ես՝ արվեստագետի, բեմի մարդու իմ ֆունկցիան եմ կատարում, իսկ երբ մենք խոսում ենք ավելի տարածական իմացությունների մասին, այսինքն, կոմիտասյան տարի ենք հռչակում, այստեղ պիտի հարցը գլոբալ դիտարկենք, որովհետև ես չեմ կարող կրել պետության գործառույթները: Ես պետության քաղաքացին եմ, իսկ պետության մշակութային ֆունկցիաները ինչպես նաև՝ մշակութային քաղաքականություն ձևավորելը, պետական ատյաններինն է:
Նման դեպքերում միշտ հիշում եմ Աղասի Այվազյանի մարգարեական խոսքերը՝ պետությունը ամենամեծ մշակույթն է, գեղանկարչություն, երաժշտություն, գրականություն՝ նրա բջիջներն են: Ասում էր՝ պետությունը ինքը մշակույթ է, որը մենք չունենք: Հանրային հանձնաժողովում ներառված ծրագրերը, կոմպոզիտորական կազմը, երաժիշտները, մենակատարները, անսամբլները Կոմիտաս-հզոր երևույթը աշխարհեաշխարհ կարող էին իր բոլոր շերտերով ներկայացնել, եթե Աղասու ասած՝ պետությունը ամենամեծ մշակույթն է՝ միտքը, գաղափարը միս ու արյուն, հոգի-մարմին ունենար: Ցավոք, պետական ատյանները, տարին անցնում է՝ դեռ կենդանության նշաններ անգամ չեն ցուցանում:
Զրույցը՝ Անահիտ Եսայանի
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից