ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի ուղերձը ԶՈՒ զինծառայողներին 05/08/2018 20:49 | ԼՐԱՀՈՍ
Հարգարժա՛ն գեներալներ, սպանե՛ր, քաղաքացիական հատո՛ւկ ծառայողներ, զինվորնե՛ր, վետերաննե՛ր և կուրսանտնե՛ր,
Ռազմամարզական վարժարանների սանե՛ր,
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծ տոների և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: Խոնարհում և երախտագիտություն մեր բոլոր վետերաններին, հաղթանակների համար թանկ գին վճարած մեր բոլոր հայրենակիցներին: Թող մեզ միշտ առաջնորդի հաղթական ոգին և Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու քաղաքացիական սկզբունքը:
Բայց այսօր ձեզ դիմում եմ այլ առիթով: Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը:
Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում: Դա ո՛չ արհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք է պիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը:
Երբ Հայոց բանակի հիմնադրման և Արցախյան հերոսամարտի ակունքներում կանգնած Նախագահ Սերժ Սարգսյանից ստացա պաշտպանության նախարարությունը գլխավորելու առաջարկը, գիտեի, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում` կազմակերպել մեր նվիրական Հայրենիքի պաշտպանությունը, տեր կանգնել Արցախյան հերոսամարտի մեր հաղթանակներին և մեր ժողովրդի անվտանգությանը: Սակայն, չնայած իմ երկարամյա փորձին, չէի էլ կարող կռահել, թե ինչպես կփոխվի իմ ամբողջ կյանքը, որքան կկարևորվի հանրայինը և կերկրորդայնացվի անձնականն իմ այս կարգավիճակում:
Իմ ողջ մասնագիտական կյանքը` շուրջ 23 տարի, ծառայել եմ Հայրենիքիս: Միշտ փորձել եմ ծառայել ազնվորեն և ուժերիս առավելագույն չափով: Բայց իմ նախկին ողջ գործունեության հանրագումարն անգամ չի կարող համեմատվել ձեզ հետ և ձեր կողքին իմ երկրի անվտանգությանը ծառայելու գեթ մեկ օրվա հետ:
Պաշտպանության նախարարի յուրաքանչյուր օրն սկսվում է օպերատիվ հերթապահի զեկույցից: Այս տարիներին ես օրն սկսում էի շատ վաղ` առավոտյան 6:30-ին: Շատերը զարմանում և տարօրինակ մի բան էին տեսնում դրա մեջ, բայց դա մեծ զոհաբերություն չէր: Պարզապես չէի կարող հանգիստ քնել, երբ գիտեի, որ նույն ժամին Մեհրաբից մինչև Մեղրի և Գյումրիից մինչև Ստեփանակերտ իմ տասնյակ հազարավոր երիտասարդ հայրենակիցները վեր են թռչում իրենց զորանոցներում` մեր ընդհանուր գործը կատարելու: Օրս էլ ավարտվում էր շատ ուշ, երբ արթուն էիք միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնողներդ և ձեր հպարտ, աղոթող ծնողները: Այդ ուշ ժամին, մտքում երկրորդելով ձեր ծնողների աղոթքները, զանգահարում էի հերթապահին` իմանալու, թե ինչ վիճակ է առաջնագծում:
Ինչո՞ւ եմ շեշտում այս առավոտյան զեկույցն ու երեկոյան հեռախոսազանգը: Ուզում եմ՝ իմանաք և վստահ լինեք, որ որքան էլ ձեզ հեռու են թվում պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը, ամեն օր հարյուրավոր մարդիկ ձեզ հետ արթնանում են, տեղեկանքներ կարդում ձեր հաջողությունների և վրիպումների, սխրանքների և սխալների, միջադեպերի և հիվանդությունների մասին, ձեզ հետ ուրախանում են կամ ձեզ հետ տխրում: Որպես պաշտպանության նախարար՝ պահանջում, իսկ որպես ձեր հայրենակից` խնդրում եմ՝ շարունակեք ծառայել այնպես, որ մեր հանրությունը միշտ հպարտանա և երբեք առիթ չունենա վշտանալու ձեր ծառայության պատճառով:
Անցյալ տարի՝ այս նույն օրերին, դիմեցի ձեզ ուղերձով` երեք դեպք նկարագրելով և խնդրելով կտրուկ բարձրացնել զգոնությունը: Դրան հետևեց բոլոր օղակների մանրակրկիտ աշխատանքը: Շնորհակալ եմ, որ անսացիք իմ խոսքին, և 2017-ին ու այս տարվա չորս ամիսների ընթացքում արձանագրեցինք պատահարների կտրուկ նվազում:
Բայց չկա նվազման այնպիսի շեմ, որը երբևէ գոհացնի ինձ և մեր հասարակությանը: Որովհետև մենք ձգտում ենք տեսնել ոչ թե պարզապես կանոնապահ, այլ իդեալական բանակ: Բանակ, որը ընտանիք է, ուր թույլին ոչ թե նվաստացնում են, այլ սովորեցնում ուժեղ լինել: Որովհետև մեր հասարակությունն ուզում է, որ բանակը լինի ոչ թե իր հայելին, այլ դպրոցն ու դարբնոցը, որով անցած յուրաքանչյուր քաղաքացի լինի ավելի համարձակ, ավելի ուժեղ, ավելի հմուտ:
Պաշտպանության կազմակերպումը ծանր գործ է` ամեն վայրկյան գիտակցում ես, որ քո արածից և չարածից, հասցրածից և չհասցրածից, ճիշտ կամ սխալ որոշումից կախված են տասնյակ, հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր մարդկանց կյանքեր: Յուրաքանչյուր օր ունես նոր, հետաքրքիր անելիք` ռազմական գիտությունից և արդյունաբերությունից, սպառազինությունից և ռազմական տեխնիկայից մինչև ինժեներական աշխատանքներ և շինարարություն, թիկունքային ապահովումից մինչև ռազմական բժշկություն, կրթությունից մինչև կադրային որոշումներ և ռազմական դիվանագիտություն: Գործ ունես ամենատարբեր մարդկանց հետ:
Ի դեպ՝ մարդկանց մասին: Ես այս տարիների ընթացքում, իրոք, ուժեղացա չափազանց հետաքրքիր և առանձնահատուկ մարդկանց հետ աշխատելու շնորհիվ: Առաջին հայացքից՝ քաղաքացիական մարդու համար բարդ է զինվորականին հասկանալը` շատ տարբեր է բազմաթիվ երևույթների ընկալումը: Բայց իսկական զինվորականը շատ խորը ներաշխարհ ունենալու հետ մեկտեղ նաև շատ պարզ է և շիտակ, արդար է և ուժեղ: Իսկ այդպիսի մարդկանց հետ գործ ունենալը միշտ հաճելի է:
Հարգարժա՛ն սպաներ, շնորհակալ եմ ձեր երկարամյա բարդ և վտանգներով լի ծառայության և Հայրենիքի պաշտպանությունը կյանքի առաքելության վերածելու համար: Դուք մեր ազգի ողնաշարն եք: Ամո՛ւր եղեք, և մեր պետությունը միայն առաջ կընթանա: Կրկնեմ իմ մեծ խնդրանքը ձեզ` մաքուր և անաղարտ պահեք ձեր սրբազան գործը: Եղեք խստապահանջ ձեր և ձեր մարտական ընկերների նկատմամբ, երբեք մի՛ հանդուրժեք հայ սպայի որևէ զանցանք, որևէ անպարկեշտություն, որևէ թուլություն: Որպես ընկեր՝ դուք արագ կարող եք ուղղել վիճակը և դրանով կանխել ավելի մեծ խնդիրներ: Ինքս հետևել եմ այդ կանոնին և, ավարտելով ծառայությունս, կարող եմ վստահ ասել` այս ամբողջ ընթացքում թույլ չեմ տվել որևէ քայլ, որի համար ամաչեմ:
Մեզ հաջողվեց արդյունավետորեն պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ: Իհարկե, այդ պայքարը դեռ շատ ջանքեր է պահանջում, բայց ես հպարտ եմ, որ այս տարիների ավարտին իմ բոլոր ծառայակից ընկերների, բանակի մատակարարների, կապալառու շինարարական կազմակերպությունների մեջ չկա որևէ մեկը, որը կարողանա գոնե քմծիծաղ տալ այս խոսքերն ինձանից լսելով:
Չէի ուզենա խոսքս հաշվետվության վերածել, որովհետև ի սկզբանե ավելի շուտ ձեզ հետ կիսվելու նպատակ ունեի, սակայն անկեղծ ասած՝ մի շարք ուղղություններում մեր համատեղ աշխատանքով, իրոք, հպարտ եմ: Մենք ավարտին ենք հասցնում առաջնագիծը տեսադիտարկման համակարգով հագեցնելու գործը, գերժամանակակից և ճշգրիտ սպառազինություն և ռազմական տեխնիկա ենք ներդրել մարտական հերթապահության, կտրուկ բարձրացրել ենք գնումների արդյունավետությունը` հսկայական գումարներ վերաբաշխելով դեպի սպառազինման ծրագրեր: Ամբողջությամբ վերանայել ենք իրավական դաշտը և ներդրել բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը: Նոր շունչ ենք տվել ռազմարդյունաբերական համալիրին: Մենք մեր պատանիների համար բացել ենք Հայաստանի լավագույն ավագ դպրոցի` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դռները և ամենալավ պայմաններով կահավորել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը մեր հերոս տղաների համար: Զոհվածների ընտանիքների և զինհաշմանդամների համար գտանք տարիներով թղթի վրա մնացած` բնակավորման խնդրի լուծումը և ողջ հանրության հետ մի բռունցք դարձանք՝ նրանց նյութական լուրջ աջակցություն ցուցաբերելու համար` 1000plus.am հիմնադրամի միջոցով: Մեր քաղաքացիների համար ստեղծեցինք զինծառայությունն ու բարձրագույն կրթությունը, ինքնուրույն կյանք վստահ մտնելու հնարավորությունները համադրող ծրագրեր, որոնք արդեն իսկ կտրուկ փոխել են բանակից երիտասարդների ակնկալիքները: «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը նորարարական են և գրավիչ` միջազգային չափանիշներով: «Զինվորից սպա» ծրագիրն էլ նոր է մեկնարկելու` ծառայության ընթացքում սպայական մասնագիտությունն ընտրող մեր զինվորների համար: Մենք անցկացրինք մեր զինված ուժերի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները և սկսեցինք զորքերի կառուցվածքի խորքային վերանայում՝ արդյունավետության բարձրացման նպատակով: Նախանշեցինք զինվորական կոմիսարիատների աշխատանքը բարեփոխելու համապարփակ ծրագիր:
Հպարտ եմ, որ իմ հաջորդին եմ փոխանցում ավելի ամուր, ավելի արդյունավետ, ավելի մարտունակ բանակ: Փոխանցում եմ զգալիորեն աճած բյուջեով, ընդլայնված ենթակառուցվածքով, բարելավված վիճակագրությամբ բանակ` այն աչքի լույսի պես պահելու և միայն առաջ, դեպի հաղթանակներ ընթանալու մաղթանքով:
Ցավում եմ, որ շատ ծրագրեր, հատկապես՝ զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում, դեռ ներդրման փուլում են: Ես մանրակրկիտ փոխանցելու եմ պաշտպանության հաջորդ նախարարին կիսատ մնացած ծրագրերը` մատնանշելով դրանց իրականացման ֆինանսական աղբյուրներն ու իրավական կարգավորումները և պատրաստակամ եմ ուժերիս ներածին չափով աջակցելու նրան և բոլոր ապագա նախարարներին` մեր երկրի անվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Հուսով եմ, որ նրանք էլ հետևողական կլինեն մեկնարկած ծրագրերը զարգացնելու և հաջողությամբ կյանքի կոչելու հարցում: Նույնիսկ եթե մենք հակադիր քաղաքական հայացքներ ունենք, ես անկեղծ ցանկանում եմ, որ ինձ հաջորդող նախարարը անպայման հաջողի, քանի որ դա կնշանակի, որ նա բանակն ու երկիրն էլ ավելի բարվոք վիճակում կփոխանցի իր հաջորդին և մեր սերունդներին:
Շնորհակալ եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ` շարքայինից մինչև գեներալ, նախարարության քաղաքացիական հատուկ ծառայողներից մինչև զինված ուժերի գլխավոր շտաբ, իմ քաղաքական և հայեցողական թիմերին, մեզ հսկող հասարակական կազմակերպություններին և մամուլին, բանակի կողքին միշտ ամուր կանգնած սահմանամերձ համայնքների ղեկավարներին և բնակիչներին, բոլոր ժամանակների վետերաններին և ոչ պակաս` իմ և մեր բոլոր զինծառայողների համբերատար ընտանիքներին՝ մեր ընդհանուր գործը պատվով կատարելու համար:
Աստված պահապան մեր զինվորին և սպային,
Մեր Ազգ-բանակին, Հայաստանին և Արցախին:
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից