ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյան. Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման 12/22/2017 15:46
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական տոնի առթիվ հրավիրված նիստին ԱԱԾ աշխատակիցներից բացի ներկա են եղել համակարգի վետերաններ, հյուրեր: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ամփոփել է 2017 թվականին կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու մեկ անգամ ևս հավաստիացրել, որ ազգային անվտանգության մարմինների առջև դրված հիմնական խնդիրները եղել և շարունակում են մնալ ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը:
Հանրապետության Նախագահը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ: Նախագահի կողմից ծառայության երկու աշխատակցի շնորհվել են նաև բնակարանների հավաստագրեր: ԱԱԾ աշխատակիցներին Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ նրանց և՛ սոցիալ-կենցաղային, և՛ աշխատանքային պայմանների բարելավման խնդիրները միշտ եղել և լինելու են ծառայության ղեկավարության և իր՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կենտրոնում: Նախագահը նշել է, որ 2018 թվականին նախատեսված է քաղաքի հարմարավետ վայրերից մեկում Ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 7000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով բնակելի շենք, ինչպես նաև ծառայության տարածքում աշխատանքային պայմանների բարելավման նպատակով 20 ամիսների ընթացքում կառուցել 4000 մետր աշխատանքային տարածք: «Սա դեռ սկիզբն է»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորել ԱԱԾ բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել ծառայության առաջիկա անելիքներին, անվտանգության ոլորտում ընթացիկ տարում ունեցած ձեռքբերումներին, միջազգային և տարածաշրջանային բարդ ու լարված ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակով պայմանավորված ԱԱԾ առջև դրվող նոր խնդիրներին և աշխատանքի նոր ուղղություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում
Ուրախ եմ հերթական անգամ գտնվելու այս կառույցում, որտեղ տարիներ շարունակ աշխատելու պատիվ եմ ունեցել: Առիթից օգտվելով՝ կրկին ջերմորեն շնորհավորում եմ Ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ այս ծառայությունը պետք է գործի լավ աշխատող ժամացույցի մեխանիզմի պես՝ օրական 24 ժամ, շաբաթական 7 օր: Հենց այդ պատճառով այս գործն անողները պետք է իսկական նվիրյալներ լինեն: Վստահ եմ, որ ձեր շարքերում ծառայող տղամարդկանց և կանանց հիմնական շարժառիթը աշխատավարձը, ուսադիրները, կոչումներն ու պարգևները չեն: Ճիշտ է, դրանք էլ են կարևոր, սակայն նրանց հիմնական շարժառիթն անմնացորդ նվիրումն է Հայաստանի անվտանգությունն ապահովելու սրբազան գործին:
Ձեր աշխատանքը հավասարապես ուղղված է պետության, հասարակության, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու և անհատի անվտանգությունն ապահովելուն: Հայտնի պատճառներով ձեր կատարած աշխատանքը հաճախ չի լուսաբանվում և հանրության համար այն հիմնականում մնում է աննկատ: Ոմանք կարող են նկատած լինել, որ ձեր աշխատասենյակներում լույսերն անգամ ամենաուշ ժամերին չեն մարում: Մեր քաղաքացիներն իրենց կյանքի և անվտանգության ապահովությամբ թող նկատեն ձեր ծանր ու պատասխանատու աշխատանքի արդյունքները:
Ես, իհարկե, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով մեր երկրի անվտանգությանն առնչվող հարցերը, շատ լավ տեղյակ եմ ամեն ինչից: Վստահ եմ, որ ազգային անվտանգության ծառայողներն իրենց պարտականությունները կատարում են բարձր պատասխանատվությամբ և պրոֆեսիոնալիզմով: Այս առումով շնորհակալություն եմ հայտնում ծառայության ղեկավարությանն ու անձնակազմին՝ բարեխիղճ աշխատանքի և բարդ խնդիրներին գրագետ լուծումներ գտնելու համար:
Տարբեր առիթներով լինելով այստեղ՝ անհրաժեշտ եմ համարում ամփոփել ծառայության կատարած աշխատանքի արդյունքները, վեր հանել ձեր առջև դրված խնդիրները և ուղենշել այն առաջնահերթությունները, որոնք կարևոր են երկրի անվտանգությունն ապահովելու համար:
Ազգային անվտանգության ռազմավարության մշակման ժամանակ քաջ գիտակցում էինք, որ սպառնալիքներն ու մարտահրավերները շարունակաբար փոփոխվելու և ձևափոխվելու են: Անցել է ավելի քան տասը տարի, և այդ ընթացքում իրապես շատ բան է փոխվել: Անշուշտ, առկա վտանգներին դիմագրավելու մեր քայլերը եղել են համազոր և տվել են իրենց դրական արդյունքները: Սակայն մենք իրավունք չունենք բավարարվելու անվտանգության ոլորտում ունեցած ձեռքբերումներով: Ակնհայտ է, որ ներքին և արտաքին սպառնալիքները չեն պակասում: Ընդհակառակը՝ դրանք գնալով ստանում են առավել բազմաշերտ, երբեմն նաև քողարկված բնույթ:
Ուզում եմ ընդգծել, որ ներկայիս միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է բարդ ու լարված մնալ: Դրանով էլ կանխորոշվում են այն խնդիրները, որոնց լուծմամբ անհրաժեշտ է երաշխավորել ազգային անվտանգության հիմնարար արժեքների պահպանումը: Ձեր դերն այստեղ դժվար է գերագնահատել, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմիններից է, որը կոչված է պաշտպանելու պետության ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը, սահմանադրական կարգը և ամենագլխավորը՝ մեր բնակչության անվտանգությունը:
Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում այսօր հանդիպում են ահաբեկչության տարբեր դրսևորումներ, որոնց դեմ միջազգային պայքարը գնալով նոր թափ է առնում: Լայնածավալ և միահամուռ միջազգային այս գործընթացին մենք ևս մասնակից ենք՝ թե՛ մեր անվտանգությունն ապահովելու, թե՛ մյուս պետությունների հետ պատշաճ համագործակցությունը երաշխավորելու համար:
Մենք ողջունում ենք նման համագործակցությունը և այն համարում ենք օրինակելի: Վստահ եմ, որ բոլոր պետությունները պետք է միավորեն իրենց ջանքերն այդ մահաբեր չարիքի դեմ պայքարում: Հետևողական միջազգային համագործակցության խթանումը բոլոր տեսակների ահաբեկչական խմբավորումներին հաղթելու միակ ճիշտ և արդյունավետ ուղին է:
Ահաբեկչության դեմ պայքարում ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել դրա դրսևորումների վաղ հայտնաբերմանն ուղղված ձեր ջանքերը: Ահաբեկչական սպառնալիքների համակողմանի վերլուծության և ժամանակին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դուք կարողացել եք կանխել թե՛ իրական ահաբեկչական վտանգները, թե՛ դրանց հետ սերտորեն կապված մի շարք հանցավոր դրսևորումներ:
Միջազգային հեղինակավոր կառույցների դիտարկումներով, ինչպես նաև հենց մեր փորձագետների գնահատականներով, առաջիկա տարիներին ահաբեկչական սպառնալիքների նվազման միտումներ չեն կանխատեսվում: Այդ տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը մշտապես գնահատվել է որպես համեմատաբար անվտանգ երկիր: Այդուհանդերձ, չենք կարող բացառել, որ մեր պետության աշխարհագրական դիրքով, մեր յուրօրինակ արտաքին միջավայրով կամ թերևս զբոսաշրջիկների թվի աճով պայմանավորված՝ կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն իրենց նկրտումները Հայաստանում իրագործել հենց այդ եղանակով:
Հետևաբար, այս չարիքի դեմ պայքարում պետք է ցուցաբերենք առավելագույն զգոնություն, պետք է սերտորեն համագործակցենք մեր դաշնակիցների և այլ շահագրգիռ ծառայությունների հետ: Մեր երկիրը լինելու է բաց, զբոսաշրջությունը մեր տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկն է: Ավելին, տարբեր երկրների հետ մուտքի արտոնագրերի դյուրացումն ու ազատականացումը լինելու է շարունակական գործընթաց: Ուստի, դուք պետք է մշտարթուն լինեք: Գտնում եմ, որ հակաահաբեկչական ոլորտում ձեր գործողություններն անհրաժեշտ է երիցս աշխուժացնել:
Ահաբեկչության դեմ տարվող պայքարի մեթոդներն ու միջոցները անհրաժեշտ է պարբերաբար կատարելագործել: Միայն այս դեպքում մենք կկարողանանք ավելի արդյունավետ պաշտպանել մեր քաղաքացիներին և պետական կառույցները, ընդ որում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:
Կարծում եմ՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստում մի քանի օր առաջ քննարկված խնդիրների օպերատիվ և գրագետ լուծումների շնորհիվ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել այդ չարիքին հակազդելու մեր կարողությունը: Նաև գտնում եմ, որ կառավարման նոր կարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ ապագա գործադիրի օրակարգում առաջնային հարցերից մեկը լինելու է ահաբեկչության դեմ պայքարի ներկայիս ռազմավարության վերանայումը՝ այն արդիականացնելու և ժամանակի պահանջներին համահունչ ու առավել ճկուն դարձնելու համար:
Ահաբեկչության տարատեսակներից մեկի՝ կիբեռահաբեկչության դեմ պայքարի փորձը ցույց է տալիս, որ դրա սպառնալիքները նույնպես չեն պակասում: Ավելին, մենք պետք է աչալուրջ վերաբերվենք ընդհանուր առմամբ կիբեռանվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով, թե ինչ կարևորություն է ստանում տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը մեր կյանքում:
Արդի աշխարհում տեղեկատվական ցանցերը դարձել են յուրաքանչյուր պետության կարևոր ենթակառուցվածքներից մեկը: Դրանց բնականոն գործունեությունը կենսական է թերևս բոլոր բնագավառների համար: Այս ոլորտը մեր տնտեսության կարևոր առաջնահերթություններից մեկն է, որտեղ զարգացման մեծ ներուժ և հեռանկար կա: Ակնհայտ է, որ այս բնագավառում մեր հաջողություններին զուգահեռ աճելու է նաև նման հարձակումների քանակը:
Մենք պետք է հանցավոր ուժերից պաշտպանենք ինչպես մեր երկրի ֆիզիկական, այնպես էլ թվային ենթակառուցվածքները: Միայն 2017 թվականի ընթացքում ձեր կողմից կանխվել է պետական մարմինների տեղեկատվական համակարգեր և պաշտոնական կայքեր անօրինական մուտք գործելու կամ այլ հարձակումների շուրջ 1.5 միլիոն փորձ:
Խոսքս, իհարկե, միկրոխնդիրների մասին չէ: Մենք չենք պատրաստվում պարզունակ լուծումներ տալ՝ սահմանափակելով խոսքի ազատությունը կամ տեղեկատվություն հաղորդելու կամ տարածելու իրավունքը: Ինտերնետի գրաքննություն Հայաստանում չի լինելու, օրենքով չարգելվածը՝ թույլատրված է: Համոզված եմ, որ Հայաստանի հասարակությունն այնքան հասուն է, որ կարող է այս միկրոխնդիրները լուծել ինքնակարգավորման մեխանիզմով:
Ազգային անվտանգության մարմինները պետք է գործեն միջազգային իրավունքի և լավագույն միջազգային փորձի շրջանակներում: Այստեղ հատկապես կարևոր է միջազգային համագործակցությունը, և մենք պետք է պատրաստ լինենք քննարկելու նաև այս բնույթի համագործակցության բոլոր առաջարկությունները:
Մակրոմակարդակում, անշուշտ, անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել տեղեկատվական և հաղորդակցային կենսական ենթակառուցվածքների պաշտպանությունը: Այդ ենթակառուցվածքների շարքում են առաջին հերթին պետության պաշտպանության և անվտանգության համար օգտագործվող տեղեկատվական և հեռահաղորդակցության միջոցները, ինչպես նաև ֆինանսատնտեսական համակարգի բնականոն աշխատանքը և կայունությունն ապահովող ցանցերը:
Լավագույնս պետք է պաշտպանված լինեն տվյալների պետական շտեմարանները և ցանցերը, որոնց հանդեպ հանցավոր արտաքին հետաքրքրությունն ու ոտնձգություններն անխուսափելի են: Այդպիսի ոտնձգություններ կարող են լինել ինչպես հակառակորդ պետությունների և կազմակերպված ահաբեկչական կամ այլ տեսակի խմբերի, այնպես էլ անհատ, այսպես ասած, «պարտիզանների» կողմից: Մեր մասնագետները նրանցից պետք է առնվազն մեկ-երկու քայլ առաջ լինեն՝ ժամանակին իրագործելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները:
Կարծում եմ՝ վերջերս իմ կարգադրությամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի» պատշաճ իրագործումը կուժեղացնի այս ոլորտում առկա գործիքակազմը, ինչը խիստ կարևոր է արդի բարձր տեխնոլոգիաների անընդհատ զարգացման պայմաններում:
Ազգային անվտանգության ծառայության առաջնահերթ խնդիրներից մեկը շարունակում է մնալ հետախուզական և հակահետախուզական գործունեության արդյունավետության բարձրացումը: Հայաստանը պետք է արդյունավետորեն պաշտպանի իր ազգային-պետական շահը և իր ամեն մի քաղաքացուն: Դա տքնաջան և հետևողական աշխատանք է, որը բնավ չի սահմանափակվում մեր պետության սահմաններով: Անհրաժեշտ է աշխատել ինչպես երկրի ներսում, այնպես էլ և, միգուցե, առավել ևս՝ արտերկրում:
Այս բնագավառում ձեր կատարված աշխատանքի ամփոփումը թույլ է տալիս որոշակի գոհունակությամբ խոսել արձանագրված հաջողությունների մասին: Միաժամանակ տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, գլխավոր հակառակորդի հետախուզական գործունեության ծավալները և անընդհատ զարգացող հեռահաղորդակցության տեխնոլոգիաները մեզ ստիպում են անընդհատ աչալուրջ լինել: Որակական նոր բնույթ ունեցող սպառնալիքները պահանջում են դրանց հակազդման հավասարազոր քայլերի ձեռնարկում:
Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ արդյունքները կարող են ավելի լավը լինել, եթե ձեր աշխատանքի ավանդական գործելաոճը համատեղվի ժամանակակից մեթոդների ու միջոցների խելացի գործադրման հետ:
Չափազանց կարևոր եմ համարում մեր սահմանների պահպանության գործում կատարված աշխատանքը: Ազգային անվտանգության մարմինների ցուցաբերած զգոնության արդյունքում այս ոլորտում տարեցտարի արձանագրվում են դրական արդյունքներ:
Միաժամանակ, վերջին մի քանի տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օտարերկրացիների կողմից պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերը կամ դրանց փորձերն ավելանում են: Տարածաշրջանային և գլոբալ զարգացումներով պայմանավորված միգրացիայի ավելացման միտումները թույլ են տալիս կանխատեսել, որ մի պետությունից մյուսն անցնելու համար տարբեր անհատներ և կազմակերպություններ փնտրելու են ապօրինի միգրացիոն նոր ուղիներ: Դա առաջացնելու է նաև այդ ուժերի անառողջ հետաքրքրությունը մեր երկրի սահմանների և տարածքի հանդեպ: Ուստի, այս բնագավառում պետք է ակտիվացնել համագործակցությունը պաշտպանության նախարարության և ոստիկանության հետ, վերացնել հնարավոր այն բացթողումները, որոնց առկայությունը կարող է նպաստել ապօրինի սահմանահատմանը:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այստեղ ցանկացած չնչին թերություն կարող է գլխավոր հակառակորդի կողմից օգտագործվել դիվերսիոն-հետախուզական կամ ահաբեկչական խմբերի ներթափանցման նպատակով: Կարծում եմ, որ այս ուղղությամբ հարկավոր է նաև ակտիվորեն օգտագործել նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները:
Ազգային անվտանգության ծառայության գործունեության մեջ հատկապես կարևոր է սահմանադրական կարգի ապահովման գործառույթը: Սահմանադրական կարգի ամրությունը երկրի անկախությունը, պետության և ժողովրդի պաշտպանվածությունը երաշխավորող հիմնական նախապայմանն է: Այս արժեքը թիրախավորող ցանկացած քայլ իրական սպառնալիք է ազգային անվտանգության համար:
Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Հայաստանում բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու: Ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ինչ-ինչ հարցեր, վեճեր, դժգոհություններ, տարաձայնություններ քննարկելու և լուծելու համար Սահմանադրությամբ և օրենքով ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները և մեխանիզմները:
Կասկածից վեր է, որ ազգային անվտանգության ծառայությունը և մեր իրավապահ մյուս մարմիններն ունակ են կանխելու կամ չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն: Կարծում եմ՝ անցյալ տարի հուլիսին ձեր հետևողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են:
Նրանք, ովքեր ապագայում փորձելու են իրենց անձնական կամ խմբային շահերին հասնել հակաիրավական գործելակերպով, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ արկածախնդրությունից: Մեր իրավապահները պատրաստ են օրենքով իրենց վերապահված իրավասության շրջանակներում և համարժեք միջոցներով հակազդել սահմանադրական կարգը վտանգող ցանկացած դրսևորման:
Այստեղ պետք է անդրադառնամ ևս մի կարևոր հարցի: Ոմանք փորձում են ծայրահեղացնել անվտանգության և ազատության հարաբերակցությունը՝ դրանք դարձնելով բացարձակ երկընտրանքի առարկա: Նման հակադրումը կեղծ է և ինձ համար անընդունելի: Անվտանգությունը և ազատությունը ոչ թե հակադիր, այլ փոխկապակցված և փոխգործակցող երևույթներ են:
Համոզված եմ՝ անվտանգության երաշխավորումն ազատության հաշվին կամ ազատության երաշխավորումն անվտանգության հաշվին հավասարապես վնասաբեր է: Տարիներ շարունակ մեր բոլոր քայլերն ուղղված են եղել երկրում հանրային անդորրի և համերաշխության ամրապնդմանը: Այդպես ենք , իհարկե, մենք աշխատելու նաև ապագայում:
Չեմ կարող շրջանցել անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում գրանցված ձեռքբերումները: Հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում ազգային անվտանգության մարմիններին հաջողվել է այս ասպարեզում կանխել կամ բացահայտել բազմատեսակ դեպքեր՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից մինչև համակարգչային վնասաբեր ծրագրերի կիրառմամբ հափշտակություններ:
Ձեր աշխատանքի արդյունքները զգալի են նաև հանցավորության դեմ պայքարի այլ ասպարեզներում: Խոսքս առաջին հերթին վերաբերում է ներպետական մակարդակում իրավախախտումների կանխարգելմանը: Ընդգծեմ նաև, որ ձեր ծառայության հետ իրավապահ մյուս մարմինների ակտիվ համագործակցության արդյունքում վերջին շրջանում բացահայտվել են տարաբնույթ հանցագործություններ, կանխվել զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքեր և փորձեր, հայտնաբերվել են քրեական պատասխանատվությունից խուսափող, հետևապես և՝ հասարակության համար վտանգ ներկայացնող մի շարք անձինք:
Ձեր մասնագիտական գործունեության առաջնահերթ մյուս ոլորտը կոռուպցիայի դեմ պայքարն է: Վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիոն երևույթների հնչեղ բացահայտումները, վստահ եմ, լավ ազդանշան են եղել՝ ուղղված թե՛ հանրությանը, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս ճակատում տարվող աշխատանքն ավելի քան լուրջ հիմքերի վրա է դրված, սակայն ձեռք բերվածով բնավ չենք բավարարվելու:
Ավելորդ չեմ համարում այս կառույցում մեկ անգամ ևս ընդգծել, որ նմանօրինակ քայքայիչ դրսևորումների դեմ պայքարը լինելու է ավելի սուր և ավելի կոշտ: Ուզում եմ տեղյակ լինեք, որ այս ասպարեզում ձեզնից իմ սպասելիքները շարունակելու են մեծ մնալ: Վստահ եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունն ունի բավարար փորձ և հաստատուն կամք այս խնդրի մեջ խորամուխ լինելու համար: Անհրաժեշտ են գործուն քայլեր պետական բոլոր մակարդակներում, այդ թվում՝ դատաիրավական համակարգում կոռուպցիոն դրսևորումների պատկերը բացահայտելու համար:
Ամենայն ուշադրությամբ նաև անհրաժեշտ է հետևել միջազգային կառույցների կողմից կատարված հետազոտություններին և վարկանիշներին: Կոռուպցիայի վերաբերյալ Հայաստանի ցուցանիշներում նահանջ չպետք է լինի: Անգամ եթե խոսքը ոչ թե բուն կոռուպցիայի, այլ դրա ընկալման մասին է, անհրաժեշտ է գտնել և բացահայտել այն թերությունները, որոնք հանգեցնում են նման ընկալման:
Կոռուպցիայի դեմ պայքարում մեզ անհրաժեշտ է դրական տեղաշարժ: Մենք դա արել և անում ենք ոչ թե միջազգային կառույցների, այլ մեր համար: Դա են մեզնից ակնկալում մեր երկրի քաղաքացիները: Այս պարագայում ևս որևէ արդարացում չեմ ընդունելու:
Դրական եմ գնահատում ազգային անվտանգության ծառայողների աշխատանքը համապետական միջոցառումների, այդ թվում՝ ընտրությունների անվտանգ անցկացումն ապահովելու գործում:
2018 թվականին Հայաստանում տեղի են ունենալու երեք խոշոր միջոցառումներ, որոնց հաջող անցկացումը պետք է պատվի հարց լինի բոլորիս համար: Խոսքս Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, Երևանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված տոնակատարությունների և հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասին է:
Այս միջոցառումները նոր ասպարեզներ են բացում և հնարավորություններ ստեղծում՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու տեսանկյունից: Մյուս կողմից դրանք առաջացնում են աննախադեպ պարտավորվածություն՝ այդ միջոցառումները պատշաճ և ամենակարևորը՝ անվտանգ անցկացնելու առումով: Վստահ եմ՝ գիտակցում եք, որ այդ պատասխանատվության առյուծի բաժինը ընկնելու է հենց ձեր ուսերին: Իմ հանձնարարությունն է՝ շատ լրջորեն նախապատրաստվել այդ միջոցառումներին:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միշտ աչքի են ընկել իրենց հատուկ խառնվածքով, հայրենիքին անսահման, երբեմն անձնուրաց նվիրումով: Այսօր ներկա մեր վետերանները, կրելով թվարկածս որակները, իրենց օրինակով և փոխանցած գիտելիքներով մշտապես ոգեշնչել են ձեզ: Ձեր շարքերում ծառայել և ծառայում են եզակի մարդիկ, որոնց գործը հիրավի սխրանք և հերոսություն է եղել: Հենց այդ է պատճառը, որ մեր ժողովուրդը միշտ ակնածանքով է վերաբերվել այս ծառայության գործունեությանը:
Ազգային անվտանգություն ծառայությունում երբեք հեշտ չի եղել: Դուք էլ երբեք հեշտ ճանապարհներ չեք փնտրել: Վստահ եմ՝ արձանագրված ձեռքբերումներով չեք բավարարվելու:
Մեր նպատակն է՝ ստեղծել լավագույն նման ծառայությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև նաև ինչու ոչ՝ միջազգային մակարդակում: Այդպես պետք է ավելի ապահով ու ավելի անվտանգ միջավայր հաստատենք, նպաստենք երկրի տնտեսական բարեկեցության բարձրացմանը: Դա նաև երաշխավորելու է Հայաստանի կայուն տեղը կայացած ժողովրդավարությունների շարքում:
Այդ ճանապարհին մենք պետք է շարունակենք կատարելագործել ծառայության պրոֆեսիոնալ կարողությունները՝ պարբերաբար բարձրացնելով կադրերի մասնագիտական պատրաստման և վերապատրաստման որակը՝ նոր մակարդակի հասցնելով կառույցի նյութատեխնիկական համալրումը: Ծառայության անձնակազմի և հատկապես՝ հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցների սոցիալական, ներառյալ՝ կենցաղային պայմանների բարելավման խնդիրները միշտ եղել և լինելու են ծառայության ղեկավարության և իմ՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կենտրոնում:
Մեկ անգամ ևս, հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ: Ուզում եմ նաև հատուկ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքի անդամներին: Վստահ եմ, որ ձեր ծառայության բացառիկ կարևորության գիտակցմամբ և իրենց հոգատարությամբ նրանք մեծապես նպաստում են հանուն Հայաստանի Հանրապետության ձեր ծառայությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից