ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի ապացուցվել, որ ամբաստանյալը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. կայացվել է արդարացման դատավճիռ 12/02/2017 13:43 | Արդարացման դատավճիռներ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, Մարիամ Գրիգորյանին ճանաչել է անպարտ ու արդարացրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ մատնությունը, առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Մարիամ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, վերացվել է:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Մարիամ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը դատարանում չի ապացուցվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, հետևաբար Մարիամ Գրիգորյանի նկատմամբ պետք է կայացնել արդարացման դատավճիռ:
Դատարանն արձանագրել է, որ նախաքննությունն իրականացնող մարմինն անարժանահավատ է համարել Մարիամ Գրիգորյանի կողմից 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տրված ցուցմունքներն առ այն, որ նա Վլադիմիր Ավետիսյանի վերաբերյալ հաղորդումը տվել է իր ենթադրությունների հիման վրա և ամուսնու հետ դեռևս զրուցած չլինելու պայմաններում, ապա մեղադրական եզրակացությամբ նշել է, որ Մարիամ Գրիգորյանի նշված ցուցմունքները հերքվել են այլ ապացույցներով՝ որպես այդպիսիք ներկայացնելով Վրեժ Ավետյանի ցուցմունքը և որպես այլ փաստաթղթեր ապացույց ճանաչված՝ Մարիամ Գրիգորյանի կողմից նախաքննության սկզբնական փուլում տրված ցուցմունքները: Սակայն դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ վարույթն իրականացնող մարմնի վկայակոչած՝ Վրեժ Ավետյանի ցուցմունքով չի հերքվում Մարիամ Գրիգորյանի ցուցմունքը: Ավելին, Վրեժ Ավետյանի ցուցմունքով հաստատվում է Մարիամ Գրիգորյանի ցուցմունքն առ այն, որ դեպքի մանրամասների մասին նա իմացել է հաղորդում տալուց օրեր անց՝ ամուսնուց, հիվանդանոցում և դրանից անմիջապես հետո դիմել է վարույթն իրականացնող մարմնին ու լրացուցիչ հարցաքննությամբ ճշգրտել է իր կողմից նախկինում տված ցուցմունքները:
Որպես այլ փաստաթղթեր ապացույց ճանաչված՝ Մարիամ Գրիգորյանի կողմից նախաքննության սկզբնական փուլում տրված ցուցմունքների վերաբերյալ դատարանը գտել է, որ թեև դրանք հակասում են Մարիամ Գրիգորյանի 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տված ցուցմունքներին, սակայն վերաբերելի չեն սույն գործով ապացուցման առարկային՝ Մարիամ Գրիգորյանի կողմից ուղղակի դիտավորությամբ սուտ մատնությունը կատարելուն, այսնիքն՝ չեն ապացուցում, որ հաղորդում տալու ժամանակ Մարիամ Գրիգորյանը միտումնավոր հայտնել է ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Մարիամ Գրիգորյանի կողմից հակասական ցուցմունքներ տալու վերաբերյալ դատարանը գտել է, որ Մարիամ Գրիգորյանի կողմից նախաքննության սկզբնական փուլում տված ցուցմունքներն անխոս հակասում են 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տված ցուցմունքներին, ուստի ցուցմունքների արժանահավատությունը պարզելու համար անհրաժեշտ է դրանք գնահատել քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների համակցության մեջ: Դատարանը, վերլուծելով Մարիամ Գրիգորյանի ցուցմունքները, դրանք համադրելով գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ, գտել է, որ Մարիամ Գրիգորյանի կողմից նախաքննության սկզբնական փուլում տրված ցուցմունքներն այլ ապացույցներով չեն հաստատվում, մինչդեռ՝ 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տրված ցուցմունքները հաստատվում են Վրեժ Ավետյանի ցուցմունքներով: Հետևաբար, Մարիամ Գրիգորյանի 2016 թվականի նոյեմբերի 14-ին և 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տված ցուցմունքները պետք է համարել արժանահավատ, իսկ դրանց անարժանահավության վերաբերյալ նախաքննական մարմնի եզրահանգումը՝ անհիմն:
Դատարանն արձանագրել է, որ քրեական գործով ձեռք չի բերվել թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի մեջ Մարիամ Գրիգորյանի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված մեղադրական դատավճիռ:
Դատարանի իրավական վերլուծություններում նշվում է, որ քրեական գործում առկա նյութերի համաձայն, Մարիամ Գրիգորյանը հեռախոսազանգ ստանալով ամուսնուց և լսելով վիճաբանության ձայներ՝ գնացել է Երևան քաղաքի Պատկանյան 20 հասցեում գտնվող մանկապարտեզի մոտ, որտեղ տեսել է ամուսնուն՝ դեմքն արյունոտված վիճակում: Դեպքի վայրում է եղել նաև Վլադիմիր Ավետիսյանը, ով կատարել է ակտիվ գործողություններ, այն է՝ միջամտելով Արմեն Մխիթարյանի և Վրեժ Ավետյանի կռվին՝ փորձել է Արմեն Մխիթարյանին հեռացնել Վրեժ Ավետյանից: Կատարված դեպքով պայմանավորված Մարիամ Գրիգորյանը, գտնվելով հուզված վիճակում, զանգահարել է ոստիկանություն և հայտնել ամուսնուն սպանելու մասին: Այնուհետև դեպքի վայրից Վրեժ Ավետյանը տեղափոխվել է տուն, որտեղ ուշաթափվել է, ապա տեղափոխվել հիվանդանոց: Դրանից հետո Մարիամ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ հաղորդում է տվել՝ նշելով, որ ամուսնուն ծեծի են ենթարկել Արմեն Մխիթարյանը և Վլադիմիր Ավետիսյանը:
Դատարանն արձանագրել է, որ Մարիամ Գրիգորյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Արմեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Վրեժ Ավետյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, ինչից հետևում է, որ հաղորդմամբ նշված հանցագործության դեպքը տեղի է ունեցել և մեղադրանքն առաջադրվել է հաղորդմամբ նշված անձին՝ Արմեն Մխիթարյանին, այսինքն՝ Մարիամ Գրիգորյանը հայտնել է ոչ թե կեղծ, այլ իրականում տեղի ունեցած հանցագործության մասին և որպես հանցանքը կատարողի մատնանշել է անձի, որին քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա առաջադրվել է մեղադրանք:
Իսկ Վլադիմիր Ավետիսյանի կողմից Վրեժ Ավետյանին ծեծի ենթարկելու մասին հաղորդման մեջ նշելու վերաբերյալ դատարանը հաստատված է համարել, որ Մարիամ Գրիգորյանը, լինելով հուզված վիճակում, չի կարողացել ճիշտ գնահատել իրականությունը և չի գիտակցել, որ Վլադիմիր Ավետիսյանը փորձում է սաստել Արմեն Մխիթարյանի ագրեսիվ վարքագիծը: Դատելով Վլադիմիր Ավետիսյանի ակտիվ գործողություններից և իմանալով վերջինիս ու Արմեն Մխիթարյանի ազգակցական կապի մասին՝ Մարիամ Գրիգորյանը ենթադրել է, որ նրանք միասին ծեծի են ենթարկում Վրեժ Ավետյանին:
Ոստիկանության բաժնում հանցագործության մասին հաղորդում տալու ժամանակ նույնպես Մարիամ Գրիգորյանը հաստատապես չի իմացել դեպքի մանրամասները և հաղորդման մեջ նշել է, որ ամուսնուն ծեծի են ենթարկել Արմեն Մխիթարյանը և Վլադիմիր Ավետիսյանը:
Դատարանը հարկ է համարել նշել նաև, որ գործնականում բազմաթիվ են այն դեպքերը, երբ քաղաքացիները հաղորդում են տալիս ենթադրյալ հանցագործության մասին՝ նշելով իրենց ենթադրություններն առ այն, որ տեղի է ունեցել հանցագործություն: Հաղորդման հիման վրա կատարվում է հետաքննություն կամ նախաքննություն, որի արդյունքում պարզաբանվում են հաղորդման մեջ նշված հանգամանքները և հանցագործության հատկանիշների բացակայության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվում է որոշում քրեական գործ հարուցելը մերժելու կամ քրեական գործով վարույթը կարճելու մասին: Այդ դեպքերում հաղորդում տված անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվում՝ նկատի ունենալով, որ հաղորդում տված անձը չի գործել ուղղակի դիտավորությամբ, այլ որպես քաղաքացի հաղորդել է իր ենթադրությունները կատարված դեպքի վերաբերյալ՝ վերջնական գնահատական տալու հարցը թողնելով վարույթն իրականացնող մարմնին:
Մարիամ Գրիգորյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը պարզելու համար ևս անհրաժեշտ է հաստատված համարել, որ վերջինս գործել է ուղղակի դիտավորությամբ: Սակայն, քրեական գործում առկա չէ որևէ ապացույց, որով կարող է հիմնավորվել, որ Մարիամ Գրիգորյանը գիտակցել է Վլադիմիր Ավետիսյանի կողմից Վրեժ Ավետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ իր հաղորդած տեղեկատվության ակնհայտ կեղծ լինելը և անմեղ անձին, տվյալ դեպքում՝ Վլադիմիր Ավետիսյանին, քրեական պատասխանատվության ենթարկելուն հասնելու, նրան վատաբանելու կամ նրա իրավունքները ոտնահարելու նպատակով, վրեժի կամ այլ շարժառիթով, ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն:
Դատարանը գտել է, որ Մարիամ Գրիգորյանին մեղսագրված արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը՝ ուղղակի դիտավորությունը: Այսինքն՝ նրա արարքում հանցակազմ չկա:
Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա:
Մեղադրողն արդեն բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Մեղադրողը միջնորդում է բեկանել դատավճիռը, Մարիամ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ