ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անթույլատրելի ապացույցից հետո ձեռք բերված ապացույցները չեն կարող թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ գնահատվել. Դատարան 09/30/2017 14:30 | Արդարացման դատավճիռներ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ամբաստանյալ Արման Մարտիրոսյանին արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, առաջադրված մեղադրանքում: Դատարանը ճանաչել ու հռչակել է նրա անմեղությունն այդ hոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Արման Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել կալանքից դատական նիստերի դահլիճում՝ Ա.Մարտիրոսյանը կալանքի տակ է գտնվել շուրջ մեկուկես ամիս։
Դատարանն Արման Մարտիրոսյանին պարզաբանել է արդարացվածի և նրան պատճառված /հնարավոր/ վնասի հատուցման իրավունքներն ու հատուցման կարգը` այդ մասին ուղարկելով համապատասխան ծանուցում։
Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված «WALTER G22» մոդելի 22 L.R /5.6 մմ/ տրամաչափի, որսորդության և սպորտային վարժանքների համար նախատեսված ակոսափող կարաբինը, փորձարարական կրակոցների արձակումից հետո առկա, գործարանային արտադրության 22 L.R /5.6/ մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային թվով 12 փամփուշտներն ու փորձարարական կրակոցների արձակումից հետո առկա պարկուճները, որոնք գտնվում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում՝ դատավճռով պետք է թողնվի ՀՀ ոստիկանության տնօրինությանը։
Ամբաստանյալ Արման Մարտիրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա ցուցմունքի, ոստիկանների կողմից բերման ենթարկվելուց մեկ օր առաջ երեկոյան ժամին, երբ իր անձնական ավտոմեքենայով վերադառնում էր պապիկի գերեզմանից, տեսել է, որ «3-րդ գյուղ» տանող ճանապարհի մայթեզրին դրված է մոխրագույն պատյան։ Բացելով պատյանի շղթան, տեսել է, որ դրանում առկա է հրազեն, որից հետո փակել է շղթան։ Մտածելով, որ այն կարող է ընկնել երեխաների ձեռքը, վերցրել է` իրավապահ մարմիններին հանձնելու նպատակով։
Քանի որ ժամը եղել է բավականին ուշ, իսկ ինքն ունեցել է առողջական խնդիրներ, որոշել է այն թողնել մեքենայի բեռնախցիկում և հաջորդ օրն առավոտյան ներկայացնել իրավապահ մարմիններին։
Հաջորդ օրը, հաշվի առնելով, որ դեղորայք ընդունելն իր համար եղել է առաջնային, ուստի նախ գնացել է բժշկական կենտրոն, որից հետո նոր միայն պատրաստվել է գնալ ոստիկանություն։ Երբ դուրս է եկել կենտրոնից, 4-5 հոգի ոստիկան իրեն և ընկերոջը բերման են ենթարկել։ Նրանցից մեկը նստել է մեքենայի ղեկին, իսկ մյուսները վարորդի կողքն ու ետևում։ Ընդհանուր առմամբ մեքենայում եղել է 5-6 հոգի։
Արդեն ոստիկանությունում հայտնել է, որ ինքը պատրաստվում էր կամովին ներկայանալ և հանձնել գտած հրազենը։
Բերման ենթարկվելուց հետո ոստիկանների կողմից կատարվել է մեքենայի խուզարկություն։ Մասնավորապես, քննչական գործողության ժամանակ ինքը բացել է բեռնախցիկը, որտեղ էլ փակ պատյանով դրված է եղել հրազենը։ Ոստիկանները պատյանից հանել են հրազենը, զննել այն, ավելին, փամփշտատուփից հանել են փամփուշտները, հաշվել դրանք, ապա նորից դրել փամփշտատուփի մեջ, իսկ այնուհետև զենքը կրկին դնելով պատյանի մեջ, փաթեթավորել են այն։ Բեռնախցիկից բացի, խուզարկել են նաև մեքենայի սրահը՝ դռների մեջ գտնվող գրպանիկները, մեքենայի սրահի պահախցիկը։ Ընդ որում, մեքենայի դռների մեջ գտնվող գրպանիկներից մեկից էլ հայտնաբերվել է ծալովի դանակ։
Ամբաստանյալը դատարանին հավաստիացրել է, որ բացառում է, որ բեռնախցիկը բացելիս զենքի պատյանի շղթան կիսով չափ բացված է եղել։ Հաստատապես պնդել է, որ այն բացել են ոստիկանները՝ խզակոթի կողմից դեպի զենքի փողը զննել զենքը, հաշվել փամփուշտները, իսկ այնուհետև, այն դնելով նորից պատյանի մեջ, փաթեթավորել են՝ կազմելով համապատասխան արձանագրություն։
Ամբաստանյալն ընդունել է, որ ինքնակամ բացել է միայն մեքենայի բեռնախցիկը, սակայն դռները չի բացել, այլ դրանք բացել ու մեքենայի սրահը զննել են ոստիկանները։ Զննությանը ներկա են գտնվել նաև ընթերականեր, իսկ արձանագրության կազմման վերաբերյալ անհամաձայնություն այդ պահին չի ունեցել, քանի որ տեղյակ չի եղել, որ ոստիկանները իրավունք չունեն անելու այդ գործողությունը։
Ինչ վերաբերում է գտած զենքն անմիջապես չհանձնելուն, ապա մտածել է, որ այն գտնելու օրը համապատասխան մարմիններին ներկայացնելու դեպքում, դրա ձևակերպման ժամանակահատվածը կարող էր լինել բավականին երկար և քանի որ ժամը եղել է ուշ, հետևաբար, որոշել է գտածը ոստիկանություն ներկայացնել հաջորդ օրը, բայց չի հասցրել, քանի որ արթնանալով ժամը 12-ի կողմերը, որոշել է գնալ բժշկական կենտրոն՝ հասանելիք դեղորայքը ստանալու, որից հետո էլ մտադրվել էր գնալ ոստիկանություն, սակայն այնտեղ գտնվելու ժամանակ էլ իրենց են մոտեցել ոստիկանության աշխատակիցներն ու բերման ենթարկել։
Վերլուծելով ու համադրելով գործում առկա փաստերն ու ապացույցները՝ դատարանը հաստատված չի համարել այն հանգամանքը, որ քննվող քրեական գործով առկա է հանցագործության դեպք։
Քրեական գործի դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցների համակցությամբ դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ՝ ոստիկանության աշխատակիցները, ստանալով օպերատիվ տեղեկություն, որ գործով ամբաստանյալ Արման Մարտիրոսյանն իր մեքենայում ապօրինաբար պահում է հրազեն, 2017թ-ի հունիսի 7-ին մեկնել են ու կլինիկայի մոտից ՀՀ ոստիկանության Երևանի վարչություն բերման են ենթարկել Արման Մարտիրոսյանին և նրա ընկերոջը՝ Ա.Մարտիրոսյանի կողմից շահագործվող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով։
Դրանից հետո, Ա.Մարտիրոսյանից վերցվել է բացատրություն, որտեղ վերջինս հայտնել է, որ «…իմ ավտոմեքենայի մեջ այո հրազեն կա և ես համաձայն եմ կբացեմ ավտոմեքենայի դռները և բեռնախցիկը, որպեսզի զննություն կատարեք… »։
Հիշյալ բացատրությունը վերցնելուց հետո, ոստիկաններն իրականացրել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի զննություն, դրա մասին կազմելով «ավտոմեքենայի զննության վերաբերյալ» արձանագրություն և այնտեղից հայտնաբերելով գործով իրեղեն ապացույց ճանաչված հրազենն ու փամփուշտները, դրանք ուղարկել են փորձաքննության։
Ավելին, փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո միայն հետաքննության մարմինը կայացրել է որոշում՝ քրեական գործ հարուցելու մասին և գործի հետագա ընթացքը լուծելու համար այն ուղարկվել է նախաքննական մարմին։
Հիշյալ արձանագրությունում նշված է, որ «...Ավտոմեքենայի զննության ընթացքում արտաքինից վնասվածքներ առկա չեն, զննության ընթացքում ավտոմեքենայի վարորդի դռան ձախ կողմի պահունակի միջից հայտնաբերվեց «Բոկեռ» գրառմամբ ծալովի դանակ, որն ունի մոտ 20 սմ երկարություն, շեղբի երկարությունը մոտ 9 սմ է։ Ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից կտորե պատյանի մեջ բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի դիմացից ակնհայտ տեսանելի վայրից հայտնաբերվեց սև գույնի G 22 WALTHER մոդելի հրացան, որի սկզբնամասի տակը ամրացված է լազերային ցուցիչ, հրացանն ունի երկու փամփշտատուփ, որոնցից յուրաքանչյուրը լիցքավորված է 10 հատ «Տոզ» տեսակի փամփուշտներով... »։
Արման Մարտիրոսյանին մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքը նրա կողմից կատարած լինելու փաստը հաստատված համարելու համար, դատարանը գտել է, որ նախ՝ պետք է գնահատական տրվի ոստիկանության մարմնի կողմից իրականացված գործողությունների իրավաչափությանը, մասնավորապես, Ա.Մարտիրոսյանին բերման ենթարկելուց հետո նրանց կողմից իրականացված քրեադատավարական գործողություններին։
Այսպես, գործով հաստատվել է, որ ստանալով Ա.Մարտիրոսյանի «բանավոր համաձայնությունը», ոստիկանության աշխատակիցները ձեռնամուխ են եղել նրա ավտոմեքենան զննելուն, այլ խոսքով իրականացրել են «Առարկաներ զննելու մասին» քննչական գործողություն՝ նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 217-218-րդ հոդվածներով։
Արձանագրելու համար, թե արդյո՞ք հետաքննության մարմինն իրավունք է ունեցել այդ պահին իրականացնելու հիշյալ դատավարական գործողությունը, հարկ է պարզել, թե այն դասվո՞ւմ է, արդյոք, այդ պահին հետաքննության մարմնի կողմից իրականացման ենթակա, նրա լիազորությունների շրջանակում գտնվող այն գործողությունների շարքին, որը նախատեսված է օրենքով։
Դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է հստակ գործողությունների շրջանակ և տարանջատել փուլային այն լիազորությունները, որոնք վերապահված են հետաքննության մարմնին։ Մինչդեռ, քննվող քրեական գործով, չունենալով նման դատավարական լիազորություններ, մինչև քրեական գործ հարուցելը հետաքննության մարմինն, ըստ էության, իրականացրել է «առարկայի զննություն» քննչական գործողություն, ինչի իրավունքը չի ունեցել։
Նշված եզրահանգմանը գալիս, դատարանն ընդգծել է հետաքննության մարմնի կողմից Ա.Մարտիրոսյանի ավտոմեքենան զննելու ժամանակ իրականացված գործողությունների բնույթը, իրականացված քայլերի շրջանակն ու դրանց նկարագրությունը։
Դատական քննության ընթացքում ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ նախ՝ ինքը չի առարկել, որպեսզի ոստիկանները զննեն միայն մեքենայի բեռնախցիկը, որը և բացվել է իր կողմից։ Ինչ վերաբերում է մեքենայի սրահին, ապա ինքը չի բացել մեքենայի դռները, սակայն ոստիկանները, իրենց նախաձեռնությամբ բացելով նաև դրանք, ամբողջությամբ զննության են ենթարկել նաև մեքենայի սրահը, այնտեղ առկա բոլոր գրպանիկներն ու պահախուցը՝ բացելով այն։ Այդ գործողությունների արդյունքում է, որ մեքենայի դռներից մեկի գրպանիկում հայտնաբերվել է նաև դանակ, որը ևս ուղարկվել է փորձաքննության։
Դատարանը փաստել է, որ այդպիսի գործողություններ իրականացնելու վերաբերյալ ամբաստանյալի ցուցմունքից գրեթե չտարբերվող ցուցմունքներ են տվել նաև երկու վկա։ Նրանք ըստ էության չեն ժխտել մեքենայի բեռնախցիկում զենքի փոքր-ինչ բաց պատյանը տեսնելուց հետո, այն կիսով չափ բացելու, զենքն արտաքնապես զննելու, փամփշտատուփերի կիսով չափ հանելով ու զննելով փամփուշտների քանակը հաշվելու հանգամանքները։
Ավելին, դատարանն արձանագրել է, որ վկաները դատարանում տվել են գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ տրամագծորեն իրար հակասող ցուցմունքներ։
Այսպես, եթե մեկ վկան՝ Էդվարդը, դատարանում հայտնել է, որ «…Ա.Մարտիրոսյանի մեքենայի մեջ կատարվել է մեքենայի զննություն, որի ժամանակ նա բացել է բեռնախցիկը, որտեղ, իրենց համար տեսանելի վայրում, կիսաբաց վիճակում դրված է եղել պատյան՝ մեջը հրազեն։ Թեև այդ ժամանակ պատյանի միջից հրազենը չի հանվել, սակայն, քանի որ պատյանի ցեպը կիսով չափ եղել է բաց՝ տեսանելի է եղել հրազենի խզակոթի հատվածը /մնացած մասերը տեսանելի չեն եղել/։ Շոշափելով այն, հասկացել են, որ այնտեղ գտնվում է լազերային նշանառության սարք՝ ցուցիչ։ Ինչ վերաբերում է փամփուշտներին, հայտնել է, որ դրանք գտնվել են խզակոթի մեջ, որտեղ տեղադրվում են պահունակները։ Պահունակների հատվածը կիսով չափ ետ է քաշել, հասկանալու համար, արդյոք այն լիցքավորված է, թե ոչ, այնուհետև, խզակոթի ստորին հատվածից կիսով չափ դուրս բերելով պահունակները, հաշվել են դրանցում տեղադրված փամփուշտների քանակը ու նորից ետ տեղադրել խզակոթի մեջ…», ապա նույն գործողությանը մասնակցած մյուս վկան՝ Նարեկը, պնդել է, որ «որի միջնամասում՝ գազի բալոնի դիմացի հատվածում, տեղադրված է եղել կտորե պատյան՝ ցեպը ծայրից՝ հրազենի փողի հատվածից մինչև մեջտեղի հատվածը /աջից դեպի ձախ/ բաց վիճակում»։ Նշել է, որ արտաքինից ակնհայտ տեսանելի է եղել պատյանի մեջ գտնվող հրազենը, որը եղել է՝ մոտ 70-80 սմ երկարությամբ, և դրա փողին ամրացված լազերային նշանառության սարքը։ Այսինքն, իրենց համար տեսանելի է եղել զենքի փողից մինչև միջնամասն ընկած հատվածը, իսկ խզակոթը՝ ոչ։
Այսպիսով, համադրելով երկու ոստիկանների կողմից դատարանում տրված ցուցմունքները՝ դատարանը գտել է, որ դրանցում արտացոլված տվյալները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ վերջիններս, վերցնելով բեռնախցիկում գտնվող զենքի պատյանը, բացել են այն, հանել դրանում առկա հրազենը, արտաքինից զննել, իսկ այնուհետև հանելով նաև դրա խզակոթում տեղադրված փամփշտատուփերը, հաշվել են դրանցում առկա փամփուշտների քանակը և դրանք կրկին տեղադրելով փամփշտատուփերի մեջ, փամփշտատուփեր ևս տեղադրել են դրանց համառ նախատեսված հատուկ տեղում։
Դատարանը հիշյալ եզրահանգմանը գալիս, հիմք է ընդունել վկաների հայտնած այն տեղեկությունները, որ մի դեպքում՝ տեսանելի է եղել խզակոթից մինչև մեջտեղն ընկած հատվածը, /այս պայմաններում, առանց զենքը պատյանից հանելու չէր կարող տեսանելի լինել զենքի փողի ծայրի հատվածում ամրացված նշանառության սարքը, որի մասին նշվել է արձանագրության մեջ/, իսկ մյուս դեպքում հակառակը՝ զենքի փողի հատվածից մինչև մեջտեղի հատվածը /այս պայմաններում էլ առանց զենքը պատյանից հանելու չէր կարող տեսանելի լինել արդեն զենքի խզակոթի հատվածում ամրացված փամփշտատուփերը/։
Ասվածը ևս վկայում է այն մասին, որ քրեական հետախուզության՝ այն է հետաքննության մարմնի, աշխատակացիներն իրականացրել են այնպիսի քննչական գործողություն, որը կարող էին իրականացնել միայն հարուցված քրեական գործի շրջանակներում, մինչդեռ, ինչպես ակնհայտ է քրեական գործի նյութերից, քրեական գործ հարուցելու մասին որոշումը կայացվել է ավելի ուշ՝ ավտոմեքենան զննելուց, հայտնաբերված հրազենի, փամփուշտների և դանակի վերաբերյալ փորձաքննություն նշանակելուց և դրանց վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո միայն։
Դատարանում, մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից մեղադրական ճառում կարծիք է հնչեցվել, որ հետաքննության մարմնի աշխատակիցները, զննելով ամբաստանյալի ավտոմեքենան, իրականացրել են ոչ թե առարկայի, այլ դեպքի վայրի զննություն, որի իրավունքն ունեցել են։ Տվյալ դեպքում դեպքի վայրը հանդիսացել է ամբաստանյալի ավտոմեքենան։
Դատարանը փաստել է, որ քրեական գործով հաստատվել է, որ ստանալով օպերատիվ տեղեկություն այն մասին, որ Արման Մարտիրոսյանի ավտոմեքենայում պահվում է սառը զենք և հրազեն, դրանք ապօրինի պահելու կասկածանքով, վերջինիս և նրա ընկերոջը կլինիկայի մոտից բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևանի վարչություն՝ Արման Մարտիրոսյանի կողմից շահագործվող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով։ Դատարանում պարզվել է, որ բերման ենթարկողները եղել են 4-5 հոգի, որոնցից մեկը նստելով Մարտիրոսյանի մեքենայի ղեկին, այն վարել է դեպի ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ մյուսներն այդ ընթացքում գտնվել են մեքենայի մեջ։
Ըստ դատարանի, եթե մի պահ ընդունելի համարվի մեղադրողի այն դիրքորոշումը, որ ավտոմեքենան հանդիսացել է որպես դեպքի վայր, ապա այն ոչ թե կլինիկայի մոտից պետք է տեղափոխվեր ոստիկանություն, այլ տեղում պետք է ենթարկվեր զննման, քանի որ՝ տեղափոխման դեպքում չէր բացառվում դրանում կամ դրա վրա հանցագործության հետքերի վնասումը, փոփոխումը կամ իսպառ վերացումը։ Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոմեքենան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իմաստով հավասարեցված է բնակարան հասկացությանը, այն պահից, երբ հետաքննության մարմինն արդեն հավաստիացել էր մեքենայում զենքի առկայության մասին, պարտավոր էր միջոցներ ձեռնարկել ավտոմեքենայի ամբողջականության խախտումները բացառելու ուղղությամբ, հարուցել քրեական գործ և անկախ դրա օգտագործողի համաձայնության՝ միջնորդությամբ դիմել դատարան՝ ավտոմեքենայում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ, ինչը չի արվել։
Ավելին, վարույթն իրականացնող մարմինը բավարար համարելով բերման ենթարկվածի այն հայտարարությունը, թե համաձայն է, որպեսզի իր կողմից շահագործվող ավտոմեքենան ենթարկվի զննության և անտեսելով այն փաստը, որ ավտոմեքենան Մարտիրոսյանն առանց համապատասխան ձևակերպման գնել էր իրեն բերման ենարկելուց ընդամենը 2 օր առաջ, այն հանդիսանում է այլ անձի սեփականությունը և չի բացառվում, որ սեփականատերն առարկեր իր մեքենան զննելու դեմ, որի պայմաններում արդեն անպայմանորեն առաջ կգար ավտոմեքենան խուզարկելու թույլտվության ստանալու մասին դատարանի որոշման անհրաժեշտությունը, այդուամենյանիվ, խուզարկել է հիշյալ ավտոմեքենան՝ չունենալով նման դատավարական լիազորություն։
Խուզարկելուն բնորոշ դատավարական գործողություն կատարելու փաստը հիմնավորված համարելու տեսանկյունից, դատարանը համեմատական է անցկացնել «խուզարկություն» և «առարկաների զննում» քրեադատավարական եզրույթների և դրանց՝ որպես դատավարական գործողությունների, միջև։
Այսպես՝ խուզարկության պարագայում այն իրականացնող մարմինն, իրեն հետաքրքրող առարկաներն ու օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ իրականացնում է այնպիսի գործողություններ, որի ժամանակ կատարում է որոշակի որոնողական աշխատանքներ, վերացնում է արգելքներ և խոչընդոտներ՝ իրեն հետաքրքող օբյեկտները հայտնաբերելու, իրեն հասանելի դարձնելու ուղղությամբ։
Մինչդեռ, առարկաների զննում կատարելու դեպքում զննության են ենթարկվում առարկաներն ու օբյեկտները՝ դրանք արտաքնապես զննելու, արտաքին ուսումնասիրության, ինչպես նաև պասսիվ դիտողական գործողություններ կատարելու ձևով։ Ընդ որում, ինչպես իմպերատիվ կերպով նախատեսված է քրեադատավարական օրենքով՝ զննություն իրականացնող անձը զննում է տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրավունքները։
Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ Ա.Մարտիրոսյանի կողմից շահագործվող ավտոմեքենան զննության ենթարկելիս խախտվել են ոչ թե վերջինիս, այլ նաև դրա սեփականատիրոջ իրավունքները։
Ավելին, հիշյալ գործողության վերաբերյալ արձանագրություն կազմելիս ևս չեն պահպանվել դրա դատավարական կարգը՝ սահմանված օրենսգրքի 218-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջն առ այն, որ զննումն ավարտվելուց հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում է այն ամենն, ինչ հայտնաբերվել է, և այն հաջորդականությամբ, ինչ հաջորդականությամբ քննչական գործողության կատարման ժամանակ տարվել են հայտնաբերվածի դիտարկումները։
Մասնավորապես, մանրամասն չի նշվել դրա կատարման ամբողջ ընթացքի վերաբերյալ տեղեկությունները՝ այն, որ ավտոմեքենայի դռներն ու բեռնախցիկը բացվել են ամբաստանյալի կողմից, այն, որ բեռնախցիկում զենքի պատյանը եղել է կիսաբաց վիճակում և իրենց համար տեսանելի է եղել դրա մի մասը, այն, թե ինչ եղանակով են արձանագրվել հրազենի ու փամփուշտների մակնիշ, դրանց քանակը։
Այսպիսով, հետաքննության մարմնի աշխատակիցները մինչև քրեական գործ հարուցելը կատարել են «առարկայի՝ ավտոմեքենայի, զննություն» քննչական գործողություն, ինչի իրավունքը չեն ունեցել:
Այսինքն, ըստ դատարանի, հետաքննական մարմինը, մինչև քրեական գործ հարուցելը իրավասու է կատարել միայն դեպքի վայրի զննում, իսկ զննման մյուս տեսակները, այդ թվում և՝ բնակարանի զննումը, հետաքննության մարմինն իրավունք ունի կատարել միայն հարուցված քրեական գործով։
Հետևաբար, դատարանը գտել է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի, 104-րդ հոդվածի 3-րդ մասի, 180-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ ձեռք բերված նյութը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով չի կարող գնահատվել որպես թույլատրելի ապացույց և դրվել մեղադրանքի հիմքում, իսկ եթե ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա դրանից հետո կատարված բոլոր դատավարական գործողությունները և ստացված արդյունքները, իրավական գրականության մեջ հայտնի «Թունավոր ծառի պտուղի տեսության» համաձայն, չեն կարող գնահատվել որպես թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց։
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Մարտիրոսյանի ավտոմեքենայում կատարված հիշյալ զննումը չի կարող համարվել որպես դեպքի վայրի զննություն, քանի որ գործում չկա որևէ փաստաթուղթ այն մասին, որտեղ հիշատակված լինի, որ հետաքննության մարմնի ղեկավարը հանձնարարել է մեկնել դեպքի վայր և կատարել դեպքի վայրի զննում։ Գործի փատաթղթերից ակնհայտ է, որ վարույթն իրականացնող հետաքննության մարմնի քրեադատավարական գործողությունները սկսել են Արման Մարտիրոսյանին և նրա ընկերոջը բերման ենթարկելու, նրանց անձնական խուզարկության ենթարկելու, նրանց իրավունքները բանավոր ծանուցելու, Արման Մարտիրոսյանից բացատրություն վերցնելու, ինչպես նաև վերջինիս «Ավտոմեքենայի զննություն կատարելու վերաբերյալ» արձանագրություն կազմելու ուղղությամբ կատարված գործողություններից։
Դատարանն ուշադրության արժանի է դարձրել հատկապես այն փաստը, որ դեպքի վայրի ենթադրյալ այն զննությունը, որը որպես այդպիսին ցանկանում են ներկայացնել մեղադրանքի մարմինները, վերնագրված է որպես «Ավտոմեքենայի զննություն կատարելու վերաբերյալ» արձանագրություն։ Իհարկե, կարող են նաև կարծիքներ լինել այն մասին, որ արձանագրությունը վերնագրված է ոչ ճիշտ, սակայն դատարանը քննարկման առարկա դարձնելով ոստիկանների գործողությունները, արձանագրել է, որ դրանք վկայում են ոչ թե դեպքի վայրի զննության այլ՝ կամ ավտոմեքենայում խուզարկություն կատարելու կամ՝ այն առնվազն որպես առարկա զննելու մասին։
Ավելին, քրեական գործով նախնական քննության ընթացքում չկա մեկ դատավարական փաստաթուղթ, որոշում, արձանագրություն, գրություն և այլն, որտեղ նշված լինի «դեպքի վայր մեկնելու», «դեպքի վայր զննելու» կամ ընդհանրապես «դեպքի վայր» տերմինը։ Ի հակառակ դրան, գործում առկա բոլոր հաղորդագրություններում և դատավարական որոշումներում նշված է «ավտոմեքենայի զննություն» եզրույթը։
Բացի այդ, արձանագրությունը կազմելիս չի վկայակոչվել նյութերով դեպքի վայրի զննում կատարելուն վերաբերվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասը և 57-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը։
Քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցներն ու փաստերը դիտարկելով օրենսդրական կարգավորումների լույսի ներքո, դատարանն արձանագրել է, որ հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից խախտվել է ապացույցը ձեռք բերելու դատավարական կարգն ու դրանց վերաբերյալ օրենքում ամրագրված կանոնները, հետևաբար, Ա.Մարտիրոսյանի կողմից շահագործվող մեքենայից հայտանաբերված զենքն ու փամփուշտները չեն կարող դիտարկվել որպես պատշաճ ապացույցներ և դրվել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում, իսկ այդ գործողության արդյունքում ձեռք բերված և ստացված հետագա բոլոր ապացույցները ևս համարվում են անթույլատրելի։
Ուստի դատարանը գտել է, որ նման պայմաններում քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար չէ Ա.Մարտիրոսյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար։
Դատարանը փաստել է, որ անթույլատրելի և ոչ բավարար ապացույցների առկայության պայմաններում՝ բացակայում են անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու իրավական հիմքերը։
Այսպիսով, կատարված հանցագործությանը Ա.Մարտիրոսյանի մասնակցությունը օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները։
Ուստի, դատարանն արձանագրել է, որ Արման Մարտիրոսյանի արարքը չի բնորոշվում որպես քրեական օրենսգրքով նախատեսված հատկանիշներ պարունակող հանրորեն վտանգավոր արարք` հանցագործություն, այսինքն, բացակայում են հանցագործության հատկանիշները` հետևաբար նաև հանցակազմը, ինչը հիմք է տալիս ճանաչելու և հռչակելու նրա անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում։
Նշենք, որ Արման Մարտիրոսյանի պաշտպանությունն իրականացրել է հանրային պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Մեղադրողն արդեն բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճռի դեմ: Մեղադրողը միջնորդում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Արման Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նշված հոդվածի սանկցիայի շրջանակներում վերջինիս նկատմամբ նշանակել կատարած հանցագործության բնույթին և վտանգավորությանը համաչափ պատիժ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից