ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հերոսի ծնողները». Մանվելի մայրն ամեն առավոտ սպասում է սանհրահանգիչ որդու զանգին 02/27/2017 11:12 | ԼՐԱՀՈՍ
«Հերոսի ծնողներ»-ը նախագծի շրջանակում «Արմենպրես»-ն այս անգամ այցելել է ապրիլի 14-ին Արցախի Մարտունու շրջանում զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Մանվել Գեւորգյանի ծնողներին՝ Արմեն եւ Նաիրա Գեւորգյաններին: Ընտանիքի անդամների համար՝ Մոշը, ընկերների համար՝ Մանչը. նպատակներին անսպառ եռանդով ու նախանձելի արագությամբ մոտեցող Մանվելը կյանքում ուզում էր ամեն ինչ հասցնել. դեռ տասը տարեկան չկար, արդեն Եվրոպայի չեմպիոն էր: Ծնողները պատմում են, որ նույնիսկ խոսել սկսեց շատ վաղ, վեց ամսականում հստակ հասկացնել էր տալիս՝ ինչ է ուզում:
«Այդքան վաղ տարիքում շատ մաքուր բառեր էր արտաբերում: Մենք ինչ-որ աղավաղված բառեր չենք էլ լսել: Միայն հիշում եմ՝ պինգվին բառը գովազդից էր լսել, տինգվին էր ասում: Տասը ամսականում մեքենայում արդեն մեծի նման նստում էր, պապիկին ասում էր՝ կարմիր լույս է, կանգնի: Շատ շուտ էր ընկալում, ամեն ինչ տպավորվում էր, աշխույժ ու կյանքով լեցուն էր»,-պատմում է մայրը:
Փոքրիկ Մանվելը դեռ դպրոց չէր գնում, բայց արդեն գիտեր թվերը, տառերը, նույնիսկ ռուսերեն էր խոսում, ինչին մեծապես նպաստել էին մուլտֆիլմերը. «Որ գնաց առաջին դասարան, Մոշիս համար այնքան անհետաքրքիր էր, նախնական ամեն ինչ գիտեր, դա սովորական բան էր նրա համար: Ռուսերենի ուսուցչուհին մեզ մի օր ասաց՝ այսպես, որ գնա, մեր մեդալակիրն է լինելու: Նրան ծնողները դեռ մանկուց էին Մոշ անունը տվել, տիկին Նաիրան ասում է՝ շատ-շատերին էր հետաքրքրում, թե ինչու հենց Մոշ:
«Նույնիսկ Մանվելս մի օր ասաց՝ մամ, ինչի Մոշ, ասացի, որովհետեւ մոշի նման քաղցր ու անուշ ես: Ասում էին՝ լավ է, էրեխուն մալինա չես ասում»,-պատմում է մայրը:
Մանվելը սկսում է սպորտի հաճախել յոթ տարեկանից, գալիս, ծնողներին ասում է, որ կարատեի խմբակ է բացվել, ցանկանում է անպայման հաճախել: Հայրն էլ մի պայման է դնում՝ եթե պիտի սիրով մասնակցի պարապմունքներին, ապա կարող է հաճախել:
«Ճիշտ է, շատ ինքնուրույն էր, բայց ամեն հարցում խորհրդակցում էր մեզ հետ, ու հատկապես ինձ շատ էր լսում: Ընդամենը մի տարի պարապեց, դուրս եկավ Եվրոպա, ասաց՝ պապ, Ավստրիա ենք գնում: Մենք էլ շատ ուրախացանք: Հենց Ավստրիայում Եվրոպայի չեմպիոն դարձավ: Եվրոպայից վեց մեդալ ունի: Մի դեպք կա՝ կապված այդ մրցումների հետ, մարզիչն էր պատմել: Ասում են՝ արդեն պատրաստվում էին ինքնաթիռից իջնել, Մանվելիս ոչ մի կերպ չեն կարողացել արթնացնել, գավաթը ձեռքին խորը քնել էր: Հենց ձեռքը տարել են, որ գավաթը վերցնեն, միանգամից վեր է թռել. բա, իր աշխատանքով վաստակածն էր: Ուժեղ էր որդիս, բայց կռիվ անել չէր սիրում, երբեք ձեռքերը գործի չէր դնում: Կամքի ուժով էր ու մինչեւ վերջ էր գնում, մրցումներից մեկի ժամանակ ուսն էր կոտրել, ոչ մեկին չէր ասել, մինչեւ վերջ այդպես պայքարել էր, բայց երկրորդ տեղն էր զբաղեցրել, երեւի վերջին փուլում արդեն զգացել են, որ
ուսը թույլ է»,-ասում է հայրն ու հպարտությամբ ցույց տալիս որդու գավաթներն ու մեդալները: Բացի սպորտից, Մանվելը սիրում էր այն ամենը, ինչ կապված է համակարգչի հետ: Արդեն ավագ դասարաններում սովորում է համակարգչային ծրագրավորում, սակայն ուսումն այդ մասնագիտությամբ չի շարունակում:
«Դե, ես բուժաշխատող եմ, ինձ միշտ ասում էին՝ ես եմ ուղղորդել որդուս, բայց իրականում իր ցանկությամբ ընտրեց ու ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի բաժինը: Ուզում էր բժիշկ-վերականգնողաբան դառնալ, նույնիսկ մտածում էր բակալավրիատից հետո տեղափոխվել Բժշկական համալսարան»,-ասում է մայրը:
Արդեն մոտենում է ծառայության անցնելու ժամանակը, ծնողները թեպետ մի փոքր անհանգիստ էին ու մտահոգ, բայց տեսնելով Մանվելի դրական տրամադրվածությունն ու շուտափույթ կերպով ծառայության անցնելու ձգտումը՝ նրանք նույնպես դրական են տրամադրվում: Շատ շուտով Մանվելը մեկնում է Արցախի Մարտունու շրջան, այնտեղ դառնում սանմասի Մանչը:
«Մոշս սանհրահանգիչ էր, նախքան բանակ գնալը Խոջալուում վերապատրաստվեց: Ինստիտուտում բարձր գնահատականներով ավարտեց առաջին կուրսն ու գնաց բանակ: Մանվելս նույն հաջողությունները բանակում էլ գրանցեց. մի քանի շաբաթվա ծառայող էր, արդեն ավագ հրաձիգ էր, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտի կոչում ուներ: Որ պատմում էր, ասում էի՝ դե չափազանցնում ես, արձակուրդին զինգրքույկը բերեց, հերթով գրածները կարդալ տվեց: Ասում էր՝ մամ, գամ, դու էլ չես աշխատելու ,գործդ ձեռքիցդ վերցնելու եմ: Մանվելս հոգնել բառը
չուներ. հասցնում էր եւ՛ դասի գնալ, եւ՛ աշխատել: Բանակ գնալուց առաջ հայրն առաջարկեց՝ գոնե այս մի ամիս տանը մնա, հանգստանա, հրաժարվեց»:
Մայրն ասում է՝ Մանվելի ապրած նույնիսկ ամեն վայրկյանը պատմություն էր, որը ներկայացնելու համար անգամ ամբողջ կյանքը բավարար չի լինի: Թեպետ ծնողները շատուշատ դրվագներ են հիշում որդու կյանքից, բայց հետ նայելով մի բան են հստակ զգացել. Մանվելի հետ կապված ամեն մի իրադարձություն շատ արագ էր տեղի ունենում:
«Ասում էի՝ Մանվել ջան, ոնց որ ցունամի լինես, իսկական փոթորիկ: Նույնիսկ բանակ գնալու ժամանակ էլ մի ժամ շուտ ներկայացավ, առաջինը մասնակցեց վիճակահանությանը, առաջինը նստեց ավտոբուս: Նրա հետ «չէ» չէր լինում, երեւի, որ ամեն ինչին մեծ սիրով էր մոտենում, դրանից էր: Տպավորություն էր ստեղծում, որ ամեն ինչում շտապում էր, ոչինչ չէր ուզում կիսատ թողնել: Արձակուրդի ժամանակ եկավ, ամեն օր ինստիտուտում էր լինում, նվիրվում էր բոլորին, ուզում էր հասցնել բոլորին տեսնել, խոսել նրանց հետ: Վերջին անգամ, երբ գնաց ինստիտուտ, բոլորին պատմել էր իր հաջողությունների մասին: Եկավ տուն, ինձ ասաց՝ մամ, այնպես եմ անելու ,որ ինստիտուտը ինձ պարտք մնա, վճարովին դարձնեն անվճար: Դրանից հետո ամբիոնի վարիչին էինք հանդիպել, մեզ ասաց՝ այո, Մանվելն այնպես արեց, որ ամբողջ կյանքում նրան պարտական կմնանք: Դպրոցի դասասենյակներից մեկն էլ որդուս անունով է»:
Հերոսը ապրիլի 2-ից եղել է դիրքերում, սակայն իրադրության մասին ծնողներին ոչինչ չի ասել: Վերջին անգամ նրանք որդու հետ խոսել են ապրիլի 14-ին՝ նախքան դիրքի վրա հակառակորդի կողմից հարձակում գործելը: Դիրքում մնալով միայնակ՝ հերոսը պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ, մինչ ընկերները օգնության կհասնեն:
«Մենք իմացել էինք, թե ինչ է կատարվում Արցախում, բայց Մանվելս չէր ասել: Դե որ Մանվելս սանհրահանգիչ էր, այդ առումով էլ մի փոքր հանգիստ էինք, որ դիրքեր չի բարձրանա, բայց երեւի այդ օրերին բոլորը դիրքերում էին: Որդիս այնպես է արել, որ թշնաﬕն առաջ չգա, դիրքը միայնակ պահել է, հետեւից եկող զինվորներին էլ փրկել: Այդ օրերին ամուսինս զանգեց, ասաց՝ Նառ հրադադար է, անկախ ինձնից սկսեցի լացել, ասում էի՝ ախր ինչ հրադադար»:
Նախքան դիրքեր բարձրանալը, Մանվելը հաղորդագրություն էր ուղարկել հորը, ասել, որ չանհանգստանան, կիջնի, անպայման կզանգահարի: Հայրը մինչև այսօր էլ պահում է այդ հաղորդագրությունը:
«Ծառայության գնալու օրվանից մի վայրկյան անգամ չէր տրտնջացել, ոչ մի բողոք չենք լսել: Ասում էր՝ ամեն ինչ իրենց մոտ շատ լավ է: Այդ օրերին էլ այնքան հանգիստ էր խոսում, որ նույնիսկ չէինք էլ մտածում, որ նման մի բան կարող է լինել»,-հիշում է հերոսի հայրը:
Տիկին Նաիրան ասում է, որ 14 թիվը ճակատագրական էր նրանց համար: Մանվելը ծնվել էր մայիսի 14-ին, զոհվեց ապրիլի 14-ին, հենց նախորդ տարվա հունիսի 14-ին էլ մայրը երազ էր տեսել: Որդու ծառայության բոլոր ամիսներին հերոսի մոր սրտում ինչ-որ վախ կար, որ երազը միգուցե իրականություն կդառնա: «Առհասարակ, Մանվելիս հետ կապված ամեն ինչ կարծես երկնային մի բան լիներ: Մի նկար կա, դիրքերում էր նկարվել: Առավոտը զանգեց՝ մամ նկար եմ ուղարկել, մտեք, նայեք: Որ չտեսնեմ, հենց նույն նկարն էր, որ ես տեսել էի երազումս: Ես ցնցվեցի, հենց նկարը տեսա, որովհետեւ սարսափելի երազ էի տեսել՝ իբր Մանվելս հենց այդպես կանգնած էր դիրքերում, հետո շրջվեց թիկունքով դեպի ինձ: Այդ ընթացքում ինչ-որ մեկը անընդհատ գոռում էր՝ Մանվելը սահմանում զոհվել է: Այնքան վատ էի զգում այդ երազից հետո, ամուսնուս պատմեցի, ամբողջ օրը ապրումներով անցավ: Այս դեպքերից հետո էլ մեզ հետ աﬔն կերպ մի աղջիկ էր փորձել կապվել: Մանվելիս նկարն էր տեսել, մեր բարեկամներից մեկից իմացել էր մեր հեռախոսահամարն ու զանգել մեզ: Պարզվեց, որ Մանվելիս էր երազին տեսել, ասել էր, որ զոհվելու է, ու որ գնանք եկեղեցի, ափով մեկ ինչքան մոմ կլինի, վառենք: Գնացինք Եռաբլուր, եկեղեցի մտանք, ամուսինս դրեց մոմերը ափի մեջ, հաշվեցինք՝ ուղիղ 18: Երազում նաեւ երկու բանալի էր տվել, որ մեզ փոխանցի: Դա, հավանաբար, մեր նոր բնակարանն էր եւ ավտոմեքենան, որն արձակուրդից առաջ ստիպել էր փոխել: Չգիտեմ՝ ես երբեք երազներին այդքան նշանակություն չեմ տվել, բայց նրա հետ կապված ամեն ինչը կարծես ազդանշան լիներ»:
Մանվելի ընտանիքը հոկտեմբերից ապրում է պետությունից տրամադրված նոր բնակարանում, որը ստացել էին շատ ավելի շուտ, բայց չէին կարողանում տեղափոխվել. Մանվելի ներկայությունը նախորդ տանը չափազանց շատ էին զգում:
«Տեղափոխվեցինք, Մանվելիս համար մի անկյուն պատրաստեցինք: Մի անգամ լրագրողներից մեկն ասաց՝ կարծես թանգարան լինի: Ասացի՝ բա Մանվելս թանգարանային նմուշ էր»:
Հերոսի անկյունը զբաղեցնում էր հյուրասենյակի մի մեծ հատված. հենց հյուրասենյակի, որպեսզի այստեղ էլ Մանվելի ներկայությունն ավելի շատ զգացվի: Ամեն մի իրը նրա կյանքի մի շրջանն էր ներկայացնում. գավաթները, մեդալները, բանակային համազգեստը, մրցույթներում ստացած հուշանվերները եւ ի վերջո տարբեր ժամանակահատվածներում արված նկարները, որոնցից իրեն բնորոշ հանդարտ ու հմայիչ ժպիտով ներկաներին է նայում մերօրյա հերոսը: Ծնողները միշտ էլ աջակցել են երեխաներին, այնպես արել, որ ոչնչի կարիք չունենան, ոչ ոք նույնիսկ չի էլ իմացել, որ ընտանիքը վարձակալած տանն է բնակվում:
«Անգամ մեր կոլեկտիվում, Մանվելենց դպրոցում ոչ ոք չի իմացել այդ մասին: Ուսուցիչներն էլ են զարմացած, ասում են՝ եթե դպրոցում ինչ-որ մի առիթով գումար են հավաքել, միշտ մերոնք են առաջինը տվել: Դեպքերից հետո էլ քաղաքապետարանից մեզ այցելեցին, իմացան, որ վարձով ենք ապրում, երեւի մտածեցին՝ ինչ-որ պարտքեր կամ խնդիրներ ունենք, հարցրին՝ ինչի կարիք ունենք, ու զարմացան, որ ասացինք՝ ոչնչի: Ավելի լավ կլինի, որ աջակցեն նրանց, ովքեր հիմա ավելի շատ դրա կարիքն ունեն»,-ասում է հայրը:
Դեպքերից այսքան ամիս անց տիկին Նաիրան նույն ճշտապահությամբ ամեն առավոտ աչքը գցում է ժամացույցին ու սպասում, որ ուր որ է Մանվելը կզանգի:
«Ժամը տասը Մանվելիս շրջայցի ժամն էր, ամեն օր զանգում էր, մի փոքր զրուցում էինք, ու անցնում էր գործի: Չգիտեմ՝ երեւի սպասում եմ էլի: Բոլորս էլ սպասում ենք, բոլորիս համար էլ դժվար է: Քրոջ համար հատկապես այն ժամանակն էր դժվար, երբ դասարանում բոլորի եղբայրները զորացրվում ու տուն էին վերադառնում: Շատ մտերիմ էին քույր ու եղբայր, իսկական ընկերներ: Չգիտեմ այս ամիսների ընթացքում շատ նոր բաներ եմ հիշում, օրինակ՝ այն օր հենց այդ օրը աշխատավայրում մի սենյակից մյուսն էի անցնում, Մանվելիս նկարներն էի ցույց տալիս հպարտորեն, թե տեսեք՝ ինչ տղա է: Ոչ միայն իմ, այլեւ մեր կոլեկտիվի նկատմամբ էր շատ ուշադիր, ծաղիկներ էր բերում: Ամեն շրջապատում էլ Մանվելիս սիրում էին: Վերջերս նույն զորամասի նորակոչիկներից մեկն էլ զանգեց մեզ, ասաց, որ այդ զորամասում այնքան են սիրել ու հարգել Մանվելին, որ նրա անունով անկյուն են բացելու: Մենք նաեւ փոքրիկ Մանվել ունենք, քեռուս թոռը որդուս անունն է կրում»:
Հերոսի հայրը շուրջ 30 տարի է՝ աշխատում է Հանրային ռադիոյում որպես էլեկտրիկ: Դեռ Մանվելը բանակ չէր գնացել, ուզում էր աշխատանքից դուրս գալ, բայց կինը համոզել էր, ասել, որ ավելի լավ կլինի երկու տարի էլ շարունակի աշխատել, մինչեւ որդին բանակ կգնա, կգա:
«Ասում էի՝ Մանվելիս այդ աշխատանքին կտեղավորի, նոր կթողնի աշխատանքը, Մանվելս էլ էր լավ հասկանում այդ գործից: Հիմա Արմենը չի կարողանում աշխատանքից դուրս գալ, կարծես նա էլ է սպասում»:
Հայրն ասում է՝ Մանվելն, իրոք, արեց այնպես, որ շատ շատերը նրան ճանաչեն, ինչպես եւ խոստացել էր ծնողներին. անել այնպիսի մի բան, որ ամբողջ աշխարհը նրան ճանաչի:
«Մի տեղ կա հպարտություն, մի տեղ՝ ցավ: Տեր Հայրը մի անգամ մեզ ասաց, որ Մանվելն իր 18 տարիների ընթացքում արեց այն, ինչ մարդիկ չեն կարողանում անել իրենց 100 տարիների ընթացքում: Հիմա այսպես մարդիկ այցելում են, նստում, խոսում ենք, բայց առավել դժվար է հատկապես, երբ մենակ ենք մնում, ընկնում ենք մտածմունքների մեջ:
Աշխատում ենք այդ ամենը շատ ցույց չտալ, որովհետեւ երկրորդ երեխա էլ ունենք, ով դեռ դպրոցում է սովորում: Չպիտի թողնենք, որ կոտրվի, նեղվի, պետք է առաջ տանենք, աջակցենք, որ նպատակներին հասնի, Մանվելիս կիսատ թողած գործերն ու երազանքներն էլ իրականացնենք, ավարտին հասցնենք»:
Սյուզի Մուրադյան
Լուսանկարը՝ Գեւորգ Պերկուպերկյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից