ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապացույցները բավարար չեն ոչ միայն խմբի կազմում, այլև, ընդհանրապես, խուլիգանության մեջ մեղավոր ճանաչվելու համար. դատարան 10/15/2016 16:17 | Արդարացման դատավճիռներ
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ, երկու ամբաստանյալներից մեկին մեղադրանքի մեկ հոդվածով արդարացրել է:
Այսպես, Արման Պետրոսյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն՝ ապացույցների անբավարարության հիմքով: Նրա նկատմամբ մեղադրանքի այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է:
Արման Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով՝ կողոպուտ, և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով, նշանակված պատժի մեջ հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 2 ամիս ժամկետը և թողնվել է կրելու ազատազրկումը 1 տարի 10 ամիս ժամկետով:
Պատժի կրման ընթացքում Արման Պետրոսյանի նկատմամբ կալանավայրում պետք է սահմանվի նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողություն:
Իշխան Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգքրի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով զուգորդված խուլիգանություն, և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ ևս պատժի կրման ընթացքում կալանավայրում պետք է սահմանվի նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողություն:
Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված և մսավաճառ տուժողին ի պահ հանձնված կացինը, սրաքարը, էլեկտրոնային կշեռքը, հեռուստացույցը, հսկիչ դրամարկղային հաշվիչ սարքը պետք է թողնվի նրա տնօրինությանը, քրեական գործում եղած իրեղեն ապացույց ճանաչված դանակը՝ վերադարձվի տուժողին, իսկ ապակու կտորտանքներն ու կռփազենքի կտորները` պետք է ոչնչացվեն:
Դատարանը գտել է, որ նախաքննական մարմնի կողմից Արման Պետրոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանքի հիմքում դրվել է նախաքննության ընթացքում տուժողի ցուցմունքի այն մասը, որ երբ ինքը գլխով հարված ստանալուց հետո մսի վաճառքի կրպակում լվացվելիս է եղել, ներս են մտել երկու երիտասարդներ, որոնք սկսել են ջարդել ու վնասել կրպակի գույքը, սակայն ինքը նրանց չի ճանաչել և չի տեսել, թե նրանցից ով, ինչպես և ինչով է վնասում իր գույքը, իսկ հետագայում տուժողը ցուցմունքներ է տվել, որ ինքը չի կարող ասել, թե իր գույքը մեկ անձ է ջարդել, թե երկուսով են ջարդել:
Նախաքննությամբ, ինչպես նաև դատաքննությամբ որևէ ապացույց ձեռք չի բերվել Արման Պետրոսյանի մասնակցությամբ կրպակի ներսում և դրսում Իշխան Հովսեփյանի հետ խուլիգանական գործողություններ կատարելու վերաբերյալ: Իր հերթին մեղադրական եզրակացության մեջ նույնպես թվարկված չէ, թե կոնկրետ ինչ խուլիգանական գործողություններ են կատարվել Արման Պետրոսյանի կողմից, այլ միայն ընդհանուր կարգով արձանագրվել է, որ նա ձեռքերով և ոտքերով, հայհոյանքներ տալով Իշխան Հովսեփյանի հետ ոչնչացրել ու վնասել է տուժողի կրպակի ապակիները, էլեկտրոնային կշեռքը, հեռուստացույցը և հսկիչ դրամարկղային հաշվիչ սարքը:
Այնինչ, ըստ դատարանի, պետք է նշվեր, թե կոնկրետ Արման Պետրոսյանի որ գործողության հետևանքով ինչ գույք է ոչնչացվել կամ վնասվել: Մեղադրական եզրակացության նկարագրական և եզրափակիչ մասում չկոնկրետացնելով Արման Պետրոսյանի գործողությունները, ինչպես արդեն իսկ նշվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում, նախաքննական մարմնի կողմից խախտվել է ամբաստանյալ Արման Պետրոսյանի արդար դատաքննության սկզբունքի իրավունքը:
Դատարանը գտել է, որ միայն տուժողի նախաքննության ընթացքում տված մեկ, այն էլ՝ ընդհանուր կարգով նկարագրված` երկու անձի կողմից իր գույքը վնասելու մասին, թվով մեկ ցուցմունքը և նրա միայն դեպքի վայրում գտնվելու փաստը բավարար ապացույցներ չեն կարող հանդիսանալ նրան` ոչ միայն խմբի կազմում խուլիգանություն կատարելու, այլ ընդհանրապես խուլիգանություն կատարելու հանցագործության մեջ մեղավոր ճանաչելու, ուստի և Արման Պետրոսյանը այդ մասով ենթակա է անմեղ ճանաչվելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով` ապացույցների անբավարարության հիմքով և մեղադրանքի այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու:
Իշխան Հովսեփյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանություն, նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խուլիգանական դրդումներով, այն է` մսավաճառ տուժողի կողմից իրեն չճանաչելու հանգամանքը, ինչպես նաև այդ պատճառով միս չտալու համար, այդ չնչին առիթն օգտագործելով տուժողին հրապարակային պատժելու, սեփական անհիմն պահանջմունքները բավարարելու, իրենց անձի առավելությունն ու գերազանցությունը վերջինիս, ինչպես նաև հասարակության և դրա անդամների նկատմամբ ընդգծելու միջոցով ներքի բավականություն ստանալու մոլուցքով դրդված` հասարակության անդամ տուժողին հրապարակայնորեն հակադրվելով, նրա օրինական պահանջն արհամարհելով, խուլիգանական մղումներով խմբի կազմում, տևական ժամանակով` շուրջ 10 րոպե տևողությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով և ուրիշի գույքը վնասելով ու ոչնչացնելով, այն է` Իշխան Հովսեփյանը բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալով դիտավորությամբ հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր մասերին, որին միացել է նաև Արման Պետրոսյանը: Վերջինս բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով ձեռքերով ու ոտքերով, իսկ Իշխան Հովսեփյանը որպես զենք օգտագործվող կռփազենքով, կացնով և սրաքարով հարվածելու եղանակով միասին ոչնչացրել և վնասել են տուժողին պատկանող կրպակի ապակիները, էլեկտրոնային կշեռքը, հեռուստացույցը և հսկիչ դրամարկղային հաշվիչ սարքը` պատճառելով վերջինիս 26.500 դրամ գույքային վնաս:
Ինչպես նշվեց, Արման Պետրոսյանի մասնակցությունը խմբի կազմում` Իշխան Հովսեփյանի հետ խուլիգանություն կատարելը քրեական գործի նյութերով և դատաքննությամբ չի հաստատվել` ապացույցների անբավարարության պատճառով, և նա ենթակա է արդարացման:
Դատարանն ապացուցված է համարել, որ Իշխան Հովսեփյանը միայնակ կատարել է խուլիգանություն` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է ուրիշի գույքը` կրպակի ապակիները, էլեկտրոնային կշեռքը, հեռուստացույցը և հսկիչ դրամարկղային հաշվիչ սարքը սրաքարով ու կացնով ոչնչացնելով և վնասելով, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմին:
Նախաքննական մարմինը Իշխան Հովսեփյանի արարքը որակել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ խուլիգանությունը կատարվել է որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, այսինքն՝ սրաքարն ու կացինը դիտարկվել է որպես զենք օգտագործվող առարկա որոնց միջոցով Իշխան Հովսեփյանը կոտրել է տուժողին պատկանող կրպակի գույքը:
Դատարանը գտել է, որ այդ առարկանները` կացինն ու սրաքարը, չեն կարող համարվել որպես զենք օգտագործվող առարկաների գործադրում, քանի որ դրանք օգտագործվել են ոչ թե անձի` տվյալ դեպքում տուժողի նկատմամբ, այլ օգտագործվել են նրա գույքը վնասելու և ոչնչացնելու նպատակով, ինչը չի ծանրացնում կատարած արարքի հասարակական վտանգավորության աստիճանը և արարքն առավել որակյալ դարձնող հատկանիշ չէ, այսինքն՝ նախաքննական մարմնի կողմից Իշխան Հովսեփյանի արարքն իրավաբանորեն ճիշտ չէ որակված:
Դատարանը գտել է, որ Իշխան Հովսեփյանի արարքը պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով` դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով:
Դատարանն՝ անդրադառնալով Արման Պետրոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքին, գտել է, որ նրա արարքը ճիշտ է որակված, և նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, քանի որ պարտքով խոզի միս գնելու խնդրանքը մերժվելուց հետո երբ նրա ընկեր, ամբաստանյալ Իշխան Հովսեփյանը խուլիգանական դրդումներով` գլխով տուժող մսավաճառին հարվածելուց հետո կրպակում սկսել է ջարդուփշուր անել կրպակի գույքը, Արման Պետրոսյանն օգտվելով նշված հանգամանքից, չունենալով վաճառողի համաձայնությունը, վերցրել է 22.700 դրամ արժողության խոզի բուդը, մսավաճառի դանակը /չափաջաղը/ և դուրս է եկել կրպակից: Այդ ընթացքում դրսում գտնվող մարդիկ տեսել են նրան միսը և դանակը /չափաջաղը/ տանելուց, ինչի մասին բարձրաձայնել են մսավաճառին, այսինքն՝ Արման Պետրոսյանը բացահայտ հափշտակել է տուժողին պատկանող միսը և դանակը, ընդ որում յուրաքանչյուր անձի, այդ թվում դեպքի վայրում գտնվող վկաներին հայտնի է դարձել, որ մսավաճառի կրպակում մսավաճառի դանակ` չափաջաղ. չի վաճառվում, այն էլ՝ կրպակի ապակիներն ու գույքը ջարդուփշուր անելու պարագաներում:
Արման Պետրոսյանի կողմից իբրև թե մասնակի` 15.000 դրամ, երբ մսի արժեքը կազմել է 22.000 ՀՀ դրամ, վճարելու հարցի վերաբերյալ դատարանը գտել է, որ վաճառողի կողմից գնորդին պարտքով, այդ թվում՝ նաև մասնակի վճարելու պարագայում ապրանքը վաճառելուց հրաժարվելու, իսկ գնորդի կողմից այն առանց վաճառողի համաձայնության ապրանքը տանելը` իրենից ներկայացնում է բացահայտ ուրիշի գույքի հափշտակություն:
Արման Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, դատարանը հաշվի է առել, որ նա արարքը կատարել է ալկոհոլ օգտագործած վիճակում:
Ամբաստանյալ Արման Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը գտել է նաև, որ նրա նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը, համաձայն որի հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքով այդ հանցագործության համար նախատեսված առավելագույն պատժի կեսից:
Իշխան Հովսեփյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, դատարանը նույնպես հաշվի է առել, որ նա արարքը կատարել է ալկոհոլ օգտագործած վիճակում:
Ամբաստանյալների պաշտպանությունն իրականացրել են փաստաբաններ Վարդան Զուռնաչյանն ու Անդրանիկ Մնացականյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ