ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդվարդ Նալբանդյան. Միջազգային հանրությունը պետք է ավելի անզիջում պայքար մղի մարդու իրավունքների աղաղակող դրսևորումների դեմ 05/21/2016 11:58 | ԼՐԱՀՈՍ
Այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյա հոբելյանը։ 2001թ. Եվրոպայի խորհրդին անդամակցումն, իսկապես, մեծ և պատասխանատու քայլ էր մեր պետության համար։ Տասնամյա նորանկախ պետությունը մաս էր կազմելու մի կազմակերպության, որն իր մեջ ներառում է գրեթե ողջ Եվրոպան, ունի հարուստ պատմություն, ավանդույթներ և բոլոր անդամների համար ընդհանուր հանձնառությունների վրա հիմնված արժեհամակարգ: Ընդ որում անդամակցում էր ոչ թե զուտ այն հանգամանքի բերումով, որ մայրցամաքի մաս էր կազմում, այլ քանի որ ստանձնում էր մի շարք պարտավորություններ, որոնք կազմում են Եվրոպայի խորհրդի հիմնասյուները մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ոլորտներում: Այսուհետ Հայաստանը Եվրոպական մեծ ընտանիքի անդամ դառնալու հայտ էր ներկայացնում` ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, այլև այդ արժեհամակարգի նկատմամբ հավատարմությամբ:
Տարիների խորքից նայելով Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին` անվերապահ կարելի է նշել, որ Հայաստանը պատվով կատարեց իր առջև դրված առաքելությունը: ԵԽ-ին Հայաստանի անդամակցությամբ նախատեսված իրավական պարտավորությունները վերաբերում էին մի շարք կոնվենցիաների ստորագրմանը, օրենքների ընդունմանը կամ լրամշակմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն։ Հենց այս պարտավորությունների հիմքով է ստեղծվել, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ներդրվել այլընտրանքային ծառայությունը։
Արժանահիշատակ է Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս առումով կցանկանայի հատկապես ընդգծել նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կայացած սահմանադրական բարեփոխումների շուրջ Հանձնաժողովի հետ մեր սերտ փոխգործակցությունը, որի արդյունքում այս հեղինակավոր կառույցի կողմից բարեփոխումների նախագիծը գնահատվեց որպես «չափազանց բարձր որակի» և «միջազգային չափանիշներին համապատասխան»։
Հայաստանն, իսկապես, լուրջ առաջընթաց է գրանցել իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ ԵԽ-ն բազմիցս է նշել այս փաստը և ընդգծել, որ մեր երկիրը վստահ քայլերով ամրապնդում է իր ժողովրդավարությունը։ Կառույցը հետևողականորեն դիտարկում է Հայաստանում ընթացող գործընթացները, բարեփոխումները մոնիտորինգային մարմինների՝ ԵԽ նախարարների կոմիտեի ու ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքի միջոցով։ Միայն վերջերս ԵԽ նախարարների կոմիտեն որոշում ընդունեց Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որտեղ ողջունեց մեր երկրի կողմից գրանցված կայուն առաջընթացը և Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հետագա բարեփոխումները։ Անդամակցության 15 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի, դրա տարբեր կառույցների անբաժանելի մասը և ակտիվ դերակատարը։ Եվրոպայի խորհրդի շրջանակներում, որպես դրա անդամ, Հայաստանն օգտվում է կազմակերպության ներկայացրած հնարավորություններից՝ առաջ մղելու մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող բարեփոխումները, որոնք հիմնված են մեր գերակայությունների վրա և ծառայում են մեր ժողովրդի շահերին:
Այս առումով համագործակցության տարբեր մեխանիզմների շնորհիվ իրականացվել են մեծ թվով ծրագրեր: Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև Գործողությունների ծրագրերը գործնականորեն ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Պատահական չէ, որ այսօր ազդարարավելու է Գործողությունների արդեն երրորդ ծրագրի մեկնարկը: Այն ներառում է տասնյակ նախագծեր՝ արդարադատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։ Ինչպես նախորդներում, այնպես էլ այս Գործողությունների ծրագրում մեծ է Եվրոպական միության ներդրումը, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ մեր գործընկերներին։
2013թ. մեր պետությունը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Հայաստանը կանգնեց եվրոպական խոշորագույն կազմակերպության ղեկին, ինչը կարևոր առաքելություն էր, նաև՝ հնարավորություն ու պատասխանատվություն: Հայաստանի նախագահությունը պսակվեց հաջողությամբ, ինչը բազմաթիվ առիթներով հաստատել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, կառույցների ղեկավարները և անդամ երկրները։ Նախագահության շրջանակներում Հայաստանում կայացան 13 խոշոր միջազգային համաժողովներ, տասնյակ միջոցառումներ։
Վեց ամիս շարունակ Հայաստանն էր Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքի քննարկումների նախաձեռնողը և թեմաների առաջադրողը, որոնք այժմեական էին և վերաբերում էին Եվրոպայի համար հրատապ նշանակություն ունեցող այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսությունը, ժողովրդավարական հասարակությունների զարգացումը, «եվրոպական ճարտարապետությունում» Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդումը և այլն։ Այս հարցերի շուրջ քննարկումներն առաջ մղելու և դրանք գործնական հունի մեջ դնելու համար վեց ամիս շարունակ մենք սովորականից առավել սերտորեն և, կարելի է ասել, ամենօրյա, ամենժամյա ռեժիմով համագործակցում էինք ԵԽ գլխավոր քարտուղարի, քարտուղարության ստորաբաժանումների, ԵԽԽՎ-ի, Կոնգրեսի, մարդու իրավունքների հանձնակատարի հետ, որոնց մենք շնորհակալ ենք մեր առաջնահերթությունների առաջ մղման, շարունակական աջակցության համար։ Իր նախագահության ընթացքում Հայաստանն աշխատում էր կազմակերպության գործառույթների ամրապնդման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ընդլայնել ԵԽ արդյունավետությունը մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում։
Հայաստանի նախագահությունն իր ներդրումն ունեցավ տարբեր միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ Եվրոպայի խորհրդի փոխհարաբերությունների ընդլայնման մեջ, որը միտված էր նույն ոլորտներում գործող կազմակերպությունների միջև աշխատանքների առավել համադրմանը և արդյունավետության բարձրացմանը։
Սոֆիայում կայացած ԵԽ նախարարների կոմիտեի 126-րդ նիստին քննարկված կարևոր հարցերից էր, թե՝ «ինչպես ապահովել մարդու իրավունքները հակամարտության շրջաններում»։ Սա, հիրավի, կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Բնական է, որ Եվրոպայի խորհուրդը, որպես այս ուղղությամբ կարևոր դերակատարություն ունեցող կազմակերպություն, պետք է շահագրգռված լինի և ջանքեր գործադրի, որ իր դավանած սկզբունքները, համաեվրոպական արժեքները և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված անհատների իրավունքները տարածվեն իր ազդեցության ողջ գոտում բնակվող բոլոր մարդկանց վրա՝ անկախ նրանց բնակության վայրի կարգավիճակից: Մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային հրամայական է, որը չունի ազգային, պետական երանգներ, չի ճանաչում սահմաններ։ Այս առումով մենք կարևորում ենք նմանօրինակ վերջին նախաձեռնությունները՝ քննարկելու հակամարտության գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության թեման, որոնցից ես կարժևորեի ԵԽ գլխավոր քարտուղարի արտահայտած կարևոր տեսակետները։
Չի կարելի թերագնահատել հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների դերակատարությունը։ Ի վերջո հենց մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությունն ու հարգանքն է ընկած շատ հակամարտությունների լուծման առանցքում։ Այս առումով Եվրոպայի խորհուրդը կարևոր առաքելություն պետք է իրականացնի։
Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է մարդու իրավունքներից կարևորագույնի՝ կյանքի իրավունքի համար, որն այս պարագայում հնարավոր է ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով։ Ընդգծեմ, որ Եվրոպայի խորհուրդը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչի մասին բազմիցս հայտարարել են ԵԽ գլխավոր քարտուղարը, Նախարարների կոմիտեն։
Այս առումով չեմ կարող չանդրադառնալ ԵԽԽՎ որոշ պատգամավորների ապակառուցողական նախաձեռնություններին։ Քանի որ բազմիցս առիթներ ունեցել եմ ներկայացնելու մեր տեսակետը, կսահմանափակվեմ միայն ևս մեկ անգամ ընգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և այդ ձևաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու փորձերը կարող են միայն խափանել հիմնահարցի խաղաղ, բանակցային հանգուցալուծումը։ Այս իրական վտանգի մասին բարձրաձայնել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները։
Եվրոպայի խորհուրդն այսօր, ավելի քան երբևէ, պետք է պայքարի այլատյացության, խտրականության երևույթների ու ատելության քարոզչության, մարդու իրավունքները ոտնահարող աղաղակող փաստերի դեմ, հետևողական լինի այն բոլոր դրսևորումների պարագայում, որոնք վտանգում և մարտահրավեր են նետում իր հիմնարար արժեքներին, ինչը կարող է կանխարգելիչ դեր խաղալ իրավիճակների հետագա լարման և նոր ճգնաժամերի կանխման համար։
Մերձավոր Արևելքում՝ մեր անմիջական հարևանությամբ տեղի ունեցող մարդու իրավունքների աղաղակող խախտումները, ևս մեկ ցայտուն օրինակ են, որ միջազգային հանրությունը պետք է ավելի անզիջում պայքար մղի այսօրինակ դրսևորումների դեմ։ Դրանք խախտում են մարդու՝ ապրելու անքակտելի իրավունքը` ամրագրված մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։ Այս առթիվ գնահատելի է նախորդ տարի ապրիլին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի այցը Հայաստան և նրա մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որտեղ նա հանդես եկավ ելույթով։ Կառույցի խորհրդարանական վեհաժողովն էլ իր հերթին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունեց հայտարարություն, որին միացավ շուրջ երկու հարյուր պատգամավոր։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցության տասնհինգ տարիները նշանավորվել են մեր երկրում իրականացվող բարեփոխումներում և եվրոպական արժեհամակարգի որդեգրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում Եվրոպայի խորհրդի հետ մշտական ու սերտ համագործակցությամբ, ինչպես նաև՝ կազմակերպության կառույցներում Հայաստանի ակտիվ ու արդյունավետ ներգրավվածությամբ։ Համոզված եմ, որ այս բեղմնավոր փոխգործակցության ավանդույթները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ