ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախքան եզրակացությունը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը. ՀՀ Նախագահ 06/27/2015 18:34 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահը հանգամանորեն անդրադարձել է վերոնշյալ խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումներին, միաժամանակ իր դիրքորոշումն ու մոտեցումները ներկայացրել վերջին օրերին հասարակական ակտիվիստների բողոքի ակցիայի ժամանակ բարձրացվող խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ.
«Վարչապետի հետ մենք երեկ կրկին շատ երկար ենք խոսել և որոշել ենք այսօրվա մեր այս հերթական քննարկումը ավելի տեսանելի դարձնել մարդկանց համար, լուսաբանել այն, թեպետ աշխատանքային քննարկումները սովորաբար չեն լուսաբանվում, քանի որ հասարակության համար առաջնային են արդյունքները և ոչ թե այն աշխատանքը, որ կատարվում է դրանց հասնելու համար: Այնուամենայնիվ, սա կարևոր է այսօր, որպեսզի մարդիկ տեսնեն, թե վերջին ամիսների ընթացքում այսպես ինտենսիվորեն ընթացող մեր քննարկումներն ինչ ուղղությամբ են գնում, որտեղից ենք սկսել, որտեղ ենք հիմա և ուր ենք ուզում հասնել:
Անկեղծ ասած՝ այս գործընթացի մասին ես ուզում էի խոսել նաև մեր հասարակական ակտիվիստների հետ, երբ նրանք հանդիպում էին ցանկացել, և ես նրանց հրավիրել էի զրուցելու: Ինչևէ, բողոքի ակցիայի վերաբերյալ մեր մոտեցումները չեն փոխվել, թեկուզև հանդիպելու համար կարծես հնարավոր չեղավ խումբ ընտրել, ևչեն փոխվել նաև մեր հորդորները՝ խոսելու, բողոքելու, բարձրաձայնելու իրավունքի իրականացման ընթացքում զերծ մնալ անօրինականություններից, և, ի վերջո, հրաժարվել մայրաքաղաքի կենտրոնը առավել ծանրաբեռնելու քայլերից:
Այո՛, ժողովրդավարության ուղին, քաղաքացիական հասարակության կայացման ուղին բարդ և խորդուբորդ է, սակայն դեպի ժողովրդավարություն տանող ուղուն մեր երկիրն այլընտրանք չունի: Այս մասին վերջին տարիների ընթացքում մենք մեկ անգամ չենք խոսել: Այս խորդուբորդ ու ոլոր ճանապարհով պիտի ընթանանք բոլորս: Այդ ճանապարհին սայթաքելով ու գլորվելով, աշխատելով ու անքուն գիշերներ անցկացնելով, իրար ցավեցնելով ու իրար սատարելով, իրար սովորեցնելով ու իրարից սովորելով, իրար չհասկանալով ու իրար լսելով, իրար չվստահելով և իրար հավատալով, երբեմն գոռալով ու վրդովվելով... իրարից նեղանալով ու իրար հարգելով... որովհետև այդ ճանապարհը պիտի անցնենք բոլորով, յուրաքանչյուրս առանձին վերցրած... որովհետև ճանապարհի հանգրվանին պիտի հասնենք բոլորով, առանց կորցնելու իրար, հեռանալով իրարից ու իրար մոտենալով, բայց միշտ իրար հետ... սակայն Աստված չանի, որ շեղվենք այդ ճանապարհից ու իրար կորցնենք այս բարդ աշխարհում... Այդ դեպքում կկորցնենք մեր ապագան, հերթական անգամ կկորցնենք «մենք»-ը ու էլի երկար հարյուրամյակներ չենք գտնի, կդառնանք ուրիշ «մենք»-ի մի «դրանք» մասնիկը, մինչև օրերից մի օր նորից բոլորով կանգնենք մեկ ուղու վրա՝ ինչպես 1988-ին:
Երբ ես ասում եմ, որ մենք պիտի սովորենք իրարից, մենք պիտի միշտ դեմքով լինենք մեկս մյուսին. ես նկատի ունեմ բոլորին, յուրաքանչյուրիս: Ե՛վ իշխանությունը, և՛ իրավապահները, և՛ ցուցարարներն այս ուղղությամբ արել են առաջին քայլերը, և դա բնական է:
Նաև ուզում եմ հստակ հայտնել իմ դիրքորոշումը այն մարդկանց, այն ուժերի հանդեպ, որոնք իրենց պատեհական շահերի համար պատրաստ են սադրել, սրել իրավիճակը, անդնդել մեր վստահության դարուփոսերը, ովքեր խաղաղ հավաքները պատրաստ են մարտադաշտ դարձնել՝ մեկ ժամով այդ մարտադաշտում զորավար լինելու մարմաջով... նմանների հանդեպ իրավապահները եղել և լինելու են խիստ ու անողոք...
Ցավոք, շատ հարցերի պատասխանները հնարավոր չէ տալ այնքան արագ և այնպես, ինչպես կցանկանայինք բոլորս։ Եվ հաճախ, խնդիրների լուծման արագության և մեր ակնկալիքների դիմաց վճարում են իրավապահները, մինչդեռ այդ խնդիրների լուծման բեռը նրանցը չէ: Հաճախ հենց նրանք են հարկադրված կատարել ամենածանր աշխատանքը, և, ցավոք, հաճախ, հասարակության անվտանգությունն ապահովող, իր պարտականությունը կատարող ոստիկանը նույնպես դառնում է ամենաթողության զոհ:
Այս առումով պետք է շեշտեմ նաև լրագրողների ու լրատվամիջոցների դերը. շատ կարևոր է առավելապես բռնության և քաոսի դրամատիկ պատկերներ լսարանին արհեստականորեն հրամցնելու փոխարեն, անկառավարելի մի քանի արկածախնդրի վրա կենտրոնանալու փոխարեն, արժանին մատուցել այն բազմաթիվ խաղաղ ցուցարարներին, որոնք էլ հենց խաղաղ հավաքների ոգին են, կամքն են ու միտքը: Բռնության կոչով մեկ պատկերը կարող է կրկին ու կրկին հայտնվել էկրաններին և սոցիալական ցանցերում, իսկ հազարավոր խաղաղ ցուցարարները մնան ստվերում: Բարեբախտաբար պիտի նշեմ, որ այս օրերին մեր լրատվամիջոցների հերոսներն ավելի ու ավելի հաճախակի եղել են հենց խաղաղ ցուցարարները և հենց հայկական լրատվամիջոցների ջանքերով աշխարհը ստանում է հավասարակշռված տեղեկատվություն իրադարձությունների վերաբերյալ, իսկ մեր պետությունը կարողանում է հակազդել հակահայկական ապատեղեկատվությանը:
Ուզում եմ արձանագրել մի փաստ ևս. ցուցարարները և իրավապահներն այս մի քանի օրերի ընթացքում կարողացան ավելի մեծ փոխադարձ վստահություն ձևավորել, քան հնարավոր էր մի քանի տասնամյակի ընթացքում: Ես, անշուշտ, հետևել եմ վերջին զարգացումներին և ուզում եմ արձանագրել, որ հունիսի վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանը դարձավ մի մեծ ու արդյունավետ ուսումնական կենտրոն՝ համալսարան, որտեղ մեր քաղաքացիներն ու իրավապահները, լրագրողներն ու պատգամավորները, մտավորականներն ու օտարերկրացիները սովորեցնում էին իրար ու սովորում էին իրարից, լսում էին իրար, անգամ խնդրի հանդեպ անհանդուրժողականությամբ ափեափ լցված հանդուրժում էին միմյանց, լսում էին այնպես, ինչպես աշխարհի քիչ անկյուններում իրար լսել գիտեն:
Այս օրերին մենք հիացնում ենք բոլորին մեր պատասխանատվությամբ և ակտիվությամբ: Ակնկալում եմ, որ երիտասարդները նույնպիսի խոհեմություն և իմաստություն կցուցաբերեն նաև մեր վաղվա օրվա հանդեպ, իսկ մեր վաղվա օրվա ապահովությունը պահանջում է պահպանել այն կենսական համակարգերը, որոնք սնում են մեր երկրի տնտեսությունն ու յուրաքանչյուրիս ընտանիքը: Մենք չենք կարող կտրել մեր երկրի կենսական օրգանները սնող զարկերակներն ու երակները միայն այն բանի համար, որ դրանք ախտահարված են հիվանդությամբ: Մենք չենք կարող մեր երկիրը զրկել արյունից ու թթվածնից՝ կենտրոնանալով միայն նրա էներգետիկ զարկերակներն ախտահարած խնդիրների պատճառների վրա: Առաջնահերթ կերպով մենք պիտի լուծումներ փնտրենք այդ կենսական համակարգը փրկելու համար՝ զուգահեռաբար բուժելով այն, վերակառուցելով այն, դարձնելով այն անխոցելի ապագայում, և այս նախաձեռնության մեջ մեզ համար դժվար օրերում ու սոցիալական բարդ իրավիճակում մենք միայնակ չենք: Վերջին տարիների ինտեգրացիոն գործընթացները նոր հնարավորություններ են բացել մեր երկրի համար: Վարչապետի գլխավորությամբ մեր պատասխանատուները ակտիվ աշխատում են Եվրասիական տնտեսական միության մասնագիտացված կառույցների հետ, որպեսզի նոր-նոր թափ հավաքող այս ինստիտուտները իրենց ակտիվ դերակատարմամբ նոր լուծումներ բերեն Հայաստանի էներգետիկ համակարգի և սակագնի օբյեկտիվ բարձրացման սոցիալական բեռը չեզոքացնելու և ժողովրդի ուսերից վերցնելու համար: Սա գործընթաց է, որն ակտիվորեն իրականացվում է, և մեր պատասխանատուները հետևողականորեն աշխատում են մեր գործընկերների հետ: Հավատում եմ, որ լուծումները չեն ուշանա:
Մյուս կողմից, մենք ունենք նաև մեր քայլերի մշակված քարտեզը:
Երեկ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք այն մասին, որ ճիշտ կլիներ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այո, խնդիրները, որ կարող են լինել դուստր ձեռնարկությունում, մեր պետական մարմինների աշխատանքով առավելագույնս դուրս են սակագնի հաշվարկից, այնուամենայնիվ, այդ ընկերության հնարավոր խնդիրները մեզ հետաքրքրում են, քանի որ մենք, որպես պետություն, շահութահարկի մասով հետաքրքրված ենք ընկերության շահույթի մեծությամբ: Այս առումով աշխատանքը կարևոր է ոչ միայն ռուսական կողմի համար, այլև Հայաստանի համար: Բայց սա խնդրի մի կողմն է միայն և չի առնչվում սակագնին:
Հիմա սակագնի մասով:
Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է:
Նաև համոզված եմ, որ եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի: Ի վերջո, մեր բնակչության ավելի տարիքով հատվածը երբեք չի մոռանա 1988 թվականին ատոմակայանի փակման հետևանքները. այն ժամանակ էլ գրեթե բոլորը ոգևորված էին այդ չակերտավոր չարիքից ազատվելու հարցում, բայց հետո պարզվեց, որ իրական չարիքը հենց ատոմակայանը փակելն էր, ինչը մինչև այսօր իր բացասական ազդեցությունն է թողնում: Նույնը Նաիրիտի հետ կապված. փակելով այն, դուրս դնելով բնականոն զարգացման ցիկլից` հասանք մի իրականության, երբ պետությունը մինչև այսօր ստիպված ու պարտադրված է հավելյալ գումարներ ծախսել այս ուղղությամբ:
Կարող եմ բերել տասնյակ այսպիսի օրինակներ: Սակագնի մասին շատ ենք խոսել: Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքերը: Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս: Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամին են նման հարցերում: Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք:
Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին`
• ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և
• սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:
Ինչպես նշեցի, համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր: Դա լուծել է պետք:
Իսկ եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով:
Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար:
Այս պայմաններում դեռևս մի քանի ամիս առաջ կառավարության կողմից սկսված աշխատանքը Բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ փոփո-խության առումով հաստատուն համոզմունք կդառնա՝ չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:
Սա այն մասով, թե ինչ ուղղություններով ենք մենք աշխատում այս օրերին և աշխատում ենք վաղուց: Իհարկե, բազմաթիվ այլ ուղղություններով էլ ենք առաջ գնացել և լրջորեն քննարկել: Խնդիրը պետք է լուծել, և դրա համար ժամանակ կա: Այս պահին որպես աշխատանքային քննարկումների տրամաբանության մասին իրազեկում, այսքանն էի ցանկանում ասել: Վերջում ավելացնեմ հետևյալը.
Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե սակագնի բարձրացման խնդիրների հետ կապված մեր երկրում կան հակադիր կողմեր, թող որևէ մեկի մտքով չանցնի, թե կան մերոնք և ձերոնք. դա անհեթեթ է այնքան, որքան վտանգավոր է: Ես ուզում եմ նաև դիմել բողոքի ձայն բարձրացրած մեր երիտասարդներին. սիրելինե՛րս, մի՛ վախեցեք նոր պատասխանատվություն վերցնել և քայլերի մշակման իրական գործընթացին մասնակից դառնալ՝ դրանով իսկ նվազեցնելով կասկածամտությունը մեր հասարակության մեջ: Այսպիսի քննարկումներ մենք ունեցել ենք տասնյակներով, դրանց ձեզ մասնակից դարձնելուն երբե՛ք դեմ չենք: Գործընթացի վերջում բոլորը բավարարված ու հասկացված են լինելու: Իհարկե, կլինեն մարդիկ որոնք որևէ լուծում չեն ընդունի, որոնց լուծումների գոյությունը ձեռք չի տալիս ու ցանկացած որոշման դեպքում անվանարկելու են, բայց այսօրվա խոսքս նրանց չի վերաբերվում, այլ այն ակտիվ մեծամասնությանը, որոնք խնդրի լուծում են ուզում և չեն օգտագործվի քաղաքական նպատակներով:
Ուրեմն եկե՛ք լուծենք խնդիրը և եկե՛ք այնպես անենք, որ ընթացքում որևէ փորձություն չբերենք մեր գլխին: Չափն անցնել որևէ դեպքում չի կարելի. ոստիկանությունը ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, բայց դա մեր նպատակը չէ: Եվ Աստծո սիրուն, հերի՛ք է կաթվածահար անեք քաղաքի կենտրոնը, պատասխանատվության բեռը բոլորիս ուսերին գնալով միայն ավելանալու է, անցե՛ք ավելի հանգիստ միջոցների, ազատե՛ք Բաղրամյան պողոտան և օգնե՛ք լուծումների փուլում և դրանց հանդեպ վստահության ամրապնդման հարցերում: Այն էներգետիկ համակարգը, որ այսօր մենք փորձում ենք զարգացման հիմքերի վրա դնել, բոլորիս համար է, նախ և առաջ ձեր սերնդի համար: Լսե՛ք իմ բարեկամական հորդորը, անպայմա՛ն լսեք: Մի քանի օրից ցանկանում եմ մի քանիսիդ հրավիրել զրուցելու. հույս ունեմ, որ ավելի հեշտ իրականություն կդարձնենք այդ հանդիպումը: Գործ շատ կա անելու, և միասի՛ն պիտի ավարտենք այս դժվարին պրոցեսը:
Այսքանն էի ուզում ասել իբրև մեր այսօրվա խորհրդակցության սկիզբ: Իհարկե, խոսքն ավելի՛ շատ խորհրդակցության մասնակիցներին չէր ուղղված: Այժմ անցնենք մեր բուն աշխատանքին և շարունակենք քննարկել հարցերը, այդ թվում՝ էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի դրույթները, այն ծրագրի, որ նախատեսված է իրականացնել 2016-2036 թթ.», -խորհրդակցության ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից