ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եռանախագահները կոչը նախևառաջ ուղղված է Ադրբեջանին. Էդվարդ Նալբանդյան 12/06/2014 11:38 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բազելում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:
Հարց. Պարոն նախարար, կխնդրեի ամփոփեք` ինչպես է անցել նախարարական խորհուրդը, հատկապես` ղարաբաղյան հիմնախնդրի մասով:
Էդվարդ Նալբանդյան. Ինչպես գիտեք, ԵԱՀԿ ամենամյա նախարարների խորհուրդը կարևոր հանգրվան է` քննարկելու Եվրոպայի անվտանգությանը վերաբերող տարբեր հարցեր:
Յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Այս անգամ, իհարկե, պայմանները այդքան բարենպաստ չէին, որ հնգակողմ հայտարարություն ընդունվեր, և եռանախագահները որոշեցին առանձին` եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, որն արվեց պատվիրակությունների ղեկավարների մակարդակով` ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի և Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետնախարար Դեզիրի կողմից:
Ի՞նչ է ասվում այդ հայտարարության մեջ։ Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ այլընտրանք չկա բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնահարցի լուծմանը: Ու՞մ է դա ուղղված. պարզ է, թե ում։ Հայաստանը նախագահի մակարդակով, տարբեր այլ մակարդակներով բազմիցս նշել է, որ, պետք է գնալ հիմնախնդրի լուծման բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:
Իրենց հայտարարության մեջ եռանախագահները հատկապես ընդգծում են, և դուք գիտեք, որ այս տարի 1994թ. մայիսին կնքված հրադադարի համաձայնագրի 20-րդ տարեդարձն է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկվեն: Ու՞մ է դա ուղղված: Հայաստանը և Ղարաբաղը մշտապես կողմ են արտահայտվել, որ պետք է հարգվի 1994թ.-ի համաձայնությունը, ինչպես նաև 1995թ.-ի փետրվարի հրադադարի ամրապնդման եռակողմ համաձայնագիրը, որը Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև էր ստորագրված։ Ադրբեջանն է, որ միշտ խախտում է, չի հարգում դրանք:
Սա ևս մեկ առիթ էր եռանախագահների համար` ընդգծելու դրա կարևորությունը, որովհետև այս տարվա ընթացքում, ցավոք, Ադրբեջանի կողմից բավականին լայնածավալ ռազմական գործողություններ էին անցկացվում թե շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին, սադրանքներ էին իրականացվում, որոնք բերեցին բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի լուրջ սրմանը։
Այդ մասին են խոսում եռանախագահները՝ հիշատակելով հատկապես հուլիս-օգօստոս ամիսների գործողությունները, որոնք ծավալվել էին ադրբեջանցիների կողմից։ Նրանք հղում են կատարում Աստրախանում ձեռքբերված պայմանավորվածություններին և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությանը, որտեղ ամրագրված է, որ մարդասիրական նկատառումներից ելնելով պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցաբար անհապաղ փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել մահացած անձանց դիակները:
Առաջին. Ադրբեջանը այս հարցի շուրջ հրաժարվեց համագործակցել թե՛ համանախագահների, թե՛ Կարմիր խաչի հետ՝ առաջ քաշելով ինչ-ինչ նախապայմաններ։
Երկրորդ. ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել, երբ Ադրբեջանը, ուղղաթիռի խոցումից հետո, որը եռանախագահները ողբերգական են անվանում, տասն օրվա ընթացքում ինտենսիվ կրակի տակ էր պահում ուղղաթիռի անկման վայրը՝ թույլ չտալով, որ փրկարար խմբերը, ԵԱՀԿ, Կարմիր խաչի ներկայացուցիչները, մոտենան և տարհանեն զոհված երեք երիտասարդների դիակները: Պարզ է, որ մարդասիրության որևէ նշույլ այստեղ չկա։
Եռանախագահները շատ դիվանագիտական, ես կասեի՝ չափազանց դելիկատ լեզվով են խոսում. ասում են, որ կարելի էր խուսափել այդ ողբերգությունից, այսինքն՝ իրենք ուզում են ասել, որ պետք չէր դա անել, որ դա սխալ էր։
Դուք գիտեք, որ նախորդ հայտարարությունից հետո Ադրբեջանը վայնասուն բարձրացրեց եռանախագահների դեմ։ Չնայած նրանց կողմից նորից բավականին դիվանագիտական լեզվով էր ասվում, գնահատականն էր տրվում ուղղաթիռի խոցմանը։
Երեկվա հայտարարության մեջ եռանախագահները կոչ են անում կողմերին, նորից միջնորդների լեզվով են խոսում, բայց պարզ է, որ դա Ադրբեջանին է ուղղված, քանզի պարզ է՝ հենց Բաքուն է զինադադար խախտողը։ Պարզ է, նաև, որ եթե Ադրբեջանը մշտապես մերժում է եռանախագահների առաջարկը` ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ուստի՝ դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա:
Հարց. Պարոն նախարար, խոսվում է վստահության ամրապնդման կարևորության մասին։ Արդյո՞ք կան կոնկրետ առաջարկներ, թե՞ դա հերթական հերթապահ հայտարարությունն է:
Էդվարդ Նալբանդյան. Հայտարարություններում, իհարկե, ընդհանուր գծերով է ասվում։ Բայց, իհարկե, կողմերին ներկայացված են կոնկրետ առաջարկներ՝ վստահության միջոցների վերաբերյալ։ Դա մի փաթեթ է, որը բազմիցս ներկայացվել է եռանախագահների կողմից:
Ֆրանսիայի նախագահ Օլանդի վերջին տարածաշրջանային այցելության ժամանակ, երբ առաջարկվեց Փարիզում գագաթաժողով կազմակերպել, վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ փաթեթ ներկայացվեց։
Հայաստանը միանգամայն կողմ է այդ առաջարկություններին: Ադրբեջանը մերժեց բոլոր առաջարկությունները, որոնք արվել էին Ֆրանսիայի կողմից՝ վստահաբար՝ խորհրդակցաբար այլ եռանախագահող երկրների հետ։ Վեց-յոթ առաջարկից մի ինչ-որ բանի վրա կանգնեցին՝ Կարմիր խաչի միջոցով տեղեկությունների փոխանակման մասին։ Դա, իհարկե, Ֆրանսիայի կողմից և, ընդհանրապես, վերջին տարիների ընթացքում վստահության ամրապնդման առաջարկներից ամենակարևորը չէ։
Այդ առաջարկները ևս մեկ անգամ վերահաստատվեցին Փարիզի հանդիպումից առաջ։ Փարիզում Ադրբեջանը չցանկացավ անգամ քննարկել վերոհիշյալ վստահության ամրապնդման այդ միջոցները:
Իրենց պատճառաբանությունը այն է, որ վստահության ամրապնդման միջոցների մասին կարող ենք խոսել, երբ լինի առաջընթաց, երբ գանք հիմնախնդրի կարգավորմանը: Դա շատ անտրամաբանական մոտեցում է, քանզի եթե գանք հիմնախնդրի կարգավորմանը, ապա վստահության միջոցների այս աստիճանի անհրաժեշտություն չի լինի։ Հենց դրա մասին են եռանախագահները խոսում իրենց վերջին հայտարարության մեջ՝ հետագա միջադեպերից խուսափելու և բանակցությունները առաջ մղելու նպատակով առավել նպաստավոր փոխվստահության մթնոլորտ ստեղծելու մասին։ Դա նաև թույլ չէր տա իրավիճակի վատթարացումը, սրումը, որը տեղի ունեցավ հատկապես վերջին շրջանում:
Հարց. Քանի որ խոսք գնաց Փարիզի մասին, մի հարց էլ տամ. համանախագահների երեկվա հայտարարության մեջ նշվում է, որ կարգավորման հիմք են հանդիսանում հատկապես Փարիզում քննարկված սկբունքները։ Ինչի՞ մասին է խոսքը։
Էդվարդ Նալբանդյան. Փարիզում քննարկվել է այն, ինչ քննարկվում էր վերջին տարիների բանակցային գործընթացում։ Չէի ասի, որ որևէ նոր բան է քննարկվել:
Համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ հատուկ ընդգծում են այն հայտարարությունները, որոնք արվել էին եռանախագահող երկրների ղեկավարների մակարդակով: Խոսքը գնում է հինգ հայտարարությունների մասին, որոնք ընդունվել էին Լ՛Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում: Եռանախագահները ընդգծում են, որ այդ հայտարարություններում պարունակվող սկզբունքները և տարրերը հիմնախնդրի կարգավորման հիմք են հանդիսանում:
Եթե Դուք ուշադրություն եք դարձնում նրան, որ խոսք է գնում Փարիզում քննարկված ինչ-որ սկզբունքների մասին…
Փարիզում առաջարկվել էր համատեղ հայտարարություն ընդունել և առաջարկվեց դրա մեջ ներառել երեք հայտնի սկզբունքները՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանը դեմ դուրս եկավ համատեղ հայտարարության մեջ այդ սկզբունքների հիշատակմանը։ Դա էր պատճառը, որ միասնական հայտարարություն չեղավ: Կարծում եմ՝ հենց սրա մասին են խոսում եռանախագահները։
Հիշեցնեմ, որ դեռ 2009թ. Աթենքում` ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի շրջանակներում, արտգործնախարարների մակարդակով ընդունվեց հնգակողմ հայտարարություն` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների կողմից, որտեղ հենց այդ երեք սկզբունքները շատ հստակ ձևով հիշատակված են: Իսկ հիմա Ադրբեջանը, փաստորեն, հետքայլ է անում։
Ես երեկ իմ ելույթի մեջ էլ նշեցի, որ Ադրբեջանը, փաստորեն, հրաժարվել է հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բոլոր առաջարկներից՝ լինի դա Կազանի վերջին գագաթաժողովի ժամանակ, կամ Կազանից առաջ Սոչիի, Սոչիից առաջ Աստրախանի, Աստրախանից առաջ Սանկտ Պետերբուրգի։
Պայմանավորվում են ինչ-որ մի բանի շուրջ, հաջորդ օրը, կամ ամենաշատը մի քանի օր անց, ադրբեջանցիները հետքայլ են անում: Դա է այն գլխավոր պատճառներից մեկը, որը, փաստորեն, որևէ վստահության նշույլ չի թողնում այս բանակցությունների ժամանակ։ Եթե կողմերը ինչ-որ պայմանավորվածության են գալիս, և նրանցից մեկը ամեն անգամ հետքայլ է անում, ինչպե՞ս կարելի է վստահել, հավատալ, որ բանակցում ես լուրջ մարդկանց հետ, որ հաջորդ անգամ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո դրանք հարգվելու են:
Հարց. Իսկ ե՞րբ են լինելու հաջորդ բանակցությունները։
Էդվարդ Նալբանդյան. Բանակցություններին այլընտրանք չկա։ Դա է մեր սկզբունքային դիրքորոշումը։
Այս բավական բարդ իրավիճակը, որ ստեղծվել է ուղղաթիռի խոցման և Ադրբեջանի կողմից սադրանքների հետևանքով, լրացուցիչ քայլեր է պահանջում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու բանակցություններն առաջ տանելու նպատակով։
Ադրբեջանն իր սադրիչ հայտարարարություններով, իր գործողություններով, չի նպաստում այդպիսի պայմանների ստեղծմանը, տրամագծորեն հակառակն է անում: Այս շրջանում առաջին հերթին ջանքերը պետք է ուղղվեն բանակցությունների համար համապատասխան, գոնե մինիմալ պայմանների ապահովմանը:
Հարց. Պարոն նախարար, այս վերջին հայտարարությունում նշվում է, որ մենք կողմերին կոչ ենք անում “to negotiate comprehensive peace agreement”, այսինքն` համապարփակ համաձայնություն, որը, կարծես, համահունչ է այն ձևակերպման հետ, որի մասին պարբերաբար նշում է Մամեդյարովը, իսկ մենք ասում ենք, թե` ինչպե՞ս կարող ենք դա քննարկել, եթե այդ սկզբունքները դուք մերժում եք:
Էդվարդ Նալբանդյան. Դա այդքան էլ այնպես չէ, ինչպես որ ասում է Մամեդյարովը. նա այդպես մեկնաբանում է, փորձում է ներկայացնել իր ցանկացածը որպես իրականություն: Եռանախագահները առաջին հերթին հղում են կատարում հայտնի հինգ հայտարարություններին: Իսկ ի՞նչ է ասվում եռանախագահող երկրների ղեկավարների այդ հինգ հայտարարությունների մեջ. պետք է արագացնել համաձայնության ձեռք բերումը հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը հնարավորություն կտա սկսել համապարփակ խաղաղության պայմանագիր:
Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից