ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյան. Հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանը 07/08/2014 18:49 | ԼՐԱՀՈՍ
Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպա¬նության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի մի շարք գործիչներ և արգենտինացի բարեկամներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ մեդալներով: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:
Արգենտինահայ համայնքի անդամները Նախագահ Սերժ Սարգսյանի Արգենտինա այցի կապակցությամբ հանդես են եկել համայնքի կողմից պատրաստված մշակութային մեծ ծրագրով:
Նախագահը շնորհակալություն է հայտնել համայնքին և նշելով, որ հուլիսի 8-ին Բուենոս Այրեսում հիշարժան իրադարձություն է լինելու` հիմնադրվելու է Հայոց ցեղասպանության թանգարանը, Արգենտինայի հայ համայնքին է նվիրել ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի` ցեղասպանության թեմայով նկարած գրաֆիկական աշխատանքներից մեկը, որն անվանի նկարիչը որոշ ժամանակ առաջ փոխանցել է ՀՀ Նախագահին: Սերժ Սարգսյանը նկարը սիրով հանձնել է արգենտինահայ համայնքին՝ որպես Բուենոս Այրեսում բացվելիք Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին ցուցանմուշ:
Համայնքը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է պետական իշխանության նախագահական գավազան: Այն Նախագահին հանձնել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
«Անչափ ուրախ եմ Արգենտինայում գտնվելու և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Եվ, իհարկե, կրկնակի ուրախ եմ, որ աշխարհագրորեն Հայաստանից հեռու այս երկրում այսքան հայաշունչ մթնոլորտ է տիրում»,- հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահն արձանագրել է, որ հայ համայնքների հետ հանդիպումները օտարերկրյա պետություններ իր այցելությունների ընթացքում բարի ավանդույթ և օրակարգի կարևոր բաղկացուցիչ են դարձել: Եւ այս հանդիպումը նաև լավ առիթ է վերարժևորելու հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, խորհրելու, թե ինչպես կարելի է այդ համագործակցությանը նոր խթան հաղորդել:
«Հայ-արգենտինյան հարաբերությունները պատմության բոլոր ժամանակահատվածներում եղել են ջերմ ու բարեկամական: Դրանում, անշուշտ, անգնահատելի է արգենտինահայերի ավանդը: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Արգենտինայում՝ դուք դարձել եք այս գեղեցիկ երկրի հասարակության անբաժանելի մասնիկը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով Արգենտինայի զարգացման գործում: Միայն հպարտանալ կարելի է նրանով, որ այսօր արգենտինահայերն աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ և հասարակության մեջ լայն ճանաչումով:
Թեև աշխարհագրորեն մեզնից հեռու եք, հայրենիքում մենք մշտապես զգացել ենք ձեր ներկայությունը. ինչպես երկրաշարժի, այնպես էլ պատերազմի դժվարին տարիներին դուք զորավիգ եք եղել մեզ, օժանդակել Հայաստանի զարգացմանը: Շեշտեմ սակայն, որ դուք սատարել եք հայրենիքին առաջին հերթին ձեր հայ լինելով՝ գիտելիքով և գաղափարներով բնական կամուրջ կառուցելով ձեզ հարազատ երկու երկրների միջև»,- նկատել է ՀՀ Նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքերով, պատմության անիվը շարունակում է պտտվել և, բարեբախտաբար, ի նպաստ մեզ: Սակայն դա լոկ բարեբախտություն չէ: Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման կետը, որպեսզի ինքնուրույն մասնակից լինի այդ անիվը առաջ մղելու գործին:
«Մենք՝ հայերս, այլևս այդ անիվի ընթացքի լոկ ականատեսը չենք, այլ այն առաջ մղող դերակատարներից մեկը: Ինչ հաջողություն էլ որ ունեցել ենք՝ առաջին հերթին հնարավոր է եղել մեր հավաքական ջանքերի և վճռականության շնորհիվ: Որտեղ էլ թերացել ենք՝ թերացել ենք առաջին հերթին հենց մենք: Պետականության խորհուրդը սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, պատմական պատասխանատվությունը վստահորեն ստանձնելու՝ հայ ժողովրդի անկոտրում կամքն է: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի քաղաքական հասունության ամենակարևոր քննությունն է: Մենք չենք սպասում որևէ մեկի բարեհաճությանը, բայց միաժամանակ պատրաստ ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ լինել իրավահավասար, վստահելի, փոխշահավետ համագործակցություն հետապնդող գործընկեր»,- հայտարարել է Ս.Սարգսյանը:
Փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-արգենտինյան պատմական հարաբերությունները նոր բնույթ ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո: Նախագահի խոսքերով, զարգացել է քաղաքական երկխոսությունը՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակի փոխայցելություններով, ընդլայնվեզ համագործակցության օրակարգը, ձևավորվել արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում: «Իմ պաշտոնական այցը Արգենտինա ևս վկայում է այս հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու փոխադարձ ցանկության մասին»,- ասել է նախագահը եւ ավելացրել. «Երբ 1998 թվականին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմը այցելեց Հայաստան, իր ելույթում հատուկ խոսեց Արգենտինայի կյանքում հայ համայնքի հատուկ դերակատարության մասին, որն ուրախալի և հայի տեսակով հպարտանալու անմոռանալի պահ էր»:
Նախագահի գնահատմամբ՝ հայ-արգենտինյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա: Ասածիս վկայությունը Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որը 2006 թվականին ստացավ օրենքի ուժ:
«Այս հարցում, իհարկե, չափազանց մեծ է ձեր ավանդը: Ձեր ջանքերի շնորհիվ Արգենտինայում այսօր ստեղծվում է Հայոց ցեղասպանության թանգարան: Ուզում եմ բոլորիս շնորհավորել, եթե այսպես ասել, այս լավ առիթի համար և, իհարկե, շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որևէ ջանք են ներդրել այս կարևոր գործն իրականություն դարձնելու համար»,- դիմելով համայնքի ներկայացուցիչներին ասել է ՀՀ Նախագահը:
Արձանագրելով, որ հաջորդ տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Ապրիլի 24-ը, անշուշտ, խորհրդանշական օր է. բոլորիս էլ պարզ է, որ ցեղասպանությունը չի սկսվել և չի ավարտվել մեկ օրում: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել կատարվածը:
«Սակայն վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանը: Դրանով իսկ Թուրքիայի ղեկավարները կազատեն իրենց ժողովրդին այն ծանր բեռից, որ ստիպված կրում են արդեն մեկ հարյուրամյակ: Կարծում եմ՝ դրան մեծապես նպաստելու է հենց Թուրքիայում նոր թափ առնող հասարակական գիտակցությունը՝ ի դեմս երիտասարդ և ուսյալ սերնդի, որն այսօր արդեն ներողությունը գերադասում է ամոթալի ուրացումից»,- ընդգծել է Նախագահն ու նշել, որ հազարավոր թուրքեր մերժում են ուրացման պաշտոնական քաղաքականությունը և իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին: Այդ զարգացումներն ակնհայտ են, և դրանք ստիպում են Թուրքիայի իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկել:
Նախագահի խոսքերով՝ Թուրքիայի ղեկավարությունն այժմ անգամ խոսում է հայերի և թուրքերի շրջանում «արդար հիշողություն» ստեղծելու անհրաժեշտության մասին: Սակայն իր հաջորդ քայլով իսկ փորձում է ականապատել արդարությունը՝ հավասարության նշան դնելով մեկուկես միլիոն քաղաքացիական անմեղ զոհերի, որոնք հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ էին, և Օսմանյան կայսրության հանցագործ ղեկավարների արկածախնդրության պատճառով Առաջին աշխարհամարտում զոհված թուրք զինվորների միջև:
«Դա «արդար» հիշողություն չէ: Նման «արդարություն» մենք ընդունել չենք կարող: Իրականում դա Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերափաթեթավորված տարբերակն է:
Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Սակայն մեր նախնիների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորություններն ի փառս Հայրենիքի օգտագործելով:
Պետք է յուրաքանչյուրս հպարտ լինի, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մենք կանգնած ենք ուղղված մեջքով, բաց ճակատով և անկախ հայկական զույգ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությամբ: Անգամ մեզ պարտադրված դժվարին շրջափակման և «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» իրավիճակի պայմաններում Հայոց հայրենիքը շարունակում է զարգանալ»,- հայտարարել է ՀՀ Նախագահը:
Արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նախագահն անդրադարձել է նաեւ սիրիահայության խնդիրներին։
«Այսօր սիրիահայությունը շարունակում է դժվարին իրադրության մեջ մնալ: Այսօր դա մեր ամենամեծ մտահոգությունն է: Մենք անում ենք հնարավորը և շարունակելու ենք մեր աշխատանքը` նրանց համար արժանապատիվ կեցություն ապահովելու համար:
Վստահ եմ, որ աշխարհագրական հեռավորությունը ձեզ համար խոչընդոտ չէ, և սիրիահայ մեր քույրերի ու եղբայրների տառապանքը արձագանք է գտնում ձեր սրտերում: Որևէ կասկած չունեմ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Արգենտինայում յուրաքանչյուր հայի սիրտ ցավում է ամեն մի հայի թափած արցունքի ու տառապանքի համար»,- նշել է Նախագահը:
Սիրիայի այս ճգնաժամը, ըստ Սերժ Սարգսյանի, ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ մենք բոլորս գիտենք. Հայաստանն ու Սփյուռքը ուժեղ են միասնաբար: «Մենք Հայաստանում ավելի զորեղ ենք զգում՝ ունենալով Սփյուռքի զորակցությունը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի ներկայությունը, ձեր ազատ ու անկախ Հայաստանի գոյությունը: Ուստի և հորդորում եմ ձեզ առավել ակտիվ ներգրավվել համազգային խնդիրների լուծման գործում: Մենք նախանձախնդիր ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում»,- ասել է երկրի ղեկավարը:
Կարեւո խնդիրը, ըստ նախագահի, այն է, որ երիտասարդները հայ մնան և հայերեն խոսեն: Ապա՝ ուրախությամբ արձանագրել, որ Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցելու 2010-2012 թվականների ծրագիրը որոշակի աշխուժություն մտցրեց համայնքում և խթանեց փոխադարձ այցելությունները: Նման ծրագրերը ոգևորում են երիտասարդությանը և նրանց՝ հայրենիքի հետ կապելու հնարավորություն են ստեղծում: Մենք շարունակելու ենք զարկ տալ հայրենաճանաչության ծրագրերին, որոնք անջնջելի հետք են թողնում երիտասարդների սրտերում:
ՀՀ Նախագահը նշել է, որ Հայրենիք-Սփյուռք գործակցությունը մեր կարևորագույն ռազմավարական ուղղություններից է: Այսօր մեր պետությունը սփյուռքահային գործընկերություն է առաջարկում, պատրաստ է հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում է կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Մեր խնդիրն է անցնել բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերություն:
«Ասել եմ և այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք: Շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք մեր բոլորի երազանքների երկիրը: Աշխատատեղ ստեղծելով` օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը: Հնուց եկած խոսք է՝ «Ծառն արմատով է ծառ, տունը հիմքով է տուն»: Հայն իր հողի վրա է ուժեղ ու երջանիկ, երկիրն իր զավակներով է զորավոր ու անպարտելի:
Այս համատեքստում ցանկանում եմ առանձնահատուկ արժևորել մեծանուն գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանի դերակատարությունը Հայաստանի առաջընթացի գործում: Ծնված լինելով հեռավոր Արգենտինայում՝ նա օժտված է իսկական հայի ոգով: Իր աշխատասիրությամբ և նվիրումով հասնելով մեծ նվաճումների՝ նա միջազգային ճանաչում է բերել ոչ միայն իրեն, այլև հայ ժողովրդին: Այս գործարարի և բարերարի կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և հատկապես երիտասարդների համար»,- նշել է Նախագահը եւ ավելացրել. «Ի՞նչն է մեզ՝ հայերիս, կապում իրար ծովերից ու օվկիանոսներից այն կողմ: Անշուշտ Հայաստանը: Մեզ կապում են պատմությունը, մեր ընդհանուր պատմական հայրենիքը և մեր կորուստները: Բայց ամենից շատ մեզ կապում է ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, ինչը չենք կորցրել՝ գտել ենք: Այսինքն՝ այսօրվա Հայաստանը: Ուրեմն, եկեք հարյուրապատիկ ավելի մեծ սիրով, խնամքով ու գուրգուրանքով վերաբերվենք Հայաստան հայրենիքին, որը կարողացել ենք փրկել մեծագույն զոհողությունների գնով: Եկե՛ք Հայաստան՝ վերատիրանալու նրան, քանի որ այն նաև ձերն է և ձեր զավակներինը: Մեզ կապում են նաև ապագա բոլոր հաղթանակներն ու այն ամենը, ինչին հասնելու ենք ապագայում: Եկե՛ք միասին օր առաջ կերտենք այդ ապագան: Այս անկայուն ու անապահով աշխարհում կա՞ ավելի ապահով տեղ հայկականությունը վերալիցքավորելու համար: Ես խիստ կասկածում եմ: Եվ ես ասում եմ բոլոր սփյուռքահայերին. եկե՛ք Հայաստան կամ ամուր թելերով կապվեք Հայաստանին, եթե ուզում եք քաղաքականապես հայ մնալ կամ հայ լինել: Արդյո՞ք աշխարհի երեսին կա մի վայր, որտեղ հայոց լեզուն չի նահանջում: Այո՛, կա՛. և դա Հայաստանն է: Ներկա Հայաստանն է հայոց լեզվի անմահության ավազանը: Ուրեմն, եկե՛ք Հայաստան կամ ավելի հաճա՛խ եկեք Հայաստան վերամկրտվելու և ձեր զավակներին վերամկրտելու այդ ավազանում»:
Նախագահը նշել է, որ Հայաստանի մասին դրսում հազար ու մի պատմություն են պատմում. մի մասը՝ ճիշտ, մի մասը՝ չափազանցված, մի մասը՝ լավ, մի մասը՝ վատ: Բայց ավելի լավ է մարդ մեկ անգամ տեսնի, քան հարյուր անգամ լսի: Եւ կոչ արել արգենտինահայերին ձևավորե՛լ իրենց սեփական տպավորությունը և սեփական պատկերացումը իրական և ոչ առասպելական հայրենիքի մասին: «Համոզվա՛ծ եղեք, որ իրական Հայաստանը՝ Արցախով հանդերձ, ավելի գեղեցիկ ու հարազատ է, քան կարելի է երևակայել»,- ասել է Նախագահը:
Նախագահի խոսքերով, եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով: Ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով, կիսել նրա ցավերն ու բեռը: Մի սփյուռքահայ բարեկամի մտահոգել էր Երևանում լսած մի արտահայտություն. «Հայաստանակենտրոն քաղաքականություն»: Դրանում նա տեսնում էր սփյուռքի կառույցների թերագնահատման և անտեսման վտանգ:
«Համոզված եղեք, որ «Հայաստանակենտրոն քաղաքականություն» ամենևին էլ չի նշանակում սփյուռքի կառույցների թերագնահատում, անտեսում կամ ենթակայություն: Դա բացառված է: «Հայաստանակենտրոն քաղաքականություն» նշանակում է պետական քաղաքականություն: Հայկական պետության վարած ներքին և արտաքին քաղաքականություն, որտեղ սփյուռքի կառույցները՝ սկաուտներից մինչև քաղաքական կուսակցություններ և հոգևոր կենտրոններ ունեն իրենց անգնահատելի և անփոխարինելի դերը:
Մեր գլխավոր նպատակակետը, մեր ողջ գործունեության թիրախի կենտրոնը հայրենիքն է՝ իրական Հայաստանը: Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մասն եք այդ իրական ու կայացած Հայաստանի Հանրապետության: Եզրակացությունը մեկն է. մեր ազգային ինքնության պահպանման և զարգացման առհավատչյան Հայաստանն է: Լինել Արգենտինայի քաղաքացի, իհարկե, բարձր պատիվ է, լինել հայ՝ երջանկություն է: Ձեզ է վիճակվել այդ երկուսը միահյուսելու բարեբախտությունը»,- հայտարարել է ՀՀ Նախագահը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/28/2024 08:28 Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:24 Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:19 ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:12 Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:09 «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
- 11/27/2024 18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել