ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից 10/07/2013 12:53 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս պահին արդեն Ազգային ժողովում է, սակայն չեն դադարում տարբեր կողմերից հնչել քննադատություններ ու մտահոգություններ դրա որոշ նորահայտ դրույթների վերաբերյալ: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նախագիծը մշակած ու լրամշակած աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը հայտնեց, որ նախագիծն «ըստ էության մշակված փաստաթուղթ է, կան լրամշակելու որոշակի փոքր աշխատանքներ՝ կապված ներքին հակասությունների բացառման հետ, դրանց որոշ մասը տեխնիկական է»:
- Անգամ նախագծի ընդդիմախոսներն ընդունում են, որ նախագիծը միանգամայն նոր փաստաթուղթ է՝ նոր մոտեցումներով, բայց նաև հնչում են մտահոգություններ:
- Շատ ճիշտ նկատեցիք, մեծ թվով նորարարություններ կան օրենսգրքում, լիովին, սկզբունքորեն նոր օրենսգիրք է: Օրենսգիրքն ամբողջությամբ կազմված է հակակշիռների ու զսպումների մեխանիզմների վրա: Նոր լինելը որոշակի հետևանքներ է առաջացնում: Հետևանքներից մեկն էլ այն է, ընդհանրապես մարդկային էությունն է այդպիսին, մեր հասարակությունը՝ ոչ միայն քրեական դատավարության օրենսգիրքը, ցանկացած նոր բան ընդունում է մտավախությունով, սվիններով՝ չեն պատկերացնում ինչ է նորը, որոշ դեպքերում՝ չեն էլ ուզում իմանալ: Շատ նոր գաղափարներ, որ դրված են օրենսգրքի մեջ, հանպատրաստից շատերի կողմից քննադատվել են, բայց մինչև որոշակի ժամանակահատված, երբ հնարավորություն է եղել բաց երկխոսությունների, քննարկումների միջոցով պարզաբանել, մանրամասնել, մեկնաբանել այդ դրույթները, և նրանց մտավախությունների գերակշռող մեծամասնությունը փարատվել է, երբ որ մարդիկ հասկացել են ինչի մասին է խոսքը:
Աշխատանքային խումբն անընդհատ բախվել է նաև քննադատությունների երկրորդ տեսակին՝ առաջին հերթին գերատեսչական շահագրգռվածությանը. որոշակի կառույցներ իրենց գերատեսչական խնդիրներից ելնելով՝ որոշակի դրույթներ չէին ընդունում, որովհետև դրանով գերատեսչական շահեր ու լիազորություններ էին սահմանափակվում: Քննադատությունների երրորդ պատճառը՝ անձնական հետաքրքրությունները, իսկ որոշ դեպքերում նաև նյութական հետաքրքրություններն են:
Մենք Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վրա շուրջ երեք տարի աշխատելու ընթացքում ի սկզբանե որդեգրել ենք բաց, թափանցիկ երկխոսության, բոլորի հետ ցանկացած հարց քննարկելու քաղաքականությունը: Մինչև անգամ անհատ քաղաքացիներ ՀՀ արդարադատության նախարարություն են ուղարկել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվել են աշխատանքային խմբի կողմից՝ այդքան բաց ենք եղել: Ցավոք, մեր գործընկերները, որոնց հետ մենք ակնկալում էինք աշխատել, բոլորը մեր նման աշխատաոճով չեն աշխատել:
Օրենսգիրքը զարգացման որոշակի փուլեր անցավ, ամեն փուլից հետո լինում էին քննարկումներ: Մասնավորապես, ոստիկանությունը, դատախազությունը քննադատության ու առաջարկությունների բավականին ծավալուն փաթեթներ էին ուղարկել, քննադատությունը տարբեր էր՝ կառուցողական էր և ոչ կառուցողական: Մինչդեռ ՀՀ փաստաբանների պալատից երբեք գրավոր որևիցե փաստաթուղթ, առաջարկություն, կարծիք չենք ստացել, քննադատություն եղել է, բայց ոչ կոնստրուկտիվ: Մեր համար ցավալի է այն հանգամանքը, որ քննադատությունները հնչում են էպիզոդիկ, պատեհ կամ անպատեհ առիթներով, և ամենավատը, որ այդ քննադատությունները հնչում են այն բանից հետո, երբ որ երկար կոնսուլտացիաների ընթացքում բացատրվել, պարզաբանվել են որոշակի երևույթներ՝ այդ նորի հետ կապված, բայց ստացվում է, որ կան կառույցներ կամ մարդիկ, որոնք չեն ուզում դա հասկանալ, առավել ևս վատ է, եթե չեն կարողանում:
- Այնուամենայնիվ, ինչպե՞ս ծագեց թերևս ամենախնդրահարույց դրույթներից մեկը՝ մեղադրյալների խոստովանական ցուցմունքների դեպոնացման գաղափարը:
- Դեպոնացման գաղափարը երկար նախապատմություն ունի, այդ երևույթն ինքնին նոր է մեր դատավարության մեջ, նախաձեռնությունը եկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբից, որը 2008թ. մարտի 1-ի գործերով իրականացրել էր դատավարությունների մոտիթորինգ և դրա արդյունքում բավականին մեծ զեկույց էր ներկայացրել, որի մեջ նաև կոնսիլիդացված առաջարկություններ կային, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել արդարադատության որակը բարելավելու համար: Դեպոնացման գաղափարն առնչվում էր վկաներին՝ եթե նախաքննության ժամանակ հարցաքննված վկաները չեն կարողանալու հարգելի պատճառներով ներկայանալ դատարան և առաջանալու է մեղադրյալի՝ նրանց հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելու խնդիր, այդ վկաների ցուցմունքը պետք է դեպոնացնել: Այսինքն՝ մինչդատական վարույթում վկաները պետք է դատավորի ներկայությամբ հարցաքննվեն, և կողմը հնարավորություն ունենա իրեն հարցեր տալու, որպեսզի վկայի ցուցմունքը հետո կարողանան օգտագործել: Սա ընդհանուր գաղափարն էր՝ մենք այդ գաղափարը վերցրեցինք, մշակեցինք, այդ գաղափարի հիման վրա, որը ենթադրում էր անձի իրավունքների պաշտպանությունը երաշխավորող որոշակի ընթացակարգ՝ ծագեց ևս մեկ գաղափար՝ մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման գաղափարը, փորձել ենք զարգացնել այդ երևույթը:
Ինչի՞ց ծագեց այդ գաղափարը՝ մենք ունեինք համատարած պատկերացում հանրության մեջ, որ բոլոր գործերով բոլոր խոստովանական ցուցմունքները ձեռք են բերվում բռնություններով, խոշտանգումներով, այդ պատկերացումներն ըստ էության կանխավարկածի մակարդակով էին, որ բարեխիղճ քննիչ չկա, բոլորը, ներողություն, սրիկաներ, հանցագործներ են՝ ցուցմունք տալուն դրդելը հանցագործություն է, և այդ պատկերացումն ամրապնդվում էր, երբ մեղադրյալը դատարանում հրապարակային հայտարարում էր, որ այն ցուցմունքը ձեռք է բերվել կտտանքների ազդեցության տակ: Շատ հաճախ այդպիսի քայլին մեղադրյալներին դրդում են, և դա գաղտնիք չէ, և ես դա ցավով եմ հիմա ասում, որովհետև ինքս էլ եմ փաստաբան, իրենց պաշտպանները՝ որոշակի նկատառումներից ելնելով, գործի ապացուցողական զանգվածը կասկածի տակ դնելու, գործի քննությունը ձգձգելու՝ ներառյալ որոշակի շահադիտական նպատակ հետապնդելու պատճառով՝ կան փաստաբաններ, որոնք գումար են վաստակում ժամանակահատվածի համար: Մի խոսքով՝ մենք ունենում էինք օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ վիճակներ, տարբեր իրադրություններ, որոնց առանցքը միշտ բռնությամբ ձեռք բերված ցուցմունքներն էին: Բացի այդ, մենք դատական իշխանության հեղինակություն բարձրացնելու խնդիր էինք ունենում, որովհետև հանրության մոտ տպավորություն էր ստեղծվում, որ բոլոր ցուցմունքները ձեռք են բերվել բռնությամբ, դատարանն ընդամենը հաստատում է այդ ցուցմունքները: Սովորաբար պաշտպանության կողմը միջնորդում էր քննիչին հարցաքննել որպես վկա, և բնականաբար ցանկացած քննիչ՝ նույնիսկ բռնություն գործադրած լինելու պարագայում ասում էր, որ այդպիսի բան չի եղել. անցել է բավականին երկար ժամանակ, որևիցե հետք չկա, ոչ մի ապացույց չկա, դատարանը հաստատում էր քննիչի վարկածը և հանրության մոտ տպավորություն էր ստեղծվում, որ դատարանը ընդամենը բռնություն գործադրողներին հովանավորում է: Խնդիր դրվեց այդ երևույթի դեմ պայքարելու, և պատկերացում փոխելու, բնականաբար ոչ ոք հարյուր տոկոսով որևիցե երկրում չի կարող ապահովագրել, որ որևիցե մեղադրյալ երբևիցե բռնության կամ սպառնալիքի չի ենթարկվի: Դա անհասանելի նպատակ է: Բայց հնարավոր է մեխանիզմներ մշակել՝ նվազեցնելու դրանց հնարավորությունը, և այդ մեխանիզմները պետք է սկսեն գործել մինչև մեղադրյալից ցուցմունք վերցնելը, այլ ոչ թե ցուցմունք վերցնելուց հետո, երբ դատարանում են փորձում պայքարել ցուցմունքի ձեռք բերման օրինականության դեմ: Դրա համար ներդրվեց դեպոնացման գաղափարը:
Նախագիծն ասում է, որ բոլոր դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, այսինքն՝ անկախ նրանից անձը պաշտպան ուզում է, թե ոչ, պաշտպանը պետք է ներկա լինի, և նրա ներկայությամբ անձը կարող է հրաժարվել նրանց ծառայություններից: Սրանով մենք նվազագույնի ենք հասցրել բոլոր հնարավոր դեպքերը, երբ քննիչները, կամ հետաքննության մարմնի աշխատակիցները անձին ասում էին՝ պաշտպան չես ուզում, չէ՞, ապա անձի համաձայնությունը ստանալուց հետո պաշտոնյան ասում էր՝ գրիր, որ չես ուզում: Հիմա ցանկացած հրաժարում պետք է լինի պաշտպանի ներկայությամբ, իսկ երբ պաշտպան կա՝ դեպոնացման մասին խոսք չի կարող լինել, դեպոնացման կարիք չկա:
Եթե մեղադրյալը չունի պաշտպան և չի ցանկանում ունենալ, այսինքն՝ պաշտպանի ներկայությամբ հրաժարվել է և ուզում է տալ խոստովանական ցուցմունքներ, մենք այդ ցուցմունքի ստացման գործընթացի նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով առաջարկում ենք, որպեսզի դրան ներկա լինի այդ ցուցմունքի ստացման կողմնակի անկողմնակալ դիտորդ, որը կաշկանդված չէ այդ հարցով, կողմ չէ, ոչ մեղադրյալ է ներկայացնում և ոչ էլ նախաքննության մարմին, և որն իր հեղինակության ուժով կարող է ապահովել որոշակի օբյեկտիվ պայմաններ՝ իրավական համակարգում որպես այդպիսի անձ մենք գտել ենք միայն դատավորին: Խնդիրը հետևյալն է՝ այն բոլոր դեպքերում, երբ որ մեղադրյալը ցանկանում է խոստովանական ցուցմունք տալ, և եթե քննիչը ցանկանում է այդ ցուցմունքը դեպոնացնել, որը պարտադիր չէ, ինքը տանում է մեղադրյալին դատավորի մոտ և նրա ներկայությամբ է հարցաքննում մեղադրյալին, իսկ դատավորն ընդամենը հաստատում է ընթացակարգի իրավաչափությունը: Ընդ որում, այստեղ մենք դրել ենք մի քանի երաշխիք՝ առաջին, մինչև դեպոնացման ընթացակարգ սկսելը դատավորն առանձին հանդիպում է մեղադրյալի հետ, և նրան պարզաբանվում է, որ մեղադրյալն ունի լռելու, պաշտպանի ներկայությամբ հարցաքննվելու իրավունք, եթե մեղադրյալը երկուսից մեկից ուզում է օգտվել՝ դեպոնացում չի լինում, եթե մեղադրյալն ասում է, որ ես գիտեմ, որ այդ իրավունքներն ունեմ, բայց ես ուզում եմ ցուցմունք տալ, դատավորը հավելյալ պարզաբանում է՝ եթե դու ցուցմունք տաս, այդ ցուցմունքը հետագայում կօգտագործվի որպես ապացույց քո դեմ դատարանում, և դու դրանից չես կարող հրաժարվել ըստ էության, դա՞ էլ է քեզ պարզ: Եթե այս ընթացակարգն անցնելուց հետո դարձյալ մեղադրյալը շարունակում է պնդել իր որոշումը, ցուցմունքը դեպոնացվում է: Մենք տվյալ դեպքում ելնում ենք այն կանխավարկածից, որ մարդն իրոք հանցագործություն է կատարել, խոստովանում է առանց բռնությունների, առանց կտտանքների, առկա է բարեխիղճ քննիչ: Ես հասկանում եմ, որ մի քիչ բարդ է այդ երևույթն ընկալել որպես կանխավարկած, որ քննիչն օրինապաշտ քաղաքացի է՝ այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը մենք չենք ապացուցել կամ հակառակի կասկածները չկան: Այդ պայմաններում մեղադրյալին հարցաքննում են դատավորի ներկայությամբ, դատավորը չի հաստատում այդ ցուցմունքի ճիշտ կամ սխալ լինելը, չի ասում, որ այդ ցուցմունքը դուք կարող եք անվերապահ օգտագործել, դատավորն իր կնիքով ընդամենը հաստատում է, որ հարցաքննությունն անցավ օրինական պայմաններում:
- Արդյոք սրանով այդ ապացույցին չի տրվում ավելի մեծ նշանակություն։
- Քննարկումներից մեկի ժամանակ տեսակետ հնչեց, որ դուք սրանով ըստ էության այդ ապացույցին տալիս եք առավել նշանակություն, դուրս է գալիս, որ խոստովանական ցուցմունքը ապացույցների թագուհի է, կտանեն դատարան, որը ստիպված կլինի սա ընդունել որպես ապացույց: Մենք համաձայնեցինք տեսակետի հետ, ասացինք, որ մտավախությունը տեղին է և լրացուցիչ երկու երաշխիք նախատեսեցինք՝ անձը չի կարող հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչվել, եթե նրա խոստովանական ցուցմունքն այլ ապացույցներով հիմնավորված չէ, և եթե, ենթադրենք, դատարանն, այնուամնեայնիվ, գնում է այդ քայլին, նախագծում ավելացրեցինք երկրորդ երաշխիքը՝ Վերաքննիչ դատարանը անվերապահորեն բեկանում է մեղադրական դատավճիռը, եթե այն կայացվել է միայն մեղադրյալի խոստովանական ցուցմունքի հիման վրա: Երաշխիքներն համարյա թե զրոյի են հասցնում ինչ-որ անօրինական միջոցներով ցուցմունք կորզելու հնարավորությունը:
Կան տեսական դատողություններ, որ մեղադրյալին կարող են այնպիսի վիճակի հասցնել, որ բերեն դատավորի մոտ, ու ինքը պատրաստ լինի ցանկացածի մոտ խոստովանել, պրակտիկորեն դրա հնարավորությունը շատ-շատ փոքր է: Այս մեխանիզմները շատ ավելի գործուն են, քան այսօր գոյություն ունեցողները: Այնպես որ իրականում դեպոնացման մեջ սարսափելի ոչինչ չկա: Սա մեր նախնական պատկերացմամբ, բացառիկ դեպքերում կկիրառվի, որովհետև մեղադրյալների մեծ մասն ունենալու են պաշտպաններ, այդ դեպքում դատավորի մոտ տանելու կարիք չկա: Երկրորդ, քիչ կկիրառվի այն պատճառով, որ սա քննիչի համար պարտադիր չէ. եթե բարեխիղճ, նորմալ քննիչը մեղադրյալի խոստովանությունից բացի ունի 3-4-5 այլ ապացույց, որոնք նրա մեղքն ապացուցում են, կարիք էլ չունի նրա ցուցմունքը դեպոնացնելու: Քննիչն ասում է ՝ եթե դու հետագայում հրաժարվես ցուցմունքից, ես ունեմ ականատես վկաների ցուցմունքներ, փորձագետի եզրակացություն, իրեղեն ապացույց՝ դանակ՝ քո մատնահետքերով, կարիք չունեմ քո ցուցմունքին հավատալու կամ չհավատալու: Բացառիկ դեպքերում է լինելու, երբ որ քննիչը մտածելով, որ այդ ապացույցը հնարավոր է, որ հետագայում կորստի վտանգի տակ լինի, գնա դեպոնացման: Ընդ որում, դեպոնացման ընթացակարգը հոգեբանորեն «հարմարավետ» չէ նաև քննիչի համար՝ 10 քննիչից 9-ը հաստատ կասեն, որ իրենց ավելի հարմար է իրենց աշխատասենյակում նստել ու անձին հարցաքննել, և որ դատավորի մոտ՝ իրավական ու բարոյական որոշակի սահմանափակումներով, հարցաքննելն իրենց համար անսովոր կլինի: Եվ դա խթանելու է, որ քննիչն ասելու է՝ քեզ պաշտպան է պետք՝ ավելի լավ է դու ունենաս պաշտպան, քան ես գնամ դատավորի մոտ, որովհետև այնտեղ իմ գործելու հավանականությունը շատ ավելի փոքր է, և ես երաշխիք չունեմ, որ դատավորի հետ զրուցելուց հետո հանկարծ չես հրաժարվի ցուցմունք տալուց: Կան բազմաթիվ փափկեցնող պատնեշներ, որոնք այս ինստիտուտի շատ փոքր կիրառության հնարավորություն են տալիս:
Ես համոզված եմ, որ այս աղմուկը բարձրացնելու գլխավոր պատճառներից մեկն ոչ թե այս պրոցեսն է, այլ այն, ինչ որ հետո է լինելու՝ նախագիծն ասում է, դեպոնացված ցուցմունքից հրաժարվելու դեպքում էլ այն ապացույց է, իսկ եթե մեղադրյալի ցուցմունքը չի դեպոնացվել, նա պաշտպան չունի ու հրաժարվել է ցուցմունքից, դա մեղադրանքի կողմը չի կարողանալու օգտագործել: Մտահոգությունները պաշտպանական կողմինն են՝ շատ դեպքերում որոշ փաստաբաններ իրենց պաշտպանական տակտիկան կառուցում են միայն ցուցմունքների ժխտման վրա: Օբյեկտիվորեն ունենք դեպքեր, երբ որ ցուցմունքը հիմնաքարային ապացույց է, մեղադրյալը խոստովանական ցուցմունք է տալիս, ցույց է տալիս հանցագործության, դիակը թաղելու, հանցագործության գործիքը թաքցնելու վայրը, առկա է նրա մեղքն ապացուցող փորձաքննության եզրակացություն, պաշտպանն ասում է՝ հրաժարվիր ցուցմունքից, և այդ դեպքում մնացած բոլոր ապացույցները կասկածի տակ են դրվում, որովհետև ձեռք են բերվել մեկ ապացույցի հիման վրա: Արդյունքում՝ ունենում ենք խնդիր արդադատության իրականացման հետ, մի անձի կամքից կախված չի կարող արդարադատության համակարգը մանիպուլյացիայի ենթարկվել: Մենք ուզում ենք, որ քննիչները լինեն բարեխիղճ և որ բարեխիղճ քննիչը, ինչպես և արդադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից:
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից