Ուժի մեջ է կենսաթոշակների պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունը

Ուժի մեջ է կենսաթոշակների պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունը
 
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խնդրահարույց և բողոքի ալիք բարձրացրած՝ պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթները:
 
Օրենքի համաձայն, պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները և անհատ ձեռնարկատերերը: Նշված անձինք պարտավոր են կուտակային վճարներ կատարել նաև պայմանագրային եկամուտներից` օրենքով սահմանված դրույքաչափով: 
 
 
Այն անձանց համար, ովքեր 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային համակարգի մասնակից են դարձել պարտադրության սկզբունքով, կուտակային վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 10 տոկոսի չափով, որի կեսը կամ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 000 դրամը, վճարում է պետությունը: Այսինքն` եթե աշխատավարձը ցածր է 500 000 դրամից, ապա պետությունը կվճարի այդ գումարի 5 տոկոսի չափով, իսկ 500 000-ից բարձր աշխատավարձի դեպքում՝ պետության մասնակցությունը կկազմի ամսական 25 000 դրամ` յուրաքանչյուր աշխատողի համար: 
 
Մասնակիցների համար կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:
 
Օրենքի եզրափակիչ դրույթների համաձայն, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է կատարած լինեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն: Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները պարտավոր են ընտրել որևէ կենսաթոշակային ֆոնդ և մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում: Ընդ որում, յուրաքանչյուր մասնակից կարող է ընտրել միայն մեկ ֆոնդ:
 
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն է տրամադրված երկու՝ «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություններին: 
 
Ինչպես  «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, Ազգային ժողովի ոչ իշխանական չորս՝ ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները ՍԴ-ում վիճարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների՝ 2014թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը:  Պատգամավորների դիմումի հիման վրա գործը Սահմանադրական դատարանը քննության կառնի 2014թ.-ի մարտի 28-ին: 
 
ԱԺ պատգամավորները նաև միջնորդել են մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային   կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող և դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող դրույթները: ՍԴ-ն որոշել է միջնորդությունը քննության առնել մինչև հունվարի 25-ը՝ անդրադառնալով նաև օրենքի 38-րդ՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը, և 39-րդ՝  պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը, հոդվածների գործողության իրավաչափությանը:
 
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»